Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին ատյանի անփոխարինելի գործընկերը»

«Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին  ատյանի անփոխարինելի գործընկերը»
29.03.2013 | 00:17

Եթե ուշադրությամբ հետևելու լինենք աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, որպես հետևանք, քաղաքական իրադարձություններին, այդ թվում` առճակատումներին, ապա դժվար չի լինի նկատել, որ, մի կողմից, տնտեսական գլոբալացումն ու առևտուրն ապահովում են տեխնոլոգիաների ու արդիականացումների արագ և ամենուր տարածումը, իսկ մյուս կողմից` այդ նոր «ընդհանուր տան» մեջ ընդհանուր վտանգները զսպելն ավելի է դժվարացել, իսկ ավելի հաճախ` պարզապես անհնար է դարձել։

Երևի հենց այդ պատճառով էլ «գլոբալ կառավարման» խնդիրներն այսօրվա դրությամբ ավելի հրատապ են դառնում, քան երբևէ։ Ընդ որում, եթե աշխարհը, պետք է ասել, արդեն «միաբևեռ» չէ, ապա բազմաբևեռայնության մասին խոսելն էլ, հաստատ, դեռ վաղ է։ «Խառնակառույցների» մեծ մասի (սկսած ՄԱԿ-ից և վերջացրած G-20-ով կամ նույնիսկ G-8-ով) նկատելի տեղապտույտը, եթե ոչ լիակատար լճացումը, վկայում է այն մասին, որ հին և նոր աշխարհակարգերի կցույթում միջազգային հարաբերությունների համակարգը շտապ նորացում է պահանջում։ Առավել ևս, աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա ավելի քան երկու հարյուր երկիր կա, այսինքն, մարդկության ողջ պատմության ընթացքում ռեկորդային թվով երկրներ։ ՈՒ չնայած ամբողջ մոլորակը ծածկված է ռեկորդային քանակությամբ ինքնիշխան, անկախ ազգային պետություններով, պարզվում է, համաշխարհային տնտեսության 90 տոկոսը կենտրոնացած է սահմանափակ` քառասուն կետերում, որոնք երբեմն ամենևին էլ չեն համընկնում պետական սահմաններին։ Համապատասխանաբար, վերջին տարիներին, տարբեր երկրների ու կարգի փորձագետներ շարունակ գլուխ են կոտրում «գլոբալ կառավարման» առավել արդյունավետ ու բնական համակարգեր ստեղծելու վրա։ Խոսքը Բժեզինսկու «ԱՄՆ-Չինաստան» դաշինքի, «Մոսկվա-Բեռլին-Փարիզ» չկայացած առանցքի, «Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա» գլոբալ եռադաշնության վերաբերյալ ռուսական երևակայության և այլ նախագծերի մասին է։ Մինչդեռ գլխավոր «մրցանակը»` համաշխարհային առաջատարությունը, կարող է կայանալ կա՛մ գաղափարական դաշնակիցների բնական հիմքի վրա, կա՛մ փոխզսպման և ռազմավարական երկխոսության մրցակցային հենքի։ Իսկ քանի որ աշխարհաքաղաքականությունը, առավել ևս, աշխարհատնտեսությունը «նեյնիմներ» չեն սիրում, ապա բացառված չէ, որ դրանք բոլորը դառնան դեպի «գլոբալ կառավարում» տանող որոշակի աստիճաններ։ ՈՒ կարծես այդ դժվարին ճանապարհին առաջին քայլերն արդեն արված են, և բացառված չէ, որ հենց դրանց հետագա զարգացումը հանգեցնի կառուցողական արդյունքների։
Այսպես, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի` վերջերս կայացած ամենամյա խորհրդաժողովի գլխավոր հայտարարությունն այն էր, որ «Միացյալ Նահանգները բարձրանում է, Եվրոպան կայունանում է, և նրանք ընդառաջ են գնում միմյանց»։ Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը, ինքը և նախագահ Օբաման համոզված են, որ «Եվրոպան կդառնա մնացած աշխարհի հետ մեր գործակցության անկյունաքարը»։ Շատ հավանական է, որ Ամերիկայից Եվրոպայի` դեռ մինչև վերջերս անբեկանելի թվացող կախյալ վիճակից այդ հրաժարումը և համագործակցության նոր մակարդակի հռչակումն արդյունք են այն բանի, որ Վաշինգտոնը գիտակցեց պարզ մի բան` «արդեն չեն քաշում», համենայն դեպս` մենակ։ Այսինքն, այնտեղ արդեն բախվել են ԱՄՆ-ի կողմից աշխարհի միակ հեգեմոնի դերի անխուսափելի կորստին և «միաբևեռ հանգամանքի» վերացմանը, և սկսել են առաջատարության նոր ուղիներ որոնել։ Հնարավոր է` գործընկերների հետ զուգորդված։
Սակայն գործողությունների հարկադրական լինելը, իհարկե, ամենևին էլ չի նշանակում, թե դրանք այնքան էլ կարևոր չեն, իսկ Բայդենի հանդիսավոր խոսքերը, թե «Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին ատյանի անփոխարինելի գործընկերը, դուք ինձ կներեք որոշ մեծամտությանս համար, ես վստահ եմ, որ մենք առաջվա նման ձեր անփոխարինելի գործընկերներն ենք», երևի, արտացոլում են թե՛ նոր իրողությունը, թե՛ նոր միտումները։
Իրոք, Եվրոպան արդեն Ամերիկայի կարևորագույն տնտեսական գործընկերն է. դա տարեկան ավելի քան 600 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է, որը միլիոնավոր աշխատատեղեր է ստեղծում աշխարհամասում ու ԱՄՆ-ում։ Նրանց ընդհանուր առևտրային փոխհարաբերությունները գնահատվում են 5 տրիլիոն դոլար։ Բայց «ներքին էներգետիկ հեղափոխությունից» և էներգակիրների էժանանալուց հետո շատ փորձագետներ սկսել են մատնացույց անել ԱՄՆ-ի արդյունաբերության վերածնունդն ու ամերիկյան մրցունակ տնտեսության կանխատեսելի աճը։ Իսկ դա, համապատասխանաբար, մեծացրել է երկրի ներդրումային գրավչությունը։ Գերմանիայի տնտեսության և տեխնոլոգիաների նախարար Ֆիլիպ Ռեսլերը նշել է, որ գերմանական շատ ձեռնարկություններ իրենց արտադրությունն ԱՄՆ են տեղափոխում` էներգիայի ավելի ցածր գների պատճառով։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ թեև Եվրամիության խնդիրները առայժ չեն վերացել, բայց արդեն չեն էլ պնդում, թե եվրագոտին փուլ է գալիս։ Ընդհակառակը, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն պարզորոշ հասկանալ է տվել, որ դժվարությունների հաղթահարման գործում եվրագոտուն օգնություն ցուցաբերելու Գերմանիայի մտադրությունը անսասան է։ Այնպես որ, Արևմուտքի անկման մասին վերջին շրջանի մշտական «մարգարեությունները» կարծես լռել են և, ինչպես նշել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Պատրիոտը, «Ծագող տերությունները պետք է հիշեն, որ ճանաչված տերությունները չսուզվող տերություններն են»։
Իսկ Մյունխենի խորհրդաժողովում հայտերի ներկայացումից հետո և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը խոսքից գործի են անցել։ Հաղորդում են, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բանակցություններ են սկսել ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել են Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։ «Մենք կստեղծենք աշխարհի ամենախոշոր ազատ առևտրի գոտին»,- հայտարարել է Բառոզուն Բրյուսելում։ Նա տեղեկացրել է, որ բանակցությունները պետք է սկսվեն հունիսի վերջին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, դժվարին բանավեճեր են լինելու։ Այդուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ այդ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու տարածաշրջաններում տնտեսության աճին։ Բառոզուն հիշեցրել է, որ ԱՄՆ-ին ու Եվրամիությանն է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության ծավալի կեսը։ Նա այն կարծիքն է հայտնել, որ մաքսատուրքերի և այլ առևտրական սահմանափակումների վերացումից հետո Եվրամիության երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր ծավալը կմեծանա 0,5 տոկոսով։ Փորձագետների գնահատմամբ, համաձայնագրի կնքումը թույլ կտա առևտրի ծավալը մեծացնել առնվազն տարեկան 120 մլրդ դոլարով, ինչպես նաև արագացնել տնտեսական աճի տեմպերը։ Նշվում է, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը Եվրամիության երկրներին կստիպի աշխատանքի ու կապիտալի շուկաներում կիրառելու ավելի ճկուն կարգավորում։ Բացի այդ, սպասվում է, որ Եվրամիությունը կձգտի համաձայնագրի ամենալայն տարբերակին, որտեղ արձանագրված լինի համագործակցության կարգը թե՛ սպասարկման ոլորտում, թե՛ պետպատվերին ընկերությունների հասանելիության ոլորտում։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Վեստերվելլեն նշել է, որ անդրատլանտյան առևտրի ու ներդրումների ընդլայնումը «կարող է տնտեսական աճի շարժիչ ուժ դառնալ` առանց նոր պարտքերի կուտակման»։ Նման գոտու ստեղծման հեռանկարների մասին զեկույցը պետք է պատրաստեն մի խումբ փորձագետներ` մինչև ընթացիկ տարվա վերջը։ Եվրոպայում հուսով են, որ արագորեն` մինչև 2014-ի վերջը, բանակցությունները կավարտվեն, և հնարավորինս շուտ կիրացվի ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման գաղափարը, որը խոշորագույնը կլինի աշխարհում։
Խիստ հատկանշական է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման նախաձեռնողը Գերմանիան է։ Այդ նախաձեռնության մասին առաջինը խոսել է կանցլեր Անգելա Մերկելը դեռ 2006-ին։ Այն ժամանակ բունդեսկանցլերը նշեց, որ դա շահավետ կլինի երկու կողմերի համար էլ։ Սակայն բանը մեռյալ կետից չշարժվեց, մինչև համաշխարհային տնտեսությունը ձգձգված ճգնաժամի ճիրաններում չհայտնվեց և Ատլանտիկայի երկու ափերին չհասկացան, որ միայնակ չեն կարող խուսափել խեղդվելուց։ Իսկ հիմա, ազդարարելով առաջիկա բանակցությունների մասին, Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հնարավորություն կստանան ոչ միայն ընդլայնելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները, այլև էլ ավելի զարգացնելու գլոբալ կանոնները, որոնք կարող են ամրապնդել բազմակողմ առևտրային համակարգը»։
Հիշեցնենք` Եվրամիությունն իր գոյությունն սկսել է իբրև վեց երկրների միջև ածխի ու պողպատի առևտրի համաձայնություն։ Ապա այն դարձավ արժութային խումբ և հիմա էլ աշխարհի խոշորագույն առևտրական դաշնախումբն է։ Այդ տարածությունը հիմա համարվում է 27 երկիր և 450 միլիոն մարդ ներառող «խաղաղ գոտի»։ Իսկ եթե Եվրոպան ու ԱՄՆ-ը միասին լինեն, ապա կտնօրինեն համաշխարհային ՀՆԱ-ի 50 տոկոսը և կունենան մնացած աշխարհին մի քանի անգամ գերազանցող ռազմական հզորություն։ Այսինքն, փաստորեն, կդառնան «գլոբալ կառավարման» կարևորագույն ռեսուրս։ Սակայն, ինչպես արտաքին քաղաքականությանը նվիրված իր վերջին ճառերից մեկում հայտարարել է Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ը մտադիր չէ իր կողմնորոշումը Եվրոպայից փոխել դեպի Ասիա, բայց նա դեմ չէ Եվրոպայի հետ մեկտեղ գործ ունենալ նաև Ասիայի հետ։ Եվ այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարության աշխարհաքաղաքական հարցերի գծով խորհրդական, Վաշինգտոնի «Նոր Ամերիկա» հիմնադրամի «Գլոբալ կառավարում» նախագծի ղեկավար, ազդեցիկ քաղաքագետ Պարագ Խաննան իր «Երկրորդ աշխարհ» գրքում ոչ միայն ելնում է աշխարհի բազմաբևեռայնության հայեցակարգից, այլև բացահայտում է դրա առանձնահատկությունները։ Մասնավորապես, նա առանձնացնում է ազդեցության տարբեր մակարդակներ։ Նախ և առաջ, դա «առաջին աշխարհն» է, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Չինաստանն ու Եվրամիությունը։ Սրանք աշխարհի ամենահզոր տնտեսություններն են և միաժամանակ համաշխարհային քաղաքականության ամենաազդեցիկ ուժերը։ Նրանց կարելի է գերտերություններ և անգամ «կայսրություններ» անվանել։ Խաննայի կարծիքով, մենք ընթանում ենք դեպի «երեք տարբեր գերտերությունների բազմաբևեռ և բազմաքաղաքակրթական աշխարհի» ստեղծում։ Այնպես որ, արդեն կարելի է ասել, որ, դատելով ըստ ամենայնի, գլոբալացումը ոչ միայն նոր հնարավորություններ է բացում, այլև ընդունակ է փոխելու մեր պատկերացումը և՛ արդի քաղաքական աշխարհագրության, և՛ նոր աշխարհակարգի մասին, ինչի վկան կդառնանք շուտով։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ