Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՄԱՔՐՄԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՂՔԱՏՆԵՐԻՑ ՀՈ ՉԻ՞ ՍԿՍՎԵԼՈՒ»

«ՄԱՔՐՄԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՂՔԱՏՆԵՐԻՑ ՀՈ ՉԻ՞ ՍԿՍՎԵԼՈՒ»
18.05.2010 | 00:00

Երեկ Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց Մելիք-Ադամյան փողոցում «հանգրվանած» կառավարության նիստերի դահլիճում։ Պատգամավորների գերակշիռ մասն իրեն չէր գտնում այդ մեծ դահլիճում, չնայած քնելու համար աթոռներն ավելի հարմարավետ էին։ Ինչևէ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, որն այս շենքում առաջին անգամ չէր օրենսդրական աշխատանքի եկել, հարցրինք, թե ինչպիսի՞ն են այսօրվա տրամադրությունները, եթե հիշենք Գերագույն խորհուրդն ու այսօրվա Ազգային ժողովը։ «Այս դահլիճն ինձ շատ հոգեհարազատ է, դրական աուրա ունի։ Այն ժամանակ շատ էին պրոգրեսիվ ուժերը, սուր հարցադրումների պակաս չէր զգացվում։ Կարոտով եմ հիշում այդ օրերը»,- ասաց։
-Անկախության հռչակումից հետո արդարացա՞ն հայ ժողովրդի սպասումները։
-Անկախությունն ամենաբարձր արժեքն է։ Շուրջ քսան տարվա հեռավորությունից կարող ենք փաստել, որ այժմ բոլորովին այլ են մարդկային հարաբերությունները։ Անկախությունը շոշափելի բան չէ, դրանով դաստիարակվում է անկախ պետության անկախ քաղաքացին։ Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որը բավականին երկար ապրել է խորհրդային հասարակարգում, սակայն չեմ ուզում քննադատել այդ շրջանը, անկախ Հայաստանի քաղաքացին ոչ մի ընդհանրություն չունի Խորհրդային Հայաստանի քաղաքացու հետ։
-Անկախ Հայաստանի քաղաքացու երազած Հայաստանն այսօր ի՞նչ չափով են քաղաքականությունն ուղղորդող մարդիկ կյանքի կոչում։
-Եթե երազանքներն այդքան արագ կատարվեին, մենք դրախտավայր կունենայինք։ Մենք այդ երազանքի ճանապարհին ենք։ Իհարկե, այդ ճանապարհին ունենք նաև թերություններ, սակայն որ ուղիղ ենք գնում, առանց խոտոր ընթացքի, դույզն-ինչ չեմ կասկածում։
-Անկախությունից հետո քաղաքականությամբ զբաղվողների արժեհամակարգը գնալով անկում չի՞ արձանագրում։
-Դա օբյեկտիվ օրինաչափություն է, քանի որ կապիտալի նախնական կուտակման ժամանակահատվածում ենք։ Այս գործընթացից հետո դարձյալ կվերականգնվի մեր արժեհամակարգը։ Վերջերս և՛ մշակույթի, և՛ պետական-քաղաքական գործիչներն իրենց անհանգստությունն են արտահայտում այս առնչությամբ` նպատակ ունենալով կորած արժեքները վերագտնելու։ ՀՀԿ-ն, լինելով պահպանողական, տուրք է տալիս մեր էթնոսի արժեհամակարգի պահպանմանը։
-Բայց փողն է «պահպանում»։
-Իհարկե, սատանայի այդ թագավորությունը գերիշխում է։ Լինելով սպեցիֆիկ ազգ` սպեցիֆիկ ճակատագրով, պետք է այդ ճանապարհն արագ անցնենք։ Ցավ եմ ապրում, երբ մարդկային հարաբերությունները տեղի են տալիս դոլարայինին։ Մեզանում հարստությունը մեծ մասամբ կուտակված է արժեքային համակարգից չհասկացող մարդկանց ձեռքում։ Բայց կգա ժամանակը, երբ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ զարգացած երկրներում արժեհամակարգը պահպանողները հիմնականում հարստություն ունեցող մարդիկ են։ Կան հայտնի ու քողարկված միլիոնատերեր։ Հասարակությանը հայտնի միլիոնատերերը, քողարկվածների համեմատ, ավելի ազգասեր են, քանի որ գաղտնի միլիոններ կուտակողները հիմնականում այդ հարստության տեր են դարձել չարաշահումների, խարդախությունների, ազգային գանձարանը թալանելու ճանապարհով։
-«Մաքրման» ուղին ովքե՞ր են նախանշելու։
-Դա կուսակցական պատկանելություն չի ենթադրում։ Իհարկե, ամենամեծ օրինակը հանրապետականը պետք է տա, որպես իշխող կուսակցություն։ Առավել հայտնի կուսակցություններից ու մարդկանցից պետք է դա սկսել։ «Մաքրման» գործընթացն աղքատներից հո չի՞ սկսվելու։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ