ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Facebook-յան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է բառացիորեն հետևյալը.
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, և ուզում եմ ասել, որ երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, այն է` 723 նոր դեպք ենք արձանագրել, մահերի թիվը` 6, բուժվածների թիվը` 442: Եվ ես պիտի անկեղծ ասեմ, որ դառնացած եմ, ինչու՞։ Ոչ միայն այս թվերի հետ կապված, այլև այսօր աշխատանքի եկել եմ Սևանից, և մեքենայի պատուհանից, նույնիսկ մեքենայի պատուհանից երևում ա, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, նու, ամենաբացահայտը դիմակի կրումն ա: Եվ ես, գիտեք, սկսել եմ մտածել, որ էստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»:
Հիշենք, որ հունվարի 12-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 612 նոր դեպք, ապաքինվել է ևս 173 մարդ, արձանագրվել է մահվան 13 դեպք:
Բացի նրանից, որ 723 հաստատված նոր դեպքը, որքան էլ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի համար շատ մեծ, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ չի կարելի համարել նոր ռեկորդ, քանի որ ռեկորդը, հունիսի 7-ին հայտարարվածի համաձայն, գրանցվել է հունիսի 6-ին (նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 766 նոր դեպք), Փաշինյանն այն առումով, որ նոր կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, այո, շատ ճիշտ է ասում:
Նույնիսկ կարելի է ասել, որ SARS-CoV-2-ի ու դրա հարուցած հիվանդության` COVID-19-ի հետ կապված մեր գործերը վատ են, նույնիսկ շատ վատ, որովհետև բավականաչափ պատկերացնում ենք ու գիտենք. Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը, որը, ինչպես մի քանի օր առաջ Փաշինյանն ասաց, ճկռում է ծանրաբեռնվածությունից, այսպես շարունակվելու դեպքում շուտով, նույնիսկ մեծագույն ցանկության, ճիգ ու ջանքի պարագայում, այլևս չի կարողանալու դիմանալ հարաճուն ծանրաբեռնվածությանը: Եվ հենց այդ ժամանակ կտրուկ բարձրանալու են մահացության թվերը` ի համեմատ նրա, ինչ արձանագրվում է վերջին օրերին. Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, օրինակ, հունիսի 10-ին արձանագրվել է մահվան 18 դեպք, հունիսի 11-ին` 13, հունիսի 14-ին` 16 դեպք։ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի թիվը, երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, հունիսի 15-ի ժամը 11-ի դրությամբ արդեն հասել էր 17064-ի:
Ոչ միայն Փաշինյանը, մենք էլ ենք դառնացած, ու դարձյալ` ոչ միայն Փաշինյանի նշած թվերի հետ կապված, այլև այս թվերին հանգեցրած, այս թվերի պատճառ հանդիսացող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա համապատասխան ենթակաների, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունբի առնչությամբ: Դառնացած ենք մեր հանրապետություն նոր կորոնավիրուսի ներթափանցումը, դրանից հետո երկրում վարակի տարածումը կանխելու, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ձեր, ձեր նշանակած և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի, պարետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականության` կատարած մի շարք սխալ, անթույլատրելի հայտարարությունների և գործողությունների, ինչպես նաև, երբ անհրաժեշտ էր գործել, հանցավոր անգործության կապակցությամբ: Մի խոսքով, այդ պայքարը ձախողվել է խայտառակ կերպով:
Փաշինյանը Սևանից աշխատանքի վերադառնալիս է մեքենայի պատուհանից տեսել, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, մենք մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում ենք տեսել տասնյակ մարդկանց, որոնք չեն պահպանում այդ նույն կանոնները:
Հանուն ճշմարտության պետք է ասենք, որ Երևանի կենտրոնում հիմա որոշ առումով իրավիճակ է փոխվել. «Վերնիսաժի» պուրակում մարդկանց 10-15 տոկոսն էր առանց շնչադիմակի, անհամեմատ շատ էին սոցիալական հեռավորություն չպահպանողները: Նկատեցինք նաև բազմաթիվ մարդկանց, որոնք թեև դեմքերին շնչադիմակ ունեին, բայց չէին օգտագործում այն:
Միաժամանակ նշենք, որ պուրակում բազմաթիվ ոստիկաններ կային, որոնք այս ամենի հանդեպ անտարբեր էին. շուրջ մեկուկես ժամվա ընթացքում չտեսանք որևէ դեպք, որ ոստիկանը մոտենար կարգազանց քաղաքացուն ու տուգանքի արձանագրություն կազմեր: Գուցե Փաշինյանի կամ կառավարության որոշմամբ դրամական պարգև՞ սահմանվի այն անձանց համար, որոնք նման դեպքերում ոստիկանների անգործությունն անվիճելիորեն փաստող տեսանյութեր կամ լուսանկարներ կներկայացնեն։ Թող Փաշինյանը մտածի այս ուղղությամբ, չէ՞ որ քաղաքացիներին առաջարկում էր լուսանկարել ավտոմեքենաներում շնչադիմակ չդրած անձանց և ուղարկել լուսանկարները, որի դեպքում, բացի վարորդից, հնարավոր չէ լուծել ավտոմեքենայում գտնված կարգազանց ուղևորների նույնականացման խնդիրը, թեկուզ, ավտոմեքենայի համարանիշերը նկարելու դեպքում:
Հակահամաճարակային կանոնների պահպանման առումով Երևանից շատ ավելի վատ վիճակ է մարզերում, իսկ Երևանում սոցիալական հեռավորությունը զանգվածաբար չպահպանելու խնդրից բացի, առկա է նաև 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չպահպանելու խնդիրը: Տեսեք, թե ինչ է կատարվում հատկապես բակերում։ Այս պարագայում մանկապարտեզներում դաստիարակների հետևելը, որպեսզի երեխաները սոցիալական հեռավորություն պահպանեն, դառնում է արդյունավետությունից գրեթե զուրկ և անլուրջ:
Այո՛, «այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից», բայց ոչ Փաշինյանի ներկայացրած այն անհեթեթ պատճառաբանությունների առումով, թե պետականություն չենք ունեցել, պետության սահմանած կարգը ժողովրդի դեմ է եղել, դրան այլ կերպ ենք վերաբերվել և այլն, և այլն: Նրա այս անհեթեթ պատճառաբանություններին թերևս առանձին կանդրադառնանք, քանի որ դա մի առանձին վերլուծություն է պահանջում:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խնդրի` կորոնավիրուսի շրջանակից դուրս գալու մասին ուղղակի պետք է սկսեր մտածել այն պահից սկսած, երբ հայտարարեց, թե «Կորոնավիրուսն ում շունն ա»: Նրա և Արսեն Թորոսյանի նմանաբնույթ մյուս հայտարարությունների մասին էլ չհիշեցնենք։
Այո՛, խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, որովհետև մարդիկ այլևս չեն հավատում Փաշինյանին ու նրա իշխանությանը, կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու, սահմանափակելու, զսպելու համար նրա և իշխանության քայլերը, որոշումները, կոչերը համարում են անլուրջ: Իսկ դրա համար պատճառ հանդիսացած իր և իր որոշ ենթակաների հայտնի հայտարարություններից բացի, գիտե՞ք, թե էլ ինչու. փորձենք բացատրել։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ (https://www.azatutyun.am/a/ 30663682 .html), պարետատան 2020 թ. հունիսի 10-ի նիստից հետո Փաշինյանն ասել է, որ «Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս», կայունացման առաջին նախանշանները կան:
«Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած, ընդհանուր առմամբ, ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար, և, ըստ էության, մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է…»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:
Մեր հրապարակումներից մեկում արդեն նշել, թվերով ու փաստերով ապացուցել ենք, որ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը` հիմնված ոչ թե դրան նախորդած գոնե վերջին մեկ շաբաթվա պաշտոնական վիճակագրությամբ արտահայտված իրողությունների, այլ ընդամենը մեկ օրվա` հունիսի 9-ի անբավարար, խաբուսիկ տվյալի (հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակի համեմատ ապաքինվածների քանակի գերազանցման) վրա, չի համապատասխանում իրականությանը: Եվ, ահա, կայունացման վերաբերյալ իր վերոնշյալ հայտարարությունից ընդամենը 3 օր հետո Փաշինյանը հայտարարել է, որ «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:
Այո՛, այս վերջին դեպքում ճիշտ է ասել, բայց բոլորը չէ, որ գիտեն դա ու համոզված են այդ հարցում, հետևաբար մտածում են, թե Փաշինյանի այս հակասական հայտարարություններից ո՞ր մեկին հավատալ… Եվ շատերը հավատում են հենց առաջին հայտարարությանը, քանի որ այն թեև սուտ, բայց քաղցր սուտ է, իրենց հաճելի և ձեռնտու սուտ` այն առումով, որ այդ ստին (կայունացում է տեղի ունենում, «կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար») հավատալու պարագայում, ցավոք, ինքնահանգստանում են, իրենց այնքան էլ պարտավորված չեն զգում պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնց պահպանումը բոլորիս համար էլ որոշակի դժվարությունների, խնդիրների հետ է կապված:
Եվս մեկ օրինակ, թե ինչու են շատ մարդիկ անլուրջ համարում Փաշինյանի ու նրա իշխանության հիշյալ պայքարը: Պահանջում են սոցիալական հեռավորություն պահպանել, շատ լավ, շատ ճիշտ պահանջ է, մենք էլ ենք նույնը պահանջում մեր շրջապատից: Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ չէ՞, որ ավտոբուսներում, հատկապես երթուղային միկրոավտոբուսներում, որոնց աշխատանքը վերականգնեցին մայիսի 18-ից, օրվա ընթացքում հազարավոր ուղևորներ միմյանցից ոչ թե 2, այլ ընդամենը կես մետր հեռավորության վրա նստած են երթևեկում, ընդ որում, այդ առումով որևէ կերպ չխախտելով հասարակական տրանսպորտով երթևեկելու համար պարետի սահմանած կարգը: Դրանից հետո այդ մարդիկ մտածում և ասում են, որ սոցիալական հեռավորություն պահպանելու իշխանության պահանջն ընդամենը կապիկություն կամ դերասանություն է:
Վարչապետը և նրա գլխավորած կառավարության այլ անդամներ պահանջում են շնչադիմակ օգտագործել, շատ ճիշտ պահանջ է, մենք էլ ենք նույնը պահանջում, բայց Փաշինյանը, իշխանությունները չգիտե՞ն դրանց գինը… Մի քանի օր առաջ դեղատնից սովորական շնչադիմակի հատը 200 դրամով ենք գնել: Վարչապետը մոռացե՞լ է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի ասածը, որ շնչադիմակը 1,5-2 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև խոնավանալու պատճառով կորցնում է իր արդյունավետությունը, դրա վրա թե դրա մեջ փոշի ու բակտերիաներ են հավաքվում, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են:
Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե շնչադիմակը կարելի է մինչև 4 ժամ օգտագործել (տվյալ խնդրից Սատանան էլ երևի արդեն գլուխ չի հանում…), աշխատող մարդը մոտ 12 ժամ դրսում է լինում (առնվազն մոտ 8 ժամ իր աշխատանքն է, դրանից բացի ժամանակը ծախսվում է նաև տրանսպորտով գործի գնալու-վերադառնալու, գնումների և այլնի վրա), իսկ 3 շնչադիմակի արժեքը կազմում է 600 դրամ, ամսական` մոտ 18 000 դրամ, պետությունը տալի՞ս է նրանց այդ գումարը… Դե թող գոնե կարիքավորներին տա այդ գումարը` հարկ եղած դեպքում հետ պահանջելով տարբեր պաշտոնյաներին տրված, ընդհանուր առմամբ, մի քանի միլիարդ դրամի հասնող պարգևավճարները: Թող տա ամսական, թեկուզ, 9000 դրամ, եթե իշխանությունը պնդի, թե հոգացել է, որ լինեն 100 դրամով վաճառվող շնչադիմակներ, որոնց տեղն այդպես էլ չկարողացանք իմանալ:
Մեկ այլ օրինակ էլ բերենք, թե շատ մարդիկ ինչու են Փաշինյանի հայտարարությունները համարում հակասական և անլուրջ, չեն հավատում դրանց և անլուրջ են համարում նաև նոր կորոնավիրուսի դեմ պայքարը:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը վերջերս հայտարարեց, թե վարակվել է նոր կորոնավիրուսով ու վարակել իր գրեթե ողջ ընտանիքին (բացի բանակում գտնվող որդուց): Դեռ այն ժամանակ շատ մարդիկ չհավատացին նրա այդ հայտարարությանը, մտածեցին, որ ստում է, որովհետև չնայած ողջ ընտանիքով վարակված լինելուն մի վիրուսով, որի հետագա զարգացման ընթացքը Փաշինյանի օրգանիզմում, նրա իսկ խոստովանությամբ, դեռ անորոշ էր, այսինքն` կարող էր և վտանգավոր ընթացք ունենալ, վերջինս այդ մասին հայտարարեց ժպտալով ու ծիծաղելով:
Ավելին, նշված հայտարարությունից շուրջ մեկ շաբաթ հետո էլ հայտարարեց, թե իր և իր ընտանիքի անդամների թեստավորումը բոլորի պարագայում բացասական արդյունք է տվել, իրենք այլևս վարակակիր չեն համարվում: Ինչպե՞ս, այդ ի՞նչ հրաշքով։ Իսկապե՞ս Քրիստոսն է։ Թե՞ ՀՀ բժշկությունը Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի բժշկությունից ավելի զորավոր է…
Դե, դրանից հետո, մարդիկ ինչպե՞ս չմտածեն, որ Փաշինյանը կամ ստել է իր և իր ընտանիքի վարակված լինելու վերաբերյալ, կամ էլ թեստերը, որոնցով ստուգվել են նրանք, բանի պիտանի չեն, խոտան են կամ մեծ սխալմունքով են արդյունքներ տալիս: Իսկ եթե կատարվածի հիմքում այս վերջին բացատրությունն է ընկած, պատկերացնու՞մ եք, չէ՞, թե Հայաստանում շուտով ինչ մղձավանջային վիճակ է առաջանալու` հազարավոր մարդիկ, որոնք նոր կորոնավիրուսով վարակված չեն, կարող են դեղեր օգտագործել որպես այդ վիրուսով հիվանդներ, հազարավոր մարդիկ, որոնք իսկապես վարակված են, կարող են համարվել չվարակվածներ, և չմեկուսացվելով, բաց թողնվելով հասարակության մեջ, կարող են վարակել բազմահազար մարդկանց:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ