Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Փաշինյանը կարող է զրոյացնել ցանկացած հայանպաստ միջնորդություն

Փաշինյանը կարող է զրոյացնել ցանկացած հայանպաստ միջնորդություն
18.09.2024 | 13:24

Երեկ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «անակնկալ» այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Դժվար չէ կռահել, որ ռուս-իրանական հարաբերությունները ներառում են նաև Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Մասնավորապես, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը խափանել է հայկական կողմը, անուղղակիորեն ակնարկեց, որ իրենք շահագրգռված են այդ միջանցքի գոյության հարցում: Իհարկե, ՌԴ-ն ցանկանում է վերահսկողություն ունենալ «միջանցքի» վրա՝ դրա հնարավոր գոյության դեպքում: Սակայն Իրանը սկզբունքորեն է դեմ «միջանցքի» գոյությանը և բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են իր համար, և որ դեմ են ցանկացած սահմանային փոփոխության, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով: Նրանք նույնիսկ պատրաստ են Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի համար իրենց երկրի տարածքով ճանապարհ տալ, բայց Սյունիքի տարածքով «միջանցքն» Իրանի համար կարմիր գիծ է: Սպասելի էր, որ, Լավրովի հայտարարությունից հետո, Իրանը խստորեն նախազգուշացրեց Ռուսաստանին՝ ակնարկելով, որ տարածաշրջանային հարցերում ռուս-իրանական համագործակցությունը կարող է վտանգվել:

Եվ ահա Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցում Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում ասվում է, որ տարածաշրջանային հարցերում, Իրանի հետ համագործակցության ուղղությամբ, ՌԴ քաղաքականությունը չի փոխվել: Ավելին, Շոյգուն և իրանցի իր գործընկեր Ալի Ահմադիանը առանձնահատուկ քննարկել են դեպի Ադրբեջան տանող տրանսպորտային ուղիների և միջանցքների նկատմամբ Իրանի դիրքորոշումները:

Հայաստանի իշխանությունների վարած ակնհայտ հակառուսական քաղաքականությունը ստիպում է Ռուսաստանին որոշակի մեղմ քաղաքականություն վարել Ադրբեջանի հետ, որում մեծ դերակատարում ունի հատկապես Թուրքիայի գործոնը: Բայց ռուսական դիվանագիտությունը ստիպված է հաշվի նստել նաև տարածաշրջանում իր ակնհայտ դաշնակցի՝ Իրանի կարծիքի հետ, իսկ դա դուր չի գալիս Ադրբեջանին ու Թուրքիային: Հիշեցնեմ, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը «Ղրիմի հարթակում» հայտարարեց, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, իսկ շատ թուրք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Ղրիմը կարող է լինել կա՛մ թուրքական, կա՛մ ուկրաինական: Ադրբեջանն էլ իր հերթին է հակառուսական դեմարշ արել՝ այդ երկրի իշխանություններին մեղադրելով իր մի քանի քաղաքացիներին, իբր, բռնի ուժով ռուսական զինուժում հավաքագրելու մեջ:

Այսպիսով՝ Հայաստանի ճակատագիրը նորից հայտնվել է տարածաշրջանային տերությունների շահերի կենտրոնում, որը մեզ տեսական հնարավորություն է տալիս իրավիճակային շտկումներ անել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն ոչ մեկը երաշխիք չունի, որ պաշտոնական Երևանը մի օր կհայտարարի, թե «միջանցքի» հարցն արդեն քննարկել ու համաձայնեցրել է Ադրբեջանի հետ, և, որ երրորդ երկրի միջնորդության կարիքը չի զգում: Այդպես եղավ Պրահայում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, որով «խաղից դուրս» թողեց Ռուսաստանի միջնորդությունն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց բռնի հայաթափել ու օկուպացնել Արցախը: Այսինքն, Փաշինյանը կարող է ցանկացած պահի հարվածել թիկունքից և զրոյացնել ցանկացած հայանպաստ միջնորդություն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ