«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՐՊԵՍԶԻ ՏԱՆԵԼԻ ԴԱՌՆԱ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

ՈՐՊԵՍԶԻ ՏԱՆԵԼԻ ԴԱՌՆԱ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ
13.04.2010 | 00:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող հաշմանդամ երեխաների ծնողների շահերի պաշտպանության «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին: Կազմակերպության խնդիրը հաշմանդամ երեխաների ծնողների պաշտպանությունն է, նրանց անառողջ երեխաների կյանքը տանելի դարձնելը։ Ինչպես «Աստղացոլքի» նախագահ ԻՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է տեղեկացնում, սոցիալական և կրթական ծրագրերում ներառվում են նաև առողջ երեխաները, որոնք հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Այս քայլն արդյունավետ է նրանով, որ հաշմանդամ երեխաներն իրենց հասակակիցների հետ շփվելու հնարավորություն են ունենում:
«Առաջին քայլը, որ արել եմ,- ասում է կազմակերպության նախագահ Իրինա Հովհաննիսյանը,- առողջական խնդիրներ ունեցող երեխայիս է առնչվում: Յուրաքանչյուր այցը հիվանդանոց նկատելիորեն հարվածում էր մեր ընտանեկան բյուջեին: Մեր ընտանիքը, որ բավարար չափով ապահովված է, դարձյալ զգում էր այդ դժվարությունը: Եվ ես հասկացա, որ շատերը, հնարավորություն չունենալով հետազոտության տանելու երեխաներին, լուռ համակերպվում են առողջական խնդիրներ ունեցող զավակների և իրենց դժբախտ վիճակի հետ: Եվ որովհետև տեղում չունեինք համապատասխան մասնագետներ, որոշեցինք խնդրել հանրապետության առաջատար բժիշկներին` գալ, տեղում ստուգել, հետազոտել հաշմանդամ երեխաներին և միայն լուրջ միջամտության դեպքում նրանց տեղափոխել Երևան»:
Այսօր «Աստղացոլքն» աշխատում է 60 երեխաների հետ, որոնք բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքներից են: Նրանցից 43-ը հաշմանդամության կարգ ունեն և թոշակավորված են, իսկ 17-ը համարվում են պայմանական առողջներ, ովքեր ևս առողջական խնդիրներ ունեն:
«Աստղացոլքն» իր գործունեությունը հիմնականում իրականացնում է դրամաշնորհների միջոցով: Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ հասարակական այս կազմակերպությունը մի շարք դրամաշնորհներ է շահել, որոնցից ամենանշանակալին ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի» ծրագրի համար հատկացված դրամաշնորհն է։ Թեև այս ծրագիրն ավարտվել է, սակայն «Աստղացոլքը» շարունակում է աշխատել կամավոր հիմունքներով: Ֆինանսական աղբյուրներ չունենալու պատճառով ցերեկային խնամքի որոշ ծառայություններ կրճատվել են, բայց ծրագիրը շարունակվում է:
Կազմակերպությունը «Պրոջեկտ հարմոնի» միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարներ» ծրագիրը, որը գործում է 2008 թվականի նոյեմբերից և ընթացքի մեջ է: Գլխավոր շահառուները Ճամբարակի տարածաշրջանի համայնքների դժվար դաստիարակվող 11 երեխաներն են: «Մենք շեշտը դնում ենք հոգեբանական գործոնի վրա,- շարունակում է Իրինա Հովհաննիսյանը։- Ծրագրում ներգրավված են հոգեբան, սոցիալական աշխատող և հատուկ մանկավարժ, ովքեր այլընտրանքային դաստիարակության հիմունքներով են աշխատում: Տվյալ դեպքում զանցանքի համար երեխան պիտի փոխհատուցի դրական քայլ կատարելով, հենց դա էլ կոչվում է պատժի այլընտրանքային ձև: Մենք նրանց ներգրավում ենք հասարակական աշխատանքներում` տարածքի մաքրում և բարեկարգում, գրադարանների գրքերի նորոգում և այլ հանրօգուտ աշխատանքներ: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք ոստիկանության, դպրոցների և համայնքապետարանների հետ»:
Հաշմանդամ երեխաների առօրյան կազմակերպելու գործում հսկայական օգնություն է ցուցաբերել Կանադայից հրավիրված, մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ, «ՔԵՍՕ» կազմակերպության կամավոր աշխատակիցը:
Ցերեկային խնամքի խմբակներում, որտեղ հաշմանդամ երեխաներն անցկացնում են օրվա մեծ մասը, գործում են տիկնիկային թատրոն, ձեռագործության և փայտամշակման խմբակներ, իրականացվում է նաև բարձր դասարանների երեխաների նախամասնագիտական ուսուցում: Կազմակերպությունը նախաձեռնել է սոցիալական ձեռնարկության ստեղծման փորձնական ծրագիր: Ձեռնարկությունն արտադրում է փայտյա հուշանվերներ, որոնք սպառվում են Հայաստանի տուրիստական վայրերում: Ձեռնարկությունում բացվել է վեց աշխատատեղ, որոնցից երեքում ընդգրկվել են հաշմանդամության կարգ ունեցող բարձրդասարանցիներ, իսկ երկուսը սայլակների վրա են և աշխատում են տնային պայմաններում: Զբաղվածության պետական գործակալության միջոցով ձեռք են բերվել փայտահումք և սարքավորումներ, իսկ շենքի մուտքը հարմարեցվել է թեքահարթակով: Ձեռնարկության աշխատավարձի ֆոնդը գոյանում է արտադրված ապրանքի վաճառքից:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ