38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍԵԼ ԷՐ ՏԱՊԱԼԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍԵԼ ԷՐ ՏԱՊԱԼԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2010 | 00:00

Վերջին շրջանում Թուրքիան հերթական անգամ ալեկոծվեց սենսացիոն նորությունից, որ բարձրագույն զինվորական հրամանատարությունը ոչ շատ վաղուց նախատեսել էր տապալել կառավարությունը։ Այժմ արդեն հայտնի է, որ 2002՚ին իշխանության եկած իսլամական կողմնորոշում ունեցող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ դավադրությունը սկսել է հասունանալ արդեն 2003՚ից։
Թուրքական կառավարամետ «Թարաֆ» թերթի հրապարակումների համաձայն, Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարությունը նախապատրաստել է «Բալյոզ» (մուրճ) կոդավորված անվամբ ռազմական հեղաշրջման պլանը։ Դրա իրագործման համար մշակված են եղել «Չարշաֆ», «Սակալ», «Սուգա», «Օրաժ» անվանումներով առանձին հատուկ գործողություններ։ Ընդ որում, նշվում է, որ «Բալյոզ» հեղաշրջման ծրագրում օգտագործված են այնպիսի կոդավորված անվանումներ, որոնք առկա էին 20՚րդ դարի երկրորդ կեսին թուրքական բանակի իրականացրած մի շարք ռազմական հեղաշրջումների ժամանակ։ «Թարաֆ» թերթը պնդում է, թե հեղաշրջման պլանի փաստաթղթերի բնօրինակները խմբագրություն է բերել իրենց հավաստի «աղբյուրը», որը նախկինում ծառայել է թուրքական առաջին բանակի կազմում։ Իր հերթին թերթի թղթակից Մեհմեդ Բարանսոնը վերոհիշյալ փաստաթղթերը հանձնել է Ստամբուլի դատախազությանը` ներառյալ չորս սկավառակների վրա սղագրված հեղա՚շրջման ամբողջական ծրագիրը։
Սկսվել է հետաքննություն, և արդեն իսկ մամուլում ի հայտ են եկել որոշ մանրամասներ։ Ըստ այդ ծրագրի, բանակային հետախուզության գործակալները, իմամների հագուստով զգեստավորված, ուրբաթ օրով նամազի ժամանակ պայթյուններ պիտի իրականացնեին Ստամբուլի «Ֆաթիհ Ջամիսի» և «Բայազիտ» մզկիթներում։ Խառնաշփոթ իրավիճակներում ողջ մնացած աղոթողներին պետք է հրահրեին խռովության։ Միաժամանակ, նախատեսված է եղել հարձակում ռազմական ավիացիայի թանգարանի վրա` «մոլոտովյան կոկտեյլների» օգտագործումով։ Ստեղծված քաոսը և բազմաթիվ զոհերը, այդ ամենի ցուցադրումը հեռուստատեսության ուղիղ եթերով, զինվորական դավադիրների կարծիքով, կապահովեին անհրաժեշտ ֆոն հետագա գործողությունների համար։ Բացի այդ, պոտենցիալ խռովարարները ծրագրել էին նաև ճգնաժամ հրահրել հույն՚թուրքական հարաբերություններում` իրենց իսկ ինքնաթիռը սեփական հակաօդային պաշտպանության միջոցներով Էգեյան ծովի վրա խփելով և ներկայացնելով, թե դա արել են Հունաստանի ռազմաօդային ուժերը։
Բնականաբար, բոլոր այս զարգացումներից հետո կառավարող կուսակցությունը և իշխանությունն առհասարակ կմեղադրվեին անգործունակության մեջ, ինչն էլ վերջնահաշվում կհանգեցներ բանակի կողմից «համապատասխան» գործողությունների ձեռնարկման` իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով։ Նախատեսված էր, որ ռազմական հեղաշրջումից հետո սկսվելու էր ռեպրեսիաների ալիք, ձերբակալվելու էր 36 լրագրող, որոնց թվում նաև` «Ակոս» թերթի հանգուցյալ խմբագիր Հրանտ Դինքը և ներկայիս խմբագիր Էթիեն Մահչուպյանը։ «Թարաֆ» թերթը պնդում է, որ հայտնաբերված է նաև այն անձանց ցուցակը, ովքեր հեղաշրջումից հետո կառավարությունում զբաղեցնելու էին առանցքային պաշտոնները։ Եվ այդ ամբողջ ծրագրի տակ իբր դրված է այն ժամանակվա թուրքական առաջին բանակի հրամանատար, բանակի գեներալ Չեթին Դոգանի ստորագրությունը։ Հիշեցնենք, որ նրա անվան հետ էին կապում նաև 1997՚ի իրադարձությունները, երբ թուրքական բանակն իր քսան պահանջների ցուցակը ներկայացրեց և դրա արդյունքում հասավ Նաջեմեթին Էրբաքանի կառավարության հրաժարականին։
Այսօր թուրքական ԶԼՄ՚ները պնդում են, որ եթե Ստամբուլի դատախազություն ներկայացված փաստաթղթերը ճիշտ են, ապա զինվորականների «Բալյոզ» անունը կրող դավադրությունը կարող էր դառնալ ամենից արյունալին թուրքական ռազմական հեղաշրջումների պատմության մեջ։
Ինչպես հայտնի է, թուրքական բանակը յուրօրինակ պետություն է պետության մեջ, համարում է իրեն Քեմալ Աթաթուրքի ժառանգության պահապանը։ ՈՒշագրավ է, որ Թուրքիայի բարձր պաշտոնատարների ցուցակում բանակի գլխավոր շտաբի պետը գտնվում է չորրորդ հորիզոնականում` երկրի նախագահից, խորհրդարանի խոսնակից ու վարչապետից հետո։ Բանակն ավանդաբար իր գործողություններում ղեկավարվում է ներքին ծառայության մասին օրենքի համապատասխան հոդվածով, ուր ամրագրված է, որ զինված ուժերը պետք է պահպանեն պետությունն այն տեսքով, ինչպիսին նա գոյություն ունի ըստ Թուրքիայի Սահմանադրության։ Հենց այդ հոդվածն էլ հիմք է դարձել «Բալյոզ» պլանի ի հայտ գալուն։ Այնուհանդերձ, այս անգամ թուրքական բանակի գլխավոր շտաբը մտադիր չէ հաշտվելու առաջ քաշված մեղադրանքների հետ և շտապել է հայտարարել, որ «Թարաֆ» թերթի պնդումներն ու մեկնաբանությունները «ծառայում են հասարակության մեջ լարվածություն ստեղծելու նպատակներին»։
Գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուղը հայտարարեց, որ բանակը չի ունեցել իշխանության տապալման որևէ ծրագիր, և «ռազմական հեղաշրջումների ժամանակները մոռացված են, քանզի յուրաքանչյուրն իր դասն է քաղել դրանցից։ Մեր զինվորները մարտի են գնում «ալլահ» բացականչություններով։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բանակը ռմբահարել մզկիթները»։ Իր հերթին «գլխավոր մեղադրյալ», գեներալ Չեթին Դոգանն իր հայտարարություններում մասամբ խոստովանել է և նույնիսկ փորձել արդարացնել վերոհիշյալ ծրագիրն ու նպատակները։ Միաժամանակ նշել էր, թե գլխավոր շտաբը նախօրոք տեղյակ է եղել «ծրագրված միջոցառումներին»։ Հետագայում, սակայն, նա հրաժարվեց իր իսկ հայտարարություններից` մեղադրելով «թշնամի» լրատվամիջոցներին սադրանք կազմակերպելու համար։ Ընդ որում, ակնարկելով կառավարությանը, Դոգանը նշել էր` «ո՞վ է շահում այս կարգի խոսակցություններից»։ Գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուղն իր հերթին ավելի քան թափանցիկ հասկացրել էր ընդդիմախոսներին, թե «Թուրքիայի զինված ուժերի համբերությունն անսահման չէ»։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նախագահ Աբդուլլահ Գյուլը զարմանալի համոզվածությամբ հայտարարեց, թե «ռազմական հեղաշրջումը Թուրքիայում անհնարին է, և ժողովրդավարությունը մեզ մոտ ամրապնդվում է օրեցօր»։ Կառավարամետ փորձագետներն իրենց հերթին շտապեցին հայտարարել, թե ռազմական հեղաշրջման ծրագիրն ամբողջ բանակին վերագրելը սխալ է։ Թեպետ, միաժամանակ, նշվեց, որ եթե դա ապացուցվի, ապա գլխավոր շտաբի պետը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետ Էրդողանը փորձում էր երևալ «խիստ, բայց արդարացի» ու, ըստ այդմ, հայտարարեց. «Մենք թույլ չենք տա բանդաներին և անօրինական կազմակերպություններին ղեկավարել երկիրը։ Այսօր մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս մեր խիզախությունը մաֆիայի դեմ պայքարում»։ Մինչդեռ Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն արդեն բազմիցս կարծիք են հայտնել, որ այս գործը սարքված է, իսկ առանձին դիտորդներ, այդ թվում` երկրի սահմաններից դուրս, հեղաշրջման մտադրության բացահայտումը որակում են իբրև «վհուկների որս» ու մեղադրում գործող վարչապետին` աթեիստներին ու աշխարհիկ պետության կողմնակիցներին հետապնդելու համար։
Անշուշտ, դժվար է միանշանակ պնդել, թե որքանով են հիմնավորված ներկայիս մեղադրանքները բանակի նկատմամբ։ Թեպետ հեղաշրջումներն ու դավադրություններն առնվազն նախկինում թուրքական գլխավոր շտաբի սիրելի զվարճալիքներն էին, որոնք 1960՚ին, 1971՚ին և 1980՚ին ավարտվեցին «փայլուն հաջողությամբ»։ Վերջին հեղաշրջումը երկրում, փաստորեն, տեղի ունեցավ 1997՚ին, երբ գլխավոր շտաբի մի շարք կոշտ հայտարարություններից հետո Էրբաքանի իսլամամետ կառավարությունը հարկադրված էր հրաժարական տալ։ Սակայն, միաժամանակ, չի կարելի բացառել, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը դիտավորյալ և ծրագրված վարկաբեկում է զինվորականներին` նրանց վերահսկողության տակ պահելու համար։ Չկայացած «դավադրությունների» բացահայտումը նույնպես յուրօրինակ զբաղմունքի է վերածվել այսօրվա իշխանության համար և թուրքական ԶԼՄ՚ներում շրջանառվող մշտապես արդիական թեմաներից մեկն է։ Անցյալ տարվա հոկտեմբերին էլ հրապարակվեց անանուն սպայի նամակը` ուղղված Ստամբուլի դատախազությանը, ուր բերված էր նաև գործող կառավարությունը տապալելու պլանի կրկնօրինակը։ Այդ «փաստաթղթի» համաձայն` բանակը նպատակ է դրել վարկաբեկելու կառավարող կուսակցությանն ու նրա հենարան «Գյուլեն» կրոնական շարժումը և այդպիսով ազդելու «Էրգենիկոնի» հայտնի գործի հետաքննության վրա։ Այն ժամանակ զինվորականները վերոհիշյալ «փաստաթուղթը» բնորոշեցին իբրև թղթի կտոր, որը «պիտանի չէ անգամ արտաքնոց տանելու համար»։ Սակայն մեկ ամիս անց` 2009՚ի նոյեմբերին, թերթերը գրեցին «Կաֆես» պլանի գոյության մասին, որն իբր նախապատրաստել էին Թուրքիայի ռազմածովային ուժերի սպաները, և դրա նպատակը իրավիճակի ապակայունացումն էր` ազգային փոքրամասնությունների շրջանում առկա դժգոհություններն օգտագործելու ճանապարհով։
Հարկավ, բոլոր այս «բացահայտումները» մանկական խաղեր են ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության նկատմամբ հարուցված գործի համեմատ, որի քննության ընթացքում ձերբակալվել է շուրջ 200 մարդ, դատն ընթանում է 2007-ի հոկտեմբերից մինչ օրս, ոչ շատ վաղուց այդ նույն գործի շրջանակներում դավադրությանը մասնակից լինելու մեղադրանք ներկայացվեց ևս 17 անձանց։ Եվ այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի. չնայած այն բանին, որ Թուրքիայում շատերն այդ գործը շարունակում են դիտարկել իբրև աշխարհիկ պետության կողմնակիցների նկատմամբ իսլամիստների կազմակերպած հետապնդում, բնակչության վերաբերմունքը գործի քննության ընթացքին զուգահեռ փոխվում է։ Վերջին հարցումների համաձայն, հարցվածների 62,5 տոկոսը հավատում է, որ «Էրգենեկոնը» դավադիր խմբավորում է եղել և ծրագրել է հեղաշրջում, իսկ 60 տոկոսը համարում է, որ գործող կառավարությունը ճիշտ է վարվել նրանց նստեցնելով ճաղերի հետևում։ Ընդ որում, հաճախակի են դարձել թուրքական բանակի սպայական կորպուսում ինքնասպանությունները` «չբացահայտված հանգամանքներում»։ Եվ այս ամենը, անկասկած, միայն խտացնում է երկվության ու սարսափի մթնոլորտը Թուրքիայում։
Այսպիսով, չնայած բանակի լուրջ հեղինակությանը հասարակության մեջ, տեղի է ունենում այս մասով բացասական տեղաշարժ։ Իրավիճակը Թուքիայում և նրա շուրջ խիստ տարբեր է այն իրադրություններից, երբ բանակը վճռականություն է ունեցել միջամտելու երկրի ներքին կյանքին հեղաշրջման ճանապարհով։ Նույն թուրքական ռազմական փորձագետների խոստովանությամբ, ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը գտնվում է իսլամիստների ձեռքին և զբաղվում է կազմակերպված հանցագործության դեմ պայքարով։ Էրդողանի կառավարության ու կուսակցության ազդեցությունն աճում է նաև ժանդարմերիայում, ընդ որում, ինչպես հետախուզությունում, այնպես էլ հակահետախուզությունում։ Ավելին, վերջերս տեղի է ունեցել երկրի կյանքում աննախադեպ իրադարձություն, երբ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել հատուկ նշանակության զորքերի շտաբում, որը թուրքական գլխավոր շտաբի սրբություն սրբոցն է։ Խուզարկությունը տևել է 28 ժամ, գլխավոր շտաբ է ժամանել անգամ ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող հատուկ դատախազը, և այս չլսված քայլը սանկցավորել էին քաղաքացիական արդարադատությունն իրականացնող կառույցները։
2009-ի սկզբին Էրդողանի կուսակցության կողմից վերահսկվող խորհրդարանը փոփոխություններ իրականացրեց օրենսդրության մեջ, որոնց համաձայն զինվորականները պետք է դատվեին քաղաքացիական դատարաններում։ Սահմանադրական դատարանը դրանք չհաստատեց, սակայն կառավարող կուսակցությունը պատրաստվում է ավելի արմատական` սահմանադրական փոփոխությունների, որպեսզի Թուրքիայի հիմնական օրենքը «մոտենա եվրոպական չափանիշներին»։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ փոփոխությունների նպատակը բանակի և Ազգային անվտանգության խորհրդի սահմանադրական լիազորությունների չեզոքացումն է, որոնք այսօր բավականին մեծ են։ Վերջին բացահայտումներից հետո այն թուրք լրագրողները, ովքեր «Բալյոզ» պլանի համաձայն պետք է ձերբակալվեին, դատական հայց են սկսել փաստաթղթի հեղինակների դեմ և առաջարկում են օրենսդրական փոփոխություններով սահմանափակել բանակի ազդեցությունը երկրի ներսում։ Խորհրդարանի քուրդ պատգամավորներն էլ իրենց հերթին կոչ են ուղղել կառավարությանը` կասեցնելու այն արձանագրությունը, որը զինվորականներին իրավունք է տալիս միջամտելու ներքին սպառնալիքների չեզոքացմանը։
Երբ կավարտվի այս հակադրության հերթական փուլը, դժվար է ասել, բայց այն պետք է դիտարկել երկրում ազդեցության պահպանման և ընդլայնման ավանդական պայքարի առանցքում։ Թերևս ավելորդ չէ հիշատակել Էրդողանի հնչեցրած մի ձևակերպում, որը շատ լավ ներկայացնում է ժողովրդավարության մասին Թուրքիայի վարչապետի պատկերացումները. «Ժողովրդավարությունը նման է գնացքի, որից պետք է օգտվել ցանկալի նպատակին հասնելու ճանապարհին։ Բայց այդ գնացքից կարելի է նաև իջնել, երբ այն այլևս անհրաժեշտ չէ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ