«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՑԸ ԹԽՎՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

ՀԱՑԸ ԹԽՎՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
09.02.2010 | 00:00

Կարո՞ղ եք ասել` մինչև սպառողի սեղանին հասնելը հանապազօրյա հացը քանի՜-քանի մարդու ձեռքով է անցել, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է թխվել ու տեղափոխվել վաճառակետ: Եթե գյուղերում հացը միայն տանտիրուհիների ձեռքերի ջերմությամբ է համովանում, ապա քաղաքում, համ ու հոտի առումով, միայն բողոքներն են առերես, իսկ հացաթխման մանրամասները կասկածներ ու ենթադրություններ են ծնում միայն:
Որպեսզի փարատենք կասկածները, ինչ-որ տեղ նաև հակառակում համոզվենք, փորձեցինք անակնկալ այցելել որևէ հացի արտադրամաս, սակայն գրեթե ոչ մի տնտեսավարող չհամաձայնեց դուռը բացել մեր առջև` «շառից հեռու»:
Հացն առավոտյան մարդատար մեքենաներով խանութներ տանելը, դարակաշարերի փոխարեն էլ ունիվերսալ բանանի արկղեր տեսնելն արդեն օրինաչափություն է, մինչդեռ հացի տեղափոխման կանոնները թելադրում են, որ այն խանութ պետք է տեղափոխվի միայն հարմարեցված, սանիտարական մաքուր վիճակում գտնվող մեքենայով, որը պետք է ունենա հիգիենիկ ծածկ, պարբերաբար մաքրվող ու ախտահանվող դարակաշարեր: Բայց հացի մերօրյա խնդիրը բնավ չի սահմանափակվում տեղափոխման հակահիգիենիկ ընթացքով:
Եթե լրագրողը փորձի անակնկալ այցելել որևէ հացի արտադրամաս, նրա առջև, մանավանդ եթե կա տեսախցիկ, հաստատ դուռ չեն բացի, մինչդեռ, առանց դուռ բացելու էլ, ինքներս էլ տեսնում ենք շատ փռերի թափանցիկ աշխատանքը. ճամփեզր, ապակեպատ «հացատուն», դռան կողքին` տաք հացի բաց վաճառք:
Հերթական արտադրամաս մտնելուց առաջ թույլտվություն ստանալու երկար գործընթացն է. տնօրենի հեռախոսահամար, զանգ, բացատրություն, մերժում: Խոսքի ենք բռնվում գնորդի հետ։ Հացը տոպրակո՞վ են տալիս` հարցնում ենք։ «Չէ, հա, ի՞նչ տոպրակ, զանգը տալիս ես, հացը ձեռքով բռնած բերում են, նույն ձեռքով փող տալիս»:
Մեկ այլ տեղ մուտքը չարգելվեց. աշխատանքային ժամ չէր, հացաթխումն էլ մի քանի ժամից էր սկսվելու, բայց արտադրամասի պայմաններին հնարավոր եղավ ծանոթանալ: Տնօրենն անկեղծացավ` իդեալական վիճակ չէ, վաղուց չի վերանորոգել: Մենք էլ նկատեցինք` սևացած պատեր, անհարթ հատակ։ Խնդիրներն այնքան շատ են, որ ներքին հարդարմանը հերթ չի հասնում: Յոթ աշխատող ունի, չորս տեսակի 900 հաց է ամեն օր այստեղից հայտնվում սպառողի սեղանին` խմորվում, գնդվում, յուրաքանչյուրը` նաև կշռվում։ «Լավաշը պետք է 800 գրամ լինի, մի քիչ ավել ենք խմոր դնում` որոշ ժամանակից քաշը փոքր-ինչ նստում է,- անկեղծանում է մեր զրուցակիցը։ - 320-գրամանոց հացը խանութին տալիս եմ 300 գրամի տակ, որ հանկարծ նստի, թերքաշ չլինի, ու որևէ խնդիր չունենամ»: Պատրաստի հացը հենց իրենք էլ բաժանում են խանութներին:
Հիմա, երբ փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումները դադարեցվել են, հաց թխելու գործը պատշաճորեն կազմակերպելու բեռն ամբողջովին արտադրամասերի ղեկավարների խղճին է: Գյուղնախարարության սննդի անվտանգության տեսչության ամենավերջին ստուգումների արդյունքները միայն հաստատում են մեր քաղաքացիների կասկածները: Տեսչության սննդի անվտանգության բաժնի պետ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` ստուգումներ են իրականացրել 140 արտադրամասերում, գրեթե բոլորում արձանագրել խախտումներ: Տնտեսավարող սուբյեկտներն իրազեկված չեն եղել տեխնոլոգիական հրահանգի պարտադիր պահանջներին: Մակնշում կա՛մ չկա, կա՛մ թերի է, ալյուրի, ձեթի համապատասխանության սերտիֆիկատներ նույնպես չկան, գրանցվել են թերքաշության փաստեր: Շատ դեպքերում տեղեկատվական թերթիկում նշված զտաքաշը չի համապատասխանել հացի իրական քաշին. գրանցվել են մինչև 40 տոկոս շեղումներ:
Ի դեպ, հացի արտադրության ոլորտը կարգավորվում է ՀՍՏ 3199 ազգային ստանդարտով, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների», «Սննդամթերքի անվտանգության» մասին օրենքներով, որոնց համաձայն, արտադրամասերում տնտեսավարող սուբյեկտը պետք է ունենա տեխնոլոգիական հրահանգ` հացաթխման ողջ տեխնոլոգիական գործընթացի շարադրմամբ` հումքի ընդունումից մինչև վերջնական արտադրանքի ստացումը, ունենա նշված ազգային ստանդարտը, իրացման վայր հասցնի թողարկված ապրանքի մասին տեղեկատվություն` ապրանքատրանսպորտային բեռնագրի տեսքով: Իսկ ահա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի ութերորդ հոդվածի առաջին մասով նորմատիվ փաստաթղթերի պարտադիր առկայության պահանջի խախտումը ենթադրում է տուգանք` 100-300 հազար դրամով, իսկ հումքի համապատասխանության սերտիֆիկատների բացակայությունը` 50-100 հազար դրամով: Թերքաշի դեպքում արտադրողը տուգանվում է 30 հազար դրամով: Արթուր Վարժապետյանն ասում է, որ իր նշած սուբյեկտների նկատմամբ կիրառվել է շուրջ տասը միլիոն դրամի վարչական տույժ: Նախորդ տարի` մինչև տեսչական ստուգումների դադարեցումը, ստուգվել է 40 արտադրամաս, հայտնաբերվել են գրեթե նույն խախտումները: Այս անգամ տուգանքի ընդհանուր գումարը հինգ միլիոն դրամ է կազմել: Տեսչությունը լիազորված է անգամ կասեցնելու անբարեխիղճ տնտեսավարողների գործունեությունը. առայժմ տեսուչներն այդ քայլին դիմել են միայն մարզերում:
2008-ից հացի արտադրամասերի տարածքների վերահսկողության գործառույթը ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունն է իրականացնում: Այս ստուգումներն էլ են «շոշափել» հացթուխների գրպանը, սակայն շահութաբերությունը թույլ է տալիս վերջիններին վճարելու տուգանքն ու շարունակել աշխատել նույն կերպ: Նախորդ տարվա սկզբին, մինչև տեսչական ստուգումների դադարեցումը, 177 արտադրամասերի սանիտարահիգիենիկ զննման արդյունքում արձանագրվել են տարբեր տեսակի խախտումներ: Այս պարագայում սահմանված է 40-150 հազար դրամի տուգանք: Տեսչության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԻ տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, տասը միլիոն դրամի խախտում է գրանցվել, շատ արտադրամասեր վերանորոգման կարիք ունեն: Հացաթխման արտադրամասերին ներկայացվող պարտադիր պահանջներից մեկն էլ այն է, որ բոլոր տարածքները պետք է տեղադրված լինեն ըստ հոսքայնության, այսինքն` մի տեղից հումքը մտնի, մյուսից դուրս գա պատրաստի արտադրանքը: Արտադրամասը պետք է ունենա պահեստային, հացաթխման և կենցաղային առանձնացված մասեր: Ալյուրը պետք է մաղվի մետաղորսիչներով, որպեսզի կանխվի ցանկացած տեսակի մետաղական մնացորդի` հացի մեջ հայտնվելը, վառարաններն ամեն թխումից հետո մաքրվեն, իսկ որոշակի պարբերականությամբ` ոչ ուշ, քան երեք օրը մեկ, լվացվեն: Պարտադիր են հոսող ջուրը, ախտահանիչ նյութերի առկայությունը: Շինությունները պետք է վերանորոգված լինեն, ունենան հիգիենիկ ծածկ, օդափոխության համակարգ, սալիկապատ կամ բետոնե հատակ, բուժզննում անցած աշխատողները` արտահագուստ։
Նորքի 2-րդ զանգվածի արտադրամասերից մեկի տնօրենը քաջատեղյակ է այդ պահանջներին, անգամ ընդունում է, որ թերություններ կան, և դրանք պետք է շտկել, սակայն, մինչև արտադրամասը պատշաճ տեսքի բերելը, հացի արտադրությունը դադարեցնելու միտք չունի:
Արտադրամասից երկար ոդիսականով խանութ հասած հացը վաճառքի իր կանոններն ունի: Վաճառվող հացերը պետք է զուգահեռ շարվեն փայտե դարակների վրա, իրար վրա լցնելն արգելվում է: Փաթեթավորված հացի վրա պարտադիր է մակնշումը` արտադրողի անվանման, հացատեսակի, քաշի ու բաղադրության տեղեկատվությամբ: Իսկ առանց փաթեթավորման հացերը պետք է դարակում կողք կողքի շարված լինեն, դարակի վրա էլ փակցված լինի տեղեկատվական թերթիկը: Արգելվում է ձեռքով հացի մատուցումը:
Ըստ Արթուր Վարժապետյանի` հացի պիտակի վրա անպայման պետք է նշվի քաշից թույլատրելի շեղումը, որը կառավարության որոշմամբ 2-3 տոկոս է: Այս կանոնների մասնակի կամ ամբողջական խախտումը առանց բացառության, առկա է բոլոր խանութներում. իրավիճակը մի քանի օրով կարող է կարգավորվել, երբ համապատասխան տեսչություններն են հերթական ստուգումների դուրս գալիս:
Երեք ամիս առաջ տեսուչները հասարակական կառույցների հետ մոնիթորինգ էին անցկացրել Վանաձորում, Գյումրիում, Երևանում: «Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆՆ ասաց, որ Վանաձորում, օրինակ, քաշի առումով տասը հացի մեջ մեկ հացի խախտում կա: Այսինքն, եթե տասը հացից մեկն իրենց է մնում, գներն էլ բարձր են, ուրեմն, հացի արտադրությունը մեզանում չափազանց շահութաբեր կարելի է համարել:
Առանց պիտակի ու չմակնշված հացեր մեր հացաթխման արտադրամասերում` ինչքան ասես, իսկ սպառողն անտարբեր է, չի պահանջում դրանք, վաճառողն էլ չի փակցնում: Մեր հարցումները ցույց տվեցին, որ նկատելիս էլ քչերն են «գլուխ դնում» վաճառողի հետ:
Մասնագետներն ասում են, որ ոլորտի ամենամեծ բացթողումն օրենսդրական է. հացի արտադրության ոլորտում դեռ տեր ու տնօրինություն են անում խորհրդային ժամանակավրեպ «բարքերը»: Քննարկման սեղանին է արդեն հացի և հացաբուլկեղենի տեխնիկական նոր կանոնակարգի օրինագիծը, որտեղ պարտադիր է ապրանքատրանսպորտային բեռնագրի առկայությունը, տեղեկատվական թերթիկը, արգելվում է հացի տեղափոխումը մարդատար մեքենայով, սահմանվում է թույլատրելի սննդային հավելումների ցանկն ու թույլատրելի չափաքանակը: Իսկ ամենակարևոր փոփոխությունը ոլորտի սերտիֆիկացումն է: Արթուր Վարժապետյանի հավաստմամբ` այսօր սննդամթերքից միայն հացն է, որ կարելի է առանց սերտիֆիկատի արտադրել, սակայն նոր օրինագծով փորձում են ամրագրել, որ առանց անհրաժեշտ պայմանների ապահովման, առանց համապատասխան տեխնիկայի ու փաստաթղթերի արգելվում է հացի արտադրությունը: Մինչև օրինագիծը դրվի շրջանառության մեջ, սպասվելիք խստացումներն էլ դառնան իրողություն, շարունակում է օրակարգային մնալ սպառողների զգոնության, ոլորտում բարեխիղճ ու գրագետ աշխատելու անհրաժեշտությունը:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ