«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԻՆ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐՈՎ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԻՆ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐՈՎ
10.12.2010 | 00:00

Խմելու ջուրը հասցնել արցախցուն: Արցախի վերաբնակեցման և կյանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովման առաջնահերթությունները հաշվի առնելով` Արցախի իշխանությունները երկու տարի առաջ իրենց առջև դրեցին Ստեփանակերտի ջրային համակարգի հիմնանորոգման և շուրջօրյա ջրամատակարարման ապահովման խնդիրը: Բարդ աշխարհագրական դիրքի, ռելիեֆի կտրտվածության պատճառով ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի, այլև Արցախի բոլոր բնակավայրերի ջրամատակարարման հարցը գրեթե միշտ եղել է խնդրահարույց: Ստեփանակերտը երբեք ապահովված չի եղել խմելու ջրով: Անգամ խորհրդային տարիներին Արցախի մայրաքաղաքը չի ունեցել խմելու բավարար ջուր: Այդ տարիներին խնդիրը որոշակիորեն լուծվել է խորքային հորերից ստացվող ջրերի և երկու մաքրման կայանների հաշվին:
Սակայն այդ բոլոր հնարավորությունները լիարժեքորեն երբեք չեն ապահովել քաղաքի ջրի պահանջարկը, քանի որ Ստեփանակերտը, ըստ էության, չի ունեցել ջրի բաշխիչ ցանց: Եթե ժամանակ առ ժամանակ եղածը վերանորոգվել է կամ ինչ-որ հատվածներ են կառուցվել, դա ևս բավարար չի եղել, քանի որ գոյություն ունեցող ցանցը, գոտիավորում չունենալու պատճառով, չի համապատասխանել տեխնիկական պայմաններին: Ինչպես բացատրում են մասնագետները, քաղաքի տարածքը երկրաչափական առումով խիստ կտրտված է` նիշերի տարբերությունը հասնում է մինչև 500 մետրի, և, առանց գոտիավորման, նման ցանց ունենալը պարզապես կասկածի տակ է դնում ցանցի արդյունավետությունը: Հենց այդ պատճառով էլ ստեփանակերտցին չի ունեցել բավարար քանակով ջուր անգամ այն տարիներին, երբ չուներ էլեկտրաէներգիայի խնդիր: Հատկապես բարձր գոտիներում գտնվող թաղամասերը գրեթե երբեք չեն ապահովվել խմելու ջրով, իսկ եթե ապահովվել են, ապա, լավագույն դեպքում, երկու ժամ:
Այս բարդ խնդիրը լուծելու համար երկրի նախագահ Բակո Սահակյանը 2008-ին վճռական որոշում կայացրեց` ամբողջությամբ վերակառուցել Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը:
Նույն թվականին հայտարարվեց նախագծման աշխատանքներն իրականացնելու մրցույթ, և «Հայջրնախագիծ» ինստիտուտի հետ կոնսորցիումով հանդես եկող Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանը ճանաչվեց հաղթող: Մրցույթի հաղթողները պարտավորվեցին 75 մլն դրամով 18 ամսում (մինչև 2009-ի դեկտեմբերի 31-ը) ավարտել Ստեփանակերտի ջրային համակարգի կառուցման նախագծային աշխատանքները: Կոնսորցիումը մշակեց շուրջ 40 փաթեթ նախագծային փաստաթղթեր, և, որպեսզի արդյունքներն առավել տեսանելի լինեն և ժամանակի կորուստ չլինի, որոշվեց նախագծային աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև շինարարական աշխատանքները: Արդյունքը եղավ այն, որ Ստեփանակերտի ամենախնդրահարույց առաջին գոտին շահագործման հանձնվեց արդեն 2009-ի հոկտեմբերին: Այսպիսով, քաղաքի բնակչության 15 տոկոսն արդեն մեկ տարի ապահովված է շուրջօրյա անխափան ջրամատակարարմամբ: Մոտ օրերս շինարարական աշխատանքները կավարտվեն ևս երկու գոտիներում, և քաղաքի բնակչության շուրջ 30 տոկոսն այսուհետ շուրջօրյա ջրամատակարարում կունենա, իսկ արդեն մեկ տարի անց Ստեփանակերտում ջրի խնդիրը կդիտարկվի անցյալ ժամանակում:
Ինչպես նշում է ԵրՃՇՊՀ-ի պրոռեկտոր ԱՐԵՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, 160 կմ ընդհանուր երկարությամբ նոր ջրային համակարգը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով: Ջրային ցանցի մետաղական խողովակներին այսուհետ կփոխարինեն պլաստմասսե խողովակները, որոնք առավել պրակտիկ և երկարակյաց են, նաև մատչելի` գնային առումով: Բացի թվարկված գործոններից, շինարարության ծախսերը ևս կրճատվում են: Պրոռեկտորի հավաստմամբ` պլաստմասսե խողովակների կենսունակությունը 50-60 տարի է, երբեմն` մինչև 80 տարի, իսկ մետաղականները, սովորաբար, ծառայում են 30 տարի: Այսօր ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ջրամատակարարման համակարգն անցնում է պլաստմասսե խողովակներին:
Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանի կողմից Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի նախագծային բարձրորակ աշխատանքները Արցախի ջրային համակարգի արդիականացման գործում առաջին քայլերն էին: Հիմք ընդունելով արդեն իրականացված աշխատանքները` քաղաքային իշխանությունները ԵրՃՇՊՀ-ին վստահեցին նաև Ստեփանակերտի համար մեկ այլ կարևոր կենսական խնդրի` քաղաքի սահմաններից կենցաղային կեղտաջրերի հեռացման նախագծման աշխատանքները: Ներկայումս կոյուղաջրերը և կեղտաջրերը լցվում են քաղաքի ձորակները` ստեղծելով հակասանիտարական և հակահիգիենիկ վիճակ: 2011-ին մի քանի ձորակներում արդեն կսկսվեն և ավարտին կհասցվեն կոլեկտորների կառուցման աշխատանքները: Համաձայն նախագծի` Կարկառ գետի առափնյա տարածքով կոլեկտորները դուրս կբերեն կեղտաջրերը Ստեփանակերտի սահմաններից: Հետագայում դրանց կմիանան նաև Շուշի քաղաքի կենցաղային կեղտաջրերը:
Արցախի երկրորդ քաղաքը, որը նույնպես կունենա շուրջօրյա ջրամատակարարում, Մարտունին է: Արցախ աշխարհի այս փոքրիկ քաղաքի ջրամատակարարման լրջագույն խնդիրն իր վրա է վերցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը` նախագծման աշխատանքները կրկին վստահելով Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանին:
Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի և համալսարանի միջև երկու ամիս առաջ կնքված պայմանագրի` Մարտունի քաղաքի ջրային համակարգի կառուցման նախագծային աշխատանքները կավարտվեն առաջիկա հինգ ամսում: ԵրՃՇՊՀ-ի մասնագետներն արդեն մի քանի անգամ եղել են Մարտունի քաղաքում, ուսումնասիրություն և չափագրումներ կատարել։ Նախագծողները պարտավորվել են դեկտեմբեր ամսին հանձնել նախագծերի զգալի մասը, քանի որ հիմնադրամի ժամանակացույցով մինչև նոր տարի Մարտունիում շինարարական աշխատանքները պետք է սկսված լինեն: Ըստ նախագծողների` Մարտունի քաղաքն իր դիրքով շատ ավելի նպաստավոր է, քան Ստեփանակերտը, չկան ռելիեֆային խիստ տարբերություններ:
Սակայն այստեղ ևս խնդիրները գրեթե նույնն են` չկա գոտիավորում, չկա ցանց, իսկ ջրի կորուստները չափազանց մեծ են: Ի դեպ, թե՛ Ստեփանակերտ, թե՛ Մարտունի քաղաքներում ջրային ցանցի արդիականացումից հետո կորուստները կհասցվեն նվազագույնի` մինչև 20 տոկոս: Այս նպատակով իրականացվելու է մոնիթորինգ` պարզելու, թե ինչպես և որտեղ է կորչում մատակարարվող ջուրը:
Նշենք, որ Մարտունի քաղաքի 40-45 կմ երկարությամբ ջրային ցանցի նախագծային աշխատանքների արժեքը 30 մլն դրամ է: Շինարարությունն այստեղ ևս կիրականացվի նորագույն տեխնոլոգիաներով, որոնք տասնյակ տարիներ քաղաքը կապահովեն անխափան ջրամատակարարմամբ:
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ