«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ
10.09.2010 | 00:00

Հայաստանի զբոսաշրջային ուղեգծերում Գառնին ու Գեղարդավանքը մշտապես թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի կիզակետում են: Միայն անցյալ տարվա տվյալներով, հանրապետություն ժամանած 171 հազար զբոսաշրջիկից 102 հազարն այցելել են Գառնի: Եթե հաշվենք, որ զբոսաշրջիկներից յուրաքանչյուրն այստեղ կարող է ծախսել ընդամենը 500 դրամ, ապա դժվար չէ պատկերացնել` որքան շահույթ կարող է ապահովել միայն այս ուղղությունը: Մինչև գումարները հաշվելը հստակեցնենք` զբոսաշրջային այս «պրոդուկտն» արդյո՞ք այցելուներին մատուցվում է հավուր պատշաճի: Այսպես, 2008-ի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղին, արձանագրեր խնդիրներն ու զբոսաշրջային ներուժի խելամիտ օգտագործման համար գործողությունների ծրագիր կազմեր: Անցնելով առաջ նշենք, որ թղթին հանձնված բացթողումները, արդեն երկրորդ տարին է, շտկման փուլում են:
Մ.թ. 1-ին դարում կառուցված հեթանոսական տաճարն օրական հաշվարկով մոտ հազար զբոսաշրջիկ է գրավում: Նույնը կարելի է ասել Գեղարդի մասին (4-րդ դարի Այրիվանքը, այստեղ պահվող գեղարդի պատվին, 13-րդ դարից Գեղարդ անվանվեց): Գառնիի տաճարի ու Գեղարդավանքի տպավորություններն օրինաչափորեն «ծանրանում» են Հավուց թառ ու «Քարերի սիմֆոնիա» կոչված բազալտե երգեհոնի ներկայությամբ:
Ակնհայտ է, որ նման տուրիստական ուղղությունն իր նշանակությամբ լուրջ հոգածություն ու աշխատանք է պահանջում: Վարչապետի խորհրդական ԱՐԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԸ, ով նաև աշխատանքային խմբի ղեկավարն է, նշում է, որ խնդիրները փորձել են դիտարկել զբոսաշրջիկի աչքերով, ինչի արդյունքում մշակվել և իրականացվում է 18 միջոցառում. բարեկարգել ճանապարհները, հեռացնել գոյացած աղբն ու կանոնավոր աղբահանություն ապահովել, լուծել բնության հուշարձանների պահպանության հարցը, ստեղծել հուշանվերների, ավանդական ուտեստների վաճառքի քաղաքակիրթ պայմաններ, հեռացնել ճանապարհամերձ անբարետես շինությունները և այլն:
Կանոնավոր աղբահանումը, թերևս, ամենակարևորն է միջոցառումների փաթեթում, քանի որ իրավիճակն այս իմաստով ամենաանմխիթարն էր: Տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ աղբահանում երբեմն իրականացվել է, սակայն ժամանակավոր լուծումներով իրավիճակը չի շտկվում: «Աղբե ուրվականը» տարեկան մոտ 1 միլիոն տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկի ուղեկիցն է ողջ շրջագայության ընթացքում: Աշխատանքային խումբը նախ կազմակերպել է առկա աղբի հեռացումը, երթուղու երկայնքով հինգ գյուղերի աղբը մաքրելու նպատակով մեքենա ձեռք բերելու գումարը` 15 միլիոն դրամ, տրամադրել է կառավարությունը, իսկ աղբամանները տեղադրվել են գյուղապետարանների միջոցներով: Որոշվել է մաքրող տեխնիկա տրամադրել Գողթ գյուղին, որը պարտավորվել է կատարել նաև հարակից չորս գյուղերի աղբահանությունը: Ըստ Գողթի գյուղապետ ԱՐՏԱՎԱԶԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ, այդ առումով Գառնիում ու Գողթում տեղադրվել է 50-60 աղբարկղ, առաջիկայում կլուծվի ևս 60-ի հարցը:
Գառնիի տաճարի տարածքում աղբահանության խնդիրը կարծես կարգավորվել է: «Լինսի» հիմնադրամի հատկացրած միջոցներով էլ բարեկարգվել է հարակից տարածքը, լուծվել է նաև տաճարի գիշերային լուսավորության խնդիրը: ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավար ՍԵՐԺԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նշում է, որ այստեղ կազմակերպվելու են փոքր հանգստյան գոտիներ, ուր մարդիկ երեկոյան կգան տաճարով հիանալու և հանգստանալու, մայրաքաղաքի մշակութային կյանքն էլ կթեթևանա:
Գեղարդավանքում աղբամաններ թեև կան, սակայն, ըստ վարչապետի խորհրդականի, դեռ պետք է լուծել ձորի մաքրության խնդիրը, ինչը, կարծես, մնաց հաջորդ տուրիստական սեզոնի հաշվեկշռում:
Խնդիրներ կային ավտոմայրուղու սողանքային իջեցումների հետ կապված, որոշ հատվածներ անբարեկարգ վիճակում էին, բացակայում էին կողային պատնեշները, ցուցանակներն ու լուսացույցները: Ճանապարհի գծանշման ու ցուցանակների տեղադրման որոշ աշխատանքներ արդեն կատարվել են, Գեղարդավանքին մոտեցող հատվածը քարապատվել է` մեծացնելով երթևեկության անվտանգությունը, իսկ վնասված հատվածների նորոգման գործը դանդաղել է ճգնաժամի հետևանքով, բայց վերջերս կառավարությունը որոշում է կայացրել 60 մլն դրամ հատկացնել նշված հատվածների բարեկարգման համար:
Հաջորդը գեղագիտական խնդիրն էր, ավելի ճիշտ` գեղագիտությունից հեռու անբարետես կրպակների ու գազատարների, կիսաքանդ շինությունների առկայությունը, անասունների մորթը հենց ճամփեզրին: Զբոսաշրջիկին ազգային ուտեստները պատշաճ ներկայացնելու համար Ողջաբերդում տեղադրվելու են փայտի, կղմինդրի ու քարի համադրությամբ ծածկով և անծածկ վաճառասեղաններ, որից հետո արգելվելու է հին ու կիսաքանդ կրպակների գործունեությունը: Առևտրի իրականացման ավելի բարեկիրթ պայմանների ստեղծման ուղղությամբ Գառնիում աշխատանքներն ընթացքի մեջ են, տաղավարները տեղափոխվելու են հետնամաս, կառուցվելու են նորերը:
Գեղարդում այս գործընթացը դեռ չի մեկնարկել, սակայն պարզ է, որ այդ նպատակի համար օգտագործվելու է Գեղարդավանքի մուտքի հրապարակը:
Հանգստի գոտի ունենալը, առևտրի քաղաքակիրթ պայմանների ստեղծումը, իհարկե շատ կարևոր են, բայց ամենահրատապ հարցը զբոսաշրջիկների համար առաջին անհրաժեշտության պայմանների ստեղծումն է, սանհանգույցի ապահովումը, որն առայժմ պարիսպներից դուրս է և օգտագործման համար ոչ պիտանի: Աշխատանքային խմբի ղեկավարը խոստանում է, որ մի քանի ամսից զբոսաշրջիկները բնական կարիքները հոգալու հետ կապված խնդիրներ այլևս չեն ունենա. նստարան, ջուր, ռելիեֆի մեջ նախատեսված սանհանգույցներ կլինեն:
Իսկ մինչ այդ Ազգային մրցունակության հիմնադրամը Գառնիում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն է հիմնում, որը զբոսաշրջիկին կապահովի ուղևորության ընթացքում անհրաժեշտ տեղեկությամբ, կօգնի գյուղացիներին գիշերակացի, նախաճաշի ծառայություններ մատուցելու հարցերում: 11 մլն դրամ արժողությամբ այս նախագիծն իրողություն կդառնա մինչև տարեվերջ:
Կատարված ու ծրագրային միջոցառումների կողքին առանց կարգավիճակի է մնացել «Քարերի սիմֆոնիա» անվանված բնության հուշարձանը: Այս հատվածի մուտքի մոտ ութսունհինգամյա մի ծերունի պնդում էր, թե պարտավոր ենք Գառնո ձորում գտնվող «Քարերի սիմֆոնիան» տեսնելու համար վճարել 1000 դրամ: Ծերունին աշխատում է լիովին «օրինական», դպրոցական տետրից պատրաստված սեփական արտադրության անդորրագրերով: Մեր մուտքը, սակայն, Գառնո ձոր ապահովվեց միայն նրա կրտսեր որդու` Հրանտ Համբարձումյանի զգուշացումից հետո, թե դրամական պահանջները լրագրողներին չեն վերաբերում: Հետո նա ասաց, թե բնության հրաշակերտ այս հուշարձանն ընդգրկող 3 կմ հատվածն իր սեփականությունն է, և հավաքված գումարներով «սարքին» են պահում ճանապարհը, որը, ի դեպ, այնքան էլ սարքին չէ, և մաքրում են ձորի աղբը: «Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ, սակայն, ոչինչ չի հուշում, թե օր առաջ աղբ է հեռացվել: Այն, որ այս տարածքը վաղուց կանոնավոր չի մաքրվել, հաստատում են Գառնիի «Արևորդի» բնապահպանական ակումբի սաները:
Բնության հուշարձանի տխուր ներկայի առումով Գառնիի գյուղապետ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այլ բացատրություն է տալիս, թե Հրանտ Համբարձումյան ձեռներեցի տարածքը ճանապարհի և գետի երկայնքով է, նա իրավասու է գումար վերցնելու միայն այդ հատվածի համար և պատասխանատու է իր տարածքի մաքրության համար: Մինչդեռ «Քարերի սիմֆոնիան» Գառնի գյուղի վարչական տարածքում է, մաքրության և մնացած հարցերը` իրենց պատասխանատվության տակ: Համայնքը, սակայն, այդ հարցը չի կարողանում լուծել, քանի որ բեռնատարները ձոր իջնել և բարձրանալ դժվարանում են: Գառնիի զբոսաշրջային երթուղու աշխատանքային խմբի ղեկավար Արամ Ղարիբյանը բացատրում է, որ այստեղ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ հուշարձանի կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Այն 2008-ին ընդգրկվել է պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն համապատասխան փաստաթուղթ չկա: Նշենք, որ շուտով կազմվելու է հուշարձանի անձնագիրը, հետո այն հանձնվելու է որևէ օղակի հսկողությանը:
Առկա խնդիրները հստակեցված են, մնում է աշխատանքային խմբում ընդգրկված բոլոր գերատեսչությունների պաշտոնյաների հետևողական աշխատանքը, և, պատմական արժեքից զատ, կունենանք գրագետ կազմակերպված զբոսաշրջային միջավայր:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ