Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լուկաշենկոյի աշխատանքային այցն ինչո՞ւ դարձավ մասնավոր

Լուկաշենկոյի աշխատանքային այցն ինչո՞ւ դարձավ մասնավոր
17.03.2009 | 00:00

ԽԱՌՆ ԵՆՔ, ԽԱՌԸ
Չէ, իսկապես, «մարտյան իդեններն» իրենց գործն անում, էներգետիկան պահպանում են: Այլ կերպ` Լուկաշենկոյի այցը, դրան հաջորդած` Տեր-Պետրոսյանի առաջադրումը բացատրել «հնարավոր» չէ: Բայց` հերթով:
Ոնց երևում էր` Բատկան որոշել էր ընդարձակել իր ազդեցութան և էքսցենտրիկության «արեալը»` նշանառության տակ պահելով առանց այն էլ սեփական պրոբլեմներից գլուխ չհանող Հայաստանը:
ՈՒղիղ չորս օր վիրտուալ հետապնդում, լրագրողական հետաքննություն էինք անցկացնում Բատկայի «շուրջ»` ինչո՞ւ է եկել, ումո՞վ։ Չէ` «ումով»-ը տեսանք, երբ ինքնաթիռից իջավ` թոռանը հետևից գցած: Ինչո՞ւ այցն աշխատանքային էր, հետո դարձավ մասնավոր, ո՞ւր գնաց Բատկան, ումո՞վ, ինչո՞ւ այդքան ուշ հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ Ծաղկաձորում հանդիպեց, իսկ գործարարներին, որ հայտարարված էր, թե պետք է հանդիպի, այդպես էլ չհանդիպեց: Եվ ընդհանրապես` «էն ո՞վ նայեց լիսածակից». իմա` ինչո՞ւ նույնքան անսպասելի էր պարոն Մոթաքիի` Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան` Օբամայի` Թուրքիա կատարելիք այցից րոպեներ առաջ, որին, ըստ թուրքական լրատվամիջոցների, չի բացառվում, որ մասնակցի նաև Սերժ Սարգսյանը, և այդպես շարունակ:
Իսկ որ ամենակարևորն է` այդ ինչքա՞ն անսպասելի էր Բատկայի այցը, որ մերոնք չէին հասցրել դիմավորման «բոքոն» հաց ու աղով «ողջունել» նրան, այլ` խանութից առած «ռամաշկան» դեմ տվել ու ժպտում էին միմյանց. մեր էքսցենտրիկ Բատկան էլ «պռճկում-պռճկում» էր, հացը չէր պոկվում, որ թաթախեր աղի մեջ ու ավետեր` ինքը եկել է:
Մի առանձին պատմություն է նաև Բատյոկի վերադարձը։ Ըստ «ականատեսների»` երկու ժամ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանում ոչ թողնում էին ինքնաթիռներ իջնեն, ոչ էլ իջածների ուղեբեռն էին տալիս. ինքնաթիռները պտտվում էին օդում, ուղևորները` գետնի վրա, իսկ VIP սրահում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն (՞) ու Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն, ըստ ամենայնի, իսկապես և արդեն բանակցում էին օրախնդիր հարցերի շուրջ:
Պատկան մարմիններին 4 օր շարունակ կես ժամը մեկ ռեժիմով հարցնում էինք` ինչո՞ւ է եկել «բարինը», ինչքա՞ն է մնալու, որտե՞ղ է հիմա, ե՞րբ է գնալու, ինչո՞վ է զբաղված: Նախագահների համատեղ ասուլիսը ե՞րբ է լինելու. ինչո՞ւ այն չկայացավ:
Ոչ մի հոդաբաշխ պատասխան: Միայն վերջին օրն ավետեցին, «գոսպոդինը» կմնա Հայաստանում 4 (չո՜րս) օր:
Տեսանք պատկան մամիններից հույս չկա, Ծաղկաձոր գնալն անիմաստ էր, սկսեցինք «փորփրել» հայաստանյան իշխանական, ընդդիմադիր, ռուսամետ, արևմտամետ բոլոր կարգի փորձագետներին:
Չմխիթարվեցինք: Ստացված «պատկերներն» առավել քան հակասական էին, գրեթե անհամադրելի:
Իշխանամետ փորձագետները միաբերան պնդում էին` ոչ մի սարսափելի բան չկա, երևի եկել է տնտեսական ճգնաժամին առնչվող հարցեր կարգավորի, գնա, դե` Բատկան է, էլի, լսում է` բելառուսական մի գյուղի դպրոցում ջուր չի գալիս, անմիջապես կառավարական ավտոն նստում, հասնում է էդ գյուղ, հարցը կարգավորում, հետ է դառնում:
Հենց ապրես. ոնց որ էդպես էլ կա: Սա համարենք միջանկյալ «ռեմարկ», անցնենք առաջ:
Այն, ինչ ասում էին «միջանկյալ», ազատ և ընդդիմադիր փորձագետները, ուղղակի «սարսափելի» էր` ծայրերն իրար չհանգուցելու առումով:
Նախ` տեսակետ կար, որ Լուկաշենկոն փոխադարձել է Ռոբերտ Քոչարյանի` վերջերս Բելառուս կատարած «որսորդական» այցը, ուր նրանք «զյուբր» էին «խփել», որից հետո պարոն Քոչարյանը մեկնել էր Մոսկվա` հանդիպելու պարոն Պուտինի հետ և քննարկելու մի շարք «օրախնդիր-կենսական»` իր ապագա վարչապետությանն առնչվող հարցեր:
Իսկ հիմա` «ամենասարսափելիի» մասին. Պուտինը մերժել էր Քոչարյանին. չմեջբերենք ռուսամետ փորձագետի ֆրազը, որն արտաբերել էր հետո պարոն Պուտինը` Քոչարյանի «նեպրիգոդնստի» առնչությամբ։
Փորձագետները բացառեցին ևս մեկ անգամ այդ հարցի արծարծումը Քոչարյան-Սարգսյան-Լուկաշենկո եռամիասնությունում:
Փորձագետների մոտ կար աշխարհաքաղաքական մեկ այլ «սարսափելի» տեղեկատվություն. ըստ նրանց` Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազաներին առնչվող պայմանագիրը վերանայել, ժամկետները երկարացնել մինչև 2049 թ.:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը, որը, բոլոր դեպքերում, փորձում է բալանսավորված քաղաքականություն իրականացնել Հյուսիսի և Արևմուտքի միջև, դեռ ամիսներ առաջ ասել էր, որ 2017-ին (ի դեպ, սա այն ժամկետն է, երբ լրանում է Հայաստանում ռուսական բազաների տեղակայման պայմանագրի ժամկետը) Հայաստանը կունենա սեփական խաղաղապահներ:
Փորձագիտական չար լեզուներն ասում են, որ Սերժ Սարգսյանն առանձնապես հակված չէ այդ պայմանագիրը վերանայելուն, դա քիչ էր, օրերս էլ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ մարտի 31-ին Թուրքիա ժամանող Բարաք Օբաման («Միջմշակութային երկխոսությանը» նվիրված խորհրդաժողովին մասնակցելու համար) հանդիպելու է Գյուլին, և չի բացառվում, որ այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր ստանա նաև... այո, ֆուտբոլային դիվանագիտության «հայր» Սերժ Սարգսյանը:
Մինչ կանդրադառնանք «հայրական» այցի նպատակին, ևս երկու «ուժըս»-մանրամասն.
ա) Ռուսաստանը ԳՌՈՒ-ի հատուկ նշանակման որոշ ջոկատներ ցրում է: Փորձագետներն ավելին չասացին: Եվ բ) Արևմուտքը ՄԱԿ-ը «կազմաքանդում», վերածում է ամբողջական ՆԱՏՕ-ի, ընդդեմ Չինաստանի և Ռուսաստանի, եթե Ռուսաստանը չհամաձայնի միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի միջև` ընդդեմ իրանյան «միջուկ» և բոլորով միասին` ընդդեմ Չինաստան, որը գրեթե չի տուժել տնտեսական այս ճգնաժամից և աշխարհի միաբևեռությունը թեքում է դեպ իր կողմը: Շշկռվեցի՞նք: Բա որ ասում ենք` «խառն ենք»: Չէ, ձևակերպենք այնպես, ինչպես ասաց իշխանական փորձագետը` աշխարհն իսկապես լրիվ շեղվել է, և սատանան գիտե, թե ինչ է կատարվում աշխարհի հետ:
Դառնանք մեր փոքրիկ «ածուին»։ Ասինք` մարտի 31-ին Օբաման Թուրքիայում միջմշակութային երկխոսության է: Կմասնակցի՞ դրան Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, դժվար է ասել: Հիշենք, նույն օրերին Իսրայելը երկրի երեսից «տարին մեկ ջնջող», ոչ պակաս էքսցենտրիկ Ահմադինեժադն էլ իր հերթին է Սերժ Ազատիչին հրավիրել Իրան: Պատահականությո՞ւն է: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում:
Այսպիսով և այս պահին, մեկընդմիշտ օրակարգում է շեքսպիրյան հարցը` ո՞ւր է գնում Հայաստանը:
Կարծում եք պարոն Լուկաշենկոյին` Բելառուսի ցմահ նախագահին, Արևմուտքի կողմից տևական ժամանակ «պերսոնա նոն գրատա» համարված Բատկային մոռացա՞նք: Ո՜նց կարող էինք:
Իսկ հիմա փաստենք. ըստ «համանուն» փորձագետների, Սևանում հանդիպել են սույն «անսպասելիները»` Հայաստանում գտնվող Լուկաշենկոն և Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին: Չե՞ք հիշում պարոն Մոթաքիին: Ափսոս: Նա էլ պակաս էքսցենտրիկը չէ. երեք տարի առաջ հայաստանյան իր այցի ժամանակ, պարոն Օսկանյանի կենդանի ներկայությամբ` ասուլիսին, Մոթաքին էնպիսի մի հաթաթա տվեց ԱՄՆ-ին, պետդեպին, որ էլ դու սուս. «երկաթյա» տիկնոջը` Քոնդիին, անվանեց «սուտասան կնիկ»:
Բա՜:
Ինչ են խոսել Մոթաքին և Լուկաշենկոն, ոչ ոք «չի ասում», բայց հիշեցնում են շեքսպիրյան հարցը` ո՞ւր է գնում Հայաստանը: Ի դեպ, հիշենք նաև, որ համանման մի հանդիպում էլ մերձհայաստանյան «գետնին» վրա եղավ մի երկու տարի առաջ, երբ Հայաստանում էր մյուս «գոսպոդինը»` Լավրովը. նա հանդիպել էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ: Դարձյալ մթության քողի տակ:
Եվ որպեսզի «ամբողջացնենք» գրեթե բաբելոնյան այս խառնշտորությունը, մի անգամ ևս մտնենք Թուրքիա: Բոլոր փորձագետները` թե՛ իշխանական, թե՛ անկախ, թե՛ ընդդիմադիր, միաբերան պնդում էին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջիկա երկու ամսվա ընթացքում տեղաշարժ կգրանցվի` կիսաքայլերից մինչև սահմանի բացում: Ինչի համար էլ կարծես Թուրքիա է կանչվում «ֆուտբոլասեր» Սերժ Սարգսյանը` ԱՄՆ-ից, ինչի համար էլ Ռուսատանը ցանկանում է վերանայել իր ռազմաբազաների ժամկետը: Գաղտնիք չէ, որ այդ ռազմաբազաների տեղակայումը մեզանով «պայմանավորված» է եղել Թուրքիայի կողմից վտանգով, իմա` հարձակմամբ. սահմանի բացման դեպքում արդեն հարց է առաջանում` «բա մեզ բմբուլ պե՞տք է»:
Դա է պատճառը, որ այս պահին խաղացող բոլոր կողմերը հաշվում են. հայ-թուրքական սահմանի բացման ձեռնարկի գլխին, որպես «պապա», ով է կանգնած լինելու. Ա՞ՄՆ-ը, թե՞ Ռուսաստանը: Ըստ այդմ էլ կորոշվի` ինչ է անում և ուր է գնում Հայաստանը, տարածաշրջանը:
Այդ առումով էլ հասկանալի է այն անորոշությունը, «մթության քողը», որով ծածկված էր Լուկաշենկոյի ողջ այցը: Ըստ նույն փորձագետների` Լուկաշենկոն «կողմերի» հետ պետք է մի շարք հարցերի շուրջ պայմանավորվեր, պատրաստեր Պուտինի մայիսյան այցը:
Համարյա` «մայիսյան իդեններ»:
Այո, որովհետև ի շարունակություն հենց էդ նեղ մաջալին` «իդենին», երբ դեռ Բատկան չէր «բարձրացել» երկինք` թոռան հետ տուն մեկնելու տեսքով, ընդդիմությունը` մեկ-երկու, մեկ-երկու արեց` ձիու խոշորագույն քայլ` կրկին ու կրկին իշխանությանը կանգնեցնելով անսպասելի նոր դիլեմայի առաջ: Տեր-Պետրոսյանը քաղաքապետի թեկնածու առաջադրվեց:
Այսօր չենք հաշվելու ձիու այդ քայլի «պրելստները». արձանագրելու ենք լոկ կարևորը. անկախ ընտրությունների ելքից, ընդդիմությունն իրականացնում է երկու` մաքսիմում և մինիմում ծրագրեր. մինիմում` խորհրդարանական, մաքսիմում` նախագահական ընտրությունների նախահիմքերի պատրաստում:
Ի հեճուկս իշխանության, որն այդպես էլ համառորեն չցանկացավ երկխոսել, նույն սեղանի շուրջ նստել ընդդիմության հետ, լեզու գտնել էս պստիկ հանրապետության համար էսքան դժվար այս օրերին, ինչն էլ, թերևս, հիմք դարձավ, որ Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ խառնի իշխանության խաղաքարտերը:
ՈՒ որ ասում ենք խառն ենք, ուրեմն խառն ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ