Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Շամանական պարերի շրջադարձը

Շամանական պարերի շրջադարձը
26.11.2013 | 02:01

Հայկական թվագրության 4506 թվականի Տրե ամսի 17-ին, որ թարգմանաբար նշանակում է 2013 թվականի նոյեմբերի 26-ին, կարող ենք հստակ արձանագրել` շամանական պարերն ավարտվեցին: Ծնծղաները դեռ հնչում են, տեղ-տեղ նաև ալարկոտ ծափեր են հնչում, բայց դա արդեն ոչինչ չի նշանակում` ներկայացումն ավարտվել է չսկսված: Սա այն դեպքն է, երբ ներկայացումը սկսվեց ու ավարտվեց կուլիսներում, իսկ բեմում միայն դեկորացիան էր, որ այդպես էլ մնաց համարյա անփոփոխ` շքեղ, խոստումնալից, գունագեղ ու չօգտագործված: Շամանական պարերն ավարտվեցին առանց շամանների բեմ բարձրանալու: Բայց ծեսն ավարտված չէ: Ծեսը չի էլ սկսվել: Ցանկացած ծես նպատակ է ունենում, խնդիր է լուծում, արդյունքի է հանգեցնում: Շամանական այս պարերն ընդամենը պարեր էին` որոշակի ռիթմով որոշակի շարժումներ, որոնց հիմքում ճոճանակի էֆեկտն է` առանց հենման կետի:
Եվրամիության արևելյան հարևանության ծրագիրը դանդաղ, ծրագրված արագությամբ իրականանում էր Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրներում: Նախկին ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտ Բրյուսելը մտավ շատ հեշտ, հետխորհրդային տարածքում գայթեց: Ինչո՞ւ: Ֆինանսատնտեսական ճգնաժամը դժվարությունների բացատրության պատրվակ է, բայց բնավ` պատճառ: Խնդիրը հայեցակարգային է, քաղաքական, կառուցվածքային: Կատարվեց եվրոպական դասական սխալ, որ համաեվրոպական ինքնասիրահարվածության հետևանք էր: Ճիշտ այդ սխալն էր մուլտիկուլտուրիզմի հիմքում, երբ ինքնավստահ ու իրենց մշակութային ավանդույթների անխափան հավատով տոգորված եվրոպացիները նետվեցին սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հորձանուտը ներգաղթյալների հաշվին: Ներգաղթյալը նրանց պատկերացմամբ էժան աշխատուժն էր, որ ինքնամոռաց աշխատում էր ու ջերմեռանդ լծված էր նոր բնակավայրի պատմական, մշակութային ու սովորութային համապատկերում ինտեգրվելու սուրբ գործին: Իսկ նրանք չինտեգրվեցին: Եկան ու բերեցին իրենց ազգային պատմական, մշակութային ու սովորութային որակները և ստիպեցին եվրոպացիներին համակերպվել: ՈՒ պարզվեց, որ երկհազարամյա քրիստոնեությունը պարտվում է միքանիհարյուրամյա մահմեդականության առաջ, որովհետև քրիստոնեությունն իր մարտական փուլն ավարտել է խաչակրաց արշավանքներով ու վաղուց արդեն խաղաղ ինտեգրվել է իշխանության մեջ` իրեն վերապահելով հոգևոր հարցեր տալու և պատասխանելու առաքելությունը, մինչդեռ մահմեդականները խիստ աշխարհիկ հարցեր են տալիս ու պատասխանում` գերազանցապես զենքի ուժով: Եվրոպան սա չընկալեց, կամ ընկալեց ու որոշեց, որ իր համար մարտահրավեր չէ: Աննկատ կատարվեց երկրորդ սխալը` մահմեդական աշխարհը հիանալի ինտեգրվեց եվրոպական ֆինանսական համակարգում` բաժնետեր ու տեր դառնալով բանկերից մարզական ակումբներ շրջագծում շարժական ու անշարժ իր համար արժեքավոր գույքատեսակներին: Եվրոպան ոչ միայն չառարկեց, այլև իրեն երջանիկ զգաց այդ ինտեգրումից ու անունը դրեց գլոբալացում: Իհարկե, հիանալի էր, բայց այդ ընթացքում Եվրոպան «մոռացավ» ապահովագրել քաղաքական ինքնիշխանությունը, որովհետև ֆինանսները վատ, շատ վատ սովորություն ունեն ազդելու ամեն ինչի ու ամենքի վրա: Մուլտիկուլտուրիզմը փառահեղ տապալվեց, բայց անգամ Տիլո Սարացինի բացահայտ արձանագրումները Եվրոպան չցանկացավ բացահայտ ընդունել, որովհետև կար հակառակ ծայրահեղությունը` ազգայնականությունը, որի հմայքները Եվրոպան ապրել էր Երկրորդ աշխարհամարտի տեսքով: Երրորդ սխալը, որ պատճառ դարձավ հետխորհրդային տարածքում Արևելյան հարևանության քաղաքականության ձախողման, դարձյալ դասական էր` եվրոպացիները չփորձեցին, չցանկացան, չհանդգնեցին դուրս գալ իրենց արժեհամակարգից, նրանք սեփական արշինով շարունակեցին չափել իրենց հնարավոր գործընկերների քաղաքական կերպասը, բայց եվրոպական չափանիշները նորանկախ երկրներում չաշխատեցին: Թեպետ այդ երկրները անկախացել էին ԽՍՀՄ-ի փլուզումով և «նորանկախ» համարելը մի քիչ արդեն անհարմար է` 20-ամյա նորություն չի լինում:

Այդ իսկ պատճառով նրանք կարծում էին, որ 20 տարին բավարար ժամանակ է ճիշտն ու սխալը, լավն ու վատը, անցյալն ու ապագան տարբերելու համար: Նրանք գերադասեցին հաշվի չառնել իրենց չափանիշներով «ոչ այնքան էական» փաստը, որ հետխորհրդային տարածքի պետությունները կայացած չեն ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես: Բրյուսելն այդ խնդիրը ցանկացավ լուծել տնտեսական անկախություն ապահովելու միջոցով` հիմք ընդունելով իր անցած ճանապարհը և համարելով, որ գոյություն ունի առողջ բանականություն, երբ շահից գերադասում են շահավետը: Հենց այս կետում եվրոպացիների չորրորդ, համարյա ճակատագրական սխալն էր` նրանք շահավետությունը տեսնում են հեռանկարի մեջ, հետխորհրդային տարածքում շահավետ ընկալվում է օրվա հասույթը և այն գումարը, որ չի երևում հաշվապահական որևէ մատյանում, բայց ռեալ քաղաքականության շարժիչ ուժն է: Հինգերորդը մենթալիտետային սխալն էր` նրանք հաշվի չառան այն իրողությունը, որ հետխորհրդային տարածքում ժողովրդավարությունը ձևային է, բայց ոչ բովանդակային: Ստեղծվել է պետական կառավարման համակարգ` միջազգայնորեն ընդունված հայտանիշներով, բայց այդ համակարգը շարունակում է գործել խորհրդային մեթոդոլոգիայով: Օրինակ` ինչո՞վ են տարբերվում խորհրդային ժամանակների ընտրությունները նորագույն ժամանակների ընտրություններից: Արդյունքի կանխորոշվածության տեսակետից` ոչ մի տարբերություն: Միակ ակնառու տարբերությունը մասնակիցների քանակն է ու ձևը: Եվրոպան չի հասկանում` ի՞նչ է նշանակում կեղծված ընտրություն, որովհետև իմաստ չի տեսնում ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ. Եվրոպայում իշխանությունն ու ընդդիմությունը ունեն քաղաքական հավասար պատասխանատվություն, նրանք հերթագայում են միմյանց, և ընդդիմություն լինելը Եվրոպայում հավասարապես կարևոր, պատվավոր ու շահավետ քաղաքական գործ է: Եվրասիական միության անդամակցության պատրաստվող քանի՞ երկրում է ընտրություն կատարվում որպես ծրագրերի ու այդ ծրագրերի իրականացման մեխանիզմների միջև մրցակցություն: Այդ տարածքում կատարվում են նշանակումներ` ընտրական մեխանիզմի հմուտ օգտագործումով: Եվրոպացիների վեցերորդ սխալը հայեցակարգային էր` նրանք չկարողացան ու չցանկացան անցումային համակարգային մոդել ունենալ արևելյան հարևանության տարածքի պետությունների համար` փոխարինելով այդ համակարգը տնտեսական, սոցիալական, մշակութային ընդհանրությունների որոնման հայտնի 29 կետերով, որտեղ կար ամեն ինչ, բայց չկար քաղաքական բաղադրիչը: Իսկ յոթերորդ սխալն արդեն ռազմական էր` նրանք ունեն ՆԱՏՕ, հետխորհրդային տարածքը, ի հակադրություն ՆԱՏՕ-ի, ի շարունակումն Վարշավյան պակտի ձևական ավանդույթների, ստեղծել է ՀԱՊԿ: Յոթերորդ սխալը նաև իրավիճակային էր` Ռուսաստանը և Եվրամիությունը չեն կարողանում միմյանց հետ հարաբերվել գլոբալացված աշխարհի պահանջներին համապատասխան` նույնիսկ վիզաների հարցը տարիներով չի լուծվում:
Վիլնյուսյան գագաթնաժողովի ակնհայտ ֆիասկոյից Եվրամիությունը մեկ և միակ եզրակացություն ունի անելու ¥մնացածը անկարևոր ու ածանցյալ է իրապես ու ընդհանրապես¤ Արևելյան հարևանության քաղաքականության առանցքը պետք է փոխել` տնտեսական բաղադրիչից շեշտը դնելով ժողովրդավարության կայացման վրա: Այս երկրներում քաղաքական էլիտաները սերտորեն ինտեգրված են իշխանությանը և այդ շրջագծում զրկված են ինքնուրույն քայլերի հնարավորությունից, իսկ այն քաղաքական ուժերը, որ իրապես ընդդիմադիր դիրքերում են ու իրենց արժեքային համակարգն ունեն, քաղաքական ասպարեզի արվարձաններում են ապաստանում, որովհետև իշխանությունը նրանց վտանգավոր է համարում ու ընդունում է միայն այն ընդդիմության գոյության իրավունքը, որին կարող է ու կարողանում է կառավարել: Ապացույցը` գործող խորհրդարանը, այդ խորհրդարանում քննարկվող ու ընդունվող օրինագծերի հեղինակների համեմատական վիճակագրությունը: Եվրամիության փոխված քաղաքականության անվիճելի հաջողության միակ երաշխիքը ժողովուրդն է, որ ակամա և անդրդվելի ընդդիմություն է, քանի դեռ ապրում է այս պայմաններում ու այս հեռանկարով:
ՈՒկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի ստորագրի, և այս փաստը ամբողջ շաբաթ ներկայացվում է իբրև Ռուսաստանի հերթական հաղթանակ: Չկա այդ հաղթանակը: ՈՒկրաինան չի ստորագրում ԵՄ-ի հետ համաձայնագիր, բայց և չի ստորագրում Մաքսային միության հետ համաձայնագիր: Վիկտոր Յանուկովիչը հավերժ նախագահ չէ, երկու տարի հետո հայտնի չէ ինչ ճանապարհ կընտրի Կիևը: Երբ Յանուկովիչն ընտրվեց նախագահ, Մոսկվան համարյա թե իր հաղթանակն էր տոնում, բայց որքանո՞վ է Յանուկովիչը կատարում Կրեմլի կամքը, մեծ հարց է: Նույնքան մեծ հարց է, թե ինչո՞ւ և ինչքա՞ն Կրեմլը կկատարի Կիևի պահանջները, ուստի և շամանական պարերն ավարտվեցին, ճիշտ ժամանակն է, որ ասպարեզ գան շամաններն իրենք, և ծնծղաներին փոխարինեն այն ձայները, որոնցով առաջնորդվում են շամաններն իրենց որոշումներում: Իսկ շամաններն ունեն բոլորովին նոր և անծանոթ իրավիճակ, որ դեռ պետք է անվանեն, ճանաչեն, հետո սկսեն հասկանալ: Հավելեմ, որ Արևմուտքը աշխարհագրական ու քաղաքական վիթխարի տարածք է, Եվրամիությամբ չի սկսվում ու չի ավարտվում: ԱՄՆ-ԻԻՀ փոփոխվող հարաբերությունները մեր տարածաշրջանում նոր խաղ են սկսում, որի հնարավորությունները կարող են օգտագործել բոլոր երկրները: Անգամ Հայաստանը` Գյումրի մայրաքաղաքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հայկական թվագրության 4506 թվականին ժամանակն է շամանական պարերից բուն ծեսին անցնելու, որովհետև, միևնույն է, պարես-չպարես, Երևանում, թե Մոնտեվիդեոյում պարես, քեզ պարացնեն, թե դու պարես, ստատուս քվոն հավերժական չէ: Ոչ մեկի համար: Ոչ մի ոլորտում: Խնդիրները պիտի լուծես: Անվերջ շրջանցումը վերադառնալու է իբրև շրջադարձ: Իսկ կյանքը իրականում ավելին է, քան մենք ընկալում ու ժառանգում ենք:

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ