38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նրանք եռօրյա արձակուրդ վերցրին, որպեսզի կարողանան մորուք աճեցնել»

«Նրանք եռօրյա արձակուրդ վերցրին, որպեսզի կարողանան մորուք աճեցնել»
12.06.2009 | 00:00

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՄՅԱ ՓՈՐՁԸ ՄԻՇՏ ԷԼ ՈՐՈՇԻՉ ԴԵՐ ՈՒՆԻ
Եվ այսպես, Իրանում նախագահական ընտրություններ են, որոնք տասներորդն են Իսլամական Հանրապետության պատմության մեջ։ Այս լարված և ինտրիգներով լի իրադարձությանը, առանց չափազանցության, հետևում են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Թեպետ երկրի նախագահը նշանակությամբ երկրորդ պաշտոնատար անձն է Իրանում ու միաժամանակ կառավարության ղեկավարը, իսկ կարևոր հարցերում որոշումները կայացնում է երկրի գերագույն իշխանությունը մարմնավորող հոգևոր առաջնորդը, սակայն, միևնույն է, ով էլ հաղթի, ըստ այդմ կարելի կլինի կանխատեսել, թե ուր է ուղղորդված լինելու իրանական պետության հետագա զարգացումը ոչ միայն ժողովրդի կամքի դրսևորման, այլև նրա իրական ղեկավարների տրամադրությունների առումով։
Պատահական չէ, որ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի բնորոշմամբ` «այս ընտրությունները իրանական ժողովրդի համար լրջագույն փորձություն են` նրա թշնամիների աչքում»։ Միաժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը նշեց, որ կարիք չկա այդ գործընթացը դիտարկել իբրև զուտ իշխանության գալու միջոց, այլ պետք է օգտագործել այն պետության հեղինակությունը բարձրացնելու, ազգային հզորությունն ամրապնդելու առաջադիմական զարգացման համար։ Թեկնածուների նկատմամբ իր նախապատվությունների վերաբերյալ հարցին Իրանի հոգևոր առաջնորդը պատասխանեց, թե ինքը միայն մեկ ձայն ունի, կօգտագործի այն ընտրությունների ընթացքում, միաժամանակ ընդգծելով` «չկա իրավունք խորհուրդ տալու, թե ով ինչպես պետք է քվեարկի»։
Իրանական քաղաքական վերնախավն ավանդաբար բաժանվում է «պահպանողականների», ու «բարեփոխիչների»։ Բաժանումը, սակայն, պայմանական է այնքանով, որքանով դա կարելի է դիտարկել որպես «իսլամական ժողովրդավարության» առանձնահատկություն։ Ցանկացած թևի իշխանության գալու պարագայում, միևնույն է, պահպանվում են կրոնական սահմանափակումները, և երկրի համար սկզբունքային, ազգային նշանակության հարցերը վերնախավի մեջ լուծվում են կոնսենսուսով։ Այսօր Իրանի գլխավոր վարչական պաշտոնը վիճարկում են չորս թեկնածուներ։ Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադից բացի, որին արևմտյան քաղաքագետները համարում են ոչ թե պահպանողական կամ բարեփոխիչ, այլ արմատական, նախագահ դառնալու հայտ են ներկայացրել նախկին վարչապետ Միր-Հուսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին և իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային։
Եթե գործող նախագահը տարիքով ամենաերիտասարդ թեկնածուն է և վերջերս օգտվում էր բնակչության մեծ մասի ու հոգևորականության միանշանակ աջակցությունից, ապա նրա մյուս երեք մրցակիցները ոչ միայն հայտնի քաղաքական ու պետական գործիչներ են, այլև պատմական անձինք` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնիի անմիջական զինակիցները։ Ավելին, մի շարք փորձագետների կարծիքով, Մահմուդ Ահմադինեժադի հիմնական մրցակիցը նախկին վարչապետ Միր-Հուսեյն Մուսավին է, որն արդեն իսկ արժանացել է հոգևոր առաջնորդի և բարձրագույն շիա հոգևորականության հավանությանը և իր թեկնածությունն առաջադրել հոգևորականության և խոշոր բիզնեսի միջև կայացած համաձայնության արդյունքում։ Միաժամանակ նշվում է, որ գործող նախագահի ժողովրդականությունը վերջին շրջանում զգալի անկում է ապրել քաղաքական շրջանակներում։ Բացի այն, որ Մահմուդ Ահմադինեժադին քննադատում են «բարեփոխիչների» թևի ներկայացուցիչները, նրա նկատմամբ լոյալ չեն տրամադրված նաև պահպանողական կուսակցությունը և երկրի գործարար վերնախավը, որոնք էլ միավորվել են նրան իշխանությունից հեռացնելու համար։
Մասնավորապես, պահպանողականների թևին պատկանող խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խոչընդոտեց երկրի նախագահի ծրագրերի իրականացմանը բնակչությանը նյութական օգնություն բաժանելու առումով, գնահատելով դա իբրև ընտրողներին գնելու փորձ։ Ընդդիմության հանրահավաքներն էլ անցան «Մա՛հ կարտոֆիլին» կարգախոսով` դրանով իսկ բողոք արտահայտելով գյուղական շրջանների բնակչությանը 400 հազար տոննա կարտոֆիլ բաժանելու` գործող նախագահի նախաձեռնության դեմ։
Իր հերթին, Թեհրանի քաղաքապետ գեներալ Կալիբաֆը, որը նույնպես պահպանողականների թևից է և ջերմ հարաբերություններ ունի Իրանի հոգևոր առաջնորդի հետ, թույլ տվեց օրվա մութ ժամերին անցկացնել հանրահավաքներ, միաժամանակ տեղեր տրամադրելով քաղաքական կոչեր նկարելու համար, ինչից անհապաղ օգտվեցին Մուսավիին աջակցող երիտասարդները։ Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիի (ով համարվում է ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը երկրում և Խոմեյնիի օրոք «գորշ կարդինալ» էր) ընտանիքը հայտարարել է, թե պատրաստվում է դատի տալ գործող նախագահին` ընտրարշավում իրենց մասին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։ Ըստ տարաբնույթ հարցումների, Ահմադինեժադի վարկանիշն էապես նվազել է հատկապես խոշոր քաղաքների բնակչության շրջանում։ Մանավանդ որ Թեհրանի քաղաքային խորհրդի վերջին ընտրություններում խորհրդի կազմ անցան նրա կողմնակիցներից միայն երեքը։ Մի շարք վերլուծաբանների պնդմամբ` հոգևոր վերնախավը և հիմնական քաղաքական հոսանքները համատեղելու են բոլոր ջանքերը, որպեսզի գործող նախագահը 51 տոկոս ձայն չստանա։
Լուրջ բանավեճերի ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը հայտնվեց իր բոլոր երեք ընդդիմախոսների խաչաձև կրակի տակ։ Նրանք միակամ էին այն հարցում, որ նախարարների ներկա կաբինետի բարեփոխումները դրական արդյունքների չեն հանգեցրել։ «Դրանք ավարտվեցին միայն գործազրկությամբ ու ինֆլյացիայով»,- կարծում է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Մուսավին, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ Քարուբին համոզված է, որ «ներկայացված տնտեսական ցուցանիշները բացարձակապես հակասում են այն ամենին, ինչի ականատես ենք վերջին տարիներին»։ Նախկին զինվորական Ռեզային էլ իր հերթին հայտարարել է, թե «Իրանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը հիմնված է սադրանքների վրա»։ Անզիջում Մահմուդ Ահմադինեժադը, սակայն, հանդես եկավ ծայրահեղ աջ ու ձախ կարգախոսներից կառուցված քաղաքական ծրագրով, խոստանալով իրականացնել «արդարության ակցիաներ», որոնց շնորհիվ հասարակ աշխատավորները կկարողանան մասնակցել նյութական հարստությունների վերաբաշխմանը երկրում։ Իր ընկեր ՈՒգո Չավեսի օրինակով, Իրանի նախագահը մասնավորապես հայտարարեց, թե «նավթը պետք է լինի ժողովրդի սեղանին»` առաջարկելով շրջանառության մեջ դնել յուրատեսակ պարտատոմսեր, «մասնակցության սերտիֆիկատներ», որոնք, նրա կարծիքով, կնվազեցնեն Իրանի կախվածությունն արտասահմանյան ներդրումներից նավթարդյունաբերության ոլորտում։ Ըստ Իրանի գործող նախագահի, ինքն առաջարկություններ կներկայացնի նաև միջուկային հարցին վերաբերող փակուղուց դուրս գալու առումով, պնդելով, թե Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է սկսել նոր էջից։ Եվ չնայած դրան, հենց Մահմուդ Ահմադինեժադի կառավարման օրոք իրագործվեց ժամանակակից «երկիր-երկիր» կարգի հրթիռի արձակումը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների, թեկուզև իրանցիները շատ են հպարտանում երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներով, սակայն շատերը նաև կարծում են, թե լավ կլիներ նախ` կարգավորել տնտեսությունը, ապա զբաղվել ռազմական խնդիրներով։ Այս կապակցությամբ շատ բնութագրական է, որ գործող նախագահն անսպասելիորեն հրաժարվեց Թեհրանի գլխավոր հրապարակում նախատեսված ելույթից, որը լսելու համար հավաքվել էր շուրջ 20000 մարդ։
Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, գործնականում բոլոր դիտորդները, Իրանում և Իրանից դուրս, այս ընտրությունները համարում են բացառիկ։ Թեկուզ և այն պատճառով, որ երկրի գերագույն կառավարիչն ու հոգևոր առաջնորդը հավանություն տվեց հեռուստաբանավեճերի անցկացմանը` ամերիկյան ոճով։ Վեց անգամ 90 րոպե տևող ուղիղ եթերի ժամանակ բոլոր թեկնածուները միմյանց հետ բանավիճելու հնարավորություն ունեցան, ինչն անկանխատեսելիության բավական լուրջ բաղադրիչ դարձավ ընտրարշավում` հանգեցնելով ոչ միայն փողոցային բախումների, այլև մյուս թեկնածուներին հնարավորություն տրվեց քննադատել գործող իշխանությանն ամբողջ երկրի աչքի առջև։ Հատկապես լարված էր գործող նախագահ Ահմադինեժադի և նախկին վարչապետ Մուսավիի բանավեճը, որը հիմնականում արտաքին քաղաքականության ու կոռուպցիայի շուրջ էր։ «Չորս տարի է, մենք միայն լսում ենք կանխատեսումներ այն մասին, թե ԱՄՆ-ը և Իսրայելը կփլուզվեն։ Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է այս մտքերի վրա, բայց ակնհայտ է, որ մենք ճիշտ ճանապարհով չենք ընթացել»,- նշեց նախկին վարչապետը, ինչին ի պատասխան գործող նախագահը հիշեցրեց իր նախորդների սխալները, որոնք «մշտապես կասեցրել են ուրանի հարստացման գործընթացը` դրա դիմաց Արևմուտքից ոչինչ չստանալով»։ Ինչ-որ պահի բանավեճը հասավ այնպիսի սրության, որ գործող նախագահը, խախտելով իսլամական ավանդական հասարակության տաբուները, կոպտորեն ընդհատեց իր մրցակցին, մեղադրելով նախկին նախագահ Ռաֆսանջանիին ու նրա ընտանիքին կոռուպցիայի մեջ։ Իսկ Մուսավին վարչապետ էր հենց Ռաֆսանջանիի օրոք, և, ըստ Մահմուդ Ահմադինեժադի, նրա կինը բուհում դեկանի պաշտոն էր զբաղեցրել առանց համապատասխան երաշխավորությունների։ Հարկ է նշել, որ Մուսավիի կինը` Զահրա Ռահնավարդը, շատ արագ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել` ամուսնու օգտին հրավիրված հանրահավաքներից մեկում ելույթ ունենալուց հետո։ Նախկինում իրանական քաղաքական գործիչների կանայք երբևէ չեն մասնակցել նման միջոցառումների։ Գործող նախագահի մեղադրանքներին ի պատասխան Մուսավին բավարարվեց հայտարարելով. «Դուք չեք կարող առանց ապացույցների մեղադրել մարդկանց»։
Իրանում նախորդ ընտրությունների վերլուծությունը ցույց տվեց, որ գրեթե 47 մլն ընտրողներից 20 միլիոնն ընտրություններին չմասնակցեց, և դրանց մեծամասնությունը բարեփոխիչների թևի կողմնակիցներ էին։ Ըստ կանխատեսումների, ներկա ընտրություններում բնակչության ակտիվությունը կլինի շատ բարձր, մանավանդ որ Իրանը երիտասարդ երկիր է (միջին տարիքը` 25), և երիտասարդությունից շատ բան է կախված։ Գործող նախագահն ընտրողներին գրավում է իր երիտասարդությամբ ու անզիջում բնավորությամբ, նրա հակառակորդները խոստանում են ստեղծել ավելի «բաց հասարակություն»։ Պակաս կարևոր չէ, որ ոչ պարսկական ծագում ունեցող բնակչության մասնակցությունը կարող է դրական դեր խաղալ բարեփոխիչների թևի համար։ Թեկնածուներից նախկին վարչապետ Մուսավին ծագումով թուրք է, խորհրդարանի նախկին խոսնակ Քարուբին ազգությամբ լոռ է։ Նախորդ ընտրությունների բոյկոտը, որին մասնակցեց քուրդ բնակչության միայն 30 տոկոսը, հանգեցրեց Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակին։ Մինչդեռ քրդերի մասնակի մշակութային ազատությունները վերջերս ընդհանրապես կասեցվել են։
Ըստ հարցումների, որոնք անցկացվել են Իրանի տասը խոշոր քաղաքներում, Միր-Հուսեյն Մուսավիի օգտին պատրաստ է քվեարկելու հարցվածների 38 տոկոսը, Մահմուդ Ահմադինեժադի օգտին` 34 տոկոսը։ Մուսավին գործող նախագահից առաջ էր անցել նաև Թեհրանում անցկացված հարցումների ժամանակ` 47 տոկոս 43-ի դիմաց։ Դիտորդները համարում էին, որ այսպիսի հարաբերակցության պայմաններում մեծ է երկրորդ փուլի անցկացման հավանականությունը, ինչն էլ հատուկ դրամատիզմ կհաղորդի ընտրապայքարին։ Այնուհանդերձ, ակնհայտ է, որ թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում էլ երկրին ցնցումներ չեն սպասում։ Իրանը, նրա հասարակությունն արդեն վաղուց են ապացուցել առողջ վերարտադրության ու համախմբման իրենց ընդունակությունը։ Այս կապակցությամբ մի շատ բնութագրական միտք ժամանակին լսեցի Թեհրանում, երբ զրուցակցիս հարցրի, թե ինչով էին զբաղված հեղափոխությունից հետո երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Պատասխանը ցնցող էր. «Նրանք եռօրյա արձակուրդ վերցրին, որպեսզի կարողանան մորուք աճեցնել»։ Պետականության բազմահազարամյա փորձը միշտ էլ որոշիչ դեր ունի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ