38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե Ադրբեջանում և աշխարհում լսելի չլինի ինքնավարության մեր պահանջը, ապա մենք պատրաստ ենք փոխելու մեր հայացքներն իրերի դրության նկատմամբ»

«Եթե Ադրբեջանում և աշխարհում լսելի չլինի ինքնավարության մեր պահանջը, ապա մենք պատրաստ ենք փոխելու մեր հայացքներն իրերի դրության նկատմամբ»
21.08.2009 | 00:00

«ՉՆԱՅԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻՆ, ԹԱԼԻՇԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՕՐԵՑՕՐ»
Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` հատուկ «Իրավունքը de facto»-ի համար անցկացրած հարցազրույցը։ Նրա զրուցակիցը ներկայումս Սանկտ Պետերբուրգում ապրող փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Թոլիշ» թերթի գլխավոր խմբագիր ՖԱՐՄՈՆԻ ՖԱՐՀԱԴԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱՆ է` թալիշական ազգային շարժման առաջնորդներից մեկը։
-Պարոն Աբոսզոդա, գոյություն ունի՞, Ձեր կարծիքով, ձևավորված թալիշական ազգային շարժում` իր ծրագրով և կազմակերպական կառույցներով։
-Թալիշական շարժումը ձևավորվել է արդեն վաղուց և ունի իր կազմակերպական կառույցներն ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բայց այստեղ գոյություն ունեն որոշ նրբերանգներ, որոնք արժանի են ուշադրության։ Խնդիրն այն է, որ, խոսելով շարժման մասին, շատերը ենթադրում են, թե այն քաղաքական կազմակերպություն է` հստակ ուրվագծված կառուցվածքով։ Այսինքն` քաղաքական կազմակերպություն նշանակում է մարդկանց խումբ, ովքեր որոշակի պարբերականությամբ հավաքվում են ինչ-որ շինությունում և իրականացնում որոշակի կազմակերպական կամ այլ աշխատանք։ Ինչն էլ շատ ձեռնտու կլիներ Ադրբեջանի պատժիչ մարմիններին, որոնց վերաբերմունքը թալիշական շարժման նկատմամբ լավ հայտնի է, և դա, իհարկե, կհեշտացներ նրանց նկատմամբ վերահսկողության հնարավորությունը։
Ելնելով դրանից` մենք ստեղծեցինք իր բնույթով «անանուն շարժում», որի անդամներին հնարավոր չէ պարզել։ Այդ շարժումը կոչվում է «Թալիշական ազգային շարժում», որը վերջին տարիների ընթացքում հաջող գործունեություն է ծավալում Ադրբեջանի տարածքում ու նրա սահմաններից դուրս։ Մինչ օրս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն ամենուր որոնում են այդ շարժման անդամներին և ոչ մի կերպ չեն կարողանում գտնել։ Այդ իմաստով ուսուցողական էր իմ զրույցը նրանց հետ հերթական հարցաքննության ժամանակ։
-Դուք «Շավնիշտ» թերթում հրապարակել եք Թալիշական ազգային շարժման (ԹԱՇ) հայտարարությունը, որի տակ ստորագրել է շարժման վարչությունը։ Ո՞վ է հանդիսանում վարչության անդամ։
-Չգիտեմ։
-Ինչպե՞ս չգիտեք։ Եթե նույնիսկ Դուք չգիտեք, ապա ո՞վ գիտի։
-Թալիշական ազգային շարժման գաղափարն իմն է, և նրա բոլոր փաստաթղթերը գրել եմ ես անձամբ։ Սակայն այդ շարժումը գրանցում է ստացել Հոլանդիայում, այդ պատճառով ես տեղյակ չեմ, թե ում անունն է արձանագրության մեջ։
-Իսկ ովքե՞ր են այդ շարժման մասնակիցները, որի մասին Դուք խոսում եք։
-Դա անանուն շարժում է, ուր հայտնի են միայն մի քանիսի ազգանունները։ Մարդիկ, ովքեր ընդունակ են պաշտպանելու իրենց ցանկացած պայմաններում։ Իսկ մնացածներին կարող եք որոնել, խնդրեմ, գուցե ինչ-որ մեկին գտնե՞ք։
-Իսկ ինչպե՞ս եք դուք ձեր ուժերի ստուգատես անցկացնում։
-Լավ հարց է։ Ինքնըստինքյան մենք պարբերաբար մոնիտորինգ ենք անցկացնում` մեր շարժման ուժերը ճշտելու համար։
-Կոնկրետ ինչպե՞ս։
-Ասենք` իշխանությունները թույլ են տալիս հերթական հիմարությունը, և դա մեզ համար դառնում է իսկական մոնիտորինգ։ Օրինակ, երբ ես ժամանեցի հայրենիք, իշխանությունները ցանկացան հանրահավաք կազմակերպել իմ դեմ։ Այդ հանրահավաքին` իմ հայրենի Լիկում, մասնակցեց ընդամենը 24 մարդ, հիմնականում կրթության և առողջապահության տեղական համակարգերի չինովնիկներ։ Իսկ Լանկոնում հանրահավաքի «դուրս եկավ» միայն 16 մարդ։ Այդպես մենք կարողացանք ստուգել մեր ուժերը և հասկանալ, որ թալիշներն աջակցում են մեր շարժմանը։
-Սակայն ի՞նչ շարժում է դա, որի վարչության անդամներին նույնիսկ Դուք չեք ճանաչում։
-Ես Ձեզ չեմ հասկանում։ Եթե Դուք վստահ եք, որ նման շարժում չկա, ապա հանգիստ թողեք մեզ։
-Բայց պրոբլեմը, այնուամենայնիվ, գոյություն ունի։
-Եթե Դուք պրոբլեմ ունեք, նշանակում է շարժումն էլ գոյություն ունի։ Ցավոք, վերջին տարվա ընթացքում ԹԱՇ-ն աստիճանաբար հայտնվեց չգոյության մեջ և ներկայումս գտնվում է ազդեցության գործակալների լիարժեք վերահսկողության ներքո։ Այդպիսին ենք մենք համարում թալիշական շարժման այն նախկին ակտիվիստներին, որոնց գործողություններից որոշակիորեն երևում է հատուկ ծառայությունների կողմից նրանց կառավարվելու հանգամանքը։ Այդպիսի գործողությունների արդյունքում ԹԱՇ-ն այսօր, գործնականում, ինքնամեկուսացված է։ Հաշվի առնելով դա, մենք այս տարվա մայիսին ստեղծեցինք նոր կազմակերպություն` «Թալիշի վերածննդի շարժման» կազմկոմիտե։ Այս կազմակերպության ծրագիրն ու կանոնադրությունն արդեն պատրաստ են և ակտիվ քննարկվում են մեր համախոհների շրջանում։ Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք անցկացնել հիմնադիր կոնֆերանս։
Գոյություն ունեն նաև թալիշական այլ կազմակերպություններ։ Մասնավորապես, թալիշական մշակույթի վերածնման միջազգային ֆոնդը, որը բավականին հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները։ Կան կազմակերպություններ թալիշական սփյուռքում, որոնք իրագործում են իրենց լոկալ նպատակները։ Մեկ տարի առաջ Մոսկվայում ստեղծվեց «Թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությունը։ Ցավոք, այն թեկուզ գտնվում է Մոսկվայում, բայց նրա ղեկավարության անհետևողական գործողությունները երբեմն զարմացնում են և մեզ իրավունք տալիս ենթադրելու, որ այդ կազմակերպությունը կառավարում են այն նույն ազդեցության գործակալները, ովքեր ինքնամեկուսացման հանգեցրին ԹԱՇ-ը։
-Ինչպիսի՞ն է թալիշական շարժման դերն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, որքանո՞վ են դրական այդ գործունեության արդյունքները միջազգային բեմահարթակում։
-Չնայած Ադրբեջանի հատուկ ծառայությունների բոլոր ջանքերին, թալիշական շարժումը զարգանում է օրեցօր։ Վերջին տարիներին մենք բուն Ադրբեջանում հրատարակել ենք տասնյակ թալիշերեն գրքեր։ Անցյալ տարի լույս տեսավ ռուս-թալիշերեն երկհատոր բառարանը, որը ներառում է 82 հազար բառ։ Այսօր ես ավարտել եմ աշխատանքը թալիշերեն-թուրքերեն բառարանի կազմման վրա, աշխատում ենք նաև թալիշերենի քերականության դասագրքի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև ռուս-թալիշերեն զրուցարանի և «Թալիշական լեզուն նկարներում» դասագրքի վրա։ Օրերս լույս կտեսնի իրանցի գիտնական Խ. Ահմեդիի «Թալիշներ» գիրքը ռուսերեն։ Մենք ստեղծել ենք նաև էլեկտրոնային գրադարան, որ կազմված է թալիշերեն գրքերից և թալիշ ժողովրդին նվիրված պարբերականներից։ Խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական միջոցների անբավարարությունն այս աշխատանքների թափը մեծացնելու համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքին, ապա ինչպես պաշտոնական իշխանությունները, այնպես էլ տխրահռչակ ընդդիմությունն այնպիսի կեցվածք են ընդունել, թե չեն նկատում մեզ։ Թալիշները բացարձակապես մեկուսացված են երկրի քաղաքական և հասարակական կյանքի մասնակցությունից, մեզ պաշտոնապես արգելված է ստեղծել քաղաքական և այլ կազմակերպություններ ազգային հիմքի վրա։ Թալիշները կարող են մասնակցություն ունենալ միայն այլ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մեջ, մինչդեռ երկրում չկա ոչ մի կազմակերպություն, որը պաշտպաներ ոչ թուրքական ծագում ունեցող ժողովուրդների իրավունքներն այն դեպքում, երբ ինչքան ուզեք պանթուրքական կազմակերպություններ կան։ Սակայն ընտրությունների ժամանակ նրանք, միևնույն է, հարկադրված են լինում դիմել մեզ, ինչպես դա տեղի ունեցավ 2003-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գրեթե բոլոր ղեկավարներն աշխատում էին համագործակցել մեզ հետ։
Միջազգային բեմահարթակներում մենք կարողացանք անել գլխավորը` համաշխարհային հանրության ուշադրությանը ներկայացնել ճշմարտությունը թալիշների մասին և ստիպել միջազգային կազմակերպություններին լրջորեն զբաղվել թալիշական հարցով։ Ափսոս, որ աշխարհն այսօր ավելի անհանգիստ է էներգետիկ պրոբլեմներով, քան ժողովուրդների ճակատագրով։
-Արդյոք թալիշական շարժման գաղափարներն աջակցություն ստանո՞ւմ են բուն Թալիշստանում, Բաքվում ապրող թալիշների շրջանում, Մոսկվայի և այլ վայրերի թալիշական սփյուռքում։
-Այդ հարցն ինձ հաճախ են տալիս ինչպես մեր բարեկամները, այնպես էլ հակառակորդները, և ամեն անգամ ես հարկադրված եմ պատասխանել հետևյալ կերպ. մենք նորմալ մարդիկ ենք։ Եթե, Աստված մի արասցե, մեր ջանքերը չունենային կոնկրետ արդյունքներ, և եթե մենք չզգայինք ու չտեսնեինք թեկուզ աննշան առաջընթաց մեր պայքարում, վաղուց արդեն կթողնեինք դա և կզբաղվեինք այլ գործերով։ Ավելի կոնկրետ այդ հարցին կարող ենք պատասխանել այսպես. մի պահ պատկերացրեք մեր հայրենիքի` Թալիշի, աշխարհագրությունը։ Դա մի ինքնատիպ կաթսա է, որտեղ իմ ժողովուրդը ստիպված է ապրել և պահպանել իր ինքնատիպությունը, լեզուն, մշակույթ, և սովորույթները բազմաթիվ դարերի ընթացքում։ Այդ ժողովուրդը վաղուց կմեռներ, եթե յուրաքանչյուր թալիշի սրտում չլիներ ազատության ձգտումը։ Նայենք պատմությունը. միայն վերջին 100 տարիների ընթացքում, 20-րդ դարասկզբից ի վեր և՛ Իրանում, և՛ Ադրբեջանում բոլոր հեղափոխությունները սկիզբ են առել Թալիշից։ Դա ևս մեկ ապացույց է, որ թալիշ ժողովուրդը միշտ եղել է հավատարիմ ազատության և անկախության իդեալներին։
Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր թալիշ ինչպես բուն Թալիշում, այնպես էլ Ադրբեջանի այլ տարածաշրջաններում, գտնվում է հատուկ ծառայությունների հատուկ ուշադրության ներքո։ Բավարար է թեկուզ այն փաստը, որ Թալիշի երկրամասում ուժային կառույցների ղեկավարների մեջ ոչ մի տեղացի չկա, դա արդեն շատ բան է ասում։ Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով աշխատում են մեկընդմիշտ վերջ դնել թալիշական շարժմանը, բայց այն աջակցություն է գտնում թալիշ ժողովրդի կողմից։ Բնականաբար, ոչ միշտ այն ակտիվությամբ, ինչ ցանկալի է, բայց աջակցությունը միանշանակ է։ Ադրբեջանական իշխանությունները դեռ անկախության արշալույսին ծրագրեր էին մշակել Թալիշի երկրամասից թալիշ ժողովրդին դուրս մղելու ուղղությամբ։ Նրանք հուսով էին, որ տեղափոխվելով երկրի այլ տարածաշրջաններ` կենթարկվեն ուծացման։ Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանց ջանքերը հենց իրենց դեմ շուռ եկան։ Դեռևս մի տասը տարի առաջ Բաքվում և Ապշերոնյան թերակղզում հազվադեպ կարելի էր լսել թալիշերեն խոսք, քանի որ թալիշներն ուղղակի վախենում էին խոսել իրենց մայրենի լեզվով մայրաքաղաքի հասարակական վայրերում։ Բայց այսօր ի՞նչ է կատարվում Բաքվում ու նրա արվարձաններում. ամենուրեք թալիշներն ազատ խոսում են իրենց լեզվով` առանց շուրջը նայելու։ Այդ առումով, թալիշական շարժումն ավելի է աջակցություն գտնում Բաքվում և նրա շրջակայքում գտնվող թալիշների կողմից, քան բուն Թալիշի երկրամասում, որտեղ հսկողությունը համատարած բնույթ ունի։ Ապշերոնում բնակվող թալիշները միաժամանակ առանձնանում են բարձր ակտիվությամբ, որովհետև յուրաքանչյուր քայլի բախվում են ծաղրանքի թալիշ ժողովրդի հասցեին, ինչն ինքնաբերաբար բողոք է առաջացնում իշխանությունների դեմ, որոնք հովանավորում են թալիշ ժողովրդի նկատմամբ այդ կարգի գործողությունները։
Հարկ է ընդգծել ևս մեկ հանգամանք. մեր շարժման նկատմամբ թալիշ ժողովրդի վերաբերմունքի մեջ համոզվելու համար բավական է որոշակի ժամանակ գտնվել նրանց միջավայրում։ Երեքուկես տարի ես ապրել եմ հայրենիքում, և դա ինձ համար բառացի դժոխք կդառնար, եթե չլիներ հայրենակիցներիս աջակցությունը։ Եթե միայն Դուք տեսնեիք, թե ինչպես են փոխվել թալիշները, ինչպես էին վառվում նրանց աչքերը, երբ մենք հարսանիքներում կենացներ էինք ասում թալիշերեն։ Դրանից հետո նրանք ուղղակի հերթ էին կանգնում մայրենի լեզվով ելույթ ունենալու համար։ Միգուցե Ձեզ համար դա դժվար է հասկանալ, բայց այսօր հենց Բաքվում տեղի ունեցող բոլոր հարսանիքներում կարելի է լսել թալիշերեն երգեր, ինչն անհնար էր պատկերացնել հինգ տարի առաջ։
Ինչ վերաբերում է Մոսկվային և թալիշական սփյուռքի կենտրոնացման այլ վայրերին, պատկերացնել չեք կարող, թե ինչ պայմաններում ենք հարկադրված աշխատել Մոսկվայում։ Ոչ պաշտոնական տվյալներով` Ռուսաստանի տարածքում այսօր ապրում է 500-800 հազար թալիշ։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի հատուկ ծառայություններն այստեղ ավելի ակտիվ են աշխատում, քան բուն Ադրբեջանում։ Հատկապես Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում նրանք գործողությունների լիարժեք ազատություն ունեն այս ուղղությամբ։ Դրա պատճառները մեզ մինչև վերջ հայտնի չեն, բայց դա փաստ է։ Նրանք թակում են յուրաքանչյուր թալիշի դուռը, սպառնում ու վախեցնում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ առնչություն ունեն թալիշական շարժման հետ։ Անցկացվում են «բացատրական» զրույցներ ցանկացած թալիշ մտավորականի հետ, եթե անգամ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Բայց, չնայած դրան, մեր շարժումը գոյություն ունի և շարունակում է զարգանալ հենց Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում գոյություն ունեցող թալիշական սփյուռքի շնորհիվ։ Մենք ապրում ենք ու պայքարում հենց մեր թալիշների ֆինանսական աջակցության շնորհիվ։ Եվ գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր, չվախենալով հետապնդումներից և ռեպրեսիաներից, շարունակում են աջակցել մեր շարժմանը բոլոր միջոցներով։
-Ինչպիսի՞ն է Իրանի դերը թալիշական շարժման զարգացման մեջ։ Գոյություն ունե՞ն շփումներ Իրանի թալիշ բնակչության հետ։
-Բազմիցս գրել եմ թալիշական շարժման մեջ Իրանի դերի մասին։ Մենք` իբրև Իրանի պատմական մասը, իրավունք ունենք ակտիվ աջակցություն սպասելու Իրանից։ Սակայն Իրանի իշխանությունների դիրքորոշումը քողարկված է և անհասկանալի հենց մեզ համար։ Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք չեն ուզում թալիշների պատճառով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Դրանով հանդերձ, նրանք ակտիվ օգտագործում են թալիշական խաղաքարտը` Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Դեռևս 2003-ին Թեհրանում բարձրաստիճան իրանական քաղաքական գործիչները պատմում էին ինձ, որ հոգևոր առաջնորդը դեռ երեք տարի առաջ հրաման է արձակել Իրանում թալիշական նահանգ ստեղծելու մասին։ Բայց, ինչպես տեսնում եք, առայսօր ոչ մի փոփոխություն չկա։
Ադրբեջանում և այլ երկրներում շատերն են կարծում, թե հենց Իրանում է ֆինանսավորվում և աջակցություն ստանում մեր շարժումը։ Ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հանրությանը թալիշներին ներկայացնում է իբրև բացառիկ իսլամական ֆունդամենտալիստների, ինչը բացասական դեր է խաղում մեր նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքում։ Բայց գործնականում այդպես չէ, մեր շարժումը գաղափարախոսական չէ, այլ քաղաքական։ Մեր սկզբունքները հեռու են գաղափարախոսական մարազմից, և մենք բարեկամ ենք համարում այն մարդուն կամ պետությանը, որը բոլորից շուտ և բոլորից ավելի է պատրաստ օգնելու մեր ժողովրդին իր հողի, իր իրավունքների վերականգնման արդար պայքարում։
Իրանի այդպիսի վերաբերմունքը թալիշական հիմնա-խնդրին, իմ կարծիքով, այն պատճառով է, որ Իրանի ճակատագիրն ամենևին էլ իրանցիների ձեռքում չէ։ Կարող եմ ներկայացնել մի պատմություն, որը բնորոշ է Իրանի ճակատագրի նկատմամբ իրանցի չինովնիկի վերաբերմունքի առումով։ Կազանում եվրասիական կոնֆերանսին մասնակցելու ժամանակ ես առաջին իսկ օրը ծանոթացա տեղում Իրանի հյուպատոսի հետ, որը ելույթ ունեցավ այդ կոնֆերանսում։ Նրան խնդրեցի մասնակցել կլոր սեղանին, որը նվիրված էր լինելու Իրանում իսլամական հեղափոխության 30-ամյակին։ Նա խոստացավ մասնակցել, եթե կլոր սեղանը կազմակերպվի օրվա առաջին կեսին։ Հաջորդ օրն առավոտից միջոցառումը սկսվեց, բայց նրա ստվերն անգամ չերևաց։ Իրանական թեմայով հետաքրքրություն ցուցաբերելու փոխարեն, մանավանդ այնպիսի մի ժամանակ, երբ Իրանը լուրջ մարտահրավերների առջև է, հյուպատոսը կլոր սեղանի ուղարկեց պարսկերենի ինչ-որ մի ուսուցչի։ Վերջինս ելույթ ունեցավ միջոցառմանը և, փոխանակ շնորհակալություն հայտնելու մյուս ելույթ ունեցողներին Իրանի ճակատագրով մտահոգ լինելու համար, բավական ինքնավստահ տեսքով, ինչը բնորոշ է իրանցի չինովնիկների մեծամասնությանը, հայտարարեց. «Դուք չեք գտնվում այդ համակարգի ներսում և իրավունք չունեք քննադատելու այն»։ Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի վերաբերմունքից հետո իրանցի չինովնիկից թալիշների ճակատագրի վերաբերյալ։ Դուք կարող եք ասել, որ դա մասնավոր դեպք է, բայց, ցավոք, այդպիսի հազարավոր փաստեր կան։ Իսկ ինչ վերաբերում է Իրանում բնակվող թալիշներին, մենք նրանց հետ շատ սերտ շփումներ ունենք, և նրանցից շատերն աջակցում են մեր շարժմանը։
-Ռուսաստանում որքանո՞վ է թալիշական շարժումն արժանանում ռուսական հասարակության, քաղաքական կուսակցությունների և պաշտոնական իշխանությունների աջակցությանը։
-Վերջերս ռուսական քաղաքական և հասարակական շրջանակներում զգացվում է ինչ-որ աշխուժություն թալիշների նկատմամբ վերաբերմունքի առումով։ Շատերն են հետաքրքրվում և նույնիսկ զարմանում, որ մինչ օրս չեն հետաքրքրվել այդ ժողովրդով։ Վերջին շրջանում ես ունեցել եմ մի քանի հանդիպումներ ռուսական առաջատար քաղաքական գործիչների և վերլուծաբանների հետ։ Դա հույս է ներշնչում, որ մոտ ապագայում կփոխվի նաև պաշտոնական իշխանության վերաբերմունքը։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ և մոտ ժամանակներս հույս ունենք իրական արդյունքի հասնել։ Թեպետ Ռուսաստանի իշխանությունների առումով ինձ հայտնի չէ ոչ մի փաստ, որ նրանք հրապարակայնորեն հանդես գային թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Չնայած դրան, մեր գենետիկ և պատմական մոտիկությունը Ռուսաստանի հետ մեզ հիմք է տալիս հուսալու, որ նրա կողմից աջակցություն կլինի։ Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս շարունակում է Ադրբեջանի հետ խաղալ «ռազմավարական գործընկերության խաղը»։ Բայց մենք համոզված ենք, որ սարերի հետևում չէ այն օրը, երբ նրանք ամեն դեպքում կհասկանան, որ այդ ամենն ընդամենը խաղ էր։
-Որո՞նք են թալիշական շարժման խնդիրներն ու նպատակները։ Դա թալիշ ժողովրդի սոցիալ-մշակութային իրավունքների պաշտպանությո՞ւնն է, ինքնավարության հասնե՞լը, թե՞ Ադրբեջանից անջատվելը։
-Ես կարող եմ խոսել մեր կազմակերպության անունից, որի նպատակն է ինքնավարությունը Ադրբեջանի կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք դեռևս հավատում ենք, որ և՛ Ադրբեջանում, և՛ մեզ շրջապատող աշխարհում վաղ թե ուշ կհանգեն այն իրողության ընկալմանը, որ հասել է մեր մեկուկես միլիոնանոց ժողովրդին ինքնավարություն տրամադրելու ժամանակը։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։ Ադրբեջանը մեր հայրենիքն է, այն մեր հայրենիքն է եղել հազարամյակներ առաջ, մինչև այդ հողի վրա եկվորների հայտնվելը։ Մենք մեր հայրենիքը չենք պատրաստվում որևէ մեկին զիջելու, բայց դա չի նշանակում, որ մեր առջև չենք դնում այլ խնդիրներ։ Եթե Ադրբեջանում և աշխարհում լսելի չլինի ինքնավարության մեր պահանջը, ապա մենք պատրաստ ենք փոխելու մեր հայացքներն իրերի դրության նկատմամբ։
-Գոյություն ունե՞ն տարաձայնություններ, տարակարծություններ թալիշական շարժման մեջ։ Ինչո՞վ են դրանք բացատրվում` բնակության վայրո՞վ, կրթվածության աստիճանո՞վ, կրոնական զգացումներո՞վ, թե՞ արտաքին քաղաքական կողմնորոշումներով։
-Բնականաբար, այդպիսի տարաձայնություններ գոյություն ունեն։ Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ Թալիշի ապագան տեսնում է յուրովի։ Կան թալիշներ, որոնք Թալիշը դիտարկում են Ադրբեջանի ազերի-թուրքերի հետ հավերժական միության մեջ և իրենց նույնիսկ չեն պատկերացնում Ադրբեջանի կազմից դուրս։ Դրան գումարած, նրանք գոհ են իրենց ներկա կացությամբ, բավականին հարմարավետ են զգում իրենց այդ պայմաններում և թալիշական շարժման գլխավոր նպատակը համարում են Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, բարեկամությունը շրջապատի հետ, եթե անգամ շրջապատում դա չեն գնահատում։
Մեր շարժման մասնակիցների մեծ մասը, հիմնականում մտավորականության ներկայացուցիչները, իր խնդիրն է համարում աշխատանքը մշակութային դաշտում։ Այսինքն` թալիշերեն գրքերի հրատարակումը, մեր ժողովրդի լուսավորումը։ Նրանք չեն ցանկանում մասնակից լինել քաղաքական ակցիաների և Ադրբեջանի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների այսպիսի ծավալման պայմաններում նույնիսկ վախենում են մտնել քաղաքականության մեջ։ Գոյություն ունի նաև արմատականների որոշակի հատված։ Մեր շարժման մասնակիցների բավական ստվար մասը կրոնական մոլեռանդ է, որ Թալիշի ապագան տեսնում է միայն Իրանի կազմում։ Նրանց կարգախոսն է` «Նախ` կրոնը, ապա ժողովուրդը», և դա արդեն իսկ բացատրում է նրանց հայացքները։ Նրանց թվում կան Թալիշի շատ հայրենասերներ և նրանք պատրաստ են ցանկացած պահի սրբազան պատերազմի ելնելու հանուն իրենց ժողովրդի։ Բայց գոյություն ունեն Իրանի հատուկ ծառայությունների բազմաթիվ գործակալներ, ովքեր նախընտրում են աշխատել միայն Թեհրանի ցուցումներով։ Կան նաև ռուսամետ կողմնորոշում ունեցողներ, ովքեր հիմնականում բնակվում են Ռուսաստանի տարածքում, բայց ծագումով Թալիշից են։ Ահա այսպիսի պայմաններում էլ թալիշական շարժումը շարունակում է իր պայքարը։ Այդ պայքարը տեղի է ունենում մշտական թարմացման պայմաններում, ինչը շարունակվում է մինչ օրս։
-Ղարաբաղյան շարժման ամենասկզբում Բաքվում բնակվող թալիշները ծայրահեղ թշնամությամբ ընկալեցին հայ ժողովրդի այս շարԺումը։ Նրանց պահվածքը հայերի նկատմամբ ավելի թշնամական էր ու ագրեսիվ, քան Ադրբեջանի այլ ազգություն ունեցող բնակչության։ Այդ վերաբերմունքը պայմանավորված էր էթնիկական կոմպլեքսո՞վ, Ադրբեջանին իրենց լոյալությունը ստիպված ապացուցելու ձգտումո՞վ, թե՞ բացատրվում է որոշ քաղաքական նկատառումներով։
-Դա ամենից առաջ բացատրվում է նրանով, որ ինքնին ազգային ազատագրական շարժումն Ադրբեջանում այն տարիներին սկսվեց հենց թալիշներից։ Այդ շարժման առաջատար ջոկատը գտնվում է Լանկոնում` Թալիշի մայրաքաղաքում։ Այնտեղ տեղի ունեցավ խորհրդային իշխանության առաջին հեղաշրջումը 1990-ին։ Այն տարիներին բոլոր թալիշները հայրենասերներ էին, «ադրբեջանցիներ» և պայքարում էին իրենց հայրենիքի անկախության ու նրա տարածքային ամբողջականության համար։ Շատերը կարծում կամ համոզված էին, որ բոլորս մի ժողովուրդ ենք և կարիք չկա տարաբաժանել այն թուրքերի, թալիշների և այլոց։
Բայց այդ էյֆորիան շատ արագ անցավ, երբ թալիշները բախվեցին պանթուրքիզմի առաջին դրսևորումներին։ Թեպետ գոյություն ունի ևս մեկ գործոն` հայրենիքի գործոնը։ Բոլոր թալիշները համոզված էին, որ Ադրբեջանն իրենց հայրենիքն է, և իրենք բնականաբար պետք է ամենից ավելի մտահոգվեն նրա ճակատագրով։ Նրանցից շատերը հենց ղարաբաղյան ճակատում համոզվեցին, որ Ադրբեջանում բնակվող այլոց համար այն բոլորովին էլ հայրենիք չէ, որովհետև հայրենիքը պետք է պաշտպանել, ոչ թե դիտարկել իբրև բարեկեցության աղբյուր։ Եվ այսօր էլ ղարաբաղյան ճակատ են ուղարկում հիմնականում թալիշներին, որովհետև մյուսները եթե ընդհանրապես ծառայում են, ապա նախընտրում են ծառայել ինչ-որ տեղ` Թալիշի լեռներում, իրանական սահմանի վրա, ուր հնարավոր է կարողություն դիզել մաքսանենգությամբ։
Երբ թալիշները հասկացան, որ Ադրբեջանը խլված է իրենցից, հայրենիքն արդեն վաղուց փաստացի իրենց չի պատկանում, և որ իրենք սեփական հողի վրա պատանդներ են, այն ժամանակ էլ սթափվեցին։ Այնպես որ, չի կարելի խոսել հայրենիքի կամ որևէ մեկի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին։ Պարզապես թալիշները մտածել էին, որ պաշտպանում են և պարտավոր են պաշտպանել իրենց հայրենիք Ադրբեջանը։ Մեր զրույցի ավարտին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ հետաքրքիր հարցերի համար, խաղաղություն ձեր երկրին և ամենայն բարիք։

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ