ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նշխարներ՝ անմահություն գնացողից

Նշխարներ՝ անմահություն գնացողից
08.07.2023 | 16:08

Օրերի աղմուկի մեջ մենք հաճախ մոռանում ենք նրանց, ովքեր մեր կողքին անաղմուկ կրում են իրենց խաչը; Բայց և նրանք, անկախ մեր մոռացումից, թողնում են իրենց ոգեղեն հետագիծը, որպես նշխար՝ իրենցից հետո ապրողներիս համար։

Հետահայաց ժամանակների միջից այսօր ահա, ուզում եմ խոսել այն նշխարների մասին, որ մնացել են մեզնից առաջ, նաև՝ շատերիս օրերի հետ երբևէ զուգահեռ իր խաչն անաղմուկ կրող մտավորական գրողի հոգեկանչ երգերից։ Եվ ինչու՞ եմ այսքան հուզումնառատ սիրով անում այդ, որովհետև մի ափաչափ գիրք է ձեռքիս մեջ, որ տիեզերաչափ կարոտներ ունի իր ներսում։ Իսկ կարոտը տառապեցնող, բայց և վեհացնող զգացում է, ասել է թե՝ վեհին ու վերին ոլորտներին հասցնող զգացում, որի ետևից էլ այսօր, թողնելով իմ շուրջը եղած բազմաբնույթ աղմուկները, ափիս մեջ եղած գրքի միջով ահա, գնում եմ բանաստեղծի ձայնի ետևից։

Մկրտիչ Սարգսյանի «Աստղաբույլ» կոչվող բանաստեղծությունների ժողովածուն է ձեռքիս, որ հրատարակվել է 1983 թվականին։ Մի քնարական ու գեղեցկագույն կարոտ կա այստեղ, ավելի շուտ՝ կարոտագույն աստղիկներ են դրանք, որ ներծծվում են հոգուդ մեջ, երբ այս խառնիճաղանչ օրերի մեջ անաղմուկ ու լուռ մի անկյուն գտնելով, բացում ես հոգիդ այդ աստղաբույլի առաջ։ Կարոտն այստեղ ծաղիկներ է տվել բանաստեղծի ուսած խաչի թևերին, հեքիաթային ծաղիկներ, որոնց արմատները մանկության զովաշունչ օրերի, ջահելության հոգեթով սերերի ու հասունության ափսոսախառն խոհերի մեջ են։

Եթե հատիկ-հատիկ մոտենանք այդ ծաղիկներին, խոնարհվենք նրանց վրա, կզգանք, որ, իսկապես, բույրն արմատներից է գալիս՝ իրական հողում, իրական գոյությամբ, իրական հույսով, սիրով ու հավատով սնված արմատներից։

Մկրտիչ Սարգսյանի կյանք-երգի արմատները, ժամանակի խելահեղ ու տարատեսակ պաշտամունքների ֆոնին, ծաղիկներ են տվել որպես բանաստեղծություններ, ու այդ կյանքաթերթ ծաղիկների տակ հանդարտորեն շնչող նրանց արմատները զրուցում են քեզ հետ՝ մարդուն տրված առաքելությունների մասին։ Արմատից մինչև ծաղիկ՝ երգեր են հոսում կյանքի մասին։

Եթե արմատ չունենաս, չես ունենա և երգ, չես ունենա ծաղիկ, ուրեմն՝ իզուր ես փորձում մտնել Աստծո տուն։ Ահա անմահություն տանող ճանապարհի համար մի ոգեղեն նշխարհ, որ աստղ է մեզ համար՝ «Աստղաբույլ»-ի մեջ, իբրև զրնգուն հետագիծ սեփական խաչով առաջանալու համար։ Ասել է, թե՝ երգն ինքը կյանք է, և կյանքը երգ է, սեփական խաչն ունեցողին առաջ տանող երգ։ Բաց թողնել երգելու պահը, նշանակում է բաց թողնել լիարյուն, լիարժեք, բարեշեն ապրելու աստվածային կանչը, որն էլ բանաստեղծի համար ամենամեծ մտահոգությունն է.

Երգը՝ կարոտի արդար զավակ է,

Երգը՝ մերժումի և սիրո ցավ է,

Երգը՝ շեփոր ու զորահավաք է,

Երգը՝ Աստծո ջահելությունն է,

Պոռթկումը՝ արյան, և մահվան՝ մահը։

Ո՞ւր ես մտնում դու Աստծո տունը,

Երբ բաց ես թողել երգելու պահը։

«Կիզուն կրակների» միջով անցած բանաստեղծը հաշտ է իր երգող հոգու հետ, թեպետ, «կոտրած շվի» է անվանում այն ու «մի ժպիտ տամուկ»։

Մկրտիչ Սարգսյան բանաստեղծի աստղաբույլ ոգեղեն հետագիծը նշխարաշատ է ու նշխարահամ, կյանքի համն է այնտեղ, որ ծանր է ուսած խաչի պես, բայց և՝ խաչածաղիկ է այնքան... Ահա մեկը, մյուսը, հետո էլի մեկը ու այսպես՝ կյանքի խաչից ծնված, խաչածաղիկ նշխարներ...

Ահա առանց հոգնել ապրելու, արարելու, ստեղծելու, չկոտրվելու ձգտման մի անկեղծ փայլատակում.

Բոցավառի իմ խենթ սրտում երգ ու տաղեր, սեր ու խանդ,

Որ գարունքվա կոկոնի պես նորից ժպտամ ու բացվեմ,

Ձմեռների տառապանքից դեպի գարուն համբարձվեմ,

Խառնեմ կյանքի ու երազի սահմանները տիրական,

Եվ հավատամ անուրջներին, ինչպես կյանքին իրական։

Եվ մի՞թե նշխար չէ մեզ համար այս ապրված խոսքը, հոգուց բանաստեղծորեն թռած երգը, որ կանչում է ընթերցողին՝ հեռու վանել թույլ ու անուժ լինելու կյանքի պարտադրանքները, հիշեցնելով, որ կյանքն անցողիկ է, ախր այն շատ է ժամանակավոր։ Բանաստեղծն զգուշացնում է ետ մնալուց, անցյալը փորփրելով կյանքը կորցնելուց.

Աշունն է նստել քո դռան առաջ,

Եվ սիրտդ է մրսում, և քո երգերը,

Իզուր կլինի անցյալին կառչել,

Արթնացնել կրկին անքուն վերքերը...

Բայց, իսկապես, եթե կա խաչը, պետք չէ ետ դառնալ ու խճճվել մանրուքների մեջ, այլ՝ ծաղկեցնել է պետք այն գեղեցիկ թռիչքներով.

Թույլ է սիրտդ արդեն, թևերդ անզոր,

Էլ հնար չունես նժույգ սանձելու,

Մի վերջին ճիգով քո սիրտը այսօր,

Նետում ես սիրո հրում խանձելու...

Եթե վերադարձ, ուրեմն՝ երգին, գարնանն ու կյանքին՝ «Այս թանկ աշխարհում, այս արևի տակ»։

Մկրտիչ Սարգսյանի բանաստեղծական հետագիծը այս «Աստղաբույլ»-ի մեջ, երբեմն աստղի երազայնություն ու ափսոսանքի ցավ ունի, որ մարգարտանում է գեղեցիկ պատկերների մեջ.

Տե՜ր իմ Աստված, նայիր ու տես,

աշունն անձրև է մանում,

Եվ իմ սիրո թափուր այգուց

իմ հուշերը լվանում.

Կամ՝

Այս իրիկուն անձրև եկավ,

Թրջեց հանդ ու արոտ։

Պատուհանիս տակ հեկեկաց

Մի որբացած կարոտ։

Մկրտիչ Սարգսյանի կարոտի երգերը, կամ երգերի մեջ արթնացած կարոտները տիեզերական զգացողություններ են՝ կյանքն իր հոգու ողջ ծալքերով ապրած ու նրա անցավորության մեջ տիեզերականությունը հայտնաբերած մարդու ապրումներ։

Ո՞վ է ինձ հիշում այնտեղ,

Ո՞վ է կանչում՝ արի տուն,

Ախ, կարոտներ իմ անտեր,

Ախ, երազներ իմ անտուն։

Այս բանաստեղծության հայելու մեջ նայողն առաջին պլանում միայն զգայուն հոգուն բաց չթողնող մանկության եզերքն է նկատում, բայց այն ավելին է՝ որպես տիեզերքի հետ միավորման ձգտում։ Այդպես են ընթերցողի առջև իբրև խաչաթև ծաղիկներ հատիկ առ հատիկ բացվում տիեզերական միասնության երանությունների մասին վկայող Մկրտիչ Սարգսյանի բանաստեղծական տողերը.

Սարերի հովը երգ է օրորում,

Իսկ սիրտդ, սիրտդ երգի ձայնին է,

Դու Աստծուն ես քո մեջ որոնում,

Եվ հայտնագործում աստվածայինը...

Եվ, երբ թևավոր երգն է սավառնում,

Սարերը հանկարծ մաղում են արծաթ,

Եվ Աստծո հետ դու Աստված ես դառնում,

Եվ քոնն է դառնում տիեզերքն անծայր...

Մկրտիչ Սարգսյանը իր գրակական, հասարակական վաստակով որպես կյանքի վերն ու վարը, կյանքի էությունը տեսած ու հասկացած անհատ, նրա անցողիկության ծանր երևույթի մեջ մխիթարվել է իր հոգու երգաձայն ապրումներով, որոնք ինքնամփոփման պահեր են եղել, և որոնք նրան ո՛չ խելահեղ սնապարծությունների են տարել, ո՛չ էլ կոտրել են նրա մեջ եղած կյանքի սերն ու մարդուն։ Հենց այդպիսին էլ հառնում է «Աստղաբույլ»-ով ներկայացող նրա ոգեղեն հետագիծը։ Իր երգերով նա զրուցել է ինքն իր հետ, ժամանակի հետ, կյանքի ու մահվան հետ, հոգու լույսերը միշտ վառ ունենալու, դրանք իր մարդկային առաքելության արմատից սնվող ծաղիկների պես հատիկ առ հատիկ իր շուրջը բաժանելու հնարավորություններով բավարարված։

Քո կյանքը հարթ չի անցել. անկում, վերելք է եղել,

Եվ չի շոյել բախտը քեզ, խինդիդ մեջ վերք է եղել,

Ցավիդ մեջ դառը ծիծաղ, կատակիդ մեջ արտասուք,

Եվ բոլորը, բոլորը քեզ համար երգ է եղել...

Այդ երգերն են, որ «Աստղաբույլ»-ի մեջ մեզ ներկայանում են որպես անմահություն գնացողի ուսած խաչին աճած ծաղիկներ, որոնց բույրն, իսկապես, արմատների մեջ են, այսինքն՝ կյանքի բույրն ունեն, կյանքային են այնքան, որքան մարդկային իր առաքելության արժեքն իմացող բանաստեղծի կյանքի անցած ճանապարհն է։

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4712

Մեկնաբանություններ