ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Այդ օրվանից մեր կյանքի մեջ մտավ «Նռան գույնը»

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Այդ օրվանից մեր կյանքի մեջ մտավ «Նռան գույնը»
28.07.2014 | 11:32

Մարդու կյանքում հատկապես կարևոր են այն գեղարվեստական տպավորությունները, որոնք նա ստանում է իր անձի ձևավորման տարիներին: Նկատի ունեմ այն հետաքրքիր սահմանագիծը, որն ընկած է ավարտվող պատանեկության և կամաց - կամաց սկիզբ առնող երիտասարդության միջև: Այս իմաստով մեր սերնդի բախտը բերեց: Մեր «անցումային տարիքը» զուգադիպեց նախորդ դարի ( ! ) վաթսունականների վերջերին, որոնք լուսավորված էին Սևակով, Մինասով և, իհարկե, Փարաջանովի միանգամայն անօրինակ հայտնությամբ:
«Մոռացված նախնիների ստվերները» էսթետիկական հոգեցնցումի պես բան էր մեզ համար՝ կինոյի սովետական հարահոսին հակառակ, և հիշում եմ, որ այդ ֆիլմի դիտումից հետո ինձանից մի քանի տարով ավագ ընկերս ասաց.
-Բա մեկը չլինե՞ր, որ մեր «Արա Գեղեցկին ու Շամիրամը» նկարահաներ այս ոգով:
Նախագուշակության պես խոսքեր էին, և շատ տարիներ հետո իմացանք, որ դա Փարաջանովի ստեղծագործական երազանքներից էր, իսկ սցենարը, քանի դեռ նա կալանավայրում էր, լավ օրերի սպասումով պահպանվում էր «Հայֆիլմի» տնօրենի սեյֆում: Բայց սա բոլորովին ուրիշ ժամանակի՝ արդեն 80 - ականների գիտելիք է, իսկ առայժմ 60 - ականների հետ եմ, այն զարմանալի օրվա, երբ կինոօպերատոր Օլեգ Բաղդասարյանը՝ այժմ արդեն լուսահոգի, տարավ ինձ Նկարիչներ տուն, որտեղ Փարաջանովը ցուցադրելու էր այդպես էլ նկարահանման արտոնություն չստացած «Կիևյան որմնանկարներ» և դեռևս նոր - նոր արտադրություն մտնող «Սայաթ Նովա» ֆիլմերի փորձանուշները:
Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:Ապագա դասական Սեյրան Խաթլամաջյանը ոչ այնքան շողշողուն հատակին էր նստած, իսկ ես, բնականաբար, ոտքի վրա մնացի՝ ընդամենը երկրորդ կուրսի ուսանող, ում առաջին պատմվածքները հերթի էին դրված «Գարուն» - ում:
Սևամորուք - սևահեր - միջահասակ: Օբսիդիանի պես փայլատակող աչքերով: Ձեռքերի համարյա խորեոգրաֆիկ շարժումներով: Ու խոսքին արգելակներ չդնող՝ գրեթե դիվական մի պոետ: Այսպիսի տպավորություն էր թողնում բեմում կանգնած մարդը, ով ճանաչում և ընդունում էր միայն մեկ իրականություն՝ մարդկային հոգու մեջ արտացոլվածը, ու դա էլ դարձնում տեսանելի:
Այդ օրվանից մեր կյանքի մեջ մտավ «Նռան գույնը»: Ավելի ճիշտ՝ այդ ֆիլմի սպասումը, որպես մի բոլորովին ուրիշ կինոլեզու, որովհետև հենց այդ նախադիտման ժամանակ մի զարմանալի զգացողություն առաջացավ, թե այն, ինչ ցուցադրում են հիմա մեզ, նկարահանված է ոչ թե կինոժապավենի, այլ ... մագաղաթի վրա: Կարծես մեր միջնադարյան - քրիստոնեական արվեստն էր վերադառնում ու ստանում նոր ժամանակների գոյություն:
Իրոք որ, այդ ֆիլմը գենետիկական կապի մեջ է մեր խաչքարի ու կարպետի, շարականի ու բանաստեղծության, մանրանկարչության ու հայկական հինավուրց մշակույթի մեջ ապրող հոգևոր նկարագրի հետ՝ առարկայական աշխարհի ամբողջ հարստությունը պահպանելով: Եվ ա՛յս ճանապարհով է միանում ինքնության վերահայտնաբերման այն հետաքրքիր ու բազմաբնույթ շարժումներին, որոնցով ներթափանցված էին 60 - ականների մթնոլորտի մեջ խմորվող ու հետո արդեն իրենցո՛վ մթնոլորտ ձևավորող մեր գրականությունը, երաժշտարվեստը, գեղանկարչությունն ու կինոն:
Իսկ այսպիսի վերահայտնաբերման պահանջ մեր այս նոր ժամանակներն էլ ունեն:

Դիտվել է՝ 4582

Մեկնաբանություններ