38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԵՐ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ԵՐԵՎԻ ԹԵ, ՈՒԶՈՒՄ ԷԻՆ «ԹԱՄԱՇԱ» ՍԱՐՔԵԼ»

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԵՐ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ԵՐԵՎԻ ԹԵ, ՈՒԶՈՒՄ ԷԻՆ «ԹԱՄԱՇԱ» ՍԱՐՔԵԼ»
29.01.2010 | 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՓՈՇԻԱՆԱ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)
-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ում վերջերս տեղի ունեցածը:
-Բոլոր դեպքերում, ԵԽԽՎ-ն դարձել է մի այնպիսի ամբիոն, ուր Հայաստանի մասին խոսվում է միայն բացասական շեշտադրումով` մարտի 1, քաղբանտարկյալներ, Ա1+, ընդդիմության ձայնի սահմանափակում: Ճիշտ է, վեհաժողովի երկրորդ օրը հաստատվեցին հայաստանյան պատվիրակության մանդատները, սակայն առաջին օրվա անցուդարձը որոշակի ուղերձ էր Հայաստանի իշխանություններին, որ չի կարելի նման բաներ անել:
-Իշխանությունների «նման» և «մնացյալ» քայլերը շատ լավ են ստացվում, այնպես որ, ԵԽԽՎ-ն դժվար թե շատ զարմացած լիներ:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Նկատի ունեմ, նախ և առաջ, Նիկոլի նկատմամբ կայացված դատավճիռը:
-Հայտնի է, որ դատական իշխանությունը մեզանում գործադիր իշխանության կցորդն է, ուստի և բնական էր, որ այդ կառույցը պետք է կատարեր այն ուղղահայաց հրամանները, որոնք իջեցնում է իշխանության գործադիր թևը: Նիկոլի դատավարությունն ու դատավճիռը քաղաքական պարզ հետապնդում էին, ուրիշ ոչինչ:
-Դատախազությա՞նն էլ է վերաբերում Ձեր ասածը:
-Ասածս վերաբերում է իրավապահ ողջ համակարգին:
-Իսկ ի՞նչ եք կարծում` նման ոչ համարժեք դատավճիռը վրեժի՞ արտահայտություն էր, թե՞ «ցուցանք» էր, որ ուրիշները վախենան, չպայքարեն, խելոք նստեն տեղները:
-«Ցուցանք» չէր կարող լինել, որովհետև մենք արդեն տեսել ենք, որ նման բաները հասարակության վրա չեն ազդում, և պայքարի ոգի ունեցողն անպայման պայքարում է։ Մինչ այդ էլ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարդան Մալխասյանն էին «դատապարտվել», այնպես որ, այս իշխանությունները պիտի որ սա լավ հասկանան: Իհարկե, նրանք անվերջ փորձում են դաս տալ հասարակության ակտիվ մասին, սակայն, փառք Աստծո, հասարակությունն ու նրա քաղաքացիական հատվածը որևէ կերպ դրա առաջ չեն ընկրկում: Եվ ընդհանրապես, այդ ամենը մեր իշխանություններին հատուկ ձեռագիր է:
-Ասացիք` ձեռագիր, հիշեցի. ի՞նչ էմոցիաներ առաջացրեց Ձեզ մոտ Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան:
-Ոչ մի էմոցիա: Հետո էլ` նորմալ պրակտիկա է, երբ էքսնախագահներն այցելում են տարբեր երկրներ` տարբեր առաքելություններով: Կարծում եմ` ավելի շատ իշխանություններն իրենք պետք է պարզաբանեն` արդյոք Սերժ Սարգսյանն առաջադրանք, խնդրանք, հանձնարարական տվե՞լ էր Ռոբերտ Քոչարյանին այդ ուղևորության ժամանակ:
-Տվե՞լ էր:
-Բոլոր դեպքերում, իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, հաստատ տեղյակ են եղել այդ այցին, իսկ այցը, կարծում եմ, կապված է ԼՂ հիմնախնդրի հետ. Իրանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է և ամեն ինչ պետք է անի, որ առկա ստատուս-քվոն չխախտվի, հատկապես ԼՂՀ հարակից շրջաններում:
-Այցը կնպաստի՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:
-Չեմ կարծում:
-Նա չի՞ վերադառնա:
-Չեմ կարծում:
-Ինչո՞ւ:
-Ռոբերտ Քոչարյանի վերադարձի պարագայում քաղաքականության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Նա ամեն ինչ արեց, որ քաղաքական դաշտն առհասարակ փոշիանա:
-Ձեր կարծիքով` մենք կունենանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ:
-Մենք ունենք բոլոր նախադրյալները` արտահերթ ընտրությունների և իշխանափոխության, սակայն չունենք դրա պրոցեդուրան, որպեսզի այդ ամենն իրականանա, ու եթե Ղարաբաղի հետ կապված որևէ արտառոց բան չկատարվի, կունենանք հերթական ընտրությունները:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԻՍԿՈՄՖՈՐՏՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1»
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ փոխխոսնակ)

-Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ի վերջին հայտնի անցուդարձը:
-Անկեղծ ասած, բացարձակապես չէի ցանկանա այդ անցուդարձը կարևորել: Խնդիրն այն է, որ Եվրախորհրդի մեր որոշ պատգամավորներ, երևի թե, ուզում էին «թամաշա» սարքել, բայց չէին առաջնորդվել ԵԽԽՎ-ի կանոնակարգով, որը նման բան չի նախատեսում: Այդ ամենում էականը պարզապես այն է, որ անհավասարակշիռ վերաբերմունքը, լինի պատգամավորի, թե որևէ քաղաքացու, եթե կապված է արտաքին քաղաքականության հետ, պետք է անթույլատրելի համարել: Եվ հետո, ես խորհուրդ կտայի «Ժառանգության» պատգամավորներին, Զարուհի Փոստանջյանի այսօրվա վիճակը նկատի ունենալով, մտածել նրա առողջության մասին:
-ՀՀԿ-ն, երևի, Զարուհու առողջության մասին «մտածելով» էր հանում նրան պատվիրակության հիմնական կազմից:
-Կարելի էր նաև այդ հանգամանքը հաշվի առնելով նրան ազատել այդ ծանր բեռից:
-Գուցե թույլ տայիք, որ ի՞նքը որոշեր` կրո՞ւմ է այդ բեռը, թե՞ ոչ:
-Չէ, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ նրա մտերիմ շրջապատն իր փոխարեն որոշում կայացնի:
-Իսկ ի՞նչ եք կարծում` առանց Զարուհու ԵԽԽՎ-ում ներկայացվելիք մարտի 1-ի զեկույցի առնչությամբ կհնչե՞ն մեր պատվիրակության սթափ գնահատականները:
-Չգիտեմ` ինչ կլինի ԵԽԽՎ-ում, սակայն ինքս խոստացել եմ լրագրողներիդ, որ յուրաքանչյուր կետի անպայմանորեն արձագանքելու եմ, և եթե ճիշտ դիտարկումներ լինեն, ես կհայտնեմ իմ համաձայնությունը, այն հարցերին, որոնք, իմ համոզմամբ, ճիշտ ներկայացված չեն լինի, նույնպես կարձագանքեմ:
-Վերադառնանք մեր իրականության ամենացավոտ խնդիրներից հաջորդին: Դուք, որպես մարդ, քաղաքացի, որպես դիսիդենտ Անդրանիկ Մարգարյանի մերձավոր ընկեր, ինչպե՞ս եք Ձեզ զգում Նիկոլի դատավճռից հետո:
-Ընդհանուր առմամբ, որպես քաղաքացի, յուրաքանչյուր մարդ չի կարող դատավոր լինել մեկ ուրիշին: Եվ հետո, որպես օրինաչափություն, դատավճիռն իր մեջ պարունակում է նաև պատժելու գործիք, և, անկախ ամեն ինչից, որևէ մեկը չի կարող ոգևորված լինել մեկ ուրիշի դատավճռով, անկախ նրանից` ում ընկերն է և ինչ է մտածում: Սակայն խնդիրն այն է, որ պետությունը պետք է առաջնորդվի պետական շահերով:
-Պետության «գերակա» շահերի՞ց էր բխում Նիկոլին յոթ տարվա ազատազրկման դատապարտելը:
-Օրենքը գործում է բոլորի համար, հաշվի չառնելով` օրենքը խախտած մարդը մտավորակա՞ն է, լրագրո՞ղ, թե՞ ով է: Ես չեմ կարող մտնել դատարանի իրավասությունների մեջ և ասել` արդյոք արդարացվա՞ծ էր այդ յոթ տարին, թե՞ պետք է լիներ 5 կամ 4 տարի: Սակայն մեկ բան շատ էական է. Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-ին եղե՞լ են անկարգություններ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ` այո, եղե՛լ են... Հա՜, Դուք լռեցիք, և դա նշանակում է, որ համաձայն եք ինձ հետ։
-Ես չլռեցի, ես ուզում էի ընտրել` Ձեզ ո՛ր հարցն ուղղեմ` Հայաստանում մարտի մեկին զոհվել են տասը քաղաքացիներ, ո՞ւմ ձեռքով, թե՞ հարցնեմ` Կուկուն, որ մարդ էր սպանել, անմեղ, իր համար «Պապլավոկում» նստած հայի, նա յո՞թ, թե՞ հի՞նգ տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում պետությունը, երբ Նիկոլը դուրս էր եկել ընդամենը քաղաքական պայքարի:
-Շատ լավ, բայց քաղաքական պայքարի էր դուրս եկել նաև, ասենք, Լևոն Զուրաբյանը կամ մեկ ուրիշը, այնտեղ շատ մարդիկ կան, որոնք որևէ քրեական հետապնդման չեն ենթարկվել: Դա նշանակում է, որ նրանք այդ պայքարի ընթացքում շատ լավ գիտակցել են` որն է պայքարի իրավական ձևը, որը` ոչ իրավականը:
-Նախ, պարոն Նիկոյան, հիմնական մասի նկատմամբ իրականացվել է հետապնդում, և հետո, եթե` անկեղծ, ապա շատ հեռուն գնացող նպատակներ եք, կարծես, «հետապնդում» ու, ոնց որ, ուզում եք ՀԱԿ-ի շարքերում պառակտում մտցնել` Ձեր այդ տարբերակումով:
-Չէ-չէ-չէ, նման բան չկա:
-Իսկ ես ավելի շատ այն կարծիքին եմ, պարոն Նիկոյան, որ Նիկոլին դատեցին ավելի իր ընդդիմադիր թերթի խմբագիր լինելու, իր հոդվածների, քան այլ բաների համար:
-Ես այդ կարծիքին չեմ, չնայած չեմ էլ կարող արգելել Ձեզ այդպես մտածել: Բայց, կարծում եմ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեռքը դնել խղճին և օրենքի տառով առաջնորդվել, ապա պետք է ասի, որ մարտի 1-ին Երևանում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ:
-Նորից նույն փոսը... Բոլոր դեպքերում, պարոն Նիկոյան, ես հույս ունեմ, որ Դուք նույնպես դիսկոմֆորտի մեջ եք` Նիկոլի դատավճռի առումով, ինչպես բոլորը, և դա վերաբերում է նույն Սասունին, քաղաքական դրդապատճառներով մյուս ձերբակալվածներին:
-Ինձ համար ամենամեծ դիսկոմֆորտն այն է, որ մեր երկրում տեղի է ունեցել մարտի 1:
-Պարոն Նիկոյան, մի անեկդոտ կա, գիտե՞ք:
-Ես շատ անեկդոտներ գիտեմ:
-Ոջիլի մասին է, բայց չեմ ուզում պատմել. անցնենք հաջորդ էական թեմային։ Քաղաքական գործիչ Սամվել Նիկոյանն ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի իրանյան այցը, և արդյոք այն վերադարձի նախադրյալներ չունի՞:
-Ընդհանուր առմամբ ժամանակն է, որ էքսպաշտոնյաները մեր երկրում փորձեն օգտակար լինել պետությանն ու երկրին` գործող իշխանությունների գործունեության շրջանակում:
-Կրկնում եմ հարցս, պարոն Նիկոյան. այցը վերադարձի նշույլներ չունի՞:
-Ես նման նշույլներ չեմ տեսնում:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ