38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռուսաստանը Հարավային Կովկասում հարցերը փորձում է լուծել ուժի դիրքերից

Ռուսաստանը Հարավային Կովկասում հարցերը փորձում է լուծել ուժի դիրքերից
17.10.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Ժնևում գտնվող Ազգերի լիգայի պալատի շենքում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցան միջազգային քննարկումներ՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման խնդիրների շուրջ։ Հիշեցնենք, որ այդ քննարկումները նախատեսված էին հարավօսական ռազմական հակամարտության կարգավորման նպատակով Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև ստորագրված համաձայնագրով։ Սկզբում ենթադրվում էր, որ այս ֆորումը կանցկացվի Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։ Սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համառորեն հրաժարվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին մուտքի վիզա տրամադրելուց, դրանով իսկ ստիպելով Ռուսաստանին պահանջել, որ բանակցությունները տեղափոխվեն Եվրոպա։ Մինչև բանակցությունների սկիզբը Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ արեց հնարավորինս արագ համաձայնեցնել Աբխազիային և Հարավային Օսիային հարող անվտանգության գոտիներում անվտանգության ռեժիմի կոնկրետ չափորոշիչները, քանի որ դրանց պահպանումը պետք է ապահովի այդ հանրապետությունների բնակիչների անվտանգությունը։
Սակայն ցանկալին և իրականը, ինչպես միշտ, տարբեր են։ Եվ թեկուզ Սուխումի ու Ցխինվալի ներկայացուցիչները ժամանեցին Շվեյցարիա՝ այդ բանակցություններին մասնակցելու համար, վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչներն անմիջապես լքեցին բանակցությունների դահլիճը, հենց որ այնտեղ հայտնվեցին «անջատականների առաջնորդները»։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր հերթին հայտարարեց, թե բանակցությունները Ժնևում չեն կարող արդյունավետ լինել առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի լիարժեք մասնակցության։ «Մենք կմասնակցենք այն համաժողովների աշխատանքներին, ուր այդ երկու հանրապետությունները ներկայացված կլինեն մյուսների հետ հավասար հիմքի վրա։ Նրանք են հարձակման զոհ դարձել, և նրանց ձայնը պետք է լսելի լինի»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Իրարից այդքան տարբեր դիրքորոշումների պայմաններում, բնական է, որ արդեն ընթացակարգային հարցերի քննարկման ժամանակ բանակցությունների մասնակիցները չկարողացան համաձայնության գալ համատեղ աշխատանքի փոխադարձ ընդունելի ձևաչափի վերաբերյալ։
Այսպիսով, ժնևյան կոնֆերանսի առնվազն առաջին փուլի տապալումը վկայում է, որ նույնիսկ պատերազմից երկու ամիս անց Կովկասում այդ իրադարձության հետ կապված՝ կողմերի վերաբերմունքը մնում է ոչ միանշանակ։ Եվ թեկուզ ընդունված է միջազգային հետաքննություն անցկացնելու մասին որոշում, որի ավարտը դեռ շատ հեռու է, Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է գլխավոր հարցում՝ Եվրոպան միասնական է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու իր քաղաքականության մեջ։ Կարծես բացառվում է նաև այն, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ընդառաջ գնան Ռուսաստանի պահանջին, և Սուխումին ու Ցխինվալին տրամադրվի բանակցությունների մասնակցի հավասար կարգավիճակ, քանզի դա նույնպես կնշանակեր այդ հանրապետությունների փաստացի ճանաչում Արևմուտքի կողմից։ Մյուս կողմից էլ Ռուսաստանը հազիվ հաշտվի այն իրողության հետ, որ օսերն ու աբխազները բանակցային գործընթացում ստանան «երկրորդ սորտի» մասնակիցների կարգավիճակ։ Առայժմ կողմերը որոշել են խորհրդատվությունները շարունակել նոյեմբերի 18-ին։
Սակայն բնորոշ է այն, որ Եվրամիության քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում առաջին հերթին կարգավորել բանավեճերը զինադադարի համաձայնագրի տարբեր մեկնաբանությունների շուրջ։ Այդ համատեքստում քննարկվելու է ինչպես ռուսական ռազմական ներկայության հարցը Հարավային Օսիայում և Աբխազիայում, այնպես էլ եվրոպացիների պահանջը, որ Եվրամիության և ԵԱՀԿ դիտորդները գտնվեն ոչ միայն Վրաստանի տարածքով անցնող անվտանգության գոտում, այլև իրավունք ունենան իրենց առաքելությունն իրականացնելու Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում։ Ցխինվալը և Սուխումը, բնականաբար, Ռուսաստանի գիտությամբ, այդ առաջարկն առայսօր մերժել են։ Բացի այդ, Աբխազիայում գործում են ՄԱԿ-ի դիտորդները, որոնց մանդատը հոկտեմբերի 10-ին երկարացվեց չորս ամսով։ Ժնևյան բանակցությունները բարդացնող գործոններից մեկն էլ, ըստ վրացական կողմի, Ռուսաստանի կողմից զորքերի դուրսբերման պահանջները լիովին չկատարելն է։ Երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց նույնիսկ ժամկետից շուտ բուֆերային գոտիներից ռուսական զորքերի դուրսբերումն ավարտելու մասին, Վրաստանի ղեկավարությունն անմիջապես Ռուսաստանին մեղադրեց Ախալգորիի շրջանը բռնազավթելու համար, պատճառաբանելով, որ այնտեղից ռուսական զորքերը չեն հեռանում։ Վրացական որոշ փորձագետներ էլ, ըստ ռուսական «Կոմերսանտի», պնդում են, թե Մոսկվան այդ շրջանում փորձում է պլացդարմ ստեղծել իրեն հարմար պահի Թբիլիսիի վրա արշավելու համար, քանի որ Ախալգորիից մինչև մայրաքաղաք ընդամենը 60 կմ է, իսկ շրջանի բնակչությունը մեծ մասամբ վրացիներ են։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր հերթին նշեց, թե Մոսկվան զորքերն Ախալգորիից դուրս չի բերի, քանի որ այդ շրջանը, ըստ խորհրդային ժամանակների վարչական բաժանման, Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի մեջ էր մտնում, ուստի պետք է պատկանի ներկայիս հարավօսական հանրապետությանը։
Ժնևյան բանակցություններին զուգահեռ՝ հոկտեմբերի 15-ին Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կոչ արեց Ռուսաստանին և Վրաստանին՝ հարավօսական իրադարձությունների խորապատկերի վրա ձեռնպահ մնալ ռասայական խտրականության դրսևորումներից կամ նման գործողություններին աջակցելուց։ Դատարանի հայտարարության համաձայն` Հարավային Օսիայում և Աբխազիայում, ինչպես նաև նրանց հարակից շրջաններում շարունակում է անորոշություն տիրել, ու պարզ չէ, թե ում իշխանությունը ինչ սահմաններում է տարածվում։ Դատարանի որոշման մեջ ընդգծվում է, որ հակամարտության գոտիներում վրացական ազգաբնակչության նկատմամբ հնարավոր վտանգները շարունակում են մնալ առարկայական։ «Իրավիճակը Հարավային Օսիայում, Աբխազիայում և նրանց հարակից Վրաստանի այլ շրջաններում շարունակում է մնալ անկայուն և կարող է արագ փոխվել՝ նկատի ունենալով լարվածության առկայությունը և այդ տարածաշրջանում հակամարտությունների համապարփակ կարգավորման բացակայությունը։ Օսական և աբխազական էթնիկ բնակչությունը նույնպես ենթակա է վտանգների։ Թեկուզև այսօր որոշակի ուշադրություն է դարձվում փախստականների և տեղափոխված անձանց խնդիրների լուծմանը, այդ հարցն ամբողջությամբ լուծված չէ»,- նշվում է միջազգային դատարանի որոշման մեջ։ Վրացական կողմից փոխարտգործնախարար Թինա Բուրջալիանին այդ որոշումն արդեն իսկ հասցրել է բնութագրել հենց այնպիսին, «ինչպիսին ցանկանում էր Վրաստանը, որը դիմել էր այդ միջազգային դատական մարմնին»։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդամենը հարկ համարեց արձանագրել, որ Վրաստանում առկա հակամարտությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն Հաագայի դատարանը չունի, և նրա առաջարկած միջոցառումներն ու որոշումները կարող են ունենալ ընդհանուր բնույթ, սակայն չեն կարող պարունակել ինչ-որ պատիժներ այդ որոշումների չկատարման համար։
Եվ մինչ Ժնևում ու Հաագայում քննարկվում էին վրաց-ռուսական հակամարտությանը վերաբերող հարցերը, Բրյուսելում գումարված համաեվրոպական գագաթաժողովում քննարկման առարկա դարձավ Ռուսաստան-Եվրամիություն բանակցությունների հարցը։ Ընդ որում, արևմտյան ԶԼՄ-ների կարծիքով, Եվրամիության ձեռքում այս անգամ լավ խաղաքարտեր են։ Ինչպես նշում է շվեյցարական «Թեմպս» պարբերականը. «Ֆինանսական ճգնաժամը ոչ միայն թուլացրել է ռուսական կապիտալիզմի վերնախավի դիրքերը, այլև հանգեցրել էներգակիրների գների նշանակալի իջեցման։ Իսկ Ռուսաստանի բյուջեի կախվածությունը մեծ է այդ մուտքերից։ Այսպիսով, Եվրոպան, հանդիսանալով ռուսական գիգանտ «Գազպրոմի» արտադրանքի հիմնական սպառողը, ավելի անհրաժեշտ է դառնում Ռուսաստանի համար։ Ավելի կարևոր է թերևս այն, որ բիրժայում և բանկային համակարգում սկսված ճգնաժամն էլ միայն ամրապնդել է Եվրամիության անդամ երկրների միասնությունը։ Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության մասին բանակցությունները վերսկսելու հարցից զատ՝ եվրոպական քաղաքագետները կարծիք հայտնեցին նաև, որ պետք է հստակեցնել աբխազական և հարավօսական հակամարտությունների գոտիներում Եվրամիության դիտորդների լիազորությունների շրջանակը, հակառակ դեպքում նրանց թույլ չեն տա առաքելություն իրականացնել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում»։
Վերոհիշյալ զարգացումներից ելնելով` կարելի է արձանագրել, որ դիվանագիտական ջանքերը Կովկասում կայունություն հաստատելու ուղղությամբ առայժմ քիչ արդյունավետ են։ Ավելին, կովկասյան հրդեհը դեռ երկար ժամանակ կարող է գլխացավանք լինել միջազգային հանրության համար։ Այդ կապակցությամբ շատ բնութագրական է ռուսական «Էքսպերտ» ամսագրում զետեղված հետազոտությունը, որը կոչվում է «Բասաևի ուրվականը», և որում, մասնավորապես, ասված է. «Չեչնիայից և Դաղստանից հետո Ինգուշեթիան էր սկսել վերածվել տեղեկատվական սև խոռոչի։ Այնտեղ ինչ-որ մութ ու անհասկանալի բաներ են տեղի ունենում, և մարդիկ արդեն չեն էլ փորձում այդ ամենը վերլուծել ու հասկանալ։ Բասաևի զինյալներին հաղթելու համար Ռուսաստանի դաշնային իշխանությունները զինեցին Կադիրովի կողմնակիցներին, որոնք այդպես էլ չկարողացան լուծել արմատական իսլամական ընդհատակի հարցերը։ Նրանք ընդամենը դուրս մղեցին նրանց, ինչպես նաև դաշնային զինված ուժերին դեպի Ինգուշեթիա, և պատերազմը սկսեց սողալ ամբողջ Կովկասով։ Դա այն է, ինչ երազում էր Բասաևը։ Հիմա զինյալներն ամենուրեք են, ներառյալ Կաբարդինա-Բալկարիան և Կարաչաևա-Չերքեզիան։ Կարելի է, իհարկե, զտել տեղեկատվությունն ինչքան կամենաս։ Բայց ինչ-որ բան անել, միևնույն է, պետք է»։
Դատելով ամենից՝ մենք համակովկասյան ճգնաժամի շեմին ենք։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ռուսաստանն այս տարածաշրջանում բոլոր հարցերը փորձել է լուծել՝ ամենից առաջ հենվելով ուժի վրա։ Բայց, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, միայն դա ինքն իրեն ոչ մի լուծման չի հանգեցնում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4669

Մեկնաբանություններ