Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իրավատեր, հատվածական օրակարգեր և սեզոնային գրիպի բռնկում

Իրավատեր, հատվածական օրակարգեր  և սեզոնային գրիպի բռնկում
26.03.2013 | 01:07

Մարտը ավարտվում է: Եթե դեռ հիշում եք, այս պատմությունն անցյալ տարի է սկսվել, և չգիտեմ ում ոնց` ինձ բավականաչափ հոգնեցրել է: Այն պարզ պատճառով, որ ես որոշակիություն, արագ արդյունք և հասկանալի քայլեր եմ նախընտրում: Ես վաղուց չեմ հավատում հայտարարություններին, նամակներին ու հավակնություններին, որոնք ռեալ քայլերով չեն ամրագրվում:

Գուցե իմ իրատեսությունը պարբերաբար սահմանակցում է հոռետեսության հետ, փոխարենը չեն լինում կամ համարյա չեն լինում խորտակված պատրանքներ: Այնուամենայնիվ, ես, ավելի քան որևէ մեկը, կարոտում եմ վճռական մենակին, որ իրատեսության, քաղաքագիտական հաշվարկների, անցյալի բեռի ու ապագայի իր ընտրության մեջ ոչնչի առաջ կանգ չի առնում, ոչինչ անհնար չի համարում, ով ընթացքը դարձնում է հաղթության գրավական: Ոչ, ես վերջին ռոմանտիկը չեմ, ոչ էլ հարգում եմ նրանց, ովքեր ուրիշի ձեռքով են կրակից հանում իրենց շագանակները: Բայց ես ունեմ իմ տաբուները, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Օրացուցային մարտն ավարտվում է, քաղաքական մարտը վաղուց է ավարտվել. ապրիլը կշարունակի տարին, իսկ պայքարը ինքն իրեն ծածկում է դափնու տերևներով ու հեռանում մարտադաշտից` ջանալով մեծ աղմուկ չհարուցել:
Ես, հակառակ իմ տաբուների, փորձում եմ բոլոր հայտնիները մի հավասարման մեջ ներառելով հասկանալ` ի՞նչ առավելություններ է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը նրան: Իրավակա՞ն: Բարոյակա՞ն: Քաղաքակա՞ն: Հուզակա՞ն: Իրավիճակայի՞ն: Իմ սահմանափակ մտածողությունն ինձ թելադրում է, որ նույն արդյունքներին կարելի է հասնել կամ չհասնել առանց հացադուլի, որի մասին հիմա կարծես մոռացել են, որովհետև սովորական է դարձել: Իմ սահմանափակ մտածողությունը պատասխան չի գտնում տրամաբանության ու ընկալումների, մենթալիտետի տարբերությունների պատճառով գուցե: Բայց ես նաև չեմ հասկանում` ի՞նչ կարիք կար հնչեցնել դիակի գաղափարը, ի՞նչ սակրալ ենթատեքստ է վերագրվում մարդու մահվանը, անիմաստ չէ՞ այլ իմաստ վերագրել, քան մահն ինքն է իբրև փաստ: Քրիստոնեավայե՞լ է անձի զոհաբերությունն ընդհանրապես և ինքնազոհաբերությունը մասնավորապես: Իմ սահմանափակ մտածողությունը ինձ թելադրում է, որ մարդը բարձրագույն արժեք է, առանձնահատուկ դեպքերում միայն այդ արժեքը կարելի է զոհաբերել, և սա բնավ այդ դեպքը չէ: Գուցե ես բավարար չափով հայրենասեր չեմ, որ կարևորեմ մահ կամ արդյունք տարբերակը: Ինձ համար բացարձակ արժեք չէ մահը, որ կյանքի հերքումն է: Բայց այս ամենը արդեն կարևոր չէ, որովհետև համարյա երկու շաբաթ հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մոռացավ հացադուլն ու դիակի պարագան և առաջադրեց պահանջներ, որոնց կատարմամբ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից: Հիանալի գիտակցելով, որ հնարավոր են իշխանության հետ սերտաճելու մեղադրանքներ` Րաֆֆի Հովհաննիսյանը շատ շիտակ պահանջեց նոր արտահերթ նախագահական ընտրություններ: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը Րաֆֆի Հովհաննիսյան չէր լինի, եթե տեղնուտեղը իր պահանջին չհակասեր. «Գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ, եթե Դուք ուզում եք, նաև այդ հնարավորությունը պիտի տամ Ձեզ»։ Եվ առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խոստովանում եմ` իմ սահմանափակ մտածողությունը չի կարողանում համադրել առաջարկ-հրաժարում-նոր առաջարկ գծակարգը հրապարակից դուրս շարունակվող կյանքի հետ: Չեմ հասկանում տարատեսակության իմաստը` կա՛մ նախագահական ընտրությունների պահանջ, կա՛մ խորհրդարանական ընտրությունների:

Խոստովանեմ` ի սկզբանե չեմ հասկացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնանույնականացումը մարդու հետ, որ ամեն ինչի իրավունք ունի` իրավատերը նրա ընկալմամբ այն մարդն է, ում կամքը օրենք-իրավունք չի հարցնում: Ընդ որում` Րաֆֆի Հովհաննիսյանը իրավատեր հայտարարում է իրեն, բայց իրավատիրական որոշումների կատարման պահանջ է դնում այն մարդու առաջ, ում մեղադրում է «գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրությունների» մեջ: Ես իսկապես չեմ հասկանում` ինչի՞ հիման վրա պիտի նոր նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Ո՞րն է այդ երկու ընտրություններից մեկնումեկի իրավական հիմքը: Համոզված եմ` իմ սահմանափակ մտածողությունը չէ պատճառը, որովհետև ես ոչ մի երաշխիք չեմ տեսնում, որ նոր ընտրությունները արդյունքների տեսակետից մեծ տարբերություններ են ի հայտ բերելու: Մի քիչ հասկանում եմ ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը` մեծամասնական ընտրակարգի վերացումն ու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, մի քիչ, որովհետև գործնականում Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է քաղաքական անիրատես, եթե համարում է, որ ընտրական օրենսգիրքն է ընտրությունների անցկացման հիմքը Հայաստանում: Բացարձակապես չեմ հասկանում` ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ, որ նախագահական ընտրություններում ինքը հաղթել է: Բայց նույնքան չեմ հասկանում Սերժ Սարգսյանին, որ նախագահական ընտրությունների թիվ մեկ ինտրիգ որոշեց համարել Րաֆֆի Հովհաննիսյանին` մրցակցայնություն ապահովելով նրա հաշվին, և ուրեմն` լռելյայն համաձայնությամբ նրան նշանակելով թիվ 2: Ի՞նքն էլ էր բարևի հմայքի տակ, թե՞ համարում էր նրան առավել անվտանգ: Ի՞նչը չաշխատեց ընտրությունների օրը, որ ՀՀԿ-ի շտաբից զորամասեր էին փոխանցվում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկելու հրահանգներ: Այդքան ինքնավստա՞հ էին, թե՞ ավանդական հայկական «քցոցին» էր գործում: Շարքային սաբոտաժը, որ անգամ ինձ նման սահմանափակ մտածողության մարդկանց համար ունի պարզ նպատակներ: Մարդկանց չես մեղադրի` ընտրությունները սկսվում ու ավարտվում են, իսկ իրենց շահերը տևական են, պաշտպանությունը պահանջում է ճկունություն: Առաջին կանոնը այդ նուրբ խաղում` ամեն պահ ապացուցում ես քո բացարձակ անհրաժեշտությունը, քո անպարագիծ նվիրվածությունը: Երկրորդ կանոնը. առաջին կանոնը` առաջին կանոն, բայց ոչ մի պահ չես մոռանում քո կոնկրետ և ընդհանրական շահի պաշտպանությունը, և իրականում քո բոլոր գործողություններն ուղղված են այդ նպատակին: Երրորդ կանոնը` վճռական պահերին երկու կանոնն էլ ուղարկում ես գրողի ծոցը և անում ես ինչ քեզ պետք է, բացատրությունները կհնարվեն հետո, հետո կգտնվեն համապատասխան քաղաքական ուժեր ու դեմքեր, որոնցով կարելի է ամեն ինչ պատճառաբանել ու արդարացնել: Սոփեստությունը քաղաքականության մեջ անփոխարինելի տեղ ուներ դեռ հին հույների օրոք: Սերժ Սարգսյանը ներելո՞ւ է իր շտաբի այդ «ինքնամոռաց» աշխատանքը հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ ընտրությունները իսկապես ճշմարտության պահ են: Բոլորի համար: Մտերիմների: Ազգականների, որ նշանակվում են դեսպան: Երևի տարիքն իրենն անում է, ես բացարձակապես չեմ հասկանում նաև, թե հանուն ինչի Սերժ Սարգսյանը պիտի կատարի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների մյուս համախումբը` աշխատանքից ազատել հինգ մարզպետների, նրանց փոխարեն այլոց նշանակելու իրավունքը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին: Հայաստանում առանց սահմանադրական փոփոխությունների հաստատվում է համանախագահության ինստիտո՞ւտ: Եվ` ի՞նչ սկզբունքներով: Ինչո՞ւ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանին է փոխանցվում գլխավոր դատախազությունում, արդարադատության խորհրդում, վերստուգիչ պալատում, հակակոռուպցիոն հանձնաժողովում, հարկային, մաքսային, ազգային անվտանգության մարմիններում, արտաքին գործերի, կրթության ու գիտության նախարարություններում նշանակումների իրավունքը: Մյուս նախարարությունները համարվում են նվա՞զ կարևոր, պետական մյուս կառույցները ածանցյա՞լ են, որ հնարավոր է այս պաշտոններում նշանակումներով իրավիճակ փոխել: Ո՞վ է այս հեքիաթը պատմում: Ինքնահերքումի ինչ փայլուն տարբերակ է. ես եմ ընտրվել նախագահ, բայց քեզնից եմ պաշտոններ ակնկալում` հայտարարում եմ, որ չեմ ընդունում քո հաղթանակը, բայց պաշտոնապահանջ քո առաջ եմ դնում, որովհետև այդպես է ուզում իմ թիմը, ես ընդհանրապես ոչինչ չեմ ուզում` սա, իհարկե, չի ասվում, բայց պետք էլ չէ, որ ասվի: Ի դեպ, այս առաջարկները Սերժ Սարգսյանի համար ուղղակի գտնված տարբերակ են` ոչինչ չանելով իրավիճակը իրեն ծառայեցնելու: Ավելի հարմար ոչինչ հնարել հնարավոր չէ: Ո՞ր դեպքում առաջարկները կարող են վտանգավոր դառնալ և այլ լուծումներ պահանջել: Միլիոնների խոստացված խորհրդանշական երթը հավանաբար նպատակ կունենա տարատեսակ հայտարարությունների տակ իրական հող դառնալ, բայց կավարտվի մի քանի հազարով միայն: Սերժ Սարգսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակ վտանգ չի ներկայացնում, վտանգը Ռոբերտ Քոչարյանն է իր քաղաքական հավակնություններով և ֆինանսական կարողությամբ, որ կարող է ռեալ ապակայունացում ապահովել` շատ արագ հագնելով երկրի ապագայի համար միակ մտահոգ, միակ շահագրգիռ գլխավոր ընդդիմադիրի քղամիդը, որից այնպես չեն ցանկանում բաժանվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հիմա այլևս միակ մեղավորը չէ ընդդիմադիր ռեսուրսը ոչնչացնելու մեջ, ո՛չ Գագիկ Ծառուկյանը, որ աշխատում է բոլոր տարբերակների համար ապահովել մեկնարկային պատրաստվածության վիճակ, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ամբողջ կյանքում է կայացրել ինքնահակասող որոշումներ, բայց դրանք վերաբերել են սահմանափակ թվով մարդկանց, իսկ հիմա պարտադրված է հրապարակավ դուրս գալ իր գծած լաբիրինթոսից: Բայց Ռոբերտ Քոչարյանին հրապարակից հետ պահելու համար գոյություն ունի խորհրդարանը` «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» կովկասյան իմաստնությամբ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի ռեալ քաղաքական խաղ սկսել, նրա դեմ կգործի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծված նոր խորհրդարանական հանձնաժողովը, որը գուցե վերջապես որոշի կատարվածին բուն անունը տալ: Ընդհանրապես այս հանձնաժողովը որոշակի իրավիճակներում կարող է առանցքային դեր ստանալ, կարող է ավելի անփառունակ պատմություն ունենալ նախորդից: Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, մնալու և քաղաքական ասպարեզում իր ներկայությունը անընդհատ զգացնելու է, թեկուզ լրատվամիջոցներին այս ու այն առիթով դատի տալով, նա ևս դանդաղ շտապելու մարտավարությունն է ընտրելու, որովհետև մինչև 2018 թվականը անկանխատեսելի իրադարձություններով հարուստ երկար ժամանակ կա, իսկ 2013-ի Երևանի ավագանու ընտրությունները, թող որ վերջինը ընտրական ցիկլում, բայց իր համար անկարևոր են: Չարժի, որ նա իջնի մինչև այդ մակարդակը, թեկուզ հանուն մերձավոր ազգականների: Եվ, այնուամենայնիվ, իմ սահմանափակ մտավոր կարողությունները ինձ հնարավորություն չեն տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է. «Թող ոչ ոք չհանդգնի ժողովրդի սերը, Ազատության հրապարակը, մեր միասնական պայքարը չարաշահել իրենց առանձին, հատվածական օրակարգերի համար։ Ես չեմ թույլ տալու»: Ինչպե՞ս թույլ չի տա տալու: Դադարեցնելու է հացադո՞ւլը, նո՞ր օրակարգ է ի հայտ գալու, թե վերջապես` հոգնած ու վաստակած, գնալու է տուն: Իբրև տանտեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Եվ, այնուամենայնիվ, իմ սահմանափակ մտածողությունը մի մխիթարություն խոստանում է, ավելի ճիշտ` խախուտ հիշողությունն առ այն, որ նախագահական ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ խոստացել է առաջադրվել առաջին ու վերջին անգամ: Եթե նա իր խոսքին տեր լինի, ինչը հավաստի է այնքան, որքան բացառվում է, 2018-ին հետընտրական բոլորովին այլ զարգացումներ կլինեն: Իսկ ամենակարևորը` թեպետ ցուրտ է, քամիները ևս իրենց իրավատեր են հռչակել, անձրևներն էլ իրենց հետընտրական տեսակետներն են կտկտացնում ամեն օր, ծառերը ծաղկել են: Երևանն ու մարզերը լիովին տրվել են սեզոնային գրիպին, իմ փորձով գիտեմ: Տաքը` ահագին տաք է, բայց մտածողությունդ սահմանափակում է:

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ