38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սուրբ գրքի կանոնը

Սուրբ գրքի կանոնը
12.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
(ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար (Բ ՏԻՄ., Գ ,16)։
Աստվածաշնչի ներածության երկրորդ կարևորագույն հարցը կանոնն է, որի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է վերհիշել Ս. Գրքի կազմության պատմությունը։ Մենք արդեն ասել ենք, որ այս սրբազան ու նվիրական մատյանի մեջ ընդգրկված 75 գրքերը գրվել են տարբեր ժամանակներում, շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում` Սուրբ Հոգու հաջորդական հայտնությունների համեմատ։ Սակայն, ի թիվս իսկական` աստվածաշունչ գրքերի, տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ եկան նաև ոչ աստվածային բազմաթիվ գրքեր, որոնց հեղինակները փորձում էին իրենց ստեղծագործություններին Ս. Գրքի տեսք հաղորդել։ Այսպես. հինկտակարանյան ժամանակներում երևան եկան այդպիսի 115, իսկ նորկտակարանյան շրջանում` 99 գրքեր։ Քրիստոնեական շրջանի այդ գրքերը հիմնականում կազմվում էին էբիոնության և գնոստիցիզմի հողի վրա։ Սրանք հեթանոսական, հրեական և քրիստոնեական հավատալիքներից արհեստականորեն համադրված կեղծ ու մոլար ուսմունքներ էին, որոնց հեղինակները Ս. Գրքի արտաքին տեսքով ցանկանում էին դրանք նենգաբար տարածել ժողովուրդների մեջ։
Բացի այդ, Սուրբ Գրքի կյանքում տեղի էր ունեցել մեկ ուրիշ իրադարձություն. Քրիստոսից առաջ 3-րդ դարում Եգիպտոսի արքա Պտղոմեոս Երկրորդը, կամենալով Ալեքսանդրիայում իր իսկ հիմնած գրադարանը համալրել եբրայական Սուրբ Գրքով` Հին Կտակարանով, հրավիրեց 72 հրեա դպիրների։ Թարգմանիչներին երկուական մեկուսացնելով Պատմոս կղզում, հանձնարարում են 72 օրում թարգմանել օրենքը։ Ի զարմանս բոլորի, թարգմանությունները լինում են համահունչ։ Այս հունարեն թարգմանությունը կոչվում է «Յոթանասուն երկուց» կամ, կլորացված, «Յոթանասնից»։
Սակայն այս թարգմանության մեջ ի հայտ եկան մի շարք նոր գրքեր, որոնք ընդգրկված չէին եբրայական Ս. Գրքի պաշտոնական ցանկի մեջ, որը հաստատվել էր Քրիստոսից առաջ 4-րդ դարում Եզրասի կողմից։ Իսկ քրիստոնեության տարածման շրջանում հենց այս Յոթանասնից հունարեն թարգմանությունը դարձավ շատ ազգերի Ս. Գրքի առաջին մասի` Հին Կտակարանի թարգմանության աղբյուրը կամ, ինչպես ընդունված է ասել, ընկալյալ բնագիրը։
Ի՞նչ գրքեր էին դրանք, որտեղի՞ց էին, ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենար եկեղեցին թե՛ կեղծ գրքերի, թե Յոթանասնից թարգմանության հավելյալ գրքերի նկատմամբ։ Հետևաբար, մի հեղինակավոր ձայնի կարիք էր զգացվում, որը ճշմարիտ աստվածային գրքերը կզատեր կեղծ գրքերից, կսահմաներ սրբազան գրքերի հեղինակության աստիճանները և կկազմեր Ս. Գրքի վերջնական ցանկը։ Եկեղեցին մի այդպիսի ուղեցույց կազմեց իր հավատացյալների համար, որը հայտնի է կանոն անվամբ։ Կանոն-ը հունական բառ է, որն իր նախնական իմաստով նշանակել է եղեգի ցողուն և, առհասարակ, ուղիղ փայտ, փայտե քանոն, որը ծառայել է որպես այլ առարկաների ուղղագծության չափանիշ, ինչպես հյուսնի ուղղալարը։ Առավել վերացական իմաստով կանոն-ը ստացավ օրենք, նորմա, չափանիշ, կատալոգ կամ ցուցակ նշանակությունը։ Վաղ եկեղեցում այս իմաստով էլ կանոն բառը սկսեցին տարածել այն սրբազան գրքերի վրա, որոնք, անկասկած, համարվում են աստվածային։ Ս. Իրինեոս Լուգդոնացին ասում է, որ մենք անենք «ճշմարտության կանոնը, որ Աստծո խոսքն է»։ Իսկ կանոն բառից ածանցված կանոնական ածականով սկսեցին անվանել յուրաքանչյուր աստվածային գիրք. այդպիսիք Հին Կտակարանի 48 գրքերից 39-ը ճանաչվեցին, իսկ Նոր Կտակարանից` բոլոր 27 գրքերը։
Ի տարբերություն կանոնական գրքերի, մյուս հինկտակարանյան գրքերը, որոնք Յոթանասնից թարգմանությամբ էին անցել քրիստոնեական Աստվածաշունչ, կոչվեցին ոչ կանոնական։ Այս Գրքերը թեև աստվածաշունչ չէին և պարունակում էին որոշ սխալներ ու պատմական անճշտություններ, այդուհանդերձ, կարևորվեցին եկեղեցու հայրերի կողմից իբրև խրատական և օգտակար հավատի շինության համար և ընդգրկվեցին Ս. Գրքի պաշտոնական ցանկում։ Իսկ այն գրքերը, որոնք պարունակում են սխալ, կեղծ ուսմունքներ, կոչվեցին պարականոն` ապոկրիֆ (գաղտնի, ծածուկ) և բոլորովին մերժվեցին եկեղեցու կողմից` իբրև վնասակար ու վտանգավոր։
XVI դարից սկսյալ` կաթոլիկները կանոնական և ոչ կանոնական-ի փոխարեն սկսեցին օգտագործել համապատասխանաբար նախականոն և երկրորդականոն եզրերը, որոնք որդեգրվեցին նաև մեր եկեղեցու կողմից։
Բոլոր քույր եկեղեցիները համամիտ են Հին Կտակարանի 39 և Նոր Կտակարանի 27 նախականոն գրքերի հարցում, սակայն ցայսօր փոքր-ինչ տարակարծիք են երկրորդականոն կամ ոչ կանոնական գրքերի թվի ու կանոնականության հարցում։
Եկեղեցին առաջին երեք տիեզերաժողովներում, զբաղված լինելով հրատապ հարցերով, առիթ չունեցավ սահմանելու Ս. Գրքի կանոնը` ընդհանուր բոլորի համար, ինչը դրդեց յուրաքանչյուրին ինքնուրույնաբար ընթանալ մանավանդ երկրորդական գրքերի հարցում։ Այսպես, ասորական եկեղեցին Ս. Գրքի առաջին մասը` Հին Կտակարանը, թարգմանեց եբրայական բնագրից, ինչը նշանակում է, որ նա չունի երկրորդական գրքերի խնդիր։ Բողոքականները չեն ընդունում երկրորդական գրքերը` համարելով դրանք պարականոն։ Իսկ Հույն օրթոդոքս եկեղեցին ոչ մի որոշում էլ չկայացրեց այս հարցով` իր Աստվածաշնչի մեջ ընդունելով անխտիր բոլոր երկրորդական գրքերը։ Հայոց կանոնը սկզբում կրել է ասորականի ազդեցությունը, որը, ինչպես ասացինք, պարունակել է միմիայն 39 նախականոն գրքերը։ Ի դեպ, Մովսես Խորենացին, անդրադառնալով այս խնդրին, իր «Հայոց պատմության» մեջ հիշատակում է 22 կանոնական գրքեր։ Այս թիվը մեզ չպետք է շփոթեցնի, քանզի ոչ այլ ինչ է, եթե ոչ եբրայական ավանդության արձագանք։ Հրեաներն իրենց Ս. Գրքի 39 գրվածքները, կամենալով հարմարեցնել իրենց այբուբենի տառերի թվին, մի շարք գրքեր արհեստականորեն միավորեցին իրար և արդյունքում ստացան 22 գիրք։ Եբրայական կանոնը ցայսօր նույնն է։
Մեր երախտավոր նախնիներն ասորերենից թարգմանվածը նկատելով փութանակի, այսինքն` հապճեպ և անբավարար, Ս. Գիրքը երկրորդ անգամ թարգմանեցին հունարենից` բյուզանդական եկեղեցու Ս. Գրքի ընկալյալ բնագրերից։ Ընդ որում, Հին Կտակարանը Յոթանասնից բնագիրն էր` երկրորդականոն գրքերով հանդերձ։ Արդյունքում մեր Ս. Գրքի ցանկն ընդլայնվեց։ Առհասարակ միջնադարում, ըստ մատենագրական վկայությունների, մեզանում կանոնը խիստ տատանվել է։ Հայաստանյայց եկեղեցին առաջին պաշտոնական կանոնը սահմանել է Պարտավի եկեղեցական ժողովում, 768 թ., Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի նախագահությամբ։ Սակայն մեզ է հասել այդ որոշման պատառիկը, ինչը թույլ չի տալիս ճշգրիտ պատկերացում կազմել հայոց միջնադարյան կանոնի մասին։ Ներկայիս հայոց կանոնը բաղկացած է 75 գրքից. Հին Կտակարան` 48 գիրք` 39 նախականոն և 9 երկրորդական, Նոր Կտակարան` 27 նախականոն գրքեր։ Հայոց ինը երկրորդական գրքերն են Ա Եզրասը, Հուդիթը, Տոբիթը, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք։ Բացի այդ, կան նաև երկրորդական առանձին հատվածներ Դանիելի և Եսթերի գրքերում, ինչպես և 151-րդ սաղմոսը։ Հունական կանոնը մեկ երկրորդականոն գիրք ավելի ունի, քան մենք, որը, սակայն, մեզ համար պարականոն է։ Իսկ կաթոլիկները պարականոն են համարում մեր Ա Եզրաս և Գ Մակաբայեցիներ գրքերը։
Նշենք, որ Սիրաքի երկրորդականոն Գիրքը, որը թեև չի ընդգրկվել հրեական կանոնի մեջ, այնուամենայնիվ, գործածվել է ժողովարաններում և եղել հրեական կրոնի ամենագերադասելի գրքերից մեկը։ Իսկ Հին եկեղեցում այս գիրքը նկատվել է իբրև ամենահարմարը նորադարձների համար և այդպես է ցայսօր։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Այժմ ինձ համար միայն մի գիրք գոյություն ունի. դա թանկագին Աստվածաշունչն է։ Ի՜նչ ասես, որ չի առաջարկում, ի՜նչ ասես, որ չի տալիս այն մարդուն, ով զգալով իր աղքատությունը` գրքի անսպառ գանձերն է որոնում։ Նա մարդուն շնորհում է երբեք չհնացող ճշմարտություն, հավիտենական հարստություն, անհագ ուրախություն, երբեք չթոշնող պսակ, վշտի ու վախի փարատում և հավիտենական կյանքի երանելի հույս։ Սա Աստծո պարգևն է Իր խոսքը սիրող և պատվող մարդկանց համար»։
Վալտեր Սկոտ
Անգլիացի վիպասան

«Հանդուգն իմաստունները երևակայում են, թե իրենք արդեն իսկ գերազանցել են մեր ունեցած Աստվածաշունչը, որը եկեղեցական հավատի առաջնորդն է։ Անկարելի է, որ նրանք ստեղծեն և այն փոխարինեն մեկ այլ գրքով այն դեպքում, եթե այն կորցներ իր վարկը։ Բացահայտ հրաշքներ չեն լինում երկրորդ անգամ միևնույն գործում»։
Իմանուիլ Կանտ
Գերմանացի փիլիսոփա

«Սիրում եմ Ս. Գիրքը։ Ամեն օր ընթերցում եմ այն և որքան շատ եմ կարդում, այնքան ավելի եմ սիրում։ Մարդիկ կան, որ չեն սիրում Աստվածաշունչը. ես այդ մարդկանց չեմ հասկանում»։
Դոն Պեդրո
Բրազիլիայի կայսր

Դիտվել է՝ 8998

Մեկնաբանություններ