Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մակոնդո` հայկական տարբերակով

Մակոնդո` հայկական տարբերակով
17.11.2013 | 16:36

Հայ հեղափոխական շաբաթի ավարտին հարուցվեցին քրեական գործեր, և կալանավորվեցին հեղափոխականները: Իրավապահների համար առանձնապես մեծ բարդություն չէ ապացուցել նրանց հանցակազմը, բայց այնքան հեռու է իրականությունից այս ամենը: Զուտ հայկական ֆենոմեն` մի հայտարարված հեղափոխության պատմություն, որ ավարտվեց հեղափոխության մատույցներում: Գաբրիել Գարսիա Մարկեսը կգրեր մի սքանչելի պատմվածք կամ վիպակ ¥եթե համբերությունը հերիքեր¤, և պատմության մեջ կմտներ հայկական Մակոնդոն, որտեղ, ինչ ուզում եք ասեք, արժի ամեն իրի ու ամեն առարկայի վրա գրել անունը, իսկ ամենակարևորը` քաղաքի գլխավոր փողոցի վրա կպարզվեր վիթխարի պաստառը` «Աստված կա» մակագրությամբ: Բայց Մարկեսը Հայաստանում չէ, մերօրյա գրողները 21-րդ դարասկզբի հայկական ֆենոմեններին կանդրադառնան 22-րդ դարավերջին և, ուրեմն, մեզ մնում են կամ չոր եզրակացությունները, կամ զուգորդումները այլ ժողովուրդների պատմության հետ: Ի վերջո, ընդունեք նաև, որ ամբողջ գրականությունն ընդամենը մեկ գիրք է, որ գրում են տարբեր գրողներ, տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, բայց հերոս ունեն մարդուն` նրան, որ կա, և նրան, որ ուզում են, որ լինի, իսկ նպատակակետ ունեն ընթերցողին, որ նույնիսկ չի կարդում այդ գրքերը, բայց նրանք ապրում են ու մարդուն պատմում իր մասին, որովհետև ի սկզբանե Բանն էր, և` ձեռագրերը չեն այրվում:
Իսկ հիմա` մի քիչ քաղաքականություն: Արտաքին, որ ինչպես հայտնի է, ներքինի շարունակությունն է կամ` հակառակը, որ նույնպես ճիշտ է, որովհետև քաղաքականությունը կա՛մ կա, կա՛մ չկա և ներքինի ու արտաքինի չի բաժանվում: Իսկ քաղաքականության ճիշտ լինելը չափանշվում է մասնակիցներին ձեռնտու լինելու պարագայով: Ցավոք, բայց մարդկային արժեհամակարգի հիմքում միշտ էլ շահերն են, հետո միայն` կա՛մ կա, կա՛մ չկա արդարությունը:
Նոյեմբերի 5-ին վերսկսվեցին Բրյուսել-Անկարա բանակցությունները` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Նախկին ո՛չ եռանդը կա, ո՛չ լավատեսությունը, ընդ որում` երկուստեք, թուրքական եվրաինտեգրման գաղափարը կորցրել է նախկին գրավչությունը: Զարմանալի չէ` ճանապարհը սկսվել է անցյալ դարի կեսից` 1959 թվականից, և հազիվ թե ավարտվի առաջիկայում: Ժամանակին գաղափարը իսկապես հեղափոխական էր, բայց հիմա ակնհայտ է, որ Թուրքիան երբեք ու երբեք չի դառնա Եվրոպա: Ֆրանսիայի երբեմնի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենն ասում էր, որ թուրքերը եվրոպացի չեն դառնա, որովհետև «ուրիշ մշակույթ ունեն, ուրիշ տեսակետ, ուրիշ կենսակերպ»: Պատճառները, հարկավ, երեք «ուրիշ»-ով չեն ավարտվում: Հիմա արդեն շատերն են կարծում, որ անցյալն անցյալ է, և պետք է քննարկել, թե ինչ կարելի է անել այսուհետև: Իսկ գուցե Թուրքիան ոչ թե դեպի Եվրոպա, այլ դեպի Ասիա պետք է շարժվի: Նույնքան կենսական է տարբերակը, որ Թուրքիան ո՛չ դեպի Եվրոպա, ո՛չ Ասիա ինտեգրվելու կարիք չունի և իր տեղում պետք է իր պես մնա: Եվրոպացիների վերապահումները չափազանց ակնհայտ են, բայց փոխվել են և թուրքերի մեկնակետերը: Սկզբում Անկարայի խնդիրը ԵՏՀ-ի Մաքսային միությանը միանալն էր: 1995-ին այդ հարցը լուծվեց: Բայց այդ ընթացքում ԵՏՀ-ն դարձավ ԵՄ, և 1957-ի Հռոմի համաձայնագրին հաջորդեց 1992 թ. Մաաստրիխտի համաձայնագիրը: ՈՒ` կարուսելը շարունակվեց: Այսօր Բրյուսելը Անկարայից ակնկալում է միանգամայն կոնկրետ քաղաքական լուծումներ: 1974-ին Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային հատվածը և մինչև այսօր ոչ միայն չի հեռացել Կիպրոսից, այլև չի ճանաչում հարավային` հունական Կիպրոսի իշխանությունը: 2004-ին Կիպրոսի Հանրապետությունն անդամակցեց ԵՄ-ին և, բնականաբար, Կիպրոսի խնդիրը մտավ Թուրքիայի ԵՄ անդամակցության օրակարգ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը հակամարտող կողմերը չընդունեցին և մինչև 2013-ի տարեվերջ նոր ծրագիր է նախապատրաստվում, որով նախատեսվում է 2014-ին Կիպրոսի հունական ու թուրքական հատվածներում հանրաքվե անցկացնել: Եթե Կիպրոսը կողմ քվեարկի, հարցը վերջնականապես չի լուծվի, բայց որոշակի թվով հարցեր դուրս կգան ԵՄ-ի հետ Անկարայի բանակցային օրակարգից: Այդ ուղղությամբ լարված աշխատում է ԵՄ-ի հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը:

Եթե նույնիսկ կիպրոսյան էջը Անկարան փակի, մնում է Հայկական հարցը` 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եվրոպայում շատերը հայոց ցեղասպանությունն անվանում են հոլոքոստի նախափորձ, իսկ թուրքերը կտրականապես հերքում են: Հաշվարկները տարբեր են, բայց պատմաբանների գնահատականով` խոսքը մեկուկես միլիոն զոհերի մասին է: Թուրքերի համար հարցը սկզբունքային է, և եվրոպական հողի վրա փոխզիջումը սակավ հավանական է: Պաշտոնական Անկարան տարիներ շարունակ չի փոխում դիրքորոշումը, թեպետ տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են: Բրյուսելի առաջարկած «ժողովրդավարացման փաթեթում» բոլոր այս հարցերը չեն տեղավորվում: Գործնականում Բրյուսելի դռներն Անկարայի առաջ չեն բացվում, որովհետև Թուրքիան այլադավան, իսլամական պետություն է` ածանցյալ հետևանքներով: Փառահեղ տապալված մուլտիկուլտուրիզմի ավերակներում Եվրոպան ընդհանրապես կամաց փակում է դռները միգրանտների առաջ, ուր մնաց դարպասը բացի այլադավան պետության առաջ: Բացի մյուս անհամատեղելի հատկանիշներից, մուսուլմանները եվրոպացիների համեմատ խայտառակ արագությամբ բազմանում են: Թուրքիայի բարձր ծնելությունը ¥արդեն 80 միլիոն բնակչություն¤ անհաղթահարելի արգելք է: Եվրոպան զգուշանում է թուրքական էքսպանսիայից` Թուրքիայի անդամակցությունը կփոխի Եվրոպայի ժողովրդագրական, պատմամշակութային, տնտեսական-քաղաքական պատկերը: ԵՄ-ը եվրոպական պետությունների կառույց է և ուզում է Թուրքիային պահել ասոցիատիվ անդամի մակարդակում` չթողնելով, որ շատ չհեռանա: Հիշեցնեմ` բոլորովին վերջերս Թուրքիան անդամակցեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը իբրև գործընկեր, բացվում էին նոր տնտեսական հորիզոններ, բայց Սիրիայի իրադարձություններով բարիկադի տարբեր կողմերում հայտնվեցին Թուրքիան և Շանհայի երկու գլխավոր անդամները` Ռուսաստանն ու Չինաստանը: Կա ևս մեկ հեռանկար` Մերձավոր Արևելքը: Պարսից ծոցի միապետները, սակայն, առանձնապես չեն զգում թուրքական տնտեսության կարիքը` ունենալով սեփական բնական պաշարներն ու ժամացույցի պես աշխատող տնտեսությունը: Անկարան կարող էր առաջատար դառնալ տարածաշրջանում Եգիպտոսի հեղափոխականացումից հետո, ինչը չստացվեց «Մուսուլման եղբայրների» պատճառով: Ընդհանրապես Անկարան կարող էր արաբական գարնան հետհեղափոխական «բերքահավաքին» մասնակցել` վերականգնել ինֆրակառույցները, բայց այդ երկրների նոր իշխանությունների հետ Անկարայի հարաբերությունները չեն ստացվում` ո՛չ Եգիպտոսի, ո՛չ Թունիսի, ո՛չ Լիբիայի:
Այս համապատկերում սկսվեցին թուրք-ղազախական խաղերը Մաքսային միությանն անդամակցության շուրջ: Խաղեր, որ շրջանցում են Ռուսաստանը` առաջին հայացքից այսպես կարելի էր որակել Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ուզում է անդամակցել Մաքսային միությանը, Թուրքիան մեծ երկիր է, ընդհանուր սահման ունի Ղազախստանի հետ: Սենսացիոն հայտարարություն, որ հաջորդ օրը թուրքական «Սաբահը» հերքեց: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչն ասաց. «Եվրամիությանն անդամակցելու ապարդյուն ջանքերից հետո մենք արդեն այդ միությունը մեր զարգացման միակ ճանապարհ չենք համարում և գործընկերներ ենք որոնում Եվրոպայի սահմաններից դուրս: Այդ առումով Մոսկվան կարող է դառնալ Անկարայի առաջնահերթ գործընկերներից մեկը»: Իրապես Մաքսային միությանն անդամակցության խաղաքարտը ճնշում էր ԵՄ-ի վրա` եթե չեք ուզում մեզ հետ բանակցել, մենք այլընտրանք ունենք: Բայց հռչակագրի մակարդակով հայտարարել, թե ուզում ենք ՄՄ-ին անդամակցել, քիչ է: Թուրքական տնտեսությունը և իրավական համակարգը տասնամյակներով կողմնորոշված են դեպի ԵՄ: ՄՄ-ին անդամակցելու համար Թուրքիային երկար ժամանակ է պետք, բայց ոչ միայն ժամանակ: Անկարան գաղափարախոսություն կարող է փոխել ՄՄ-ում, պարզ է, որ իրենց հետ նրանք ՄՄ են բերելու թուրքալեզու մյուս պետություններին: Այդ թվում` Ադրբեջանին: Եվ այստեղ հակասություն է ծագում` թուրքերը իրենց պատմական հայրենիք համարում են Ալթայը, նրանք չեն թաքցնում, որ եկվոր են Միջին Ասիայից: Ադրբեջանը, որ Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և հռչակել է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, իրեն համարում է տեղաբնակ: Ստացվում է` միասնական ժողովրդի մի մասը եկվոր է Ալթայից, մյուս մասը տեղաբնակ է: Փլուզվում է թուրքական միության կառույցը:
Եթե քաղաքական բաղադրիչը մի կողմ թողնենք, տնտեսականը թելադրում է որևէ միության ընտրություն: Ընդհանրապես տնտեսական ինտեգրման միտումները գլոբալացված աշխարհի առանցքն են. ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլ պետություններ բանակցում են Խաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, Ճապոնիան ազատ առևտրի գոտի է ստեղծել Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ, Ռուսաստանը ձեռնարկել է Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումը: Թուրքիան, չունենալով բնական պաշարներ, շեշտը դնում է ապրանքների արտահանման վրա, թուրքական տնտեսական հրաշքը պայմանավորված էր բարենպաստ պայմաններով, որոնք այլևս չկան: Աղքատացած Եվրոպան նախկին ծավալներով չի սպառում թուրքական արտադրանքը: Թուրքիան Սիրիայում արդեն 10 միլիարդ դոլար է կորցրել տրանզիտային ապրանքաշրջանառության կորստով, աֆրիկյան շուկայում էլ չինացիներն են, նրանց որակյալ և էժան ապրանքների հետ մրցակցությունը Թուրքիան տանուլ է տալիս: Թուրքիան տնտեսության նոր մոդել պետք է կառուցի, որին ինտեգրվելով սպառման շուկա գտնի: Ռուսաստանի հետ 50 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը այդ հարցն ամբողջությամբ չի լուծում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետխորհրդային տարածքում: Աշխարհաքաղաքական իմաստով տարածքը տարրալուծվում է: Եթե Բելառուսը, Ռուսաստանը տնտեսական մի բլոկ են, Ղազախստանը և Թուրքիան` մեկ այլ: Թուրքիան իր հետևից կբերի Ադրբեջանին և թուրքալեզու մյուս պետություններին, և ուժերի հարաբերակցությունը կփոխվի թուրքերի օգտին, ինչից խուսափում է ԵՄ-ն: Թուրքիան ՄՄ-ն համարում է աշխարհաքաղաքական գործիք` իր ազդեցությունն ամրապնդելու համար: 90-ական թթ. ԽՍՀՄ-ի փլուզումն առաջ բերեց աշխարհաքաղաքական վակուում, բայց Թուրքիային չհաջողվեց իր ճեղքումը Միջին Ասիա: Ռուսաստանն արդեն ամրապնդել է իր դիրքերը, սիրիական ճգնաժամի հաղթահարման գործընթացը ցույց տվեց, որ Արևմուտքը չի աջակցում թուրքական հավակնություններին, Անկարան կորցնում է ներգործությունը և հենման կետ է որոնում: Եթե առաջ Թուրքիան առաջատարի դիրքերի համար մրցակցում էր միայն Սաուդյան Արաբիայի հետ, Իրանի նախագահական ընտրություններից հետո Թեհրանը սկսեց կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ (արդեն վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, ուղիղ չվերթեր են վերսկսվում ԱՄՆ-ի և Իրանի միջև, Թեհրանը դուրս է գալիս միջազգային մեկուսացումից): Եվ ի՞նչ է մնում Թուրքիային` 2015-ին ընդառաջ: Իսկ ի՞նչ է անելու Հայաստանը: Կարողանալո՞ւ է օգտագործել ստեղծված իրավիճակը իր խնդիրներից որևէ մեկը լուծելու համար: Թե՞ իսկապես պետք է ոչ միայն իրերի, առարկաների, այլև մարդկանց վրա գրել նրանց անունը: Եվ, ամենակարևորը, ժամանակակից բոլոր մակոնդոների գլխավոր փողոցում պետք է պաստառ լինի` «Աստված կա» մակագրությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երբ Պուտինը գա Հայաստան, խաղացվելո՞ւ է թուրքական խաղաթուղթը, ո՞ւմ ձեռքին է հաղթաթուղթը, եթե Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում ու հերքում է Հայաստանի հետ սահմանների բացման մտադրությունը, եթե մաքսակետերն են նորոգվում, ու երկաթուղին է վերականգնվում: Բոլոր դեպքերում, միանշանակ է` Պուտինին Եվրասիական միության մեջ Անկարան պետք չէ, որովհետև հավասարարժեք մրցակից է և ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ ՆԱՏՕ-ից հեռանալ Թուրքիային թույլ չի տա Արևմուտքը, որը նրան նաև ԵՄ չի ընդունելու: Ի դեպ, ռուսական 11-րդ բանակը 1920 թ. էլ դեկտեմբերի 2-ին մտավ Հայաստան, որ նշանավորվեց Առաջին հանրապետության կործանումով: Ի՞նչ է կատարվելու Երրորդ հանրապետության հետ 2013-ի դեկտեմբերի սկզբին:

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ