ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պետք է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ լինել գարնան, աշնան անցումներին»

«Պետք է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն  պատրաստ լինել գարնան, աշնան անցումներին»
06.03.2015 | 12:44

«Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է: Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին,- երեկ «Իրատես de facto» ակումբում, խոսելով մարդու օրգանիզմի վրա գարնան ազդեցության մասին, ասաց մանուալիստ, ֆիզիոթերապևտ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, նշելով, որ հիվանդներն իրեն դիմում են հատկապես գարնանը և աշնանը:- Ժողովուրդը պատահաբար չի ասում մահամերձ հիվանդների մասին. «Եթե գարունը հանի, կապրի»: Այսինքն՝ գարնանը օրգանիզմը պայքարում է և հիվանդությունների դեմ, և էներգետիկ ճգնաժամի կարգավորման համար»:
Հոգեբան ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հավելեց, որ գարունը բազմաձև ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա. ակտիվանում են մարդու կենսակերպը, վարքային դրսևորումները, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, օրգանիզմում պակասում է վիտամինների և հանքային նյութերի քանակությունը, ինչն իր հերթին կարող է ավելորդ նյարդային գրգռվածության պատճառ դառնալ: Հոգեբանը նկատեց նաև, որ երբ դրսում զարթոնք է, բնական փոփոխություններ են տեղի ունենում, իսկ մարդը չի կարողանում իրականացնել իր որևէ պահանջմունքը, սպասելիքները (իսկ գարնանը դրանք ակտիվանում են), կարող է հայտնվել հոգեբանական ծանր վիճակում. «Դեպրեսիվ վիճակներ են առաջանում հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր վարքային «ռեպերտուարի» առումով ավելի պասիվ են և հակված են շրջապատից ինչ-որ բան ստանալու: Սակայն պետք է տարբերել դեպրեսիան և տխուր-տրտում տրամադրությունը: Մեր բնակիչները ցանկացած տրամադրության անկում դեպրեսիա են անվանում: Մինդեռ դեպրեսիան ունի հստակ ախտանիշներ. մարդը կարծես ներքին տառապանք է զգում, ապագայի նկատմամբ վախ, անորոշություն, հուսալքություն, կտրվում է իրականությունից, դառնում անզոր, վրա են հասնում քնկոտությունը կամ անքնությունը»: Հոգեկան հիվանդությունները նույնպես գարնանը գլուխ են բարձրացնում, ինչը, հոգեբանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ մարդու հոգեկան տառապանքի և բնության զարթոնքի միջև հակադրություն է առաջանում:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դիմավորել գարունը` խուսափելով առողջության հետ կապված բարդություններից:
Լիլիթ Խաչատրյանը խորհուրդ տվեց ապրել ակտիվ կյանքով, հաճախել ֆիտնես ակումբներ, շրջապատված լինել դրական մարդկանցով, գիտակցել, որ ցանկացած իրավիճակ ունի լուծում, տրտմելու փոխարեն պետք է ելք որոնել: Խորհուրդ է տրվում նաև ինքնաթերապիայով զբաղվել՝ նկարելու, հույզերը որոշակի ձևերով արտահայտելու միջոցով:
«Գարնանային դեպրեսիաները համատարած բնույթ չեն կրում,- նկատեց հոգեբանը:- Ավելին, առողջ, ակտիվ ապրելակերպը կարելի է համատեղել բնության զարթոնքի հետ, հասնել ներդաշնակության, ունենալ նոր սպասումներ, նոր ծրագրեր, հասնել լավագույն արդյունքների»:
Գագիկ Կարապետյանի խոսքով՝ գարնանը պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը` նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին: Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները, կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ: «Մարդը պետք և ֆիզիկապես, և հոգեբանորեն պատրաստ լինի գարնան, աշնան անցումներին,- ընդգծեց նա, իր փորձից ելնելով փաստեց, որ ողնաշարային խնդիրներն ուղեկցվում են դեպրեսիոն դասի որևէ հիվանդությամբ:- Այսինքն, համակարգված աշխատանք պետք է արվի: Գերմանիայում, օրինակ, հոգեբանը, նյարդաբանը, ֆիզիոթերապևտը, սրտաբանը աշխատում են համախմբված՝ հաշվի առնելով հիվանդի խնդիրը»:
Մեր մյուս բանախոսի կարծիքով՝ կարևոր է, որ մարդն ինքը դառնա ակտիվ սուբյեկտ, պայքարի իր անձի, իր առողջության համար. «Երբ մոտիվացիան բարձրանում է, շատ խնդիրներ լուծվում են: Հոգեբանությամբ մարդը կարող է կառավարել և ֆիզիկական, և հոգեկան մակարդակի բավարարվածության սահմանները»:
«Մարդը չի կարող ֆիզիկապես թույլ ու անառողջ լինել, 500 մետր չքայլել, բայց փայլել հոգեբանությամբ: Երբ հիվանդը բուժվում է, փոխվում է նաև նրա հոգեբանությունը»,- հակադարձեց ֆիզիոթերապևտը:
Ի պատասխան՝ հոգեբանը նկատեց, որ առողջ մարդն էլ իր ներաշխարհով պայմանավորված կարող է հիվանդի կերպարի մեջ մտնել, ուռճացնել իր փոքր հիվանդությունը շրջապատի աչքում:
Չնայած տարակարծությանը, շեշտադրումը մեկն էր՝ հարկ է պաշտպանել օրգանիզմը գարնան ազդեցությունից և ապրել առողջ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 27391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ