Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Չինաստանը բախվել է արմատական իսլամիզմի և իսլամական ահաբեկչության խնդրին

Չինաստանը բախվել է արմատական իսլամիզմի և իսլամական ահաբեկչության խնդրին
15.11.2013 | 00:01

Թեև «ահաբեկչություն» բառն արդեն վաղուց մտել է ոչ միայն քաղաքական բառապաշարի մեջ, այլև, որքան էլ սարսափելի լինի, սովորական բան է դարձել աշխարհի շատ երկրների շարքային քաղաքացիների համար, Չինաստանը, համենայն դեպս, պաշտոնական վարկածներով, պաշտպանված է եղել այդ երևույթից։ Անգամ պարբերական արյունալի միջադեպերը երկրի Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում (ՍՈՒԻՇ), այդ թվում, երբ 2008-ին տարածաշրջանի մայրաքաղաք երկմիլիոնանոց ՈՒրումչիում մի ույղուրուհի ռումբ էր տեղադրել քաղաքային ավտոբուսում, Պեկինը մինչև հիմա չի ճանաչել որպես ահաբեկչական ակտեր։ Եվ ահա վերջերս ՉԺՀ-ի կառավարությունը Պեկինի կենտրոնում գտնվող Տյանանմեն հրապարակում, չինացիների պատմական սրբավայր «Արգելված քաղաքի» (չինական կայսրերի նստավայրը) վեհակերտ դարպասի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը (ՃՏՊ) պաշտոնապես որակեց իբրև ահաբեկչական ակտ՝ իրականացված ույղուրական իսլամական արմատականների կողմից։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին մի մարդատար ավտոմեքենա, որի մեջ գտնվում էին երեք ահաբեկիչ, Տյանանմեն հրապարակում սրընթաց մխրճվել էր զբոսաշրջիկների խմբի մեջ, պայթել ու բռնկվել։ Ավտոմեքենայում գտնված տղամարդը, նրա կինն ու մայրը զոհվել էին։ Ահաբեկչական ակտից զոհվել էր երկու զբոսաշրջիկ, մոտ 40 մարդ վիրավորվել էր։ Իշխանությունների հայտարարության համաձայն, մեքենայում գտնված մարդիկ մահապարտներ են եղել, իսկ բուն ակտը կազմակերպված է եղել 40 հազար յուանի դիմաց (6,5 հազար դոլար)։ Չինական լրատվամիջոցների տվյալներով, ահաբեկչական ակտը նախապատրաստվել է դեռևս 2013 թ. սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերի կեսերին Պեկին է ժամանել ութ հոգուց բաղկացած մի ահաբեկչական խումբ՝ տիբեթական դանակներով և 400 լիտր բենզինով։ Ահաբեկչական ակտին մասնակից լինելու կասկածով կալանավորվել է հինգ մարդ, որոնց անուններն ու ազգանուններն ույղուրական հնչողություն ունեն, ու հայտարարվել է, թե «կուլիսային պատվիրատուն» «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումն» է։ Արտասահմանյան ույղուրական իրավապահ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկչական ակտի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ինքնավար շրջանի առնվազն 50 բնակիչ, իսկ մահապարտներն այն մարդու ազգականներն են եղել, որը զոհվել էր այս տարվա հունիսին Սինցզյանում ույղուրների, հաների և չինական ոստիկանության միջև տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ։ Հարկ է նշել, որ Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած այս ողբերգությունը ՍՈՒԻՇ-ի սահմաններից դուրս ույղուր անջատականների առաջին ահաբեկչական ակտն է։
Հատկանշական է, որ մեկ այլ պայթյուն, որը նոյեմբերի սկզբին կատարվեց Չինաստանի կոմկուսի Թայյուանի կոմիտեի շենքի առջև (քաղաքը գտնվում է Պեկինից 400 կմ հեռավորության վրա), և որը արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին անվանել «գործող վարչակազմի հակառակորդների ամենանենգադավ գործողություններից մեկը», չինական պաշտոնական շրջանակների կողմից չորակվեց որպես ահաբեկչական ակտ։ Չարագործներն ութ ինքնաշեն պայթուցիկ սարք էին տեղադրել փողոցի բանուկ մասի երկայնքով շարված ծաղկամանների մեջ, արդյունքում մեկ մարդ վիրավորվեց, երկու ավտոմեքենա վնասվեց։ Ահա հիմա էլ շատերը թե՛ երկրում, թե՛ աշխարհում հարց են տալիս. «Կարելի՞ է ասել, թե ույղուրների գործողություններում նոր միտումներ ու նոր շարժառիթներ են ի հայտ եկել, և որքան է հավանական, որ ահաբեկչական ակտերը Չինաստանում սովորական բան կդառնան»։
ՄԱԿ-ի ԱԽ տվյալներով, Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանի անկախության օգտին հանդես եկող իսլամականները վաղուց են ահաբեկչական ակտեր նախապատրաստում մահապարտների ներգրավմամբ։ 1990-ականներից ՍՈՒԻՇ-ում գործում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» արմատական կազմակերպությունը, որն ահաբեկչական է ճանաչված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնի կողմից։ Խմբավորումը վաղուց ահաբեկչական են ճանաչել նաև թե՛ Եվրամիությունը, թե՛ Աֆղանստանը, թե՛ նախկին խորհրդային հանրապետությունները։ ՄԱԿ-ի տվյալներով, շարժումը կապված է «Ալ-Քաիդայի», «Թալիբան» շարժման և «ՈՒզբեկստանի իսլամական շարժման» հետ։ Նրա հիմնադիր, ծնունդով սինցզյանցի Հասան Մահսումին պակիստանյան զինվորականները սպանեցին 2003 թ. հոկտեմբերին, իսկ ներկայումս շարժման ղեկավար է համարվում Աբդուլ Հակը։ Անդամների թիվը մոտ 200 է, ովքեր գործում են Հարավային և Կենտրոնական Ասիայում և բուն ՍՈՒԻՇ-ում։ Ինչպես պնդում են ՄԱԿ-ի փորձագետները, «2008 թվականից ի վեր իսլամականներն ավելի քան 20 մահապարտ ահաբեկիչ են պատրաստել՝ Չինաստանում ավտոմեքենաների մեջ տեղադրված ռումբեր պայթեցնելու համար»։
Պայմանականորեն ույղուրների անջատական պայքարը կարելի է բաժանել մի քանի ճյուղի։ Այսպես, երկար ժամանակ դրա կենտրոնը «Համաշխարհային ույղուրական կոնգրեսն» էր, որը ղեկավարում էին վտարանդիները։ Համաշխարհային կոնգրեսը գործում է Նյու Յորքում և վայելում ամերիկյան լրատվամիջոցների բարեհաճությունը, հատկապես, երբ պետք է քննադատել «չինական վարչակազմի ավտորիտարիզմը»։ Կազմակերպության ներկա նախագահը՝ Ռաբիա Կադիրը, տասնմեկ երեխաների մայր է, նախկինում Չինաստանի հինգ ամենահարուստ մարդկանցից մեկը, ով ձերբակալվել էր «պետական գաղտնիքի հրապարակման» մեղադրանքով և ազատ արձակվելուց հետո արտաքսվել Միացյալ Նահանգներ։ Կոնգրեսի գաղափարախոսությունն ույղուրական ազգայնականությունն է, բայց միաժամանակ մերժվում է ուժային պայքարի ցանկացած մեթոդ։ Ավելին, պաշտոնապես կոնգրեսը հերքում է նաև ՍՈՒԻՇ-ը ՉԺՀ-ից անջատելու մտադրությունը, պահանջում է տարածաշրջանին տրամադրել միայն «իրական ազգային մշակութային ինքնավարություն»։ Գաղափարական առումով նրան մոտ է վատ կառուցված, բայց զանգվածային «Արևելյան Թուրքեստանի անկախության շարժումը», ուր առաջ գերիշխում էին աշխարհիկ տրամադրությունները, բայց նպատակը հռչակվում էր ՉԺՀ-ից բաժանվելը։ Սակայն վերջին տարիներին անջատական շարժումը նկատելիորեն նոսրացել է և վերափոխվել, ազգայինին փոխարինելու է եկել արմատական իսլամիզմը, իսկ այլախոհներին՝ իսլամական հարուստ քարոզիչներն ու մահմեդական գրոհայինները։ Եվ ահա հիմա, ինչպես նշում են դիտորդները, «ՈՒյղուրստան» անվանումը նույնիսկ ամենամոլի անջատականները գրեթե չեն գործածում։
Նոր խմբավորումը գլխավորում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը», որը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում Մերձավոր Արևելքում սփռված բազմաթիվ իսլամական խմբավորումներից և բազավորված է Պակիստանի կառավարության հսկողությունից դուրս գտնվող մի տարածքում (սովորաբար հաղորդվում է, թե նրա բազաները գտնվում են Վազիրստանում՝ իսլամական արմատականների, փաստացիորեն, անկախ պետությունում, որը ձգվում է Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով)։ Այդուամենայնիվ, «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ ցանկացած կապ ույղուր գործիչները կտրականապես հերքում են։ Պայքարը հետապնդում է Սինցզյանում շարիաթական պետության կառուցման և տեղի բնակչության իսլամականացման նպատակ. մնացածները, իհարկե, կոչնչացվեն որպես աթեիստներ կամ բուդդայական կռապաշտներ։
Դժվար է ասել, թե ահաբեկչական քանի ակտ են իրականացրել իսլամականները. իրենք հայտարարում են, թե ավելի քան 200։ Սպանում են ոստիկանների, պաշտոնատար անձանց կամ պարզապես հան ժողովրդի ներկայացուցիչների։ Սակայն լինում են նաև ավելի խոշոր միջադեպեր։ Եթե խոսելու լինենք վերջին տարիների մասին, ապա պետք է առանձնակի հիշատակել մի շարք իրադարձություններ։ Նախ, Աքտո գավառի 2007 թ. ճակատամարտը, որի արդյունքում ոչնչացվեց «Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինների վարժաբազան։ Ապա ՈՒրումչիի 2009 թ. անկարգությունները. ջարդերի զոհ դարձավ շուրջ 200 մարդ («Համաշխարհային ույղուրական կոնգրեսի» վարկածով՝ մոտ 600 մարդ)։ Այն ժամանակ չինական իշխանությունները ձերբակալեցին մոտ 1500 մարդու, որոնցից ինը մահապատժի ենթարկվեց։ Արժե նշել նաև ույղուրների վերջին խռովությունը Լյուկչուն քաղաքավանում, ուր գրոհի ենթարկվեց ոստիկանությունը, արյունալի կոտորած սարքվեց կացիններով, դանակներով ու բահերով, սպանվեց 35 մարդ։ Այս տարվա հունիսին տեղի ունեցած ընդհարումների ժամանակ ևս սպանվածներ եղան։ Ինչպես այն ժամանակ հաղորդեց «Սինխուա» գործակալությունը, զինված ամբոխը հարձակվեց ոստիկանական և վարչական շենքերի վրա, այրեց մի քանի ոստիկանական մեքենա։ Ոստիկանությունը հարձակվողների դեմ հրազեն կիրառեց, ինչի հետևանքով զոհվեց իրավապահ մարմինների ինն աշխատակից և սպանվեց զինված խմբի առնվազն 10 անդամ։
Չինական իշխանությունները վաղուց արդեն ունեն անկարգությունների ճնշման մշակված սցենար՝ արտակարգ դրության հայտարարում, պարետային ժամ, խստագույն գրաքննություն, համացանցի և բջջային կապի անջատում, մզկիթների ժամանակավոր փակում։ Այսպես, այս տարվա ամռան վերջին ոստիկանությունը Սինցզյանում ձերբակալեց 139 մարդու՝ բոլորը էթնիկ ույղուրներ, իսլամական ծայրահեղական գաղափարներ տարածելու և ջիհադի կոչեր անելու համար։ Հաղորդվում է, որ ձերբակալված ույղուրները կռվել են Սիրիայում, ապա վերադարձել Չինաստան՝ ստացած փորձը գործնականում կիրառելու։ Համաձայն իրավապահ մարմինների տեղեկատվության, մարդ սպանելու «արվեստին» նրանք տիրապետել են տեսահոլովակներ դիտելով, ինչպես նաև գործնական պատրաստություն անցնելով։ Այսինքն՝ ամեն ինչ հին ու մշակված սխեմայով։ Արդեն ակնհայտ փաստ է, որ Չինաստանը, ինչպես շատ երկրներ նրանից առաջ, բախվել է արմատական իսլամիզմի և իսլամական ահաբեկչության խնդրին, և Տյանանմեն հրապարակում ահաբեկչական ակտի համար շահիդների օգտագործումը դրա հերթական հաստատումն է։
Ընդհանուր առմամբ, Չինաստանի ներկա քաղաքականության, այդ թվում՝ նրա հատուկ ծառայությունների աշխատանքի որակի պարագայում անհնար կլինի Սինցզյանում լուրջ վնաս հասցնել հաների ներկայությանը։ ՈՒյղուրների ու հաների ընդհարումները, ինչ խոսք, կլինեն, հավանաբար կլինեն նաև նոր ահաբեկչություններ, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, հան բնակչության արտահոսքի և Արևելյան Թուրքեստանի պետության ստեղծման չեն հանգեցնի։ Բացի այդ, թեև ՍՈՒԻՇ-ը արևմտյան մամուլում երբեմն «չինական Չեչնիա» է հորջորջվում, ռուս դիտորդները նշում են, որ «ժամանակակից Ռուսաստանը չի կարող պարծենալ այնպիսի տնտեսական հաջողություններով, ինչպիսիք ունի ՉԺՀ-ն, հետևաբար, մայր երկրի կազմում մնալու խթանը հյուսիս-կովկասցիների համար ավելի թույլ է, քան ույղուրների»։ Բացի այդ, հան-ույղուրական ամեն մի ընդհարում ույղուրների համընդհանուր ապստամբության սկիզբ ներկայացնելը, անշուշտ, և՛ սխալ է, և՛ կանխակալ։ ՉԺՀ-ում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող բազմակողմանի և հավասարակշիռ քաղաքականությունը, ինչին մենք դեռ կանդրադառնանք, հավանաբար արդյունք է տալիս։ Ինչ վերաբերում է ույղուրական պատումի վաղեմի ու երբեմն հաջող «հեղափոխության արտահանման» գործին, դրա պատմության ու հեռանկարների մասին՝ հաջորդիվ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ