Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԻՖԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ

ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԻՖԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ
25.05.2010 | 00:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Անկարա կատարած այցից հետո Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը 2010-ի մայիսի 17-ին Բաքվում հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև էներգետիկ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր։ Առաջինը, հավանաբար, վերաբերել է Ռուսաստանի սկզբունքորեն նոր էներգետիկ ռազմավարությանը, որը, ի տարբերություն նախկին հայեցակարգի, հնարավոր է համարում Թուրքիայի մասնակցությունը և՛ «Հարավային հոսքին», և՛ «Նաբուկոյին»։ Ավելին, ռուսները վստահություն ներշնչող տեղեկատվական աղբյուրների միջոցով արդեն պտտեցնում են այն լուրերը, թե Մոսկվան համաձայն է այդ երկու գազամուղները միավորելու մեկ խողովակաշարում։ Ավելին, ռուսները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում թուրքական դիվանագիտության նշանակալի ներգրավումը։
Եթե ռուսական արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած այս հեղափոխությունը ընդհանուր դատողությունների ոլորտից տեղափոխելու լինենք գործնական ընկալման հարթություն, ապա գործ կունենանք Մոսկվայի նոր ռազմավարական նախաձեռնության հետ։ Ռուսաստանը, պատկերավոր ասած, Հարավկովկասյան տարածաշրջանում (և ոչ միայն տարանցման քաղաքականության մեջ) աստիճանաբար մրցակցությունից ու առճակատումից անցում է կատարում քաղաքականապես արդարացված և տնտեսապես շահավետ համագործակցության։ Իսկ դա ենթադրում է քաղաքական և՛ կանխատեսելիություն, և՛ կայունության պայմաններում խոշոր ու երկարաժամկետ նախագծերի իրականացում։ Վերջին դատողության տրամաբանությամբ` Ռուսաստան (Թուրքմենստան)-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հնարավոր գազափոխադրման միջանցքն անվիճահարույց է, ունի եթե ոչ ընդհանուր, ապա սկզբնական փուլում նրա բոլոր մասնակիցների համար միանման տնտեսական շահեր։ Այդ մտադրության իրականացումը ենթադրում է. առաջին փուլում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, անարյուն լուծում, երկրորդ փուլում` ցյուրիխյան արձանագրությունների վավերացման գործընթացի հաջող ավարտ, երրորդ փուլում` նոր էներգափոխադրման ընկերակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրում։ Այս առնչությամբ կարելի է ենթադրել, որ Մոսկվան ու Անկարան հավատընծա ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական ռազմական դիմակայության ամբողջ պարագծով հնարավոր մարտական բախումը կանխելու համար և կաշխատեն, որպես հավանական լուծումներ, հակամարտող կողմերին առաջարկել կարգավորման իրենց համատեղ մշակած տարբերակները։ Այս նախագիծն սպասարկող քաղաքական պատվերը (դատելով Ռուսաստանի ու Թուրքիայի քայլերից) դուրս չի գալիս այդ պետությունների առաջին դեմքերի օրակարգից։ Այդ գործընթացին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շահագրգիռ ներգրավվածությունը կասկածներ չի հարուցում։ Դա է հաստատում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև 2010-ի մայիսի 13-ի հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում ամերիկյան կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման հույս է հայտնել։ Նույն օրը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն ասել է, որ «ԵՄ-ն ողջունում է առաջընթացը թե՛ Ղարաբաղի, թե՛ թուրք-հայկական հարաբերությունների հարցում»։ Իսկ 2010-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն արդեն Երևանում Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ քննարկում էր թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հետ կապված նոր մոտեցումները։ Այսպիսի համակարգվածություն Հարավային Կովկասում չէր եղել ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։ Ընդհանուր շահագրգռության և տնտեսապես գրավիչ բիզնես-ծրագրի վրա հիմնված նման համատեղ գործողությունները կարող են համընդունելի որոշումների կատալիզատոր դառնալ` կախված մի քանի հայկական պետականակերտ գործոնների բնորոշ առանձնահատկություններից։
Նախ, ռուսական կապիտալի ազդեցությունից պաշտոնական Երևանի կախման մակարդակի մասին. ռուսները Հայաստանում վերահսկում են երկրի ՀՆԱ-ի ավելի քան 50 տոկոսը, հայկական ներմուծման ոչ պակաս 80 և արտահանման առնվազն 40 տոկոսը։
Երկրորդ, քանի որ ժամանակին Հայաստանն իր ձեռքում չկարողացավ պահել Մեղրի-Քաջարան-Սիսիան-Արարատ գազամուղը, լիովին կախման մեջ ընկավ ռուսական «Գազպրոմից», որը միանձնյա տնօրինում է գազի ամբողջ հայկական մեծածախ շուկան։ Նման կախվածությունը, թերևս, հայկական իշխանություններին ավելի զիջող է դարձնում թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ ցյուրիխյան արձանագրությունների հարցում։ Առավել ևս, որ Լոզանի 1956-ի համաձայնագրի և «Յուկոսի» գործով ընդդեմ Ռուսաստանի Հաագայի դատարանի նախադեպային որոշման համաձայն, հենց միայն Հայաստանի արտգործնախարարի ստորագրությունն արձանագրությունների տակ (առանց Հայաստանի կողմից դրանց վավերացման) ճանաչում է թուրք-խորհրդային երբեմնի պետական սահմանը որպես Հայաստանի և Թուրքիայի միջև այժմյան օրինական պետական սահման, ուրեմն և հավաստում է Հայաստանի կողմից թուրքական արդի պետության տարածքային ամբողջականության ճանաչումը նրա ներկա ծավալներով։
Հայկական իշխանությունները կարող էին այլ բան պնդել, եթե ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից առաջ քաղաքական կորով դրսևորեին և խորհրդարանի միջոցով չեղարկեին Կարսի 13.10.1921 թ. պայմանագիրը։ Այնպես որ, ստեղծված իրավիճակում ռուս-թուրքական հեռահար ծրագրի ընդունման ձգձգումը ոչ մի ակնհայտ օգուտ չի բերի Երևանին։ Իհարկե, գործընթացը հնարավոր է մի քանի տեխնիկական պատճառներով ձգձգել` ներքաղաքական հաշտություն ապահովելու համար։ Կամ թե, վկայակոչելով ինչ-ինչ պայմանականություններ, նետել «սառնարան»։ Բայց դա, վերջին հաշվով, ոչինչ չի փոխի։ Որովհետև սպառված են այն փաստարկների թե՛ իրական, թե՛ մտացածին պաշարները, որ հայ դիվանագիտությունն օգտագործում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի փաստական անհամատեղելիության պայմաններում։ Իսկ նոր ռազմավարություն, որը հաշվի կառներ ստեղծված իրավիճակն ու առկա համախոհությունը` երրորդ բավականաչափ ազդեցիկ երկրների կողմից Հարավային Կովկասի խնդիրների ընկալման գործում, և որն արդյունավետորեն կպաշտպաներ մեր հայտնի պատկերացումները ինչպես հայ-թուրքական հարցերի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, դատելով Հայաստանի արտգործնախարարության քայլերից, հայ դիվանագետների զինանոցում չկա։ Հույսերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները կարճ ժամանակ անց կսաչեն, ամենայն հավանականությամբ, չեն իրականանա։ Շատ բարձր ու գայթակղիչ է շահերի այն նշաձողը, որ միասին ուզում են հաղթահարել Մոսկվան ու Անկարան։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ