ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ոսկե ծիրանի» բարեկամներն ու Կաննի փառատոնը

  «Ոսկե ծիրանի» բարեկամներն ու Կաննի փառատոնը
27.05.2012 | 08:52

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրը:
Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Նախ պետք է նշել իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005-ին «Ոսկե ծիրանում» շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետև` 2007-ին, Քիարոսթամին Երևան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների շրջանում, ինչի արդյունքում հայ, վրացի և թուրք ուսանողները ստեղծեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր:
2011-ին Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»` Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է «Աստվածային շարժիչներ» իր նոր ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ, ինչպես միշտ, խելագարի ցնորք: 2007-ին «Ոսկե ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007-ի մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է՝ իր «Դրախտ. սեր» ֆիլմով:

Կաննում է նաև Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երևան ժամանեց 2006-ին, որպես վավերագրող, իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010-ին, փառատոնում ներկայացրեց «Իմ երջանկություն» ֆիլմը և արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին: Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում և համարվում է մրցանակի հավակնորդ:
«Հույս ունենք, որ այս ռեժիսորները, ինչպես նախորդ տարիների մեր հյուրերից շատերը, իրենց նոր ֆիլմերով առաջիկայում կայցելեն Երևան` ներկայանալու նաև հայ հանդիսատեսին»,-ասվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ