Սիգիտաս Գյադան լիտվացի հայտնի բանաստեղծ է, դրամատուրգ, էսսեիստ, գրականագետ և թարգմանիչ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից ամենահայտնիներն են Լիտվայի ԽՍՀ պետական (1985), Լիտվայի ազգային (1994), Լիտվայի Հանրապետության կառավարության (1997), Յատվյաժի (1997) և Բալթյան ակադեմիայի մրցանակները (1998):
Գրական և մշակութային բնագավառների մրցանակներից բացի` պարգևատրվել է Լիտվայի Մեծ իշխան Գյադամինասի շքանշանի սպայական խաչով (1998 թ.)։
Լիտվերեն թարգմանել է «Երգ երգոց»-ը, «Ղուրանը», Կորնեյ Չուկովսկու, Սերգեյ Եսենինի, Իոսիֆ Բրոդսկու, Մարինա Ցվետաևայի, Գենադի Այգիի, Պոլ Սելանի, Գեորգ Թրակլի, Յոհաննես Բոբրովսկու, Արթուր Ռեմբոյի, Շառլ Բոդլերի, Ֆրանսուա Վիլոնի, Օմար Խայամի, Ադամ Միցկևիչի, Չեսլավ Միլոշի, Նովալիսի բանաստեղծությունները, Դանթեի «Vita nuova» («Նոր կյանք») ժողովածուն և Շեքսպիրի սոնետները։
Սիգիտաս Գյադայի բանաստեղծությունների գրքերը թարգմանվել և հրատարակվել են անգլերեն, հայերեն (Ֆրունզիկ Կիրակոսյանի թարգմանությամբ), լատվիերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն և ռուսերեն: Ս. Գյադայի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Գեորգի Եֆրեմովը, Վլադիմիր Միկուշևիչը, Դմիտրի Շչեդրովիցկին։
Հայ պոեզիայի անթոլոգիայի համար Սիգիտաս Գյադան թարգմանել է Վահագն Դավթյանի, Ռազմիկ Դավոյանի, Զահրատի և Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունները։ 1985 թվականին Սիգիտաս Գյադայի թարգմանությամբ լույս է տեսել Վահագն Դավթյանի «Նռան գույնը» բանաստեղծությունների գիրքը։ Ավելի քան տասը տարի լիտվացի բանաստեղծը աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի թարգմանության վրա, որը լույս է տեսել 2000 թվականին, իսկ 20 տարի անց Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի շնորհիվ լույս է տեսել երկրորդ հրատարակությունը։
Ֆելիքս Բախչինյան