Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
15.12.2017 | 12:07

(Նախորդ մասը)

1937 թ. Հայաստան գործուղման ընթացքում դիմել էր ստալինյան ծԽԹԺ-ի մինիստր Նիկոլայ Եժովին, որ գնդակահարման դատապարտվածների 500-հոգանոց ցուցակին ավելացնի ևս 700 «հակաների»: Այս Եժով կոչվող անասունը որոշում է այդ թիվը դարձնել 1500, գնդակահարման ենթակա անձանց ընդհանուր թիվը հասցնելով 2000-ի: (Այստեղ ես կուզեի մի փոքր շեղվել մեր Անաստասից և «երկաթե» ժողկոմ Նիկոլայ Եժովի օրինակով ներկայացնել, թե այդ ստալինյան դժոխային տարիներին ովքեր էին վճռում միլիոնավոր մարդկանց ճակատագիրը ԽՍՀՄ կոչվող անծայրածիր երկրում: Եվ այսպես. Եժով Նիկոլայ Իվանովիչ, ծնվ. 1895 թ. մայիսի 1-ին, ԽՍՀՄ ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսար) - 1936-1938 թթ., կրթությունը` ոչ լրիվ տարրական, հասակը` 150 սմ, սեռական կողմնորոշումը` համասեռամոլ (շատ ավելի ճիշտ կլիներ այս բառի փոխարեն օգտագործել մեր խոսակցականում տարածված չորստառանի բառը, քանի որ այն օգտագործվում է նաև ստոր էությունն ընդգծելու միտումով): Եվ այս թզուկ գ..թը իրավունք ուներ տեղնուտեղը լրացուցիչ 800 հոգի գնդակահարելու մասին վճիռ կայացնելու և գնդակահարման ենթակա 2000-հոգանոց ցուցակում ընդգրկելու ցեղասպանություն տեսած ժողովրդի հրաշքով փրկված մտավորականության գրեթե ողջ սերուցքը: Այս վիժվածքի կամքից էր կախված Օսիպ Մանդելշտամի և Նիկոլայ Վավիլովի ապրելու իրավունքը, Լանդաուի, Տուպոլևի, Կորոլյովի, ԳՈՒԼԱԳ արշիպելագի հարյուր հազարավոր, միլիոնավոր «բնակիչների» ճակատագիրը: Այս թզուկի սատրապների ակտիվացման ժամանակներում ամենաստորին ու դաժան մեթոդներով տանջանքների ենթարկվելով իրենց մահկանացուն կնքեցին Եղիշե Չարենցն ու Ակսել Բակունցը, Զապել Եսայանն ու Վահան Թոթովենցը, Սարդարապատի հրաշքը կերտած հերոս հայ հրամանատարները, Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը, Հովհաննես Թումանյանի երեք որդիները (Մուշեղ, Համլիկ, Արեգ), Թիֆլիսում Ջեմալ Ահմեդ փաշային սատկեցրած խոտորջուրցի վրիժառուներ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը, Չոլոն (Հարություն Աբրահամյան) և Շավարշ Բասենցյանը, Հովհաննես Քաջազնունին և Մովսես Սիլիկյանը, Թադևոս Ավդալբեկյանն ու Ներսիկ Ստեփանյանը, Մկրտիչ Ջանանն ու Տաճատ Խաչվանքյանը, տասնյակ հազարավոր այլ անմեղ մարդիկ, որոնք դարձան «այդ «բոլշևիկ» հորջորջվող կեղտոտ շնակապիկների» (ՈՒինսթոն Չերչիլ) անպատմելի վայրագությունների զոհը:

1937 թվականը դարձավ բռնությունների ծավալման բարձրակետը, որը կազմակերպեց կուսակցական ղեկավարությունը՝ ՀամԿ(բ)Կ կենտկոմի նույն թվականի փետրվար-մարտյան պլենումի որոշմամբ: Այդ տարվա համար արձանագրվել է դատապարտվածների առավելագույն թիվ՝ 4951 մարդ, որը կազմում է 1930-1938 թթ. բոլոր դատապարտվածների շուրջ մեկ երրորդը: 1937 թ. դատապարտվածներից 3140-ի համար (67 տոկոս) կայացվել էր գնդակահարության որոշում: Շարքից հանվել, նաև կյանքից զրկվել էր հանրապետական և շրջանային կադրերի մեծ մասը:
1930-ականներին Հայաստանում անհիմն կերպով քաղաքական մեղադրանքներով ձերբակալվեց 15 հազարից ավելի մարդ, մոտ մեկ երրորդը դատապարտվեց գնդակահարության: Խորհրդային իշխանության տարիներին՝ 1921-ից մինչև Ստալինի մահը՝ 1953 թ., Հայաստանում բռնաճնշման ենթարկված մարդկանց քանակը հասնում է 42 հազարի:
Քանդելու և ավերելու բոլշևիկների անասնական մոլուցքը հատկապես «վառ» էր դրսևորվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ մղված պայքարում: 1937 թ. վերջերին Հայաստանում փակվել էր 800-ից ավելի եկեղեցի, գործող էին համարվում ընդամենը չորս եկեղեցի, բռնաճնշման էին ենթարկվել 160-ից ավելի հոգևորականներ, որոնցից մոտ հարյուրի նկատմամբ կայացվել էր գնդակահարության որոշում: Իսկ ի՞նչ անուն կարելի է տալ 1938 թ. օգոստոսի 4-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի կայացրած հետևյալ որոշմանը. «Այն պատճառով, որ եղած նյութերը Էջմիածնի կաթողիկոսությանը մերկացնում են խորհրդային իշխանության և հայ ժողովրդի դեմ ակտիվ պայքարում, փակել Էջմիածնի վանքը՝ այն վերածելով թանգարանի, նոր կաթողիկոսի ընտրություններ չանցկացնել և վերացնել հայ հոգևորականության կենտրոն Էջմիածնի կաթողիկոսությունը»: Ահա այսպես, ոչ ավելի, ոչ պակաս...
Նույն ողբերգական պատկերն էր ամբողջ Սուրբ Ռուսիայի տիրույթում. հազարավոր քանդված ու ավերված, գոմերի-ախոռների կամ էլ մարագների-պահեստների վերածված վանքեր ու եկեղեցիներ, հոգևորականության զանգվածային բռնադատում և ֆիզիկական ոչնչացում: Ներկայացնեմ միայն մեկ թիվ. պատերազմի նախօրեին ամբողջ Սուրբ Ռուսիայում կար (ավելի ճիշտ կլիներ ասել` «թողել էին») ընդամենը 3 եպիսկոպոս:


Վերադառնանք մեր «հերոսին»՝ Անաստաս Միկոյանին: Ռուսաստանի պատմության և միջազգային դիվանագիտության պատմության հեղինակավոր մասնագետների կարծիքով` Անաստաս Միկոյանը Ռուսաստանի բոլոր ժամանակների լավագույն դիվանագետն է և նրա անունը կարող է դրվել Շառլ Մորիս Թալեյրանի (1754-1838) և Կլեմենս Մետեռնիխի (1773-1838) անունների կողքին: Բայց տարօրինակն այն է, որ Միկոյանը երբեք չի զբաղեցրել որևէ դիվանագիտական պաշտոն: Նրա աշխատանքի հիմնական ոլորտները միշտ եղել են տնտեսության տարբեր ճյուղեր, արտաքին և ներքին առևտուր, սննդի արդյունաբերություն, պատերազմի ժամանակ ռազմաճակատի և թիկունքի մատակարարում և այլն: Բոլորը համոզված են, որ նա լավագույն հակաճգնաժամային մենեջերն էր մեզանում, իսկ «կառավարական» հայտնի թարգմանիչ Վիկտոր Սուխոդրեևը, որ շատ լավ գիտի յուրաքանչյուր բառի և խոսքի արժեքը և շատ «մոտիկից» էր շփվել ու գիտեր երկրի բարձրագույն ղեկավարներին, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ բառացիորեն ասաց հետևյալը. «Անաստաս Իվանովիչ Միկոյանը առնվազն երկու գլուխ բարձր էր քաղբյուրոյի մյուս անդամներից»: ՈՒշադրություն դարձրու, հարգելի ընթերցող, ոչ թե մեկ, այլ առնվազն երկու գլուխ բարձր էր մյուսներից: Իսկ որ Վիկտոր Սուխոդրեևը շատ լավ գիտեր այդ բոլոր «մյուսներին», կասկածից վեր է:


Անաստաս Միկոյանը մեծ հարգանք և հեղինակություն էր վայելում արտասահմանյան կառավարական ու գործարար շրջաններում: Երկար տարիներ ղեկավարելով երկրի արտաքին առևտրի գործը, նա շատ լավ հասկացել էր, որ այնտեղ հարցերը լուծվում են ոչ թե կոմունիստական դոգմաներով, այլ առողջ բանականությամբ և տնտեսական օրենքներով: Նա լավ գիտեր աշխարհի բիզնես էլիտան, ճանաչում էր հին կադրերին, որոնք չէին կորցրել նախկին կապերը և անձնական ազդեցությունը: Դրսում շատ հաճախ էին ասում և գրում, որ Միկոյանը միակ մարդն է Կրեմլում, որի հետ կարելի է «մարդավարի» խոսել, բանակցել, որոշակի խնդիրներ լուծել: Նույն կարծիքն էր ստեղծվել նաև երկրի ներսում: Խորհրդային գիտնականները, տնտեսական ղեկավարները ձգտում էին իրենց աշխատանքային խնդիրների լուծումը կապել Միկոյանի հետ, քանզի համոզված էին, որ նա կարողանում է հասկանալ խնդրի էությունը և կարևորությունը, այն արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների լուծելու անհրաժեշտությունը և նման դեպքերում ոչ միայն «կանաչ լույս» է վառում նրանց ճանապարհին, այլև բոլոր միջոցներով աջակցում: Բերեմ մի օրինակ. խորհրդային վիրուսոլոգները խիստ կարևորում էին պոլիոմիելիտի վակցինայի մշակումը և արտադրումը: Բայց մինչ այդ խիստ անհրաժեշտ էր ԱՄՆ-ից ձեռք բերել մեծ քանակությամբ վակցինա, որպեսզի փրկեն տասնյակ հազարավոր երեխաների կյանքն ու առողջությունը: Այդ գործի նախաձեռնողները, այն տապալումից և բյուրոկրատական ճահճում խեղդվելուց փրկելու համար, մտածված դիմեցին հենց Անաստաս Միկոյանին և, իհարկե, չսխալվեցին: Նա շատ արագ կողմնորոշվեց, հասկացավ խնդրի կարևորությունը, հնարավորինս արագացրեց հարցի լուծումը, դրանով իսկ փրկելով հազարավոր երեխաների կյանքն ու առողջությունը:
Համարյա բոլոր ճգնաժամային իրավիճակներում մենք հանդիպում ենք Միկոյանի ազգանվանը: Եվ շատ հաճախ միայն հենց այդքանը՝ ուրիշ ոչ մի խոսք, թե ինչպիսին էր նրա մասնակցությունը, և ինչ ուղղությամբ էր նա տանում բանակցությունները, և գործերից ոչ լիարժեքորեն տեղյակ մարդկանց մեջ ստեղծվում է այն թյուր կարծիքը, որ հենց Միկոյանի մասնակցությունն է հանգեցրել իրադարձությունների ողբերգական ընթացքին (օրինակ, Հունգարիայի և Նովոչերկասկի դեպքերը): Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է եղել: Հունգարական դեպքերից ընդամենը երկու շաբաթ առաջ նույն պայթյունավտանգ իրավիճակն էր Լեհաստանում, և այնտեղ գործուղված Միկոյանը կարողացավ խուսափել ոչ միայն արյունահեղությունից՝ կանխելով խորհրդային զորամիավորումների ներխուժումը Լեհաստան, այլև մի շարք առաջնային վիճահարույց հարցեր լուծելով, Լեհաստանի իշխանությունները հնարավորություն ստացան քիչ թե շատ կարգավորելու երկրի ներքին կյանքը և, իհարկե, որոշ չափով բարելավեցին լեհ-խորհրդային հարաբերությունները:


Կասկածից վեր է, որ Միկոյանը Հունգարիայում էլ փորձելու էր անել նույնը և հասնելու էր հաջողության, բայց «գործի գլուխ» կանգնեց Խրուշչովը, աջակից ունենալով Սուսլովին, տխրահռչակ Խթը-ի շեֆ նողկալի Իվան Սերովին և այդ ժամանակ Հունգարիայում ԽՍՀՄ դեսպան Յուրի Անդրոպովին, որոնցից ոչ մեկը երբևիցե աչքի չէր ընկել դիվանագիտական տաղանդով, և ավելի շատ հայտնի էին իրենց հետադիմական, հակադեմոկրատական «խասիաթով»:
Եվ եղավ այն, ինչ եղավ. Հունգարիա ներխուժած խորհրդային տանկերն ու զորամիավորումները հազարավոր զոհերով, սարսափելի արյունահեղությամբ խեղդեցին ժողովրդական ապստամբությունը՝ ամբողջ աշխարհին ցուցադրելով իրենց հակամարդկային, բարբարոսական էությունը: (Զոհվեցին 2652 ապստամբ, 348 խաղաղ բնակիչ, վիրավորվեց 19226 մարդ, Բուդապեշտում հողին հավասարեցվեց 4000 տուն, ևս 40000-ը վնասվեցին): Խռովությունը ճնշելուց հետո անմիջապես սկսվեցին զանգվածային ձերբակալությունները, մոտ 350 մարդ ենթարկվեց մահապատժի, հատուկ ծառայությունները կալանավորեցին մոտ 5000 հունգարացու, որոնցից 846-ին ուղարկեցին խորհրդային կալանատներ: Ընդհանուր առմամբ 26000 մարդ ենթարկվեց դատական հետապնդման, որոնցից 13000-ը դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման (1963 թ. համարյա բոլորն արժանացան ներման և ազատվեցին): Երկրից «փախավ» 200000 մարդ:


Մարշալ Գ. Կ. Ժուկովը «հունգարական կոնտրռևոլյուցիոն խռովության ճնշման համար» ստացավ Միության հերոսի 4-րդ ոսկե աստղը: Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ 25 զինծառայող, նրանցից 13-ը՝ հետմահու: Պաշտոնական տվյալներով խորհրդային բանակի կորուստները կազմում են 669 զոհ, 51 անհայտ կորած և 1251 վիրավոր:
Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում 1962 թ. հունիսի 1-2-ի իրադարձությունները չեն կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում: Սննդամթերքի հիմնական տեսակների գների 30 % բարձրացումը (գործարանի տնօրինությունն էլ իր հերթին 1/3-ով ավելացրել էր արտադրական նորմերը, քաղաքն էլ շատ վատ էր մատակարարվում) հուսահատության էին հասցրել քաղաքի ողջ բնակչությանը, էլեկտրաքարշաշինական գործարանի բանվորներին, որոնք ստիպված գործադուլ էին հայտարարել:
Նովոչերկասկ էին ժամանել քաղբյուրոյի անդամներ Ֆ. Ռ. Կոզլովը, Ա. Ի. Միկոյանը, Ա. Պ. Կիրիլենկոն, Դ. Ս. Պոլյանսկին, ինչպես նաև Լ. Ֆ. Իլյիչովը: Այս «դեսանտի» փաստացի ղեկավարը այդ ժամանակ Խրուշչովի «պրոտեժե» համարվող Ֆ. Կոզլովն էր, տգետ և ամբիցիոզ կարիերիստի մեկը, որն իր վարքով, տխմար ելույթներով և գործնական հիմար քայլերով միայն իր ազգանունն «արդարացրեց», չկարողանալով աշխատավորական կոլեկտիվներին որևէ խելացի, կոմպրոմիսային տարբերակ առաջարկել և փակուղուց դուրս գալու ելք գտնել: Մինչդեռ Միկոյանը հենց սկզբից համոզվել էր, որ բանվորների դժգոհությունն ու պահանջներն արդարացի են, ուստի պետք է խաղաղ և ընդունելի լուծում-ելք գտնել ստեղծված իրավիճակից:


Բանվորների բողոքի ցույցը ճնշվեց անասելի դաժանությամբ՝ 26 զոհ, 87 վիրավոր: Անմիջապես հետևեց ակտիվիստների ձերբակալումը, որոնցից 7 հոգու դատապարտեցին գնդակահարության, մնացածներին՝ երկարաժամկետ ազատազրկման:
Այս վայրագությունը կատարվում է «աշխարհի ամենադեմոկրատական երկրում»՝ 20-րդ դարի երկրորդ կեսում: Եվ, ինչպես Հունգարիայի, այնպես էլ այս դեպքերի մասին եղած պատմագիտական-ժամանակագրական գրականության մեջ մշտապես նշվում է Միկոյանի մասնակցությունը, այսինքն` նաև նրա վրա է դրվում իրադարձությունների ողբերգական զարգացման պատասխանատվությունը: Մինչդեռ դա բոլորովին էլ այդպես չի եղել: Եվ դա ապացուցում են պահպանված արխիվային նյութերը, մեմուարային գրականությունը, հենց Անաստաս Միկոյանը իր հուշերում: Ողբերգությունները եղան, քանզի երկրի ղեկավարությունը չեզոքացրեց Միկոյանի մասնակցությունը: Լինելով համոզված հակաստալինական, հիանալի տիրապետելով բանակցություններ վարելու և կոմպրոմիսների գնալու արվեստին, Միկոյանը ձգտում էր գտնել (և համարյա միշտ դա նրան հաջողվում էր) ընդդիմադիր կողմերին հաշտեցնելու կամ զիջումների գնալու եղանակներ ու խուսափել ծայրահեղությունների դրսևորումից և արյունահեղությունից:

(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ