ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է, ԵԹԵ ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵՆՔ, ԲԱՅՑ ԻՆՉՔԱ՞Ն Է ՃԻՇՏ ՈՒՆԵՑԱԾԸ ԿՈՐՑՆԵԼԸ»

«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է, ԵԹԵ ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵՆՔ, ԲԱՅՑ ԻՆՉՔԱ՞Ն Է ՃԻՇՏ ՈՒՆԵՑԱԾԸ ԿՈՐՑՆԵԼԸ»
21.12.2010 | 00:00

Հայաստանում գիտական լրագրությունը զարգացնելու նպատակով ստեղծվել է գիտության մասին գրող լրագրողների խումբ: Գիտական աշխատողները համագործակցելու են լրատվամիջոցների հետ` ապահովելով մասնագիտական տեղեկություն, օպերատիվություն և արդյունավետություն: Այս մասին տեղեկացնում է հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Միջազգային համաժողովների ընթացքում նա պարզել է, որ բոլոր ժողովուրդներն էլ հետաքրքրվում են տիեզերական թեմաներով: Համաշխարհային վիճակագրության համաձայն` տարբեր երկրների լրատվամիջոցներում գիտական հրապարակումների 50-90 տոկոսը այս կամ այն կերպ առնչվում է տիեզերական թեմաներին` աստղագիտություն, աստղաֆիզիկա, տիեզերական աղետներ, այլմոլորակայիններ և այլն: Մեզ մոտ ակնհայտորեն մարդիկ հեռացել են և՛ մշակույթից, և՛ գիտությունից, և՛ հոգևորից: Ըստ Արեգ Միքայելյանի` գիտության կապը հասարակության հետ ամրապնդելու համար կարևոր է գիտնականի դերը, սակայն խնդիրները քիչ չեն հենց գիտության ոլորտում: Կա ապրելու խնդիր: Գիտության աշխատողը լավ չի վարձատրվում: ՈՒնե՞նք այսօր երիտասարդ կադրեր: Ի՞նչ հեռանկար ունեն նրանք Հայաստանում: Չե՞ն հեռանում արդյոք երկրից:
«Աստղագիտությունը միջազգայնացված է. եթե լավ աստղագետ ես, կարևոր չէ` որտեղ ես ապրում, կարող ես համագործակցել, դրամաշնորհներից օգտվել և այլն,- ասում է Արեգ Միքայելյանը:- Փորձում ենք ինքներս լուծել այդ խնդիրը, թեև աշխատավարձը, իսկապես, շատ ցածր է: Բայց դա միակ պրոբլեմը չէ. գիտության զարգացման համար առաջնային են տեխնիկական հագեցվածությունը, սարքավորումների արդիականացումը: Տրամադրվող ֆինանսավորման հիմնական մասն օգտագործվում է սարքավորումների վրա: Պատահական չէ, որ աստղագիտությունը զարգանում է հարուստ երկրներում: Հայաստանը բացառություն է, որ տնտեսապես թույլ երկիր լինելով` քիչ թե շատ բարձր մակարդակ ունի այս ոլորտում»: Աստղագետը նշում է, որ Բյուրականի աստղադիտարանը լավագույններից մեկն է աշխարհում, սակայն աստիճանաբար հետ է ընկնում. «Աստղագիտությունը շքեղություն է (ինչպես հաճախ ասվում է), եթե զրոյից սկսենք, բայց ինչքա՞ն է ճիշտ ունեցածը կորցնելը: Ի դեպ, աստղագիտության տարածաշրջանային կենտրոն ընտրվելու հայտով Հայաստանը դիմել է Միջազգային աստղագիտական միությանը։ Առաջիկա ամիսներին արդյունքները պարզ կլինեն: Մենք աստղագիտական լավ դպրոց ունենք, պետք է ճիշտ ներկայացնենք մեր ունեցածը և այդ խաղաքարտից օգտվենք»:
Արեգ Միքայելյանը փաստում է նաև, որ գիտության տարբեր ճյուղերը երկրի վրա բավարար չափով զարգացած են, ուսումնասիրված, և հիմա տիեզերքից են հայթայթում ինֆորմացիա ու տրամադրում մյուս գիտություններին: Աստղագիտությունը կարևոր է նաև այդ առումով:
Աստղերն ու գիշերը, տիեզերական ուսումնասիրությունները, հավանաբար, միայն գիտական մոտեցում չեն պահանջում: Հետաքրքիր է իմանալ` աստղագիտության մեջ գիտությո՞ւնն է շատ, առեղծվածնե՞րը, թե՞ ռոմանտիկան: «Առաջնային է գիտական մոտեցումը, բայց առեղծված եթե չլինի, մոտիվացիա չի ունենա գիտնականը: Նկատելու հատկությունը, նոր բան գտնելը, չնկատված երևույթը բացահայտելը շատ կարևոր է աստղագետի համար: Ռոմանտիկան էլ ոգեշնչման համար է»,- չի ժխտում աստղագետը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ