38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լոկալ լուծումներով «դարդին դարման չես անի»

Լոկալ լուծումներով «դարդին դարման չես անի»
13.03.2009 | 00:00

«Դրամի արժևորում. պատճառներ և հետևանքներ, կամ ազատական արժեքներից նահանջի քաղաքական ուղեգծի գինը»։ Այս վերնագրով հոդված ԿԲ նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ դեռ 2005-ին էր հրապարակել, իսկ երեկ «Իրավունք de facto» ակումբում խոսեց չորս տարի առաջ կանխատեսած «գնի» առկա վայրիվերումների մասին։
«Այն, ինչ կատարվեց մարտի առաջին օրերին, հենց էն գինն էր, որ մենք բոլորս վճարեցինք ազատական արժեքներից նահանջելու դիմաց: Արժեքներ, որոնց դրսևորումը պետք է տեսնենք տնտեսական քաղաքականության մեջ, որը վաղուց որդեգրել է լողացող փոխարժեքի սկզբունքը: Ուզում եմ հիշեցնել, որ 94-ին, դրամը շրջանառության մեջ դնելուց մեկ-երկու ամիս անց, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրեց լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որն 96-ից սկսած արդեն դարձել էր մեր երկրի պաշտոնական քաղաքականությունը, ինչն էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում արձանագրված էր իբրև պայմանագիր, որը խախտելու իրավունք չունեինք»,- ասաց 1994-98 թվականներին հանրապետության թիվ մեկ բանկիրը, հավելելով, որ նահանջը լողացող փոխարժեքի քաղաքականությունից սկսվեց 2008-ին, թեև մինչև վերջերս գրեթե բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում փորձում էին հավատացնել, որ ոչ մի նահանջ էլ չի եղել, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ լողացող կուրսի քաղաքականությանը:
Մեկ էլ, ու հանկարծ, ըստ բանախոսի, մարտի 3-ին, 4-ին պարզվեց, որ իշխանությունները բոլորովին էլ հավատարիմ չեն եղել այդ քաղաքականությանը, քանի որ քննարկման առարկա դարձրին այն հարցը, թե անցումը լողացող փոխարժեքին ինչպե՞ս պիտի իրականացնել` հարթ-աստիճանակա՞ն, թե՞ կտրուկ-կացնային տարբերակով։
«Անհեթեթություններ,- բնութագրեց Բագրատ Ասատրյանը։- Փոխարժեքի քաղաքականությունը լինում է կա՛մ էսպես, կա՛մ էնպես, կա՛մ լողացող, կա՛մ ֆիքսված»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը համոզված պնդեց, որ վերևներում ինչ-որ մի պաշտոնյա, ում անունն ինքը ստույգ գիտի, սակայն չի բարձրաձայնելու, նստել ու վճիռ է կայացրել, որ դոլարի փոխարժեքը պետք է լինի 305 դրամ, ինչը պահպանելու համար հսկայական միջոցներ են վատնվել։ «Ավելին` մսխվել են, որովհետև արտաքին պահուստներն ինչ-որ մեկի կամ մի խումբ մարդկանց սեփականությունը չեն, հասարակության, վաղվա սերունդների սեփականությունն են»։
Մսխված փողերի մասշտաբների մասին կենտրոնական բանկի նախկին նախագահը չցանկացավ խոսել, ընդամենը հղում արեց պաշտոնական վիճակագրությանը, համաձայն որի` անցած տարին սկսել էինք 1 մլրդ 655 մլն դոլար պահուստային ֆոնդով, տարին ավարտեցինք 1 մլրդ 405 միլիոնով։ Հունվար ամսին այդ թիվը նվազեց ևս 150 միլիոն դոլարով, և ընդհանուր ծավալը կազմեց 400 մլն դոլար։ «Թե ուր գնացին այդ միջոցները, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են,- եզրահանգեց բանախոսը, իր կողմից լրագրողներին գլխի գցելով, որ միակ տեղը, ուր դրանք կարող էին գնալ, ներկրողների գրպանն էր։ «Ովքեր են իմպարտյորնե՞րը։ Նայեք Ազգային ժողովին, կառավարությանը` կտեսնեք դրանց ճնշող մեծամասնությանը։ Սա է մեր երկրում կատարվում այսօր»,- շեշտեց Բագրատ Ասատրյանը, կանխագուշակելով, որ տնտեսական առումով 2009-ը մեր երկրի համար լինելու է ծանրագույն տարիներից մեկը։
«Արդեն տեսանելի են այն մարտահրավերները, որոնց առնչվելու ենք այս տարի,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։- Այն է` բավականին բարձր գնաճ, տնտեսական անկում, ինչը հատելու է տասը տոկոսի սահմանագիծը»։
Ի՞նչ է անհրաժեշտ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար։
Նախկին բանկիրի համոզմամբ` լոկալ լուծումներն այս հարցում «դարդին դարման չեն անի»։ Անհրաժեշտ են գլոբալ, համակարգային փոփոխություններ, որոնք գործող իշխանություններն ի զորու չեն իրականացնելու։ Ասվածի ենթատեքստն ավելի քան պարզ էր` իշխանափոխությունը «կփրկե» Հայաստանը և` ոչ միայն համաշխարհային ճգնաժամից։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ