38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչ-որ շենքերում գուցե պահպանվե՞լ են էդ փոստարկղերը

Ինչ-որ շենքերում գուցե պահպանվե՞լ են էդ փոստարկղերը
15.02.2024 | 07:17

Առաջ մեր շքամուտքերում էլ՝ ուրիշ երկրների նման, հենց ներս էիր մտնում, պատին երկար շարքերով փոստարկղեր էին՝ բոլոր բնակարանների համարներով։ Հետո դրանք սկսեցին կամաց-կամաց անհետանալ՝ տրամվայի գծերի հե՞տ, թե՞ դրանցից հետո, չեմ հիշում, բայց, հավանաբար, նույն տեղը գնացին՝ ձուլվեցին ու լցվեցին ճարպիկ գործարարների պողպատյա գրպանները։ Դրանց հետ էլ հալվեց, ձուլվեց, անհետացավ տուն մտնելիս փոստը ստուգելու սովորույթը։ Իսկ դա շատ կարևոր, անփոխարինելի մի երանգ էր հաղորդում տուն վերադառնալու տրամադրությանը։ Ախր, մենք թերթ էինք բաժանորդագրվում, իսկ դա նշանակում էր, որ օրվա նորությունները խելոք, սուսուփուս մեզ էին սպասում մեր բնակարանի համարը կրող փոքր փոստարկղում։ Բացում էիր, հանում էսօրվա թերթը, որից բուրող թարմ ներկի հոտը նշանակում էր, որ էսօր դու ինչ-որ ժամանակ հանգիստ ընկղմվելու ես բազկաթոռի մեջ, կում-կում սուրճ խմես ու կումերի արանքում կարդաս ներկի նման թարմ բուրող լուրերը։ Մինչև տուն հասնելը հասցնում էիր մի երկու վերնագիր կարդալ, որն ապերետիվի նման գրգռում էր ախորժակիդ տեղեկատվական ուղիների բարակ պատերը։ Թերթը գիրք չի, թերթը մի օրվա համար ես կարդում, դրա համար էլ՝ կարդում ես մի օրվա ուշադրությամբ, մի օրվա թեթևությամբ՝ ուրիշ բաներին զուգահեռ։

Իսկ եթե փոստարկղը բացում էիր ու «Գարունի», «Գրական թերթի», «Էկրանի» կամ մի ուրիշ ամսագրի հերթական համարն էիր հանում, դա արդեն նշանակում էր, որ, հաստատ, հետաքրքիր երեկո էիր անցկացնելու ու, հավանաբար, ավելի քան մի երեկո։ Բա,որ, մեկ էլ բացում էիր փոստարկղը ու տեսնում, որ փոստատարը շփոթվել, հարևանի «Вокруг света»-ն ձեր արկղն է գցել․․․ Առանց էն էլ, դա շատ հետաքրքիր ամսագիր էր, որ դժվար էր ճարվում, իսկ երբ նման անակնկալով էր ձեռդ ընկնում, կրկնակի հետաքրքիր էր դառնում։ Տանում էիր տուն, մի օրում արագ-արագ կարդում, հետո բերում-գցում հարևանի փոստարկղը։ Փաստորեն, համ չէիր գողանում, համ էլ գողացածի լիարժեք հաճույք էիր վայելում։

Մեկ-մեկ էլ փոստարկղից նամակ էիր հանում։ Ամռանն Օպերայի մոտ ծանոթացած էիր լինում Օմսկից եկած մի երիտասարդ զույգի հետ, միասին մի երկու-երեք հաճելի ժամ էիք անցկացրած լինում, մեկ էլ մի քանի ամսից նամակ էիր ստանում հեռավոր Օմսկից։ Ծրարի տակից անգամ զգում էիր հաճելի ջերմությունն ու շտապում տուն հասնել, որ բացես, տեսնես ոնց են նոր ծանոթներդ։ Նամակը ձեռքով էին գրում, իսկ ձեռքով ինչ էլ գրես, խոստովանություն է ստացվում։ Նամակում իրար նման երկու տառ չկար. ամեն տառն իր բնավորությունն ու կենսագրությունն ուներ։ Կարդում էիր ու կինոյի նման տեսնում, թե որտեղ է մի քիչ հուզվել ու գրիչը դողացրել, որտեղ է կասկածել ու մի պահ կանգ առել, որտեղ է երկար մտածել, որից հետո առաջին մի քանի տառը թավ են ստացվել՝ գրչի ծայրին հավաքված թանաքից: Եթե մի քիչ երևակայությանդ զոռ տայիր, կտեսնեիր, թե ինչ դիրքով է նստած եղել, ձեռքը ոնց է դրել, լույսը որ կողմից է ընկել, ինչքան է կռացել թերթի վրա: Նամակից գրողի տան հոտն էլ էր գալիս, ինչքան էլ ճանապարհին օդափոխված լիներ, մեկ է, ծրարը բացում էիր, ու էդ հոտը գալիս էր։ Մի խոսքով, մինչև կարդում էիր, գրվածից բացի էնքան ուրիշ բաներ էիր իմանում, որ, ասես, մարդը դեմդ նստած է եղել ու զրուցել եք։

Նամակը մարդկային հաղորդակցության էն տեսակն էր, որը խաբեությամբ խլվեց մարդկանցից։ Նախ՝ թվաց, թե նոր տեխնիկական միջոցները լրիվ փոխարինում են նամակին, ու մարդիկ նամակ գրելը մոռացան։ Բայց հետո պարզվեց, որ ոչինչ էլ չի փոխարինում նամակին, իսկ նամակ գրելն արդեն մոռոցվել էր, ու նամակի տեղն ընդմիշտ բաց մնաց, մարդիկ էդ լեզվով էլ չեն խոսում։

Ես չգիտեմ էլ, կարող է՝ քաղաքում ինչ-որ շենքերում օազիսների նման դեռ պահպանվե՞լ են էդ փոստարկղերը, ու դեռ փոստատարը դրանց մեջ թերթե՞ր է նետում, բայց ես վաղուց, շատ վաղուց չեմ տեսել, ու վաղուց, շա՜տ վաղուց, տանս դուռը բացելիս, քիթս խուտուտ չի տվել թարմ ներկի հոտը:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5908

Մեկնաբանություններ