ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ամենաիսկական գիլիոտինը ժամանակն է

Ամենաիսկական  գիլիոտինը ժամանակն է
19.03.2013 | 01:17

Քաղաքական կյանքն սկսում է դառնալ կանխատեսելիորեն ձանձրալի: Ազատության հրապարակը կորցնում է իրականության զգացողությունը` վերջին օրերի հանրահավաքների և իրավիճակի անմիջական գնահատականը: Կա՛մ անհուսալիորեն հին մտածողություն` հին կոչերով, որն ապացուցել է իր անօգտակարությունը, կա՛մ անհուսալիորեն հպարտ մտածողություն, թե երկրի պորտը իրենք են, որ կան, ու մնացածը սպասարկող անձնակազմ են, պիտի կատարեն իրենց հանձնարարությունները: Իսկ իրականության զգացողությունը հաջողության գրավական է բոլոր պարագաներում:

Թվում էր` բոլորին պարզ պիտի լիներ, որ հաջողության ակնկալիքով մեկ ընտրությունից մյուս ընտրություն չեն թռչում, հասկանալով, որ միաժամանակ հնարավոր չէ նստել բոլոր աթոռների վրա: Փորձառու զորավարը երբեք երկրորդ ճակատ չի բացում, երբ առաջին ճակատում չի ավարտել հիմնական ճակատամարտը: Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, Նապոլեոն Բոնապարտը չէ, բայց կարող էր հաշվարկել, որ ուժերը (առանց այդ էլ չավելացող) փոշիացնում է: Անհեթեթ է հույսը դնել նախագահական ընտրությունների հաջողության վերարտադրմանը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում: Ոչ այն պատճառով, որ փետրվարից մայիս ժողովուրդն իր վերաբերմունքը օբյեկտիվորեն վերագնահատելու է: Ոչ այն պատճառով, որ այս անգամ խաղի մեջ են մտնում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը (ճիշտ է, ՀԱԿ-ից ՀԱԿ անցումը վերապահումներ ունի), ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, այսինքն, քաղաքական դաշտը փորձում է վերակենդանանալ: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ հայաստանյան ընտրություններում կարևորն ընտրողները չեն, այլ հաշվողները: Պարզապես բովանդակազրկվում է պայքարը` ամբողջը մասով չեն փոխարինում, պայքարը իմաստազրկվում է, որովհետև այլևս ոչ ոք չգիտի` ինչ է ուզում: Թույլ փաստարկ է հեղափոխական ոգին պահելու համար ավագանու ընտրություններին գնալը, երբ հեղափոխության ցանկություն չկա, իսկ փափուկ ուժն աստիճանաբար վերասերվում է անուժ ուժի: Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնում է մարդկանց, ում բարևել էր, ովքեր իր բարևն առել էին հրապարակավ ու պատրաստ էին մնալ հրապարակում:
Երեք իրողություններ ակնհայտ են: Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ անում է, որպեսզի արագ ավարտի այս պատմությունը, ինչն իր հերթին ապացուցում է, որ Հայաստանում ոչ թե իշխանությունն է ուժեղ, այլ ընդդիմությունն է թույլ: Երկրորդ` այս փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց իր պատկերացրած մինիմում ու մաքսիմում ծրագրերը: Պետությունն իր հոգևոր ու աշխարհիկ դեմքերով նրան պատասխանեց` սկսել ես, ավարտիր, մենք քեզ չենք օգնելու ու չենք խանգարելու: Ասվեց` փոխզիջումն արդեն իսկ մեր մեծագույն համբերությունն է, մնացածը ողջամտություն է, որը ոչինչ չի խոստանում գործնականում: Երրորդ (առավել կարևոր, հեռագնա ու շոշափելի արդյունքը, որ ժամանակի մեջ է երևալու)` Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ արեց իրավահաջորդի համար: Նախ` ապացուցեց, որ ժողովուրդը բարևով իսկ արթնանում է, ուրեմն` գործընթացը շարունակվում է, և փոխվել է պայքարի ձևը, բայց ոչ բովանդակությունը, ապա ապացուցեց, որ իրավիճակ փոխող ընդդիմությունը դեռ չի գտել ինքն իրեն: Ժամանակի հարց է, այդ ընդդիմությունը գալու է` խնդիրն է ստեղծելու իրեն լուծողին:
Րաֆֆին և նախագահական ընտրությունը, Րաֆֆին և ավագանու ընտրությունը, Րաֆֆին և ապրիլի 9-ը` այս եռաշերտ հարթության մեջ երևում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աննախադեպ աննպատակ քաղաքական կուրս է վերցրել (Անահիտ Բախշյանը ճիշտ էր, երբ ասում էր` կտեսնեք ինչ է անելու)` պայքար հանուն պայքարի, հաղթանակ հանուն հաղթանակի, գործընթաց հանուն գործընթացի: Եթե նա փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների և մայիսի 6-ի Երևանի ավագանու ընտրությունների միջև տարբերություններ չտեսնելով` հայտարարում է տոտալ մասնակցություն բոլոր ընտրություններին, որտե՞ղ է մնում ապրիլի 9-ը` «իր դիակի վրայով» սպառնալիքով, որ ընդհանրապես քաղաքականություն չէ, այլ քաղաքական բանդագուշանք:

Վիլֆրեդ Մարտենսը ճիշտ է` Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է, բայց և սխալ է` պատրանքների մեջ է ամբողջ երկիրը` իշխանական ու ընդդիմադիր բաժանումներով: Ընդդիմությունն ուզում է հավատալ գիտակից իշխանությանը, որ հիմա-հիմա բարեփոխվելու է ու սկսելու է երկրի բարեփոխումը: Իշխանությունն ուզում է ինքնահոսի թողնել ընդդիմադիր բոլոր դրսևորումները` վստահ, որ առանց հարվածի չկա հակահարված, և ուրեմն շարժումն ինքն իրեն կմարի: Ավելին` վերստին ընդդիմությունից հիասթափված ժողովուրդը կարճ ժամանակից կհեռանա հրապարակից ու այս հարթակում այլևս չի որոնի իր կենսակերպի փոփոխության հնարավորություն: Հայտնի չէ, թե քանիսն այդ հնարավորությունն ընդհանրապես երկրից դուրս կորոնեն: Պատրանքները հնչուն են ելույթների մակարդակում, բայց կենսամակարդակը պատրանքները հերքում է:
Կյանքն ընդհանրապես պատրանքներից ձերբազատվելու ամենաուղղակի միջոցն է, ինչը և ապացուցեց Սահմանադրական դատարանը, նույնիսկ տարատեսակ հնարքների դիմելու անհրաժեշտություն չեղավ: Այս հարցում նույնիսկ պատրանքներ չկային:
Եթե ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան նախորդ ու ներկա հետընտրական իրադարձությունների միջև: Ո՛չ իրադարձային, բովանդակային: Հարթակում և հրապարակում նույն խզումն է, օրվա ընդդիմությունը նախորդի նվիրական ոտնահետքերով փորձում է քաղաքական դաշտը մղել գործության, հաշվի չառնելով, որ քաղաքական դաշտը, իբրև գործող անձ, վաղուց իրեն սպառել է` վերածվելով ընդամենը մասնակցի, բայց ոչ որոշողի: 2008-ին հարթակից հնչում էր կոշտ բառապաշար, իշխանությունը բողոքում էր, որ ընդդիմությունն ատելության ու թշնամանքի քարոզիչ է դարձել, իշխանությունը համաձայն չէր ավազակապետության, թաթար-մոնղոլների, այլևայլ որակումների հետ: 2013-ին հարթակից աղոթք է հնչում հանուն նախագահի ու կաթողիկոսի, լուտանք չկա, հրաժարականի պահանջ չկա, դասախոսություններ են կարդացվում: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պահանջներ չի ձևակերպում իր անունից ու իր հաղթանակի պաշտպանության համար: Նա հացադուլ է անում, ինչ չի արել պրագմատիկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հրապարակում գիշերում ու ցերեկում էր ոչ մենակ կամ ընտանիքի անդամների հետ, այլ կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի, որ պարբերաբար շատ կոշտ պահանջներ էր հնչեցնում, բայց նույն խզման մեջ էր հրապարակի ժողովրդի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին ձեռամբ չէր բարևում և գործող նախագահի հետ չէր հանդիպում: Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահը այն ժամանակվա նախագահի հանձնարարությամբ հարթակ չէր գալիս ու զրույցներ չէր վարում: Բայց ընդունեք, որ սրանք սոսկ արտաքին` իրավիճակային տարբերություններ են, հիմքում նույն սխալն է` ընդդիմության օրվա առաջնորդը չի կարողանում իրավիճակն իր ձեռքը վերցնել և, ժողովրդին գործողության մեջ մտցնելու փոխարեն, գնում է տարամակարդակ ու տարատեսակ բանակցությունների` կանխավ իմանալով, որ ո՛չ քաղաքական ուժերից, ո՛չ իշխանությունից ցանկացածը չի ստանալու, որովհետև քաղաքական ուժերը տալիք չունեն, իսկ իշխանությունը ոչինչ հենց այնպես չի տալու: Եվ ինչո՞ւ պիտի տա, և ո՞ւմ պիտի տա, և ինչպե՞ս պիտի տա: Նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ն էլ գնաց ավագանու ընտրությունների, և ի՞նչ փոխվեց իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ փոխհարաբերություններում: Եռանկյունին մնաց նույն դասավորությամբ. առաջինը` իշխանություն, երկրորդը` ընդդիմություն, երրորդը` ժողովուրդ: Ընդ որում, նույնիսկ հիմա, երբ ժողովուրդն արեց այն, ինչ չարեց ընդդիմությունը և չի ցանկանում անել իշխանությունը, արդյունքի տեսակետից ոչինչ չի փոխվում: Ավագանու ընտրություններում իր ստացած մանդատներն ի՞նչ արեց ՀԱԿ-ը, ավելի ճիշտ չէ՞ր, որ կա՛մ չմասնակցեր, կա՛մ հրաժարվեր մանդատներից սկզբունքորեն` իբրև քաղաքական դիրքորոշում: «Ժառանգությունը» այն ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցեց, հետո հայտարարեց, որ սխալ էր չմասնակցելը, ակնհայտորեն հիմա փորձում է շտկել այն ժամանակվա «սխալը», բայց գործում է նոր սխալ, որովհետև վերստին արդյունքի տեսակետից ոչինչ չի ստանալու: Իսկ հրապարակում շարունակվելու են բոցաշունչ ելույթները, ինքնակրկնող ասուլիսներն ու հանրահավաքները: Կառավարություն-կառավարություն խաղը, որի անդամներին որպես կադրային բանկի հարստություն կուտակում են իբրև Րաֆֆի Հովհաննիսյանի պարապ վախտի խաղալիք: Հացադուլանստացույցահամերգները: Քաղաքականությունը նուրբ արվեստ է, որ կենսունակությունը պահպանի կրկնության սնունդով: Նույնիսկ հասարակական զարթոնքի հարթության վրա Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող համեմատվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Օբյեկտիվորեն չի կարող: Որովհետև այն, ինչ 2007-ին ու 2008-ին հնչում էր` հնչում էր նախորդ տասնամյակի համապատկերում, 2013-ը ուրիշ համապատկեր ունի: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չես համեմատի, այնպես էլ Սերժ Սարգսյանին չես համեմատի Ռոբերտ Քոչարյանի հետ: Խնդիրը լավ-վատ, թույլ-ուժեղ, խելոք-անխելք հարթության մեջ չէ, խնդիրը հասարակությունն է, որ ավելի արագ ու հիմնարար է փոխվում, քան իրեն ղեկավարել կամ կողմնորոշել ցանկացող անհատները: Խնդիրը ժամանակն է, որ երկաթյա օրինաչափություններ ունի` առանց ներում-բեկումի, ամենաիսկական գիլիոտինը ժամանակն է, որ ինքն է որոշում իր վերուվարումների տեղն ու պահը: Տրամաբանությունը: Իմաստն ու ուժը: Արդյունքը: Հետևանքը:
Փաստորեն, հետընտրական գործընթացներն ավարտված են` ինչ պատրվակով էլ Ազատության հրապարակում դադարեցվի հացադուլը: Խաղը հիմա իշխանության դաշտում է: Ընտրությունների ժամանակ է իր ապրուստից դժգոհ ժողովուրդը դառնում ընդդիմադիր ընտրազանգված: Ընտրությունների ժամանակ են տրվում խոստումները: Բայց երկիրը չի ապրում ընտրությունների ժամանակով: Երկիրը պահել է պետք: Որ Հայաստանում իրական կենսամակարդակը փոխող քայլեր են պետք, հայտնի էր ընտրություններից առաջ: Նույնիսկ եթե «ողջամիտ» առաջարկների շարքում ընդդիմությանը տրվեն բարձրագույն ու վերահսկողական պաշտոններ, համակարգը նրանց էլ առնելու է իր աղորիքների մեջ, որտեղ մարդու անհատական որակները վճռորոշ չեն: Իշխանությունը բավարար ժամանակ տվեց ընդդիմությանը ինքնարտահայտման համար և հասկացավ, որ խորհրդարանական ընդդիմությանը լիովին բավարարում են իր «հաղթանակները», ձեռքբերումները կհերիքեն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ (օրինակ, մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նոր հանձնաժողովը): Խորհրդարանական ընդդիմությունն իր ձեռամբ իրավիճակ փոխելու պատրաստ չէ: Պատրաստ չէ վտանգել ունեցածը` ապրիորի հաջողությունների համար: Նրանցից իշխանությունը վտանգ չունի: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հիմքեր իշխանությունը չի տեսնում, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կամ նոր ընտրությունների իրավական ճանապարհը փակեց Սահմանադրական դատարանը: Արտահերթ ընտրությունների մտադրություն չկա ոչ մի կողմից: Բայց դա չի նշանակում, որ իշխանությունը վաստակել է հաղթանակի դափնիների վրա հանգստանալու հնարավորություն: Մայիսյան ընտրությունները, որքան էլ Երևանը երկրի կեսը լինի բնակչության թվով ու կարևորագույն նշանակություն ունենա, նախագահական ընտրությունների հետ համեմատվել չեն կարող: Բայց կարող են դառնալ գեղեցիկ շանթարգել: Ինչ ակնարկներ, կիսաակնարկներ, խոստումներ ու վերադասավորումների ծրագրեր լինեն, ՀՀԿ-ն երբեք և ոչ մեկին «չի հանձնի» մայրաքաղաքը: Ո՛չ ընդդիմությանը, ո՛չ ԲՀԿ-ին: Նույնիսկ ԲՀԿ-ն ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ազդեցության դաշտից դուրս բերելու համար: Բայց արդարություն ընտրություններում կլինի, և դա կհամարվի շարժման մեծագույն ձեռքբերում: Եվս մի պատրանք իրականության դեմ հանդիման: Հետո՞: Մտածեք ինքներդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- 5000-ամյա չինական դասական փոփոխությունների մեծ գիրքը կտրուկ է` «Ակտիվ գործունեության դիմելով և տարաբնույթ փոփոխությունների ենթարկվելով` չես կարողացել պահպանել այդքան կարևոր ներքին հաստատունությունդ: Արդյունքում ընթացքը խափանվում է` դժբախտություն պատճառելով»: Ասում եմ, չէ՞, ինքներդ մտածեք` որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում, և ընդհանրապես` ո՞վ եք ու ի՞նչ եք որոնում:

Դիտվել է՝ 3267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ