Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տրամվայ-ցանկություն-գերեզմանոց` 6 կանգառ

Տրամվայ-ցանկություն-գերեզմանոց` 6 կանգառ
21.07.2009 | 00:00

ԹԱՏՐՈՆԸ ՏՈՆ Է, ՈՐ, ԻՆՉՊԵՍ ՓԱՐԻԶԸ, ՄԻՇՏ ՊԻՏԻ ՔԵԶ ՀԵՏ ԼԻՆԻ
Ծաղիկներ մեռածների համար... Իրականում ծաղիկները մեռածներին չեն պետք, այլ ապրողներին, որ մեռածների հետ հանդիպման գնալիս անելիք ունենան:
Թենեսի ՈՒիլյամս` «Տրամվայ «Ցանկություն»: Պիես, որ աշխարհի բեմերով շրջել է: Պիես, որ հազար անգամ հազար բեմադրություն է ունեցել` ռեժիսորներով ու դերակատարներով, որոնք բոլորն էլ փորձել են բացատրել, արդարանալ ու արդարացնել իրենց հերոսներին: Նաև` Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Ինչի՞ մասին է պիեսը: Մենակության: Եվ մենակությունը հաղթահարելու ապարդյուն փորձերի: Նրանք բոլորը խայտառակ մենակ են` Յունիսը, Սթիվը, Միտչը, Ստելլան, Ստենլին, Բլանշը: Նրանց միակ տարբերությունը համակերպումն է. Յունիսը, Սթիվը, Միտչը, Ստելլան, Ստենլին փորձում են իրենց մենակությունը լցնել միմյանցով, Բլանշը` ոչ: Բլանշ Դյուբուան չի կարողանում մենակ ապրել և իր կյանքը լցնում է պատահական մարդկանցով` միայն կարողանա դիմանալ: Բլանշ Դյուբուան, սակայն, մարդկանց մեջ ավելի միայնակ է: Որովհետև բախվում է անծանոթների ու մերձավորների մենակությանը: Նրան ոչ ոք չի սպասում: Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև Բլանշ Դյուբուան արդեն ինքն իրեն էլ պետք չէ: Կորուստների իր աշխարհում նա, նախ, հարազատներին է հրաժեշտ տվել, հետո ունեցվածքին և 65 սենթով հայտնվել է քրոջ տանը: Կրտսեր քրոջ, որ վաղուց հեռացել է տնից` սեփական կյանքով ապրելու: Անհավասարակշիռ, դյուրաբորբոք, անհեթեթ` Բլանշ Դյուբուան որոնում է հանգիստ ու անդորր: Նելլի Խերանյանի Բլանշը մոլորված երեխա է, որ ուր գնալն ու ինչ անելը չգիտի: Ինչ-որ պահի պիեսի գլխավոր հերոսուհի դառնում է Ստելլան` նա կամային է և ուժեղ, նա այնքան ուժեղ է, որ կարողացել է հրաժարվել երջանկության ու քնքշության քրոջ դավանած ընտանեկան պատրանքից ու համակերպվել եղածին` կոշտ ու կոպիտ լեհին, որ աշխարհում միայն մի` Նապոլեոնի օրենք գիտի: Այն էլ այն պատճառով, որ այդ օրենքով կնոջ ունեցվածքը ամուսնու ունեցվածքն է: Իսկ երբ պարզվում է, որ Բլանշ Դյուբուան կորցրել է ոչ միայն իր, այլև քրոջ ու նրա ամուսնու «երազանքը»` տոհմական սյունաշարերով տունը, Ստենլի Կովալսկին միայն մի օրենք է դավանում` ուժեղին ամեն ինչ կարելի է, ու նա այլևս չի հանդուրժում իր հաշվին ապրող Բլանշին: Ստելլան` Մարիաննա Մխիթարյանի կատարմամբ, քնքուշ է ու տիրական, բայց ավելի թույլ, քան Բլանշը. նա բնավ չի դիմադրում, նրա համար կյանքն այն հարահոսն է, որի օրինաչափություններն ու անակնկալները հրաշալի են, որովհետև անցողիկ են: Ստելլան նույնիսկ լաց լինել չգիտի` նրա ցավը լռության մեջ ծնվում ու տարրալուծվում է` միայն Ստենլին չտեսնի: Երկու քույր` երկու հակոտնյա: Մարիաննա Մխիթարյանը գիտի երջանիկ լինել դժբախտության մեջ. նա այն տեսակն է, որ կորուստներն էլ կորցնել գիտի, միայն մենակ չմնա: Դատապարտված ու հարազատների օտարության մեջ ավելորդ Բլանշը մի փոքրիկ հույս է ստանում` Միտչը, բայց սերը և ծխախոտատուփը շփոթած այս տղամարդը նրան ոչինչ տալ չի կարող, որովհետև վախկոտ է ու չի կարող գոնե կես քայլ վեր լինել իր շրջապատից: Սամվել Փիլոյանի Միտչը սովորական ու մենակ մարդ է, որ վախենում է իր մենակության տարածք ուրիշին ներս թողնել: Սովորական սրիկա է Մուրադ Ջանիբեկյանի Ստենլին, նույնիսկ ձանձրալիության չափ սովորական: Նա աններելի կանխատեսելի է: Ջանիբեկյանը գնացել է հեշտ ճանապարհով. նա Ստենլի Կովալսկի է խաղում արտաքին էֆեկտներով` կոպիտ, դաժան, կիսավայրենի, որ ինքնահիացմունքի մեջ չի էլ զգում` ինչ դատարկություն է սփռում շուրջը: Եթե արջի իր նախընտրած ձևաչափից դուրս գար ու ոչ թե մարմնի, այլ հոգու դաժանություն խաղար, Ստենլին անգերազանցելի կլիներ, բայց նա այդ չի անում: Իսկ գուցե բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը նրանից դա չի պահանջել կամ չի՞ առաջարկել: Բոլոր դեպքերում, Մուրադ Ջանիբեկյանը կարող էր ավելին անել իր Ստենլիի համար` արտիստական իր բազմերանգ հնարավորություններով նա դա կարող է, բայց մնում է ձանձրալի սրիկայի շրջագծում, մինչդեռ սառը սադիստի դերում նա ներկայացումը մի քանի աստիճանով կբարձրացներ: Եվ արդարացում չէ, թե Ստենլին հենց այդպիսին է` կոպիտ է, բիրտ է, գռեհիկ է, ցինիկ է: Այդպիսին է մտահղացված: ՈՒ մեղավորն էլ Թենեսի ՈՒիլյամսն է: Ցանկության դեպքում ճիշտ նույն բառացանկով ու նույնքան դերածավալով նա կարող է բոլորովին այլ էֆեկտի հասնել: ՈՒրիշը` ոչ, բայց Մուրադ Ջանիբեկյանն այդ լիցքն ունի:
Ծաղիկներ մեռածների համար` սքանչելիորեն փակում է շրջանակը Սուրեն Շահվերդյանը` հոգեբուժարանի ճանապարհով դեպի մահ ուղարկելով իր հերոսուհուն. հեռացող Բլանշ Դյուբուան իր հեռացումով աշխարհում չի պակասեցնում մենակությունը: Նա ընդամենը համոզում, ապացուցում, հաստատում, վավերացնում է, որ աշխարհում բոլորը մենակ են, նույնիսկ երբ երկուսով են` ինչպես Ստելլան ու Ստենլին պիեսի սկզբում, և երեքով են` ինչպես Ստելլան, Ստենլին ու նրանց երեխան պիեսի վերջում: Երկու գործողության ընթացքում աշխարհում ավելանում է ևս մի մենակություն` նորածնի տեսքով, որը դեռ ոչինչ չգիտի այս ամենի մասին:
Եվ եթե դուք երբևէ երազել եք լինել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, դա ձեզ կհաջողվի, եթե ներկա լինեք Թենեսի ՈՒիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» պիեսի ներկայացմանը: Դուք հնարավորություններ ունեք այս ներկայացման մեջ ոչ միայն հանդիսատես լինելու, որ ձեզ ոչ մի ներկայացմամբ չի տրվելու: Այսքան ասկետիկ ու այսքան խոսուն ձևավորման մեջ հանդիսատեսը դառնում է ներկայացման մասը` բեմի երկու կեսերի մենակությունն ամբողջացնելով իբրև այն կատարելությունը, որ հնարավորություն է տալիս Թենեսի ՈՒիլյամսի այս պիեսին` շրջելու աշխարհի թատրոններով ու չավարտելու ընթացքը:
Ներկայացումը բեմադրվել է 1999 թ., և բեմելը հունիսի 8-ին է եղել, այսինքն` 10 տարի Թենեսի ՈՒիլյամսի «Ցանկություն» տրամվայը մնում է երթուղում: Ինչի՞ն է նվիրված այս թատերախոսականը: Համենայն դեպս` ոչ տասնամյա հոբելյանին: Պարզապես թատրոնը տոն է, որ, ինչպես Փարիզը, միշտ պիտի քեզ հետ լինի, նույնիսկ եթե դու ֆրանսիացի չես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12948

Մեկնաբանություններ