«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է միգրացիայի պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ
-Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ Թուրքիայում 100000 հայ է անօրինական ապրում ու աշխատում, որոնց ցանկացած պահի կարող են վտարել: Որքանո՞վ է ռեալ այդ թիվը:
-Այդ հարցին ճշգրիտ պատասխանել ոչ ոք չի կարող, բայց կան աղբյուրներ, որ որոշակի ճշգրտությամբ այդ թիվն արձանագրում են:
-Հայկակա՞ն աղբյուրներ:
-Ոչ միայն: Թուրքական պետական վիճակագրական ծառայության ինտերնետային կայքէջում` www.turkstar.gov.tr, տեղեկություններ են տեղադրվում Թուրքիայի սահմանը հատողների վերաբերյալ` ըստ քաղաքացիության երկրների, այդ թվում` Հայաստանի: Վարչապետի հիշատակած 100000 քաղաքացիներն այս էջում պետք է երևան` տարիների ընթացքում Թուրքիա մուտք գործած և դուրս եկած քաղաքացիների թվի տարբերությամբ: 2000-2009 թթ. մուտքերի ու ելքերի տարբերությունն ի հայտ է բերել 5170 հայի:
-Այդ տրամաբանությամբ` հնարավո՞ր է, որ 95000 հայ մինչև 2000 թ. Թուրքիա է մեկնել:
-Հազիվ թե, հաշվի առեք, որ 90-ականներին` Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ, հայերը, հասկանալի պատճառով, Թուրքիա չէին գնա, վերջապես` դեռ շփումներ էլ չկային այդքան: Ակտիվ են եղել 2003-2004 թթ.: Անգամ այդ պայմաններում առավելագույնը 10000 մարդ կարող է մեկնած լինել: Ինձ ուղղակի զարմացնում է նման անհեռատես հայտարարությունը, որովհետև շատ հեշտ է այդ փուչիկը պայթում` հենց իրենց կառավարական ատյանների տեղեկությունների համաձայն:
-Ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների` թուրքերն էլ իրենց վարչապետին մեղադրեցին անհեռատես հայտարարության համար` համարելով ոչ ժողովրդավարական ու ոչ մարդկային նրա քայլը:
-Ցանկացած երկիր իր տարածքում գտնվող ապօրինի անձից ուզում է օր առաջ ազատվել, այդ առումով` հայտարարությունն արտառոց չէ, արտառոցն ընտրողական վերաբերմունքն է` օրենքի կիրառումը չի կարելի էթնիկական ծագումով պայմանավորել: Թուրքիայում ոչ միայն 10000 կամ 100000 հայ կա, այլև մարդիկ կան տասնյակ երկրներից` Իրան, Աֆղանստան, Ադրբեջան: Թուրքիան տարանցիկ երկիր է, ինչո՞ւ Էրդողանը հիշեց միայն հայերին, այդ շովինիզմը ինչո՞վ է բացատրվում: Մարդու իրավունքների կոպիտ խախտում է դա: Կա նաև մեկ այլ առում. այս հայտարարությունը հնչեց, երբ միջազգային ասպարեզում հաճախացան 1915 թ. Ցեղասպանության ճանաչման փաստերը, խնդիր ունես` խնդիրն այդ երկրների իշխանությունների հետ է, ՀՀ քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն...
-Թուրքական օրենսդրությունն ապօրինի միգրանտներին երկրում գտնվելու ի՞նչ հնարավորություններ է տալիս:
-Օրենսդրությունը պիտի հավասարապես վերաբերի բոլոր երկրների քաղաքացիներին, խնդիր կա նաև հայերի կոլեկտիվ արտաքսման հարցում. արտաքսման յուրաքանչյուր դեպք անհատական քննությամբ է որոշվում` ընդհուպ մինչև դատական, որովհետև անձը պաշտպանության իրավունք ունի: Միջազգային օրենսդրությամբ` անգամ ընտանիքի պարագայում ընտանիքի անդամների հարցն առանձին է քննարկվում:
-Նման մակարդակի պետական պաշտոնյայի համար, հաշվի առնելով թուրքական դիվանագիտության ավանդական, արևելյան ճկունությունը, նման հայտարարությունը խոցելի է դարձնում և՛ վարչապետի անձը, և՛ երկիրը, գուցե նա բոլորովին ա՞յլ խնդիր էր լուծում:
-Գուցե պատճառը նաև Էրդողանի բռնկուն ու հուզական բնավորությունն է, ի վերջո, սա առաջին դեպքը չէ, Դավոսը կար, հրեաներին առնչվող հայտարարություններ են եղել, որ դժվար է հասկանալ օգտակարության տեսակետից: Քաղաքական ղեկավարին նման բնավորությունը գուցե խարիզմատիկ հմայք է հաղորդում, բայց պետական կառավարման գործընթացին միանշանակ խանգարում է: Ի դեպ, վերջին 4-5 տարիներին Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ հեռանում են Թուրքիայից:
-Իսկ նախկինում եղե՞լ են նման հայտարարություններ:
-2004-2005 թթ., երբ Աբդուլլահ Գյուլը դեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, և շատ ինտենսիվ բանակցություններ էին վարվում Եվրամիության անդամակցության պայմանների շուրջ, շրջանառության մեջ մտցվեց տեղեկությունը 50000 հայերի մասին, որոնք աշխատում են Թուրքիայում: Բնական է` ենթատեքստը պարզ էր. մենք այնքան հանդուրժող ենք, այնքան լավն ենք ու ժողովրդավար, որ մեր երկրում հայերին կացարան ու աշխատանք ենք տալիս` դիվանագիտական հարաբերություններ չլինելու պայմաններում: Այն ժամանակ վիճակագրական ծառայության հասցեն չունեի և փորձեցի այլ տվյալներ գտնել` թուրքական ու հայկական ինքնաթիռների չվերթները, որտեղ այդ 50000-ը պիտի արտահայտված լիներ: Չկար այդ թիվը հաստատող ոչ մի վկայություն: Անցյալ տարի 70000 էին հայտարարում, փաստորեն, մի քանի ամսում 30000 էլ ավելացավ: Դա շատ է հիշեցնում թուրքերի կրտսեր եղբայր ադրբեջանցիների ոչ հիմնավոր մոտեցումը թվերին, երբ ուզում են ինչ-որ գոյություն չունեցող երևույթ հիմնավորել: Երբ ադրբեջանցիներն ուզում էին ցույց տալ, որ իրենք զոհ են, իսկ հայերն` ագրեսոր, 600000 փախստականների թվաքանակից սկսեցին ու հասան 1000000-ի: Իսկապես էլ ախորժակն ուտելիս է բացվում: 2002 թ. Բաքվում Եվրոպայի խորհուրդը կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փախստականների հարցերով խորհրդաժողով էր անցկացնում, Հայաստանի կողմից ես էի մասնակցում, և նորից այդ 1 միլիոնը հնչեց` «Թույլ տվեք 1 միլիոն փախստականների անունից ողջունել համաժողովի մասնակիցներին...», Լիտվայի ներկայացուցիչն իր ելույթի մեջ անդրադարձավ այդ թվերին` եթե մեկ փախստական էլ կա, դա մարդկային մեծ ողբերգություն է, ինչպես եք այդքան հեշտությամբ հարյուր հազարների ու միլիոնի հասցնում այդ թվերը:
-Նույն հաջողությամբ տարածքների վերաբերյալ են խոսում` Ադրբեջանի 20 տոկոսը օկուպացրած ագրեսորների և այլն, և այլն...
-Այդ թվերն էլ պետք է ճշտել: Նախ` տարածքի մի մասն էլ իրենք են օկուպացրել` հյուսիսային մասը, Շահումյանը, որը 1989 թ. միացել էր ԼՂԻՄ-ին, և այդ որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Եվս մի հանգամանք կա, որ պետք է պարզաբանվի. փախստական ասելով նրանք նկատի չպիտի ունենան փախստականի կարգավիճակում գտնվող անձանց, այլ ներքին տեղահանված անձանց` ազատագրված տարածքներից հեռացածներին, ոչ թե Հայաստանից գնացած փախստականներին: Այդ պարագայում էլ Շահումյանի, Գետաշենի բռնագաղթվածները պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը: Այդ դեպքում ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահմանն ավելի անվտանգ կդառնա:
-Մադրիդյան սկզբունքներով նախատեսված է փախստականների վերադարձ, որևէ հաշվարկ գոյություն ունի՞, թե անցած տարիներին այդ փախստականներից կամ ներքին տեղահանվածներից քանի՞սն են մահացել, քանի՞սն են հեռացել այլ երկրներ ու ընդհանրապես ոչ մի ցանկություն չունեն վերադառնալու, այս տարիներին ծնվածները ո՞րն են համարում իրենց ծննդավայրը: Տպավորությունն այն է, որ միֆական փախստականներ են, ոչ ռեալ մարդիկ, որ ուղղակի փաստաթղթերում ու բանակցություններում գործառնում են իբրև քաղաքական փաստարկ:
-Մադրիդյան սկզբունքներին տեղեկացվածությունս միայն մամուլից է, բայց երկար տարիներ աշխատելով այս ոլորտում` կարող եմ ասել, որ 6 շրջաններից մեկնածների թիվը 305-307000 է: Բնականաբար, ոչ բոլորն են հանգրվանել Ադրբեջանի տարածքում, մի մասը Ռուսաստան է հեռացել, մի մասը` Թուրքիա, եվրոպական երկրներ: Այս թվերն են արձանագրված խորհրդային ժամանակների դասագրքերում: Ընդհանրապես` փախստական հասկացությունը երկու իմաստով է մեկնաբանվում. առաջինը` փաստական իմաստային, երկրորդը` կարգավիճակի: Իմաստային վիճակով դեռ Իգդիրից եկածները գաղթականի թոռներ են, շատ շատերն արդեն այլ երկրների քաղաքացիներ են ու զավակներ, թոռներ ունեն: Կարգավիճակն այլ է: 305-307000-ն ուռճացվում է ու դառնում 1 միլիոն, ավելացվում են Հայաստանից հեռացածները ևս, իսկ մարդահամարի տվյալներով` Հայաստանում 150000-ից ավելի ադրբեջանցի չի ապրել: Այսինքն` ինչ էլ հավելես, ոչ մի կերպ միլիոն չես ստանա, հազիվ կեսը:
-Կան ոլորտներ, որոնց մասին, թվում է, բավարար տեղեկություններ ունես, քչից-շատից կարդացած մարդ լինելով, բայց երբ խորանում ես, պարզվում է, որ համարյա ոչինչ չգիտես: Միգրացիան այդ ոլորտներից է, մարդկանց իրազեկելու, ավելի պաշտպանված դարձնելու առումով ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
-Մենք ունենք միգրանտների սպասարկման կենտրոն, որտեղ անվճար տեղեկություններ և խորհրդատվություն ենք տրամադրում, տասնյակ թերթոններ ու գրքույկներ ենք տպագրել ու տպագրում ոլորտի օրենսդրության, ծագող հարցերի վերաբերյալ: Մենք հատկապես աշխատանքային միգրանտներին փորձում ենք տեղեկացնել իրենց մեկնած երկրի օրենսդրության, բնակության, աշխատանքային գործունեության պայմանների մասին: ՈՒնենք նաև ֆիլմեր, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ ու տեղակայված են մեր ինտերնետային կայքէջում: Ընդհանրապես ցանկացած անձ մեր եռալեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն, կայքէջից կարող է քաղել իրեն հետաքրքրող տեղեկությունը կամ հարցն ուղղել ու պատասխան ստանալ:
-Մե՞ծ է կայքի հաճախելիությունը:
-Բավականին. backtoarmenia.am էջն ամեն ամիս 10000-ից ավելի այցելու է ունենում: Թեպետ ծավալուն տեղեկություն կա, բայց մեծ թվով հարցեր են լինում: Սա ամենօրյա, ընթացիկ աշխատանք է, որն իսկապես շատ կարևոր է: Սոցիոլոգիական հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ մարդկանց միգրացիոն իրազեկվածության մակարդակը շատ ցածր է: 21-րդ դարում բնակչության 40 տոկոսը տեղյակ չէ, որ այլ երկրներ մեկնելու համար մուտքի արտոնագրեր են պետք, արդեն չեմ ասում աշխատանքային թույլտվության մասին: Ժամանակն է հասկանալու, և ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ դա ակնառու դարձրեց, որ ամեն երկիր իր սոցիալական բարիքներն իր քաղաքացիների համար է ամբարում նախ և առաջ: Միջազգային ստանդարտներ կան, թե որ բացառիկ դեպքերում այլազգիներին պետք է և կարելի է պաշտպանել:
-Ճգնաժամից առաջ և ընթացքում նշվում էր արտագնա աշխատանքների մեկնածների մասսայական վերադարձի մասին, գրանցվեցի՞ն այդ մասսաները:
-Մարդկային մեծ հոսք չի արձանագրվել` ըստ սահմանահատումների ամենամսյա ամփոփագրերի: Եթե նման հոսք լիներ, պիտի արձանագրվեր սահմանահատումների համակարգում: 10-15 տարի Ռուսաստանում ապրող միգրանտների մի մասն արդեն քաղաքացի է դարձել, և նրանց միգրանտ կոչելը չի համապատասխանում իրականությանը, բայց կապերն ընտանիքի, հարազատների, հայրենիքի հետ դեռ բավականին ուժեղ են: Հայաստանից Ռուսաստան արտագաղթածների թիվը շուրջ 700000 է, ոչ բոլորն ունեն բնակարան, գերակշիռ մասը վարձակալում են, ճգնաժամը հարվածեց նրանց. մեծ մասը շինարարության մեջ էր աշխատում, իսկ շինարարության ծավալների կրճատումը մեծացնում է աշխատանքը կորցնելու հավանականությունը: Ընտրության տարբերակները վատի ու վատթարի մեջ էին. վատը Հայաստանում` աշխատանք չկա, բայց տուն կա, վատթարը Ռուսաստանում` աշխատանք չկա, տուն չկա: Այնուամենայնիվ, վատի ընտրություն չի կատարվել, որովհետև նույն աշխատանքը ավելի ցածր վարձատրությամբ կատարել կա, ուրիշ աշխատանք գտնել կա, հույսը ճգնաժամի ավարտի հետ կապել կա: 2009-ին երկու անգամ աշխատանքային այց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել եմ նաև հայազգի գործարարների հետ, և, բացի փաստական տվյալներից, նաև տպավորություն չունեմ, թե պատրաստվում են մասսայական հետդարձի:
-Տրանսֆերտների աճ էլ չի գրանցվել ճգնաժամի ընթացքում, չէ՞:
-Անցած տարի մեկ երրորդը կրճատվել էր` շուրջ կես միլիարդ, ուղևորահոսքերն էլ գրեթե նույն մակարդակի վրա մնացին` ինչ 2008-ին, մինչդեռ ամեն տարի 15-30 տոկոսի աճ էր գրանցվում: Նման երևույթների գնահատականի համար երկար ժամանակահատվածի տվյալներ են պետք:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ