Հայաստանում կորոնավիրուսի արձանագրման առաջին իսկ օրից առողջապահության նախարարը քննադատության պակաս չունի, սակայն դա նրան այնքան էլ չի կաշկանդում։ Այդ ամենը նա փորձում է «փոխհատուցել» քաղաքական կսմթոցներով։ Մինչդեռ քաղաքացիների, քաղաքական ուժերի քննադատությունը մի բան է, մասնագիտական շրջանակի խիստ դժգոհությունը՝ մեկ այլ բան։ Բժիշկների համքարության նյարդերն արդեն տեղի են տալիս, նրանք մի կերպ են հանդուրժում այսպիսի նախարարի գոյությունը։ Համբերության բաժակը լցվեց վերջին որոշումից հետո։ Հիվանդանոցները նախարարի «կուրացիայի» տակ հայտնվելու որոշումը, մեր տեղեկություններով, բժիշկներին և հիվանդանոցների ղեկավարներին վերջնականապես հունից հանել է։ Նրանք հարմար պահի են սպասում, որ այս նախարարի մասին ողջ զայրույթն արտահայտեն։
Սա դեռ հարցի մի կողմն է, մասնագիտական տեսանկյունից ավելի խոցելի է Արսեն Թորոսյանը, բժիշկները պատմում են, որ երբեմն-երբեմն այնպիսի անգրագիտություն է ցուցաբերում, որ տպավորություն է, թե գործ ունեն ոչ թե առողջապահության, այլ ոլորտից անտեղյակ մարդու հետ։ Չնայած այս ամենին և վիրուսի դեմ պայքարի խայտառակ ցուցանիշներին, Թորոսյանը շարունակում է պինդ նստած մնալ նախարարի աթոռին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ