38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սուրբ Գրքի երկու անքակտելի մասերը և բովանդակային բաժանումը

Սուրբ Գրքի երկու անքակտելի մասերը և բովանդակային բաժանումը
19.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Աստվածաշունչ Մատյանի բաժանումը երկու անհավասար մասերի` Հին և Նոր Կտակարանների կամ Հին և Նոր ՈՒխտերի, սկիզբ է առել վաղ քրիստոնեությունում և պայմանավորված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ դիրքորոշումով։ Այն սրբազան գրքերը, որոնք գրված են նախքան Քրիստոսի գալուստն աշխարհ, իսկ այդպիսիք 48-ն են, ընդգրկվեցին Հին Կտակարանի մեջ, իսկ մնացյալ 27 սրբազան գրքերը, որոնք կազմվեցին Փրկչի երկրային առաքելությունից հետո, Նոր Կտակարանի մեջ։
«ՈՒխտ» եզրը, ինչպես նաև «Հին» և «Նոր» ածականները փոխառված են Ս. Գրքից, որոնք, բացի իրենց ընդհանուր իմաստներից, ունեն նաև մասնավոր նշանակություն և աստվածաբանության մեջ կիրառվում են աստվածաշնչական գրքերի երկու մեծ խմբերը մատնանշելու համար։ «ՈՒխտ» բառը նշանակում է փոխադարձ համաձայնություն, դաշինք և արձագանքն է երկու մեծ տիեզերական իրադարձությունների։ Խոսքը նախ և առաջ Սինա լեռան վրա Աստծո և Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդի միջև կնքված ուխտի մասին է։
Իսկ քանի որ սրբազան գրքերը, ուր նկարագրվում են կամ որոնք այս կամ այն կերպ առնչվում են Աստծու և մարդու միջև կնքված ՈՒխտին և հանդիսանում դրա վկայարանը, ապա դեռ Մովսես մարգարեի օրոք կոչվեցին ՈՒխտի գրքեր։ Ելք գրքում կարդում ենք. «Նա (Մովսեսը - Գ. Դ.), վերցնելով ՈՒխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Ժողովուրդն ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք, կենթարկվենք» (ԻԴ 7)։
«Նոր ՈՒխտի» առաջին մարգարեական ազդարարումը նույնպես Ս. Գրքից է։ Ք. ա. 7-րդ դարում ապրած Երեմիա մարգարեն կանխասում էր. «Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ՈՒխտ եմ կապելու Իսրայելի հետ և Հուդայի երկրի տան հետ» (ԼԱ 31)։ Այս մարգարեությունը հրաշափառ կերպով կատարվեց Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով Իր հայտնությամբ, մեղքի ու մահվան նկատմամբ հաղթանակով նոր ՈՒխտ կնքեց մարդկության հետ, որը շարունակվում է մինչ օրս։ Հիշենք Տիրոջ անանց խոսքը` ասված վերջին ընթրիքի ընթացքում. «Այս բաժակը նոր ՈՒխտ է Իմ արյունով` ձեզ համար թափված» (Ղուկ. ԻԲ 20)։
Ինչ վերաբերում է Հին ՈՒխտ կամ Հին Կտակարան անվանումներին, ապա այն սկիզբ է առնում Պողոս առաքյալի վկայությունից. «Բայց նրանց (հրեաների - Գ. Դ.) միտքը կուրացավ, քանի որ մինչև այսօր նույն քողը գցված մնում է Հին Կտակարանի ընթերցվածների վրա և չի վերանում, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու» (Բ Կորնթ. Գ 14)։ Բանն այն է, որ հրեաները, ինչպես նկարագրված է Ավետարանում, Հիսուսին որպես Աստծո Որդու չընդունեցին և առայսօր պաշտելի են համարում միայն Հին Կտակարանի գրքերը։
Մեզանում, սակայն, «ՈՒխտ» բառին հավասար գործածվում է նաև Կտակարան անվանումը, որ հայոց Աստվածաշունչ մտավ հունական Յոթանասնից թարգմանությունից։ Յոթանասնից թարգմանիչները, թեև եբրայերեն «ուխտ» բառի ճիշտ համարժեքն ունեին հունարենում, սակայն, այդուհանդերձ, թարգմանեցին «կտակարան»։ «Սուրբգրական ժամանակներու քննական պատմություն» ստվարածավալ աշխատության հեղինակը Բյուզանդ Եղիայանը գրում է. «Թարգմանիչները տեսան էական տարբերությունն Աստծո և մարդու, ինչպես և մարդու և մարդու միջև կնքված ուխտի։ Մարդու և մարդու միջև կնքված ուխտը կատարվում է հավասարը հավասարի հետ, այնինչ Աստծու ՈՒխտը կատարվում և ընծայվում է միայն Աստծո կողմից, իսկ մարդն այն ընդունում է միայն Աստծու թելադրած պայմաններով։ Հետևաբար Աստծո և մարդու միջև ՈՒխտը միայն մեկ կողմի կամքից` աստվածային կամքից բխող ՈՒխտ է, որը մարդ ընդունում է և հանձն առնում հնազանդվել նրա պայմաններին։ Աստվածային ՈՒխտը, հետևաբար, կտակ է... Իսկ սուրբ գրքերը, ուր հայտնվում է Աստծու կամքը, կտակարան են և ոչ թե ուխտ»։
ՈՒխտ կամ Կտակարան հասկացությունը լավագույնս արտահայտում է Ս. Գրքի բովանդակությունը։ Առաջին ՈՒխտի էությունն այն է, որ Տերը մարդուն Փրկիչ խոստացավ և օրենքի, ինչպես և մեսիական մարգարեությունների և նախօրինակների միջոցով մարդկությանը նախապատրաստեց Քրիստոսի ընդունմանը։ Իսկ Նոր ՈՒխտի կամ Նոր Կտակարանի էությունն այն է, որ Աստված շնորհեց մարդկությանը խոստացյալ Փրկչին` Իր Միածին Որդուն, ՈՒմ անվանը հավատացողներին կորուսյալ երանությունը` «հավիտենական կյանքն» ընդունելու հնարավորություն է շնորհվում` Իր իսկ հիմնած եկեղեցու միջոցով։
Փաստորեն, Աստվածաշունչ Մատյանի մեջ ընդգրկված բոլոր գրքերն էլ վկայարանն են այդ ՈՒխտերի և զանազան կողմերից են նկարագրում դրանք։ Որոշ գրքերում պատմվում է, թե ինչպես հիմնվեցին այդ ՈՒխտերը, որոնք են դրանց հիմնական պայմաններն ու օրենքները, մյուսներում` թե ինչպես էին այդ ՈՒխտերն ի կատար ածվում մարդկանց կողմից, այլ գրքերում` թե Աստված ինչ ուժեր և միջոցներ է շնորհում այդ ՈՒխտը կատարելու համար, և, վերջապես, որն է դրանց վերջնական նպատակը։ Հին և Նոր Կտակարանի գրքերը, ըստ բովանդակության հիմնական առարկայի, բաժանվում են չորս մասի` օրենսդրական, պատմական, ուսուցողական, մարգարեական։ Հին Կտակարանի օրենսդրական գրքերն Աստվածաշնչի առաջին հինգ գրքերն են, իսկ Նոր Կտակարանինը` առաջին չորս գրքերը, այսինքն` չորս Ավետարանները։
Հին Կտակարանի պատմական գրքերը 18-ն են` Հեսուից մինչև Գ Մակաբայեցիները, իսկ Նոր Կտակարանինը` միայն Գործք առաքելոցը։ ՈՒսուցողական են Հին Կտակարանի իմաստության գրքերը, որոնք 7-ն են` Սաղմոսներից մինչև Հոբ և Նոր Կտակարանի 21 առաքելական թղթերը, որոնք քրիստոնեական աստվածաբանության կարևորագույն աղբյուրն են։
Վերջապես` Հին Կտակարանում մարգարեական են Եսայի մարգարեի գրքից մինչև Եզեկիելի գիրքը, որոնք 18-ն են, իսկ Նոր Կտակարանում մարգարեական միայն մեկ գիրք կա` Հովհաննես առաքյալի Հայտնությունը։
Հետևաբար, սրբազան գրքերի հերթականությունն Աստվածաշնչում խիստ ժամանակագրական չէ, թեև օրենսդրական և պատմական գրքերն այդ սկզբունքով են ներկայացված։
Նշենք, որ հրեաները Հին Կտակարանը բաժանում են ըստ գրքերի կարևորության և նշանակության, այսինքն`
1. Օրենք, որ կոչվում է Թորա,
2. Մարգարեներ` Նեբիիմ,
3. Գրություններ` Քթուբիմ, որն ըստ այս բաժնի մեջ մտնող գլխավոր գրքի` կոչվում է նաև Սաղմոսներ։
Հրեաները, չունենալով Ս. Գրքի առանձին անվանում, այն կոչում էին ըստ այս եռամասնյա բաժանման, այսինքն` Օրենք, Մարգարեներ և Գրությունք, կամ` Օրենք, Մարգարեներ և Սաղմոսներ, կամ ավելի կարճ` Օրենք և Մարգարեներ։ Կիրառվում էր նաև Օրենք կրճատ ձևը, որը, փաստորեն, փոխանունություն է, այսինքն` մասով ամբողջը կոչելու երևույթ։ Նորկտակարանյան գրքերում հաճախ են հանդիպում Ս. Գրքի անվանման այս ձևերը։ Հրեաներն ունեն նաև Թենեք անվանումը, որը հապավում է` կազմված Թորա, Նեբիիմ և Քթուբիմ անվանումների առաջին տառերից։
Այսու ավարտվում է Աստվածաշնչի ընդհանուր ներածությունը, որին հաջորդ իսկ համարներում կհաջորդեն մասնավորները բոլոր սուրբգրային գրքերի վերաբերյալ` չորս ընդհանուր ներածությամբ յուրաքանչյուր` օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական բաժիններից առաջ։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Ավետարանն ունի խորհրդավոր մի ուժ, ինչ-որ զարմանահրաշ զորություն և ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը։ Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է։ Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեություն է ու զորություն, որը պարտության է մատնում այն ամենը, ինչ ցանկանում է խոչընդոտել նրա տարածմանը։ Երբ սեղանի վրա է այս արտոնյալ գիրքը, ես չեմ հոգնում այն կարդալուց և ընթերցում եմ միշտ նույն հաճույքով։
Քրիստոսը չի փոխվում, չի հապաղում Իր ծրագրերն իրագործելիս, Նրա ամենասովորական խոսքն անգամ դրոշմված է պարզության և խորության կնիքով, որոնք գերում են թե՛ տգետին և թե՛ իմաստունին, եթե միայն ուշադրությամբ կարդան այն։

Անհնար է որևէ այլ տեղում գտնել նման գեղեցիկ մտքեր, նման բարոյական կանոններ, որոնք երկնային մեծ զորքի նման հետ են մղում բոլոր հարձակումները, և մեր հոգում արթնացնում այնպիսի զգացողություն, որն ապրում ես չքնաղ գիշերն անթիվ աստղերով ընդելուզված պարզկա երկինքը զննելիս։
Մեր միտքը ոչ միայն կլանվում է այդ գրքի ընթերցանությամբ, այլև նրա միջոցով դառնում տիրական, իսկ հոգին այս գրքով ձերբազատվում է մոլորվելու ամեն վտանգից։
Մեր հոգիների Տերը մեր հանդեպ Իր սիրո պատճառով շնորհել է մեզ Իր Ավետարանը։ Հենց ինքն էլ մեր Ընկերը, Հայրը և մեր ճշմարիտ Աստվածն է։ Իր կրծքի երեխայի նկատմամբ մայրն ավելի հոգատար չէ, քան մեր Տերն ու Թագավորը` մեր հանդեպ։ Ավետարանի թովչանքով հմայված հոգին այլևս ինքն իրեն չի պատկանում։ Աստված իսկույն տիրում է նրան։ Նա տնօրինում է նրա բոլոր խորհուրդները և ունակությունները, որոնք այլևս Իրենն են։
Քրիստոսի Աստվածության ինչպիսի՜ ապացույց։
Իր անսահման արքայության մեջ Նա հետապնդում է լոկ մեկ նպատակ` մարդկանց բարոյական կատարելագործումը, խղճի մաքրությունը, հոգու սրբությունը և միությունն այն ամենի հետ, ինչ ճշմարիտ է»։
Նապոլեոն Բոնապարտ

«Առանձին անհատի, ինչպես և բովանդակ ազգի համար կենսական խնդիր է` ինչպես է գնահատվում Ս. Գիրքը. բա՞րձր, թե՞ ցածր, երկնայի՞ն ծագում է նրան վերագրվում, թե՞ երկրային։ Եթե երկրային... եթե այն դիտվում է իբրև մարդկային մտքի ստեղծագործություն, ապա դա անդրադառնում է ամեն ինչի վրա. ամեն ինչ փոքրանում է, ապագան` սահմանափակվում, վսեմ ավանդությունները` կորսվում, բարոյական զգացմունքը` բթանում. միայն մամոնային ծառայելն է ընդլայնվում ու դրվատվում։ Այլ է պատկերն այն ժողովրդի, որը բարձր է գնահատում Ս. Գիրքն իբրև Աստծո խոսք, ուր այն յուրաքանչյուր ընտանիքի սեղանի գիրքն է` թե՛ ազնվականի պալատում, թե՛ աղքատի խրճիթում, ուր ամեն օր «կենաց ջուր» են վերցնում այս կյանքի Աղբյուրից` «զօր ու գիշեր խորհելով Տիրոջ օրենքի մասին» (հմմտ. Սաղմ. Ա 1,2)։ Եվ այդպիսի մարդը, այդպիսի ժողովուրդը, ըստ Սաղմոսերգուի խոսքի.
նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի,
որն իր պտուղը ժամանակին կտա,
իսկ նրա տերևը չի թափվի,
ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան (Սաղմ. Ա 3)։

Ո՜վ թանկագին Աստծո խոսք,- այն մեզ շնորհական հաղորդակցությամբ միացնում է Նրան, ՈՒմից բխել է։ Այն հիմքն է մեր ապավինության։ Որքան շատ ենք խորամուխ լինում Ս. Գրքի մեջ, այնքան ավելի ենք սիրում և գնահատում այն։ Խոնարհ և նախանձախնդիր ընթերցողն այստեղ ճշմարտապես ու էապես ճանաչում է Աստծուն և իր Փրկչին։ Իսկ այդպիսի ճանաչողության մեջ մեր փրկությունն է»։
Ն. Ա. Աստաֆև
Ասորա-բաբելական պատմության պրոֆեսոր

«Մարդու կյանքի ճշմարիտ նպատակ պետք է ճանաչվի միայն այն, ինչ առավելագույնս համապատասխանում է մարդու հոգուն... Մենք ոչ մի տեղ չենք հանդիպում մարդու հոգու և նրա բնատուր հատկությունների այնպիսի խորունկ ըմբռնման, ինչպես քրիստոնեության մեջ է։ Աշխարհի ո՞ր գիրքն է պարունակում այդքան խոր հոգեբանություն, մարդկանց այդքան խոր ճանաչողություն, որքան Ավետարանը»։
Կ. Դ. ՈՒշինսկի
Ռուս ականավոր մանկավարժ

Դիտվել է՝ 5263

Մեկնաբանություններ