ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ի՞նչ է մարդը, ի՞նչ է ուզում»

«Ի՞նչ է մարդը, ի՞նչ է ուզում»
09.08.2023 | 11:11

1904, օգոստոսի 15, Ալեքսանդրապոլ

Սրանից մի 12 օր առաջ հինգ ընկերով Աղեքսանդրապոլից առավոտյան՝ նստած լավ ձիեր, ճանապարհ ընկանք դեպի Արագածի հավիտենական ձյունափառ լեռնագագաթը. երեկոյան հասանք մի գյուղ և գիշերեցինք մի ընկեր-գյուղացու տանը. մյուս օրը այդ գյուղացու և ուրիշների հետ ճանապարհ ընկանք. ձիով և ոտքով. շա՜տ դժվար էր ճանապարհը՝ սար ու ձոր, քար ու ժայռ, բայց չափազանց գեղեցիկ էր:

...Երգելով, ձիերը քշելով, լճերի մեջ լողանալով գնում էինք . երեկոյան հասանք լեռան գագաթի անմիջապես տակը, ուր ձիով չի կարելի մի քայլ անել նույնիսկ:

Գիշերեցինք քուրդ հովիվների վրանում և առավոտ կանուխ ոտքով սկսեցինք բարձրանալ գագաթը...Կեսօրին լեռան գլխումն էինք, հրացանի որոտմունքով ողջունեցինք մեր վերելքը. արծիվները շփոթված պտույտ գործեցին մեր գլխավերևը, միայն երկինքը և արևը մնացին լո՛ւռ, անտարբե՛ր և ազա՛տ...

Սկսում ես ընկնել մտածմունքի մեջ...Ի՞նչ է մարդը, ի՞նչ է նրա հոգին, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է մեռնում. որքան լավ է ապրել ու բարձունքում երազել և հավերժ մտածել...

Բայց մահ կա, բայց մարդը այս չնչին ավազից, որ այս ժայռի վերա է, ավելի կարճ կյանք ունի. այս ձյունից ավելի շո՜ւտ է հալչում... Եվ տխրում ես. հիշում ես սիրած մարդկանց, ահա՛ ընկերներդ՝ մեռած, սպանված, բանտում՝ երևում են աչքիդ ու գնում, ահա մայրդ, սիրածդ աղջիկը՝ գնացին...և դու մնում ես լեռան գլխին մենակ և փայլուն...

Մի րոպե սիրտդ թռչում է արծվի պես, և ուխտում ես՝ լինել միշտ ազատ, բա՛րձր, հզո՛ր, սո՛ւրբ, մենակ և քաջ. ձգտել կատարելության, իդեալի և մեռնել ադամանդյա բարձունքում, երկնքին մոտ, Աստծո ձեռքերի վերա...

Մնացինք մի երեք ժամ լեռան գլխին, հանգստացանք, մի քիչ հաց կերանք, կոնյակ խմեցինք. մրսում էինք. ձյուն ու սառույց ծծեցինք և սկսեցինք իջնել...

Ավետիք Իսահակյան

(Նոր Նախիջևանցի իր ծանոթուհի Եվգինե Թիթրյանին գրած նամակից)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6260

Մեկնաբանություններ