ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անցա՞վ, թե՞ չանցավ ԲՀԿ-ն իր ռուբիկոնը

Անցա՞վ, թե՞ չանցավ  ԲՀԿ-ն իր ռուբիկոնը
11.12.2012 | 00:51

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2013 թ. նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը իրենց նախագահական հայտը պիտի ներկայացնեն թեկնածուները, հետո նրանք կարող են փոշմանել և մինչև փետրվարի 8-ը հրաժարվել նախագահական հավակնություններից: Հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ը մենք երջանկություն կամ դժբախտություն կունենանք ունկնդրելու և ակնդրելու նրանց, համեմատելու, հակադրելու ծրագրերը (եթե ներկայացնեն հոդաբաշխ խոսքով արտահայտված տեսակետներ), եզրակացություններ անելու կամ չանելու, միով բանիվ` նախապատրաստվելու քաղաքացիական պարտքը կատարելուն` ընտրելուն: Չհամարեք տեխնիկական մանրամասներ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առօրյայում առաջիկայում անխուսափելիորեն լինելու է քաղաքական օրակարգ: Թեև չի բացառվում, որ ընտրություններն ավարտվեն չսկսված կամ լինեն խիստ պայմանական:


ԲՀԿ-ի հանրահայտ բրյուսելյան վոյաժից հետո օրինաչափորեն հասարակության նեղ ու լայն շրջանակներում պիտի արմատավորվեր մեկ ու միակ տեսակետ` Գագիկ Ծառուկյանը միանշանակ դնում է իր թեկնածությունը և գնալու է մինչև վերջ, նույնիսկ եթե ունի հստակ ընկալում ու պատկերացում, որ քաղաքականության մեջ էլ են կամիկաձեներ լինում, և ինքը մեկն է նրանցից: Բրյուսելը, իհարկե, մի քիչ ավելի է Առինջից, բայց տարօրինակ էր, որ այդքան սպասված ու այդքան կարևոր որոշումը գործնականում բարձրաձայնվում էր ոչ հայրենիքում: Առաջին հայացքից տպավորությունն այն էր, որ Բելգիայի Թագավորություն այցը մի նպատակ ունի` օծվել ընդդիմություն և օծվել ոչ ռուսական, ինչը Հայաստանում արդեն միանգամայն կասկածելի է ընդունվում, այլ եվրոպական մեռոնով: Հնարավորության դեպքում` օծվել ընդդիմության ղեկավար: Ստացվեց, թե ոչ, թող մտածի Լևոն Տեր-Պետրոսյանը, ծայրահեղ դեպքում` Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե ԲՀԿ ղեկավարին Բրյուսելում ընկալում են իբրև ընդդիմության ղեկավարի, ուրեմն Հայաստանում մեկ իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել` ընդդիմության մակարդակով: Իհարկե, այս ամենը չափազանց պայմանական է մի քանի պատճառներով: Նախ` հասարակությանը ներկայացվող տեղեկատվությունը սովորաբար այն է, ինչ հասարակությունը պիտի տեղեկանա, և ոչ այն, ինչ կատարվել է. դա օրենք է, չգրված ու ճիշտ: Ընդունեք նաև, որ ԲՀԿ պատվիրակությունը, խաղի կանոնների համաձայն, պիտի ասեր այն, ինչին իրենից եվրոպացիները ուզում էին լսել, որովհետև այցի նպատակը բացահայտորեն եվրոպական ճանաչման հասնելն էր և միակողմանի ռուսամետության հերքումը եվրոպական մակարդակով: Եվ երրորդ` այն, ինչ կատարվեց բրյուսելյան տեղեկատվությունների ներկայացման-խմբագրման-վերախմբագրման-հաստատման-հերքման, ամբողջական տեքստի ներկայացման առումով, ամբողջովին տեղավորվում է ԲՀԿ-ի մետամորֆոզների բացատրության և նրա ապագայի որոնման տարբերակներում: Շատ մեծ ընտրություն այլևս չկա:

Կան մի քանի տարբերակներ, և ինձ չմեղադրեք վերստին տարբերակներ ներկայացնելու մեջ, տարբերակների բացառման միակ տարբերակը հստակ որոշում կայացնելն ու հրապարակելն է:
Տարբերակ 1. Գագիկ Ծառուկյանը իսկապես առաջիկա շաբաթում հայտարարում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու հաստատակամ մտադրության մասին` հիմնավորում է ժողովրդի համառ պահանջով, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հույսերն արդարացնելու ազնիվ ցանկությամբ և անձնվեր հայրենասիրությամբ: Գագիկ Ծառուկյանը անտեսում է այն չնչին հանգամանքը, որ իր ազնիվ մղումի հետևանքը ծանր կարող է լինել կուսակիցների ու մերձավորների համար: Մասնավորապես կուսակից գործարարների համար: Նրանց համար, որ անցած տարիներին հասցրել են օրենքի հետ խնդիրներ ունենալ և անպատիժ մնալ, իսկ հիմա կարող են նոր վկաներ ու նոր հանգամանքներ պարզվել փակված գործերում: Նաև նրանց համար, ովքեր հանձնառու են եղել իր կանխատեսելի քաղաքականության ապահովման համար և պատասխանատու են անկանխատեսելի քայլերի համար: Գագիկ Ծառուկյանի համար միևնույն է, որ կարող է կորցնել կուսակցությունը, դառնալ հարկատու, պատասխանատվության կանչվել, ասենք, փողոցը կարմիր լույսի տակ մի քանի անգամ չարամտորեն անցուդարձելու համար, և այլն, և այլն...
Տարբերակ 2. Գագիկ Ծառուկյանը հիանալի հասկանում է, որ հետընտրական արևը իրեն ո՛չ լուսավորելու է, ո՛չ էլ ջերմացնելու է, նույնիսկ եթե այդ արևը իր ցանկությամբ է ծագում ու մայր մտնում: Ավելի քան հիանալի հասկանում է, որ իր թեկնածությունն առաջադրելով` ոչինչ չի ունենալու, բայց խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայից հրաժարվելուց, այսքան ժամանակ այլընտրանքության մեջ տարուբերվելուց, քաղաքական դաշտը տարտղնելուց հետո` չառաջադրելով, նվազագույնը մեկ խնդրի առաջ հաստատ կանգնելու է` պիտի բացատրի իր որոշումը: Եթե որոշում է չառաջադրվել, պիտի որոշի` հեռանա՞լ քաղաքականությունից, թե՞ մնալ: Մնալ` իբրև ո՞վ: Հեռանալ` ո՞ւր: Ո՞Ւմ թողնել կուսակցությունը: Վարդան Օսկանյանի՞ն: Ռոբերտ Քոչարյանի՞ն: Սերժ Սարգսյանի՞ն: Ավելի ճիշտ` ոչ թե կուսակցությունը, այլ ինչ մնացած կլինի Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքական ուժից, որովհետև քաղաքական գրավիտացիան Հայաստանում իր կանոններն ունի` համոզմունքներն ու գաղափարները, ճակատին գրածներն ու հավատարիմ նվիրվածության հասցեները փոխվում են մի քանի րոպեում` «ՈՒժեղից ուժեղը կա` բոլորս դեպի ուժը» սկզբունքով: Այս և ածանցյալ ևս մեկ տասնյակ հարցերը քնարական զեղումներ են այն մեծ ու կարևոր խնդրի համեմատ, որ Գագիկ Ծառուկյանը պիտի լուծի անձամբ, միայնակ ու անխուսափելիորեն` իր մեծ կլանի ճակատագրի և իր ճակատագրի: Ի՞նչ է լինելու ու ի՞նչ է մնալու իր ունեցվածքից: Ի՞նչ և ո՞ւմ:
Տարբերակ 3. Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Անհավանական տարբերա՞կ է: Առաջին հայացքից` այո, մանավանդ հաշվի առնելով ՀՀԿ-ի հայտարարությունները, որ ոչ բոլորին են պատրաստ գրկաբաց ընդունելու և առուծախի հակված չեն: Բայց այս դեպքում էլ նա կամ պիտի հիմնավորի իր 180 աստիճանի շրջադարձը, կամ հեռանա, կամ հայտարարի իր իրավահաջորդի անունը: Այսինքն` բոլոր տարբերակներն էլ հատվում են մեկ կետում` Գագիկ Ծառուկյանը կամ առաջադրվում է նախագահի թեկնածու, կամ հեռանում է մեծ քաղաքականությունից` մանրամասների մեջ հընթացս կողմնորոշվելով կամ գործընթացը ինքնահոսի մատնելով:
Ի՞նչ է կատարվելու քաղաքական դաշտում նրա հեռանալու դեպքում: Խորհրդարանական հանրապետության, 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի, համակարգային փոփոխությունների պահանջները մնում են թղթի վրա՞, օդից կախվա՞ծ: Սրանք ապագայի խնդիրներ համարենք, իսկ ներկա՞:
Անձնական կյանքի ու կայքի շրջագծից դուրս գանք: ԲՀԿ-ն վերադառնալո՞ւ է իր ելման կետը, իսկ ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը մի կուսակցության հետ, որ արդեն հասցրել է բարեհաջող վարկաբեկվել ու վարկաբեկել ընդդիմությանը: Իբրև գաղափար և իբրև գործող ուժ: Եթե անգամ ընդունենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր քաղաքագիտական հաշվարկներում ճիշտ էր մեկ կետում` ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հակասությունների խաղարկումով կարողացավ իշխանությանը թուլացնել, արդյո՞ք որևէ իրական փոփոխություն կատարվեց: Թե՞ ՀՀԿ-ն ավելի ամրապնդեց իր դիրքերը` ազատվելով իրեն հանգամանքների բերումով պարտադրված կոալիցիոն գործընկերոջից: Եվ այդ ընթացքում ի՞նչ մնաց Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկներից ու գլխավորած քաղաքական ուժերից: Հասարակության վերաբերմունքից: Ի՞նչ մնաց ընդհանրապես չոր հաշվեկշռում` իշխանությունից ու ընդդիմությունից, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններից: Քաղաքական դաշտի հերթական ամայացո՞ւմ, թե՞ բյուրեղացում է տեղի ունենում: Հասարակության վստահության քվեին հավակնող մրցակցային ընդդիմադիր ուժեր կա՞ն, թե՞ պատմությունը նորից պիտի սկսել, համարյա 0 կետից: Եվ մինչև 2018-ի նախագահական ընտրություննե՞ր սպասելով, թե՞ հենց 2013-ին փորձելով վստահության հարց դնել ընտրությունների ժամանակ: Ո՞Ւմ է ընտրողը նախընտրում` իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը` սա տեսականում, իսկ գործնականում ո՞վ կարող է լինել Սերժ Սարգսյանի մրցակիցը: Իմաստ ունի՞, թե՞ չունի մրցակցելը այս պայմաններում: Հասարակության համար ո՞վ է ավելի ճիշտ. նա՞, ով առանց ժամանակ կորցնելու, պարտությունն աչքի առաջ գնում է ընտրության ու տանուլ է տալիս, բայց չի խուսափում պայքարից, թե՞ նա, ով խելամտորեն ուժերն է կուտակում ու պատրաստվում հաղթանակի, բայց կորցնում է ժամանակի մեջ: ՈՒնե՞ն պատասխան այս հարցերը, թե՞ իսկապես մեր օրերում սպառիչ պատասխանների առատությունն անիմաստ է դարձնում հարցերի գոյությունը, ուր մնաց թե բարձրաձայնումը: Սրանք մեր կյանքի՞ մետամորֆոզներն են, թե՞ մեկ կուսակցության ոդիսականը, որ ցավալիորեն չի գտնում իր տեղը քաղաքական դաշտում ու չի կողմնորոշվում իր առաքելության հարցում: Նույնիսկ Բրյուսելի Ռուբիկոնից հետո, որը չի պարզվում` եղե՞լ է, թե՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ինչ ուզում եք ասեք, դասականները անմահ են: Հիշո՞ւմ եք Անտոն Պավլովիչի հանրահայտ հրացանը, որ հայտնվելով առաջին արարում, վերջին արարում պիտի կրակեր: Մեր օրերում հրացաններին երբեմն փոխարինում են փուչիկները. հիշո՞ւմ եք ԲՀԿ համագումարի եռագույն փուչիկները: Գալիս է նաև փուչիկները պայթելու պահը: Իսկ Գագիկ Ծառուկյանի հեռախո՞սը: Մեր օրերում, պարզվում է, նաև հեռախոսներն են կրակում: Փաստորեն: ՈՒ չեն վրիպում:

Դիտվել է՝ 4052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ