38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Պարոն Սերդյուկովի «թևի տակ» ոչինչ չի եղել»

«Պարոն Սերդյուկովի «թևի տակ» ոչինչ չի եղել»
31.10.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»
ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը «Իրավունքը de facto»-ին
-Պարոն Օհանյան, սկսենք տարածաշրջանը վիբրացիայի մեջ պահող ղարաբաղյան հիմնախնդրից: Այսպիսով, Ռոբերտ Սիմոնսը Հայաստան եկավ այն օրը, երբ մի քանի ժամ հետո պետք է գար ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, երբ հնչեց ՆԱՏՕ-ի զորավարժությունների վերջին ակորդը, երբ գնացել էին Լավրովն ու Ֆրիդը... Այս ի՞նչ անցուդարձ է:
-Տարածաշրջանը մշտապես էլ եղել է ուշադրության կենտրոնում, սակայն օգոստոսյան դեպքերն այդ ուշադրությունն առավել սևեռուն դարձրին։ Դա է պատճառը, որ միջազգային հանրության, գերտերությունների հետաքրքրություններն այսօր կենտրոնացել են այս տարածաշրջանի վրա, և այցերի հաճախակիությունը, նախ, սրանով պետք է բացատրել: Թվարկված այցերի մի մասն էլ պլանավորված էր, ասենք՝ Ռ. Սիմոնսինը։ Ամիսներ առաջ, երբ ես Բրյուսելում ներկայացնում էի ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության շրջանակներում հայաստանյան հաշվետվությունը, պարոն Սիմոնսն ասաց, որ օգոստոսին կգա Հայաստան: Հայտնի դեպքերի պատճառով այցը հետաձգվեց։ Զորավարժությունների ավարտին նա եկավ, և մենք քննարկեցինք մեր պարտավորությունների երկրորդ փուլին անցնելու ռազմավարական պլանավորման խնդիրները, ինչպես և ծրագրել էինք:
-Ընդամե՞նը: Եվ, այնուհանդերձ, պարոն Օհանյան, Դուք այն երեք-չորս անձանցից եք, ովքեր տիրապետում են ղարաբաղյան բանակցային գործընթացի նրբություններին. ինչպե՞ս եք գնահատում կարգավորման ընթացքն այս պահին։ Փորձագետները պնդում են` ուր որ է պայմանագիր կստորագրվի, նույնն էր պնդում Դեն Ֆրիդը:
-Ծանոթ չեմ նման պնդումներին: Բանակցային գործընթացն ունեցել է զարգացման տարբեր փուլեր. երբեմն արագացել, երբեմն դանդաղել է: Գոնե ինձ համար պարզ է մեկ բան, և այդ մասին մենք բարձրաձայնել ենք՝ մշտապես. ցանկալի և անհրաժեշտ է, որ Ղարաբաղի ղեկավարությունը ևս մասնակցի բանակցային գործընթացին: Ղարաբաղի հարցը քաղաքական, էթնիկ, բարոյական, պետական առումով անչափ զգայուն հարց է, և դրա լուծմանը պետք է հասնել` ելնելով բացառապես հայ ժողովրդի և Ղարաբաղի շահերից:
-Վերադառնանք Սիմոնսին։ Նրա հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայաստանյան անվտանգության բաղադրիչներից մեկն է, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին բավականին անհանգստացրել է: Մինչ այս մեր անվտանգությունը կառուցված չէ՞ր բացառապես ՀԱՊԿ համակարգի վրա, թե՞ նոր տենդենցներ են նկատվում:
-Իհարկե, եթե նկատառենք իրավական հիմքը, ապա, այո` մեր հիմնական անվտանգությունը ՀԱՊԿ շրջանակներում է. այնտեղ են այն պայմանագրերը, որոնց հիման վրա կազմակերպում-իրականացնում ենք մեր գործունեությունը: Սակայն դա չի խանգարում, որ մենք մասնակցություն ունենանք նաև միջազգային անվտանգության համակարգի ձևավորմանը, տիրապետենք առաջատար չափանիշներին, հարաբերություններ ունենանք ՆԱՏՕ-ի հետ, որն էլ հանդիսանում է մեր անվտանգության բաղադրիչներից հաջորդը, ուր հանդես ենք գալիս ոչ թե որպես անվտանգության սպառող, այլ անվտանգության համակարգի ձևավորման մասնակից, ինչն էլ կարևորում ենք մեր խաղաղապահ առաքելությամբ:
-Ի դեպ, Մեթյու Բրայզան Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի օրը «Իրավունքը de facto»-ի հարցին` եղե՞լ է պայմանավորվածություն ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցի ընթացքում` Աֆղանստան հայկական համակազմ ուղարկելու մասին, ասաց` ոչ, բայց ԱՄՆ-ը շատ կուզենար, որ այդպես լինի: Իսկ ահա պարոն Սիմոնսը Մեդվեդևի այցից ժամեր առաջ ասաց, որ Իրաքից դուրս եկած հայկական զորակազմը կմեկնի Աֆղանստան: Հիմա մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ինչպե՞ս չանհանգստանա:
-«Անհանգստանալու» հիմքեր չկան մի շարք, այդ թվում և այն պատճառով, որ Ռուսաստանն ինքը ևս խաղաղապահ առաքելություն է իրականացնում տարբեր տեղերում:
-Ասացիք` հիշեցի. Վրաստանի փոխարտգործնախարարն ասել է. «Աստված բոլորին հեռու պահի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունից»:
-Շարունակեմ։ Խաղաղապահ առաքելություն մենք իրականացրել ենք Կոսովոյում, Իրաքում: Պայմանագրի համաձայն` Իրաքից մենք արդեն դուրս ենք բերել մեր համակազմը: Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը չի ասել, թե մեր զորախումբը, որը վերադարձել է Իրաքից (ի դեպ, այն բավականին մեծ զորախումբ է), կմեկնի Աֆղանստան: Ինչ վերաբերում է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն ունենալու հարցին, ապա խոսքը փոքր մասնակցության մասին է (թարգմանիչներ և բժիշկներ), և խնդիրն էլ քննարկման փուլում է դեռ։ Առայժմ որոշում չի կայացվել:
-Այսինքն` Սիմոնսն շտապե՞ց:
-Մեզ մոտ` ՊՆ-ում, Սիմոնսի հետ հանդիպման ընթացքում մենք ասել ենք` հարցը կքննարկվի հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարության հետ, և համապատասխան որոշում կկայացվի:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Օհանյան, Ձեր բրյուսելյան հաճախակի այցերը նույնպես խոր անհանգստությունների տեղիք են տալիս «որոշների» մոտ։ Ի՞նչ եք այդքան անում Բրյուսելում:
-Բրյուսելյան այցերն այնքան էլ շատ չեն, ինչպես Դուք և «որոշներն» են կարծում: Բրյուսելում եղել եմ ընդամենը երկու անգամ: Առաջին անգամ գլխավոր շտաբի պետերի հավաք էր, գործընկեր երկրների գլխավոր շտաբների պետերի խորհրդակցություն, որից հետո ընթացան նաև երկկողմ խորհրդակցություններ, այդ թվում՝ և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերի միջև (երկկողմ աշխատանքային նման ֆորմատ է գործում): Երկրորդ անգամ Բրյուսելում եմ եղել ՀՀ ԱԳ նախարարի հետ, երբ ներկայացվում էր (դրա մասին արդեն վերևում ասացի) անհատական գործընկերության ծրագրի կատարման հայաստանյան հաշվետվությունը:
-Որն էլ շա՜տ բարձր գնահատվեց:
-Այո, պարտավորվածությունների կատարման առումով մենք պատշաճ և պատասխանատու մոտեցում ենք դրսևորել, դրա համար էլ այն շատ բարձր գնահատվեց:
-Փոքրիկ ճշգրտում. «Բրյուսել» ասելով` ես նկատի ունեի «կից» երկրները ևս. եղել եք Հունաստանում, Կոսովոյում:
-Մի «անհանգստացեք». ես իրականացնում եմ նախկին տարիների համաձայնություններն ու պարտավորվածություններն այս տարվա կտրվածքով: Առայժմ:
-Հասա՜նք Ռուսաստանին. «անհանգստության» ֆորմատից անցնում ենք «համագործակցության» ֆորմատին։ Սկսենք Սերդյուկովից: Տեղեկատվություն եղավ, որ նա Հայաստան է եկել, այցը եղել է «մթության քողի տակ», թևի տակ եղել է քարտեզ, որը բացվել է Ձեզ հետ հանդիպման ընթացքում:
-Պարոն Սերդյուկովի «թևի տակ» ոչինչ չի եղել, որքան էլ դա կարող է Ձեզ և տեղեկություն տարածողներին շատ հիասթափեցնել:
-Եթե «լիներ», կասեի՞ք:
-Անպայման: Եթե ինչ-որ փաստաթուղթ է եղել, ապա եղել է նրա աշխատակիցների մոտ...
-Փաստորեն՝ «եղել» է:
-Հուսամ` Ձեզ համար ընկալելի է փաստաթղթի և քարտեզի տարբերությունը: Եղել են, այո, փաստաթղթեր, որոնք վերաբերել են ռազմական, ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությանը: «Մթության քող» նույնպես չի եղել: Սերդյուկովն այցելել էր ոչ թե առանձին, այլ Հայաստան էր եկել ՌԴ նախագահ Մեդվեդևի պատվիրակության կազմում: Դրանից տասն օր առաջ եղած այցն էլ հետապնդել է Մեդվեդևի այցի նախապատրաստման նպատակ:
-Այդ «փաստաթղթերում» Ղարաբաղին առնչվող ոչինչ չի՞ եղել:
-Ղարաբաղի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել: Հիմնական հարցերը, որ քննարկվել են, վերաբերել են ապագա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային: Նախկինում մեր կողմից ևս առաջարկություն էր եղել կառուցվածքային, մոբիլիզացիոն հնարավորություններով բազան լիովին համապատասխանեցնել այն խնդիրներին, որոնք օպերատիվորեն առաջացել են ժամանակի ընթացքում: 102-րդ բազան կադրային և կրճատված ստորաբաժանում է, և զորավարժությունները, այդ թվում` «Ռուբեժ-2008»-ը, ցույց տվեցին, որ մոբիլիզացիոն, օպերատիվ ռեզերվների տեղաբաշխումը Ռուսաստանից Հայաստան, մասնավորապես, Վրաստանի վրայով, լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչը մեզ համար մտահոգիչ է, որովհետև մենք ունենք միացյալ զորախումբ:
-Արդյո՞ք քննարկվել է 102-րդ ռազմաբազայի «ծավալման», նոր տեղաբաշխման հարցը, ասենք` Իջևանի մերձակայքում։
-Որևէ նոր տեղաբաշխման մասին խոսք չի եղել։ Ռազմաբազայի տեղաբաշխման վայրերը համապատասխանում են նրա կառուցվածքային կատարելագործման խնդիրների լուծմանը:
-Ձևակերպեմ հարցս առավել ամփոփ. բացառվո՞ւմ է մինչև 2010 թիվը (Մեդվեդևի այցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերն ուժի մեջ են մինչև այդ թիվը) ռուսական նոր ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում:
-Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, և նոր ռազմաբազայի տեղակայումը բացառվում է:
-Ռուսաստանյան «Պոլիտիչեսկայա գազետան» ինֆորմացիա էր տարածել, որ Ղարաբաղի, այսպես ասած, անվտանգության գոտում խաղաղապահություն կիրականացնի ռուսական 58-րդ բանակը։ Ծանո՞թ եք այդ տեսակետին:
-Ոչ: Կարծում եմ` վերջին տարիներին Ղարաբաղը հակամարտությունների միակ վայրն է, ուր առանց երրորդ ուժի պահպանվում է զինադադարը: Եվ, փառք Աստծո, որ Ղարաբաղի բանակն այդքան պատրաստ է նման խնդիրների լուծմանը:
-Հասկացա` ինչ եք ցանկանում ասել, սակայն, պարոն Օհանյան, բոլոր դեպքերում գերտերությունների այսօրվա «կռիվը» հենց խաղաղապահների մանդատի շուրջ է: Հետաքրքիր է Ձեր մոտեցումը. ո՞ր մանդատն եք ավելի նախընտրում` ՄԱ՞Կ, ՆԱՏՕ՞, Ռուսաստա՞ն, սկանդինավյան երկրնե՞ր...
-Ասացի` այսօրվա ֆորմատն էլ վատը չէ, և ղարաբաղյան բանակը 94 թվից լավագույնս իրականացնում է այդ խնդիրները:
-Եվ վերջին հարցը։ Ընդունված տեսակետի համաձայն` Դուք եղել և մնում եք չվարկաբեկված շատ քիչ պաշտոնյաներից մեկը, ինչի պատճառը, թերևս, Ձեր կուսակցականացված չլինելն է: Այնուհանդերձ, ՊՆ նոր օրենքով Դուք դառնում եք քաղաքական ղեկավար։ Կկուսակցականացվե՞ք:
-Ոչ։ Պաշտոնը, նոր բարեփոխումները թույլ են տալիս լինել նաև անկուսակցական: Կմնամ անկուսակցական ու այդպես կշարունակեմ տարիների իմ գործը:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ