Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վաշինգտոնին պետք է կայուն ու կանխատեսելի Կովկաս

Վաշինգտոնին պետք է կայուն  ու կանխատեսելի Կովկաս
12.02.2013 | 00:10

ԱՄՆ-ը չի կարող ունիվերսալ քաղաքականություն վարել բոլոր, այդ թվում` այն տարածաշրջանների նկատմամբ, որոնք առնչվում են ընդհանուր նավթային խնդիրներին: Այդ տարածաշրջանների մի մասն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է կա՛մ որպես Արևմտյան ընկերակցության մաս, կա՛մ որպես նրա մերձավոր գործընկեր: Մյուս տարածաշրջանները կարող են միայն «նախկին գաղութային» երկրների կամ մեկ այլ կարգավիճակի հույս ունենալ:
Հարավային Կովկասը գտնվում է եվրոպական և ատլանտյան կառույցներին ինտեգրման որոշակի փուլում, և ԱՄՆ-ը չի կարող լիովին անտեսել տարածաշրջանի պետությունների շահերը: Հարավային Կովկասը, ինչպես և Ռուսաստանը, դիտարկվում է իբրև Արևմտյան աշխարհի (բայց առայժմ` ո՛չ Արևմտյան ընկերակցության) մաս, և այդ տարածաշրջանի առնչությամբ ամերիկյան քաղաքականությունը մշակել է մի փոքր այլ մոտեցումներ, քան Մերձավոր Արևելքի պետությունների և Ասիայի մյուս տարածաշրջանների առնչությամբ: Հարավային Կովկասում ԱՄՆ-ը հետևողականորեն և պայմանավորված ծրագրի համաձայն վարում է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման քաղաքականություն, օգտագործում է տարբեր հասարակական-քաղաքական գործընթացներ` իր բացարձակ գերիշխանության հաստատման համար, նպաստում է Արևմտյան ընկերակցության հետ տարածաշրջանի ինտեգրմանը, ինչը չի կարելի ասել Մերձավոր Արևելքի պետությունների մասին: Հարավային Կովկասի նկատմամբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների քաղաքականությունը և ԱՄՆ-ի օգնությունն ունեն որոշակի առանձնահատկություն և Եվրամիությանը Հարավային Կովկասի անդամակցության նախանշանի են նման: ԱՄՆ-ը լուծել է բազմաթիվ խնդիրներ և կատարել Հարավային Կովկասին առնչվող առաջադրանքներ: Իրականացվել է տարածաշրջանային գլխավոր առաջադրանքը` համարյա ավարտվել է էներգամատակարարման համալիրի ձևավորումը, որն ունի շատ նպաստավոր ուրվապատկեր, ինչն ապահովում է դրա գործունեության անվտանգությունն ու արդյունավետությունը: ԱՄՆ-ը քաղաքական սերտ հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի պետությունների հետ, նախընտրում է վարել ուժերի հավասարակշռության պահպանման քաղաքականություն, ինչը, սակայն, որոշ խնդիրների է բախվում: Քաղաքական գործընթացների զարգացմանը զուգընթաց պարզվում է, որ հակամարտությունների խնդիրը էական ազդեցություն չի գործում էներգամատակարարման համալիրի անվտանգության վրա: Այսպիսով, ԱՄՆ-ն անհրաժեշտություն չի զգում Հարավային Կովկասի առնչությամբ կիրառելու ռազմական գործողություններ կամ ներգործության այլ կոշտ միջոցներ, քանի որ գրեթե բոլոր շատ թե քիչ էական խնդիրները կամ հարաբերականորեն հեշտ լուծվում են կամ, ընդհակառակը, լուծման կարիք չունեն:
Երկար տարիներ ԱՄՆ-ը և նրա գործընկերները, նախ և առաջ Մեծ Բրիտանիան, հետևողականորեն կայունության ու անվտանգության վարկանիշ են ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում: ԱՄՆ-ին անհրաժեշտ էր տարածաշրջանի կայունություն ցուցադրել` նպատակ ունենալով հաջողությամբ իրականացնել նավթի ու գազի մատակարարման նախագծերը: Ըստ այդմ, քանի դեռ կառուցվում էր տարածաշրջանային գլխավոր նախագիծը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ԱՄՆ-ը խստորեն հետևում էր զինված ընդհարումները նվազագույնի հասցնելու, ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու սկզբունքին: Այդ խնդիրներն ԱՄՆ-ի համար կարևոր են մնում նաև նավթամատակարարման գլխավոր նախագծի իրագործումից հետո, բայց միաժամանակ տեղի է ունենում տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումների որոշ փոփոխություն, ինչը կապված է նավթամուղի կառուցումն ավարտելու և տարածաշրջանում ռիսկի հանդեպ ընդհանուր սկզբունքներ գործադրելու հետ, որոնք դրսևորվում են ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Կառուցվող նավթամուղը և ցանկացած այլ նման օբյեկտ ռիսկերի որոշակի հարթություն է` կապված ներդրողների, ապահովագրական ընկերությունների ու վարկատու հիմնարկների վերաբերմունքի ու արձագանքի հետ: Կառուցումն ավարտվելուց հետո ռիսկերի մասին այդ շահագրգիռ սուբյեկտների պատկերացումները նկատելիորեն փոխվում են: Գործող նավթամուղը, որպես ձեռնարկություն, շատ ավելի քիչ է ենթակա ռիսկի ու սպառնալիքի: Տեղի է ունենում անվտանգության ապահովման խնդիրների, սպառնալիքների ու ռիսկերի էության փոփոխություն: Տեղային անվտանգության ժամանակակից տեխնիկական միջոցներն ու համակարգերը թույլ են տալիս առանց առանձնակի դժվարության ապահովել էներգամատակարարման ուղիների պաշտպանությունը, եթե տարածաշրջանում մարտական գործողություններ տեղի չեն ունենում: Միաժամանակ, ոչ միայն նավթամուղի կառուցման ավարտը, այլև ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը հանգեցրել են Հարավային Կովկասում քաղաքական իրադրության փոփոխման: Մի կողմից, ծագող շատ սպառնալիքներ, փաստորեն, չեն ազդում մասնակից ընկերությունների շահերի վրա, մյուս կողմից էլ, ազդեցություն են գործում նավթի գների վրա: ԱՄՆ-ի խնդիրն է նավթամուղի շինարարության ավարտից հետո բացառել այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ վրաց-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով:
ԱՄՆ-ը շարունակում է կտրականապես հերքել Հարավային Կովկասի հակամարտությունների օջախներում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Դրանք, թեկուզև աննշան, բայց, այդուամենայնիվ, կարող են ազդեցություն գործել նավթի համաշխարհային շուկայի վրա: Թեև այդ սպառնալիքները հաշվի են առնվում, սակայն դրանց հետ կապված ռիսկերը հաջողությամբ մարվում են: Բայց Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է լինել ոչ այնքան կայուն։ Բրիտանացիների կողմից մշակված և կանխավ անիրագործելի մի շարք նախագծերից հետո ղարաբաղյան հարցի հետ կապված իրավիճակը շատ թե քիչ կայունացավ: Ադրբեջանը դարձավ այդ նավթային նախագծերի պատանդը և միջազգային ասպարեզում կորցրեց վերջին քաղաքական ռեսուրսը: Հայաստանը, վարելով ծայրաստիճան անարդյունավետ քաղաքականություն, այդուամենայնիվ կարողացավ պահպանել իր դիրքերը: Ելնելով աշխարհաքաղաքական առանձնահատկություններից, ղարաբաղյան հարցը չի համարվում նավթամուղներին սպառնացող լուրջ վտանգ: Մի փոքր ավելի խնդրահարույց են վրացական խնդիրները, որոնք ավելի են կապված Ռուսաստանի քաղաքականության հետ: Վրաստանը թույլ, վատ կազմակերպված պետություն է, և հասարակությունն ընդունակ չէ լուծելու Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության վերականգնման խնդիրը, կորցրել է այդ հարցում ԱՄՆ-ի ու Արևմտյան ընկերակցության գործուն օգնության հույսը, այդ ուղղությամբ ձեռնարկում է ԱՄՆ-ից «կիսաինքնավար» գործողություններ: Վրաստանը ազգային սուր ճգնաժամի մեջ է և դառնում է ավելի ու ավելի անկառավարելի: ԱՄՆ-ը ձգտում է Վրաստանի առնչությամբ վարել խուսավարման քաղաքականություն, որը ենթադրում է արտաքին քաղաքականության մեջ արմատականության սահմանափակում, և միաժամանակ օգտագործել, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ ուժային հնարքներ գործադրելու նրա փորձերը: Վրացական ղեկավարության այդ քաղաքականությունը լիովին բավարարում էր ԱՄՆ-ին, բայց հիմա այդ վիճակը չի կարող համապատասխանել նավթամուղի անվտանգության ապահովման պահանջներին: ԱՄՆ-ը պետք է միջազգային ընկերակցությանը ցույց տա, որ Հարավային Կովկասը ցանկացած իրադրությունում կմնա կայուն տարածաշրջան, և դա պետք է դրական ազդեցություն գործի նավթի գների ձևավորման վրա:
ԱՄՆ-ը նպաստում է, այսպես կոչված, կասպյան գվարդիայի և ՎՈՒԱՄ-ի գումարտակի ստեղծմանը, որոնք կոչված են ապահովելու նավթի արդյունահանման, պահպանման ու առաքման անվտանգությունը: Բայց միջազգային ընկերակցությունը և նավթի համաշխարհային շուկան, իրազեկ լինելով Հարավային Կովկասում տիրող իրադրությանը, չեն կարող բավարարվել սոսկ տարածաշրջանի ուժերի օգտագործմամբ: Նավթի համաշխարհային շուկայի կառավարելիությունը պահանջում է տարածաշրջանում ունենալ անվտանգության ավելի համոզիչ գործոններ: Այս կապակցությամբ ԱՄՆ-ը, անկախ նախորդ որոշումներից, պետք է Հարավային Կովկասում հաստատի իր գոնե խորհրդանշական ռազմական ներկայությունը: Այդ խնդիրը պետք է լուծվի Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ սերտ գործակցությամբ: Փորձագետների տեղեկությունների համաձայն, ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը ծրագրում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում սահմանափակել մի քանի գումարտակով: Հարավային Կովկասի պետությունների հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագրերը փոխվում են ամեն տարի, բայց «երկու-երեք» բանակային գումարտակը այն թվակազմն է, որը պահպանվում է տարբեր վարկածներում:
ԱՄՆ-ի այդ խնդիրը կարիք ունի հիմնավորման, առավել ևս, որ ամերիկացիները կարող են շահագրգռված լինել Հարավային Կովկասում կամ միայն Վրաստանում իրենց ռազմական ներկայության իրավակարգությամբ: Առավել տրամաբանականը կլիներ ապահովել ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ ռազմական ներկայությունը Վրաստանում` Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղարար ուժերի տեսքով: Վրաստանից ռուսական բազաների դուրսբերումը հնարավորություն է տալիս երկրում անարգել տեղակայելու ԱՄՆ-ի բանակի այլ նշանակության զորամասեր: Այս կապակցությամբ ուշագրավ է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ախալցխա քաղաքում ծովային հետևազորի գումարտակի տեղակայման հարցում: Այդ առաջադրանքների կատարումը քաղաքական լարվածության որոշակի վիճակ է պահանջում: Նկատի է առնվում խիստ ճշգրտորեն որոշել լարվածության մակարդակը, ինչպես նաև այն կոնկրետ քայլերն ու նախաձեռնությունները, որոնք կհամապատասխանեին լարվածության` ԱՄՆ-ի համար ընդունելի մակարդակին:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տեղեկատու ամփոփագիրը որոշակի քաղաքականություն վարելու մի յուրօրինակ հայտ է, որը պետք է իրագործվի որոշ կանոնների շրջանակներում: Այսինքն, խրախուսվում է Ռուսաստանի հետ մշտական հակամարտության շրջանակներում, իր խնդիրների լուծման նպատակով, ուժային հնարքների դիմելու Վրաստանի ձգտումը: ԱՄՆ-ը հայտարարում է, որ Վրաստանը իրավունք ունի ուժային քայլեր ձեռնարկելու հակամարտության կողմերի միջև առկա պայմանավորվածություններին համապատասխան, ուր Ռուսաստանը, փաստորեն, հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր: Վերջին շաբաթներին վրացական լրատվամիջոցներում, այդ թվում` էլեկտրոնային, բանավեճ է ծավալվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված քիչ թե շատ նշանակալի խնդիրների լուծման գործում ուժային եղանակների կիրառման օրինաչափության հարցի շուրջ: Հարկ է նշել, որ վրացական հանրությունը խիստ անհանգիստ է վրացական ղեկավարության այդ նոր մոտեցումների կապակցությամբ: Վրաստանի քաղաքական խավը հիանալի հասկանում է, որ իր ներկա վիճակում Վրաստանը չի կարող նման քաղաքականություն վարել, որը վտանգավոր ու ծախսատար գործողություններ է ենթադրում, ինչը, սակայն, ոչ մի խնդիր չի լուծելու: Մի շարք քաղաքական կուսակցություններ անհաշտ դիրք են բռնել Վրաստանի ղեկավարության այդ քաղաքականության նկատմամբ:
Այսպիսով, Վրաստանում բավական շոշափելի են այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո: 2008-ի օգոստոսյան իրադարձություններից հետո, փաստորեն, Վրաստանը հրաժարվել է խոշոր գործողություններից և սահմանափակվում է ավելի փոքր, բայց հաճախակի և հետևողական ռազմական քայլերով: Այդ առնչությամբ Վրաստանի քաղաքական շրջանակներում կա երկու կարծիք: Ընդդիմադիրները համարում են, որ ԱՄՆ-ը նպատակ ունի որոշակի մակարդակի վրա պահելու լարվածությունը ռուս-վրացական հարաբերություններում: Իշխանամետ քաղգործիչների կարծիքով, ԱՄՆ-ը հարկադրված էր հավանություն տալու Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների առնչությամբ ռազմական ու քաղաքական տարբեր քայլեր ձեռնարկելու Վրաստանի նախաձեռնություններին` Վրաստանի ղեկավարության «դեմքը պահպանելու» համար: Թե՛ մեկ, թե՛ մյուս կարծիքները չեն ժխտում այն, որ ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում պահպանելու լարվածությունը ռուս-վրացական հարաբերություններում, ինչն ինքնըստինքյան կարող է ունենալ այլ ենթանպատակներ, այն է` ներդնել և փորձարկել նավթային ոլորտի օգտագործման մեթոդներ և միջոցներ: Եթե այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նպաստում է նավթի գների նվազացմանը, ապա ապագայում այն կարող է դեր խաղալ գների կայունացման կամ բարձրացման գործում:
Կասկածից վեր է, որ ռուս-վրացական հարաբերություններում առաջացող նոր իրավիճակում ԱՄՆ-ը կձգտի լիովին վերահսկել իրավիճակը` կապված այդ նավթամուղի գործառության և ռիսկերի հետ, և միաժամանակ բացառել Ռուսաստանի հնարավոր խարդավանքները, առավել ևս, որ նա շահագրգռված է նավթի բարձր գների պահպանմամբ: Խաղային այս իրավիճակը հետագա ընդլայնման կարիք ունի: Այն սերտորեն շաղկապված է Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակի հետ, բայց այդ քաղաքականության իրականացման մարտահրապարակն առայժմ մնում է Վրաստանը: 2008-ի օգոստոսին տեղի ունեցավ հանգուցալուծում, և Վրաստանը ներքաշվեց վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ, որը հանգեցրեց այդ պետության բաժանման ավարտին, ինչը թոթափեց ԱՄՆ-ի «գլխացավանքի» ավելորդ գործոնները, միաժամանակ ԱՄՆ-ը ստացավ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու նոր ու շատ ծանրակշիռ հիմքեր: Դա դարձավ այն մարտահրավերների ամենաարմատական պատասխանը, որոնք բխում են ԱՄՆ-ի շահերին ուղղված տարբեր սպառնալիքներից ու ռիսկերի մեծացումից: Հետագա իրադարձությունները, հատկապես կապված Բ. Օբամայի վարչակազմի առաջադրած քաղաքական գերակայությունների հետ, հավաստեցին, որ ԱՄՆ-ի նավթային քաղաքականության մեջ Հարավային Կովկասի դերն ավելի սահմանափակ է դարձել, բայց, այնուամենայնիվ, նշանակություն ունի էներգապաշարների մատակարարումը տարաճյուղ դարձնելու, Ռուսաստանն ու Իրանը «շրջանցելու» լայնընդգրկուն քաղաքականության ռազմավարությունների առումով: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը, ԱՄՆ-ի շահերի բացակայությունը կասպյան նավթ ստանալու գործում, տարաձայնությունները եվրոպական պետությունների հետ, նավթի արդյունահանման և փոխադրման համաշխարհային սխեմայում որոշակի դիրքերի համար պայքարից խուսափելը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշ կարգավորման հանգամանքը և որպես հիմնական մրցակից Չինաստանի ի հայտ գալը սկզբունքորեն նվազեցրել են տարածաշրջանի նշանակությունը ԱՄՆ-ի նավթային քաղաքականության մեջ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ