ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրանն ու Սիրիան իրական դաշինքի ստեղծման շեմին են

Իրանն ու Սիրիան իրական  դաշինքի ստեղծման շեմին են
22.03.2013 | 00:24

Ներկայումս Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և՛ օրախնդիր, և՛ պատմական ենթատեքստ ունեն, սակայն դրանք փոքր-ինչ սքողել են նախկին գործընթացները, որոնք բազային նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում հետապնդվող նպատակներն ու խնդիրները, իրադարձությունների արտաքին դերակատարներին մատնանշելու համար։
Թուրք-իրանական հարաբերություններն ունեն տարբեր խնդիրներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն շոշափում են ԱՄՆ-ի շահերը Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում։ Կարելի է նշել խնդիրների երեք խումբ։ Առաջինը թուրք-իրանական աշխարհաքաղաքական մրցակցությունն է և որոշակի իմաստով դիմակայությունը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում և այլ տարածաշրջաններում։ Երկրորդը Իրանի դժգոհություններն են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Թուրքիայի սերտ համագործակցության առթիվ։ Երրորդը իսլամացման և Թուրքիայում իսլամական նիստուկացի զարգացմանը միտված իրանական քաղաքականությունն է։ Թուրքիայում իսլամական գաղափարներ արմատավորելու Իրանի ձգտումը, որը Թուրքիան քաղաքական-գաղափարախոսական դիվերսիա է համարում, թուրք-իրանական հարաբերությունների առավել զգայուն կողմն է։ Այդ ձգտումը նոր չէ և գալիս է իսլամիստ Ն. Էրբաքանի կառավարման տարիներից։ Սակայն այդ ձախողված փորձը իրանցիները լուրջ ու սկզբունքային չեն համարում, և հիմա էլ Իրանը չի հրաժարվել Թուրքիայի իսլամիստների աջակցելուց։
Թուրքիայում չափավոր իսլամիստների «Արդարություն» կուսակցության իշխանության գալը, Իրաքի դեմ գործողությանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարումը, քրդերի հավակնությունները զսպելու Իրանի և Թուրքիայի փոխշահագրգռությունները երկու առաջատար մերձավորարևելյան պետությունների փոխհարաբերությունների լավացման հույսեր են ներշնչում։ Նկատվում է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առճակատման ու մրցակցության մակարդակի որոշ նվազում։ Բայց հազիվ թե այդ միտումը զարգացում ստանա, քանի որ այդ պետությունների համար գերական աշխարհաքաղաքական շահն է, իսկ ԱՄՆ-ի համար թուրք-իրանական հարաբերությունների ցանկացած բարելավում անընդունելի է։ ԱՄՆ-ը շատ է մտահոգված Թուրքիայի վրա Իրանի ազդեցության հնարավոր ուժեղացմամբ և իսլամական որոշ «նախագծերում» Թուրքիայի ներգրավմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը Իրանին համարում է հակակշիռ Թուրքիային, ինչը կարող է առաջիկայում իրացվել ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորմանը համընթաց։ Այդուամենայնիվ, չնայած թուրք-իրանական հարաբերություններում նկատվող հակասական միտումներին և հարաբերությունների որոշ կարգավորմանը, Թուրքիան այսուհետ ևս կշահարկի իր աշխարհիկ արժանիքները, ինչպես նաև Իրանի կողմից արմատական իսլամիզմի սպառնալիքը։ Թուրք-իրանական հարաբերությունները բացահայտորեն ցույց են տալիս, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում իսլամական քաղաքականությունը զգալիորեն հանդես է գալիս որպես ազգայնականության դրսևորում։ Իրանը բնավ շահագրգռված չէ իսլամական աշխարհում Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ, և հատկապես արաբական երկրներում, ուստի, երբ Իրանը «ողջունում է» Թուրքիայում «իսլամական քաղաքականության» հաստատումը, դա միշտ չէ, որ անկեղծ բնույթ է կրում։ Իրանը անցած տասը տարում հասցրել է համոզվել, որ Թուրքիայի «իսլամական» կառավարությունը ձգտում է սերտ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ինչպես նաև գերիշխող դիրքեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում և Եվրասիայում։
Սիրիան, չնայած տարածաշրջանային դիրքերի, այդ թվում` տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակի կորստյանը, մնում է որպես Մերձավոր Արևելքի «առանցքային» պետություն։ Սիրիայի վրա ազդեցության համար պայքար է ընթանում արևմտյան և մերձավորարևելյան տերությունների միջև։ Սիրիայի համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Իրանի «խաչաձև» քաղաքականությունը ցույց է տալիս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կարևոր միտումները, այդ թվում` Թուրքիայի մտադրություններն ու խնդիրները։
Սիրիական պետությունն ու հասարակությունը աստիճանական, էվոլյուցիոն բարեփոխումների ժամանակներ են ապրել, սակայն գեներալակազմն ու վարչակազմը երիտասարդ նախագահին թույլ չեն տվել հաջողությամբ իրականացնել բարեփոխումները, ինչը և մեծապես առիթ դարձավ այդքան ագրեսիվ հակապետական զինված շարժման, որը Սիրիան կանգնեցրել է մասնատման եզրին։ Բարեփոխումները կապված չեն եղել սկզբունքորեն նոր օրենսդրության ընդունման հետ։ Օրենսդրական հիմունքները Սիրիայում պաշտոնապես փոխվում են շատ դանդաղ, առանձնակի բանավեճեր կարևոր քաղաքական ու հասարակական հարցերի շուրջ չեն ծավալվում կամ էլ ծավալվում են բաասիզմի (խոսքը կառավարող կուսակցության մասին է-խմբ.), այսինքն` արաբական սոցիալական ազգայնականության, ընդունված գաղափարախոսության շրջանակներում։ Տնտեսական օրենսդրության պաշտոնական փոփոխությունից էական է վարկային-բանկային համակարգի գործառության նոր կարգը։ Որոշ չափով ազատականացվել են ներդրումների, արտաքին առևտրի, տեղեկատվության կանոնները։ Հազիվ թե այդ աննշան ազատականացումը դարձած լիներ վերջին տարիներին երկրում տեղի ունեցող տնտեսական աշխուժացման գործոն։ Նկատվող տնտեսական աճը, ավելի շուտ, նախընթաց ժամանակներում կապիտալի զգալի կուտակման արդյունք էր, ինչպես նաև գործարար փորձի, ներքին սպառման և առհասարակ ներքին շուկայի զարգացման արդյունք։ Պետությունն սկսել էր ավելի ակտիվորեն իրականացնել տնտեսական կառավարումը, խթանելով մասնավոր ձեռներեցությունը, ձգտելով պայքարել կոռուպցիայի դեմ և ստեղծել երկրի մի շարք հետամնաց շրջանների տնտեսական զարգացման ավելի նպաստավոր պայմաններ։ Բայց Բաշար Ասադն այլևս ժամանակի և ռեսուրսների պաշար չուներ բարեփոխումների հաջող շարունակման համար։
Երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործոն եղավ կապիտալի ներհոսքը Լիբանանից, ուր երկար ժամանակ է, ինչ զբաղված է մինչև 800 հազար սիրիացի բանվոր։ Պակաս կարևոր գործոն չէ իր տարածքով Իրաքի գազի տարանցումից Սիրիայի ստացած եկամուտները (տարեկան մինչև մեկ մլրդ դոլար), ինչպես նաև սննդամթերքի, դեղորայքի, տարբեր սարքավորումների լայնածավալ արտահանումը Սիրիայից Իրաք։ Սադամ Հուսեյնի վարչակազմի վերացումից հետո Իրաքը մնում է որպես սիրիական պարենային և այլ ապրանքների կարևոր սպառող։ Դրա շնորհիվ Սիրիայի տնտեսական դրությունը փոքր-ինչ բարելավվել է։ Այդուամենայնիվ, Սիրիան մնում է որպես տնտեսապես թույլ պետություն, որտեղ գործազրկությունը վերջին պաշտոնական տվյալներով կազմում էր 20-22 տոկոս, որի պատճառը բնակչության թվի բնական աճն է։ 19-միլիոնանոց բնակչություն ունեցող այդ երկրում նույնիսկ հեռու ապագայում կենսամակարդակի էական բարելավում չի կանխատեսվում։ Մանավանդ երկիրը ճարակած ավերիչ քաղաքացիական պատերազմի հետևանքները հաշվի առնելով։
Սիրիան հնարավորություն ուներ ունենալու պատշաճ սոցիալ-տնտեսական մակարդակ։ Վերջին տարիներին առաջընթաց էր գրանցվել զինված ուժերի արդիականացման գործում, գնվել էին ժամանակակից զինատեսակներ։ Սա չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին և Իսրայելին, արաբական աշխարհում Սիրիայի մրցակիցներին ու ընդդիմախոսներին։ Ներկա իրադարձությունները, բացի այլևայլ նպատակներից ու խնդիրներից, Սիրիայի զարգացումը կասեցնելու բարեփոխումների իրականացումը սահմանափակելու և տարածաշրջանում քաղաքական դիրքերի նվաճումը խափանելու լուրջ վտանգ են պարունակում։ Միաժամանակ նաև այդ «հեղափոխություն» կոչեցյալը ուշացած է ինչ-որ չափով, քանի որ սիրիական հասարակությունն արդեն բավական հաղթահարել էր անհասության ու լուսանցքայնության շրջանը։ Դա նկատելի դարձավ հենց այս իրադարձությունների ընթացքում, և արտաքին մեկնաբանների ու քաղգործիչների շատ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Կառավարող վարչակազմի տապալման հզոր փորձերից հետո հիմա արաբական երկրներում և Արևմուտքում նախընտրում են խոսել ընդամենը պետության ղեկավարին հեռացնելու մասին, բայց ոչ երբեք կառավարող վարչակազմին` որպես այդպիսին։
Սիրիայում տիրող այդ երկակի իրավիճակը, երբ միջին խավի և ձեռնարկատերերի թվի մեծացմանը զուգընթաց կուտակվում է գործազուրկների հսկայական բանակ, երկրի իրադրությունը հակասական է դարձնում։ Նախագահ Բաշար Ասադն ու նրա շրջապատը չեն կարողանում ապահովել կարգուկանոնն ու կառավարության նկատմամբ բնակչության գերակշիռ մասի բարեհաճությունը։ Սիրիայում ձևավորվել է հայրենասիրական, հիմնականում խորհրդարանում ներկայացված ձախ և չափավոր ազատական քաղաքական կուսակցություններից բաղկացած կառավարող կոալիցիայի բավական լայն բազա։ Կառավարությունը շարունակում է շեշտը դնել սիրիական հասարակության բազմակրոնության ու բազմազգության վրա. սուննիադավաններ, ալավիներ, օրթոդոքս քրիստոնյաներ, կաթոլիկներ, հայեր, քրդեր, ասորիներ, թուրքմեններ և այլք։ Բաշար Ասադը կարողացել է համախմբել ներքին մարդկային ու նյութական ռեսուրսները ու դեռևս պահպանել երկրի ինքնիշխանությունը։
Լիբանանյան, ամերիկյան և բրիտանական վերլուծաբանների գնահատմամբ, Սիրիայի կառավարող վարչակազմը միանգամայն կենսունակ է, նրա վերացումը հնարավոր կարող է լինել միայն լայնածավալ արտաքին ագրեսիայի միջոցով։ Եվ ավելացվում է` արտաքին ագրեսիան, բայց միայն պետական հեղաշրջման միջոցով։ Սակայն, Սիրիայում տիրող բարոյական-սոցիալական իրադրությունն արմատապես տարբերվում է սադամյան Իրաքում տիրած իրավիճակից, ինչը թույլ է տալիս պնդելու, որ Սիրիան համառ դիմադրություն ցույց կտա ագրեսիային։ Դիտորդների կարծիքով, Սիրիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ամեն քայլ հայրենասիրական տրամադրությունների պոռթկում է առաջ բերում և ուժեղացնում է նախագահ Ասադի դիրքերն ու ժողովրդականությունը։ Քաղաքական ղեկավարությունը զգալի ռեսուրսներ ունի երկրի համարժեք կառավարման համար։ Սիրիական հասարակության կարևոր կայունացուցիչ գործոն է ԲԱԱՍ կուսակցության պաշտոնական դոկտրինը, որը ներառում է քաղաքականության սոցիալական ուղղվածություն, բնակչության տնտեսական և սոցիալական դրության բարելավման ձգտում, իրավահավասարության սկզբունքների պաշտպանություն։ Դրա հետ մեկտեղ, կառավարող վարչակազմը կարողանում է պահպանել միջկրոնական և ազգամիջյան խաղաղ գոյակցությունը։
Ստեղծված պայմաններում Սիրիան պետք է «ճեղքի» աշխարհաքաղաքական շրջափակումը, որն առաջացել է իսրայելա-թուրքական համագործակցության շնորհիվ։ Թուրքիայի չափավոր իսլամական կառավարությունը մեծ ճկունություն և ձգտում էր հանդես բերում կարգավորելու հարաբերությունները Սիրիայի և արաբական մյուս պետությունների հետ։ Բաշար Ասադի Անկարա կատարած այցի ընթացքում անսպասելիորեն լուրջ արդյունքներ ձեռք բերվեցին թուրք-սիրիական հարաբերությունների զարգացման գործում։ Փաստորեն, կարգավորվել է տարածքային հարցը` կապված Ալեքսանդրետի (Հաթայի) նահանգի խնդրի հետ։ Բացի մի շարք քաղաքական հարցերի կարգավորումից, համաձայնեցված է նաև քրդերի հետ կապված քաղաքականությունը, լուծվել են տնտեսական համագործակցության շատ հարցեր։ Այս ամենի շնորհիվ բավական թեթևացել էր Սիրիայի վիճակը։ Տեղեկություններ կան, որ Սիրիան և Թուրքիան մտադիր էին մոտ ժամանակներս ստորագրել ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգության մեծ պայմանագիր։ Սակայն Սիրիային մեծ հիասթափություն էր սպասում Թուրքիայի աջակցությունն ստանալու հարցում։ Հիմա հենց Թուրքիայի թշնամական դիրքորոշումն է դարձել Սիրիայի հայրենասերների համախմբման գործոններից մեկը։
Սիրիան շարունակում է սերտ հարաբերություններ պահպանել Իրանի հետ։ Իրանը երրորդ երկիրն է (Եգիպտոսի ու Ֆրանսիայի հետ մեկտեղ), որի հետ Սիրիան երկար տարիներ կանոնավորապես խորհրդակցել է քաղաքական հարցերում։ Իրանը Սիրիայի կարևոր տնտեսական և հակաիսրայելական պայքարի գործընկերն է։ Հասկանալով, որ թուրք-սիրիական զարգացումն օբյեկտիվորեն ուղղված է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, Իրանը, այնուամենայնիվ, երկյուղով է հետևում Սիրիայի և Թուրքիայի մերձեցմանը։ Իրանը վաղուց է ծրագրեր նյութում ստեղծելու Թուրքիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ ուղղված տարածաշրջանային ռազմաքաղաքական մի դաշնախումբ։ Նա նաև մտահոգված է, որ Սիրիան բացահայտորեն զիջումներ է անում ԱՄՆ-ի ճնշումների ներքո, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ Սիրիայի հնարավոր համագործակցության կապակցությամբ։ Իրանական քաղգործիչներն ու փորձագետները իրենց մտահոգությունը բացատրում են նրանով, որ Թուրքիան, ձգտելով դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից, այնուամենայնիվ, մնում է նրա ռազմավարական գործընկերը և, այսպես թե այնպես, դեռ երկար ժամանակ հաշվի կառնի ԱՄՆ-ի շահերն իր արտաքին քաղաքականության մեջ։ Դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ից Սիրիայի կախման մեծացմանը, քանի որ թուրքական քաղաքականությունը կարող է Սիրիային դրդել համագործակցելու ամերիկացիների հետ։ ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա-Սիրիա դաշնախումբ ստեղծելու 2000-ականներին ծնունդ առած վարկածը մեծ անհանգստություն էր առաջացրել Իրանում, և նա ձեռնամուխ եղավ Սիրիայի ու Լիբանանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը, որոնք այդ պետությունների հետ Իրանին միանգամայն նոր համաձայնություններ էին ենթադրում։
Մինչև հիմա Իրանն ու Սիրիան երկյուղել են մասնակից լինել միմյանց խնդիրների լուծմանը։ Այդ երկյուղները հիմա էլ կան, բայց Իրանը հասկանում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ուժերի հավասարակշռության անսպասելի փոփոխության։ Իրանի այդ փորձերը, սակայն, արդյունք չեն տվել։ Սիրիան համարում է, որ Իրանի հետ ավելի սերտ համագործակցությունը կարող է է՛լ ավելի ծանրացնել Սիրիայի արտքաղաքական վիճակը։ Այդուամենայնիվ, Իրանն ու Սիրիան ներկայումս իրական դաշինքի ստեղծման շեմին են։ Սիրիայի իրադարձությունները ցույց են տվել, որ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում իրանա-շիական դաշինքի ստեղծումը անխուսափելի հանգրվան է։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ