Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՕԳՆՈՒԹՅԱՄԲ»

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՕԳՆՈՒԹՅԱՄԲ»
25.05.2010 | 00:00

Թանգարանների հանդեպ հավուր պատշաճի հետաքրքրություն ապահովելու նպատակով քաղաքակիրթ աշխարհը ոչ հեռավոր անցյալում կազմակերպեց «Թանգարանային գիշեր» խորագրի ներքո ուշագրավ և, ինչն առավել կարևոր է, նպատակային միջոցառում։ Հասկանալի է, «բաց երկնքի տակ թանգարանի» համարում ունեցող երկիրն անմասն չէր կարող մնալ, և մշակութային նշանակալից մի օր էլ ավելացավ մեր նորանկախ տարեցույցում։
Հարուստ էր օրը Թումանյանի թանգարանում, միաժամանակ` անակնկալներով լի։ Սա էլ առիթ հանդիսացավ զրուցելու թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս սկսվեց, ինչպե՞ս ընթացավ և ավարտվեց «Թանգարանային գիշերը» թանգարանում։ Կողքից տեսանելի էր, որ բավականին մարդաշատ են մերձակա տարածքները։
-Իհարկե, օրը սկսվեց ու ավարտվեց շատ հագեցած, տոնական անցուդարձով։ «Թանգարանային գիշերը» մեզ մոտ նաև ուշի ուշով հաշվառվում է, հստակեցնում ենք թե՛ այցելուների թիվը, թե՛ նրանց (թող անվայելուչ չհնչի) որակական չափորոշիչները, սոցիալական խավը, կրթական-մասնագիտական ուղղվածությունները։ Այս տարի, ի դեպ, այցելուների թիվն էապես ավելացել էր, ժամը 18.00-ից մինչև 24.00-ն թանգարան այցելողների թիվն անցավ երկու հազարը։ Օգտագործեցինք մեր երկու բացօթյա տարածքները, թանգարան բարձրացող աստիճանահարթակները և հետնաբակի այգին։ Հետաքրքիր առաջարկներ ունեինք բոլոր այցելուների համար։ Զուգահեռաբար այլ միջոցառումներ էին ծնվում, ինչն առանձնակի հանդիսավորություն, շուք հաղորդեց թանգարանային գիշերվան։
-Այդ օրը հեռուստաէկրանից հայտարարեցիք պատրաստվող անակնկալի մասին, «օյին ենք խաղալու»` ասելով։ Խաղացի՞ք...
-Լիուլի։ Նախապատրաստել էինք դետեկտիվ ենթատեքստ ունեցող պատմություններ, այցելուներն էլ, որոշակի հարցերի պատասխանները գտնելով, գլխավորապես կիրառելով տրամաբանությունն ու մտքի աշխուժությունը, հասնում էին վերջնակետ և պարգևի արժանանում։ Կարող էին խճճվել, ինչ-որ պահի շեղվել և կռահմամբ լուծել խնդիրը։ Եղան «առևանգումներ», երբ հարցը մնում էր անպատասխան։ Խաղի մյուս մասնակիցները պետք է բացեին թնջուկը և ազատեին առևանգվածին։ Մի խոսքով, հաջորդ խաղի մասնակիցներն ավելի լավ կպատկերացնեն այս ամենը։
-Խաղի մասնակիցներն ի՞նչ սոցիալական «շերտավորում» ունեին։
-Մասնակցում էին բոլոր նրանք, ում ներգրավում էինք խաղի մեջ, սկսած պատանիներից մինչև հասուն, անգամ պատկառելի տարիքի մարդիկ։ Հաջորդ թանգարանային գիշերվա ժամանակ, անշուշտ, նոր մտահղացումներ ի հայտ կգան։ Բացի այդ, մտադիր ենք նման բան կազմակերպել ոչ միայն հանդիսավոր օրերին։ Չէ՞ որ որոշակի փորձ ձեռք բերեցինք, ամենից կարևորը` տեսանք, թե ինչ անկեղծ խանդավառությամբ այս ամենն ընդունվեց։
-Խաղ-միջոցառման մեջ որոշակի արկածախնդրություն նկատեցի։ Այդպե՞ս է։
-Թերևս։ Ինչ-որ աբսուրդի, անակնկալի հանպատրաստից միահյուսվածք էր ստացվել։ Այսպես, որոշակի սրահում, ուր պիտի լիներ թնջուկի լուծման բանալին, թվաբանական գործողություն էր առաջարկվում։ Մասնակիցը, ուշադիր դիտելով ցուցանմուշները, կհասկանար, որ սա պիտի որ հեռախոսահամար լինի, Թումանյանի տան համարը, կամ ինչպես շուրջերկրյա ճամփորդություն կատարեց երբևէ ճամփորդության չելած Ամենայն հայոց բանաստեղծը։ Պատասխանը հետևյալն էր` շուրջերկրյա ճամփորդություն է կատարել «Թումանյան» ջերմանավը։
-Պարգևներն ի՞նչ էին։
-Թումանյանի դիմանկարով կրծքանշաններ, գրիչներ` բանաստեղծի ասույթներով, քաղցրավենիք, որ Թումանյանն էր սիրում։
-Ո՞ր խաղը հատկապես տպավորվեց թանգարանային գիշերվա սիրահարների մոտ։
-Դժվար է առանձնացնել ինչ-որ մեկը, բայց ահա այս խաղը, իսկապես, «դավ» է պարունակում։ Անհրաժեշտ էր հայտնաբերել «5-հազարանոցը»։ Մարդիկ, բնականաբար, հակված էին թղթադրամ որոնելու, սակայն լուծումը մշակութային էր։ Չէ՞ որ «5-հազարանոց» թղթադրամի վրա Սարյանի «Քարինջ գյուղը» կտավն է պատկերված, իսկ կտավը հենց թանգարանում է գտնվում։ Այսինքն, խաղի իմաստային ենթատեքստը Թումանյանի նորովի բացահայտումն էր` ճանաչողական տեսանկյունից։ Միջոցառումը ցույց տվեց, որ Թումանյանի տիեզերական աշխարհը նաև այս ձևով է հնարավոր ճանաչելի դարձնել հասարակական լայն շրջանակներին։
-Ձեր անելիքները տեսանելի ապագայում։
-Փոքրիկների համար պիտի բացենք «Բզեզի դպրոցը»` դարձյալ ըստ Թումանյանի։ Մասնակցելու են նախակրթարանի և կրտսեր դասարանների սաները։ Դարձյալ խաղերի միջոցով և դարձյալ աշխարհաճանաչողական բնույթի` Թումանյանի «օգնությամբ»։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ