«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ«ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՆԱԽ ՄԱՅՐԵՆԻԻՆ ՊԻՏԻ ՏԻՐԱՊԵՏԻ»-Լեզվի մասին և հանրակրթության մասին օրենքների առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ եք մտածում, եթե օրինագիծն ընդունվի, այսօր պայմաններ կա՞ն իրագործելու, թե՞ 5-10 տարվա հեռանկարի համար է: -Հասարակության մեջ նման արձագանք ստացած օրինագիծն այս ձևով չի կարող ընդունվել: ՀՀ նախագահից սկսած, կոալիցիայի անդամ ու ոչ անդամ կուսակցությունների պատգամավորները ներառյալ, որևէ մեկը անտարբեր չէ, տեսեք, ինչ է կատարվում հասարակության մեջ: Ես կարծում եմ` բոլոր տեսակետները պետք է ձևակերպվեն, և խելամտորեն լրամշակվի օրինագիծը: -Հնարավո՞ր է, որ օրինագիծը միջազգային ֆինանսական կառույցների պարտադրանքն է` ֆինանսավորման հեռանկարով:-Չեմ կարծում: Իրականում նախագիծն այնպես է գրված, որ հնարավորինս մեծ լինեն դժգոհությունները: -Բայց ի՞նչ իմաստ ունի:-Ենթադրում եմ` լավ ու վատ իմաստներ կան: Լավ իմաստով` կառավարությունն ուզում է ցույց տալ, թե ինչպես կարող է հասարակությանը ոտքի հանել, ամենաթույլ նյարդերին դիպչել` երկրում այսօր ամեն ոք խոսում է օտարալեզու դպրոցից, կառավարությունը ձեռնոց է նետել հասարակությանը` խոսեք, տեսնեմ, ի՞նչ եք ասում, իսկ հետո կբերի մեկ այլ նախագիծ և օրինակ կտա, թե ինչպես հասնել հասարակական համաձայնության: Ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ներկայացված օրինագիծը կառավարության մեկ այլ ցանկություն է վկայում, իսկ դա վատ է:-Լավ, ի՞նչն է այդքան մերժելի, որ օրինագիծը նման ընդդիմություն է առաջացնում: -Հայաստանի Հանրապետության պետական լեզուն գրական հայերենն է, և եթե, ըստ այդ նախագծի, պետական բյուջեից ֆինանսավորվեն պետական դպրոցները, որ երեխաները անգլերեն, ռուսերեն, չինարեն, որևէ այլ լեզվով կրթություն ստանան, ամեն հայ մարդ իրավունք ունի մտածելու, թե ինչո՞ւ է ոտնահարվում պետական լեզուն և իր վճարած հարկերի հաշվին ուսուցանվում օտար լեզու հայ երեխային։-Շատ լավ, բայց այդ դպրոցներում հայերենը չի՞ ուսուցանվելու:-Օրինագծում ոչինչ չկա, նախարարի պարզաբանումներով` հայերեն պիտի ուսուցանվի: Եթե անգամ հայերենը լինի, լավ իմանալով, թե այսօր ազգային լեզվով դպրոցներում ինչ մակարդակի վրա է մայրենիի ուսուցումը, ես խիստ կասկածում եմ, որ օտարալեզու դպրոցում հնարավոր լինի բավարար ուսուցում: Ինչո՞ւ այսօր չենք մտահոգվում 1340 դպրոցների մայրենիի դրվածքով, ինչո՞ւ նախարարությունն ու կառավարությունն այդ ուղղությամբ լուրջ քայլեր չեն ձեռնարկում, փոխարենն օտարալեզու դպրոցներ հիմնելու մասին են մտահոգվում: Հանրակրթական դպրոցներում մայրենիի դրվածքը գիտելիքների թեստավորման կենտրոնի ընթացիկ ստուգման պաշտոնական տվյալներով` 10 միավոր գնահատման համակարգում միջինը 3,9 է: Այս արդյունքի պարագայում օտարալեզու դպրոցի մասին խոսելու իրավունք ունե՞նք: -Իսկ Եվրոպային ինտեգրվելու խնդի՞րը:-Ես դե՞մ եմ: Ես ուզում եմ, որ ինտեգրվենք, բայց ազգային դպրոցի շրջանավարտը նախ մայրենիին պիտի տիրապետի, որը երաշխիք է օտար լեզուները սովորելու: Հանրակրթության մասին գործող օրենքով նախատեսվող ավագ դպրոցների աշակերտները, որ կընտրեն խորացված օտար լեզվով ուսուցումը, բոլոր հնարավորություններն ունեն ստանալու այդ կրթությունը: Ավագ դպրոցում, ըստ ուսումնական պլանի, առարկաների 30 տոկոսն է պարտադրվում, 70 տոկոսն ընտրովի է` խորացված ուսուցմամբ: Դպրոցի տնօրենությունը խորացված ուսուցումը կազմակերպելու համար կարող է ժամեր տրամադրել անգլերենին էլ, ֆրանսերենին էլ, գերմաներենին էլ: -Այդ խնդիրը հնարավոր չէ՞ լուծել մասնավոր դպրոցներով` օրենքի մեջ համապատասխան փոփոխություն անելով:-Հնարավոր է, օրենքում պիտի անպայման ամրագրվի, որ այդ դպրոցները մասնավոր են և ոչ պետական: Դա պիտի վերաբերի միայն ավագ դպրոցներին, որպեսզի հիմնական կրթությունը երեխան ստանա մայրենիով. շատ կարևոր է, որ հայ երեխայի լեզվամտածողությունը հայերենով ձևավորվի ու զարգանա: -Գործնականում խնդիրը վերաբերում է կրթության որակի՞ն:-Օրինագծի առաջարկը հիմնավորվում է որակյալ հանրակրթություն ապահովելու նպատակով, ստացվում է, որ 1340 հայկական դպրոցները որակ չեն ապահովում, բացենք օտարալեզու դպրոցներ, որ որակ ստանանք: Ափսոսում եմ, որ կառավարությունը նման հիմնավորում է գտել, վստահ եմ, որ որևէ մեկն այդպես չի մտածում, ուղղակի վրիպել են: «27»-Ի ԳՈՐԾԸ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՂԹԻ ՆՄԱՆ ՈՐԱԿՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ»-Ինչքան քաղաքական դաշտում լարված վիճակներ են լինում, «27»-ի գործով դատապարտվածներից որևէ մեկը կամ հանկարծամահ է լինում, կամ ինքնասպան: Միանշանակ է, որ հանկարծամահ լինելուց ճաղերի ոչ մի կողմում ոչ ոք ապահովված չէ, այնուամենայնիվ, մահվան վերջին դեպքին հավատո՞ւմ եք:-Երբ կարդացի, դիմեցի լրագրող Ռուզան Մինասյանին, որը լավ գիտի այդ գործը: Նա ասաց, որ Համլետ Ստեփանյանը քաղցկեղով հիվանդ էր, և փաստաբանի միջնորդություն էլ եղել է: Ես Ռուզանին վստահում եմ ու չեմ կարծում, որ այս դեպքում դիտավորություն եղել է, թեպետ, իրոք, «27»-ի գործը լակմուսի թղթի նման որակում է քաղաքական իրավիճակները:«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆԻՆ «ԼԱՎ» ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»-Ինչո՞վ եք բացատրում, որ քաղաքական կուսակցությունները երկու տարի առաջ են սկսել նախընտրական արշավը, խորհրդարանական արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում: -Իրավացի եք, կուսակցություններն ակտիվացել են, հավանական չեմ համարում խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ուղղակի հերթականին «լավ» են նախապատրաստվում` սկսած օրենքներից: Օրինակ` ռադիոյի ու հեռուստատեսության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ակնհայտորեն նախատեսում է ավելի կենտրոնացնել ուղեղների լվացումը սահմանափակ թվով կառավարվող հեռուստաընկերությունների միջոցով: Հասկանալի է, թե ինչու են իշխանություններն այդքան անհանգիստ, ինչու են այդքան պնդօղակները սեղմում:-Բնագիտական օրենքները գործում են և հասարակության մեջ` ցանկացած հարված համարժեք հակահարվածի պատճառ է, սեղմվող պնդօղակները պայթյունի պատճառ չե՞ն դառնա:-Այդ վտանգն արդեն իշխանությունը տեսնում է։ Օրինակը` մի քանի օր առաջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն 100 տոկոսով չհաղթեց: -Արդյունքի տեսակետից` ի՞նչ տարբերություն` ՀՀԿ-ն է հաղթում, թե՞ ԲՀԿ-ն:-Ոչ մի: Մի քանի օր առաջ անհիմն մի տեղեկություն տրվեց, թե «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն ամեն ինչ անում են Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելու համար, մենք, իհարկե, հերքեցինք, որովհետև ավելի անհեթեթ լուր դժվար էր հնարել:«ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ, ՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԵՄ, ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՈՒ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»-Ով չի ալարում, գրում է, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ռոբերտ Քոչարյանը դեռ ոչ մի անգամ որևէ ձևով, եթե ոչ անձամբ, չի հերքել, ուրեմն...-Գործող նախագահն էլ ասում է, որ նա քաղաքականությունից չի էլ հեռացել:-...ՈՒրեմն` կամ Ռոբերտ Քոչարյանի վերադարձով վախեցնում են հասարակությանը, կամ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին գոյացել է որոշակի դժգոհ շերտ, որն ուզում է վերադարձնել նախկին երանելի ժամանակը:-Բայց ինչպե՞ս է ձևավորվել այդ խավը:-Քաղաքական և ֆինանսական ուժերից, որ եղել են երկրորդ նախագահի կողքին ու մնում են: Ո՞ր տարբերակն եք առավել հավանական համարում, ի վերջո, 2010-ի Հայաստանն ա՞յն երկիրն է, ուր կարող է վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը:-Որևէ տարբերակով անընդունելի է նրա վերադարձի միտքը: Այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն եմ ես, չի վստահում ու չի հավատում Ռոբերտ Քոչարյանին. այդ առումով մենք միասնական ենք մեր մտածելակերպով ու տեսլականով: Ով ինչ ուզում է հնարի, անհնարին է նրա վերադարձը: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են նրան վերականգնել, իրենցից ահավոր վտանգ են ներկայացնում: Անցած 10 տարվա պատմությունը ցույց տվեց` ինչպես արյունով եկավ, այնպես էլ արյունով գնաց, ընթացքում էլ ինչ արհամարհալից վերաբերմունք ունեցավ ժողովրդի նկատմամբ, ոչ մի սրտացավություն, ոչ մի կարեկցանք, բարության ու վեհության ոչ մի դրսևորում:-Արդյոք Ձեր գնահատականը հուզական դաշտում չէ՞. երկրորդ նախագահը պնդում է, որ կիսաավերակ երկիր ընդունեց, վերակառուցված հանձնեց իրավահաջորդին: -Եթե ինքը չլիներ, մեկ ուրիշը լիներ, ավելի լավ վերակառուցված կլիներ: Համենայն դեպս` քաղաքի կենտրոնում կույր աղիքի պես Հյուսիսային պողոտա չէր լինի, ժողովրդին փողոցները չէր գցի, ինչքան մարդ տնավեր, հանկարծամահ եղավ, հիվանդացավ, որ քարե անմարդաբնակ անձավ սարքվի` անունն էլ դրեցին, թե Թամանյանի մտահղացումն են իրականացնում: Եթե դա է հաջողությունը, հին Երևանը քանդելուց անհաջող գործ հնարել հնարավոր չէր: Ով էլ լիներ, Հայաստանը շատ ավելի լավ վիճակում էր այսօր լինելու: Այնպիսի բևեռացում հաստատվեց տասը տարիների ընթացքում, ո՞ւմ օրոք այսքանները օլիգարխ դարձան, և վերջապես` որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանին այդքան հարստություն, Ղարաբաղի՞ց բերեց, թե՞ իբրև նախագահ աշխատեց: Մինչև իր գալը Հայաստանն ավելի բարի ու հանդուրժող, կամեցող, ժողովրդավար երկիր էր, ինքը հիմնովին տապալեց այդ բոլորը և ո՞ւր է ուզում վերադառնալ: Վարկերի հաշվին սարքված մի քանի ճանապարհը ցուցանիշ չէ, չափանիշ չէ, ոչ էլ արժեք է: Նրա քաղաքական վերադարձը ցանկացողները մտածում են միայն իրենց գրպանի և քաղաքական իշխանությունը պահպանելու մասին: «ՂԱՐԱԲԱՂԸ ՈԳԵՂԵՆ ԽՆԴԻՐ Է»-Երկու տարի առաջ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ներքին խնդիրները մղեց մի կողմ, ազգովին դարձանք արտաքին գործերի նախարար, հիմա այդ խնդիրն էլ չկա, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի վերադարձի միֆը հերթական զբաղմունքը չէ, որ հասարակությունը լիցքաթափվի ու իրեն գոնե մի անգամ հաղթած զգա նրա չվերադարձով` իր բուն խնդիրները մոռացած:-Միանգամայն հնարավոր է։ Երեք տարի է` խորհրդարանում եմ ու հասկացել եմ, որ քաղաքական կանխատեսումներ անելու ունակ չեմ, որևէ օրինաչափություն չեմ կարողանում գտնել, ոչ էլ տրամաբանություն: Անկեղծ ասած, ոչ էլ ուզում եմ այդ ամենին խառնվել: -Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու որևէ տարբերակ տեսնո՞ւմ եք, բացի Թուրքիայի խորհրդարանի վավերացումը: -Այս պահին` ոչ:-Իսկ ե՞րբ:-Կոալիցիոն քաղաքական ուժերն այնպիսի բոցաշունչ ելույթներ ունեցան արձանագրությունների վավերացման դեմ, որ չգիտեմ` ի՞նչն ավելի բոցաշունչ պիտի նրանց դարձնի, որ անհրաժեշտությունը հիմնավորեն: -Վերջին իրադարձություններից այն տպավորությունն է, որ մեծ աշխարհը փոքր Հայաստանը մոռացավ, իր օրակարգի ընթացիկ հարցերին անցավ: Կարծում եք` դա ստատուս քվոն ևս հինգ, տասը տարի պահպանելու հնարավորությո՞ւն է:-«Ժառանգությունը» կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, ի պատասխան մեծամասնությունն ասում է, որ ստատուս քվոն կխախտվի: Մեր համոզմամբ` ստատուս քվոյի խախտման պատճառը դա չի լինի: Պետք է քայլ արվի, և այդ քայլը պիտի ցույց տա քո ուժը` դա ԼՂՀ-ի ճանաչումն է, եթե իսկապես Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինքն էլ ճանաչել է Աբխազիան ու Օսիան, պետք է հորդորել, որ Ղարաբաղի անկախությունը ևս ճանաչի:-Ինչո՞վ հորդորել: Մեր ռազմավարական գործընկերը ռազմավարական շահեր ունի Ադրբեջանի հետ` նավթի, գազի, գազատարի, նավթատարի, քաղաքական, տնտեսական... -Նավթը մնալու է նավթ, շահը մնալու է շահ, Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ, Թուրքիան էլ, Իրանն էլ, Վրաստանն էլ, բոլորն էլ իրենց շահերն ունեն, ուրեմն ի՞նչ, պիտի կուչ եկած սպասենք` հանկարծ ստատուս քվոն չխախտվի՞: Պարզ է, չէ՞, որ ուզենան խախտել` խախտելու են... Յուրան միշտ ասում էր, որ եթե ազգն իր ոգեղեն ներուժը ճիշտ է օգտագործում, նրան հնարավոր չէ հաղթել: Աֆղանստանի օրինակն էր բերում` ռուսները փորձեցին` ձախողվեցին, ամերիկացիները փորձեցին` նույնը: Դա կախված չէ ո՛չ զենքի, ո՛չ զորքի թվաքանակից: Ղարաբաղը ոգեղեն խնդիր է: Աշխարհասփյուռ հայերի մեծամասնությունն իր հոգու կարոտը Ղարաբաղով է առնում:-Թվում է` բոլորը տապակվում են Ղարաբաղի ցավով, բացի ղարաբաղցիներից, ինչո՞ւ նրանց ձայնը չի լսվում:-Ղարաբաղի ժողովուրդն ամուր է, հաստատուն, ու եթե անհրաժեշտ եղավ` տես, ո՜նց է ձայնը լսվելու:-Ղարաբաղի ժողովուրդը կհամաձայնի՞ Աղդամը, Քելբաջարը, Ֆիզուլին կորցնելու հեռանկարի հետ: -Ոչ, իրենք համաձայն չեն:-Իսկ իրենք կպայքարե՞ն:-Միայնակ չեն կարող, հայ ժողովուրդը նորից պիտի 88 թվական ունենա, հայ ժողովուրդը սոցիալական խնդիրների բեռի տակ թվում է խեղդված, թվում է անտարբեր, բայց Դերենիկ Դեմիրճյանից լավ ոչ մեկս չի ասի` հայը դանդալոշ է Սասունցի Դավթի նման, բայց երբ պահը գալիս է, ծառս է լինում Քուռկիկ Ջալալու պես` Թուր Կեծակին ձեռքին: Սա ենք, ի՞նչ անենք: Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ