ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Շարունակական դավաճանությունը ներքին ֆաշիզմ ու նացիզմ ձևավորելու ուղիղ ճանապարհ է

 Շարունակական դավաճանությունը ներքին ֆաշիզմ ու նացիզմ ձևավորելու ուղիղ ճանապարհ է
17.09.2024 | 19:49

Արցախն ու արցախցին այլևս նացիզմին և ֆաշիզմին հատուկ գաղափարախոսական վարժությունների զոհ են դառնում: Թե՛ նացիզմը, և թե՛ ֆաշիզմը, առանց պետական հովանավորչության և թշնամու կերպարի ձևավորման, պատմական որևէ փուլում և որևէ երկրում կենսունակ չեն եղել: Հենց պետական մեխանիզմն է միշտ այդ գաղափարախոսական գործիքը կիրառել և, որպես կանոն, դա արել է ի շահ իր իշխանության պահպանման, վերարտադրության կամ հանցանքների կոծկման ու հիմնավորման:

Մարդիկ, ովքեր նսեմացման, մեղսագրման, մեղքի օտարման, հանցանքի ալիբիների, ատելության «օբյեկտիվ» հիմնավորումներ ստեղծելու տեխնոլոգիային ծանոթ են ոչ թե խորքային առումով, այլ ընդամենը այդ քարոզչական պրոդուկտի սպառողն են, շատ արագ են ընդունում իրենց մատուցված թշնամու կերպարն ու մեղավորության հասցեն, առավել ևս, երբ այդ կերպարի և մեղավորության հասցեի ձևավորման վրա երկարատև և մանրամասն աշխատանք է տարվել հասարակության տարբեր շերտերում և ծակոտիներում:

Վերը նշված թշնամացման երևույթները, որոնք շատ տիպիկ և բնորոշ են ֆաշիզմին և նացիզմին, որպես գործիք կիրառելի են եղել այլ ազգերի նկատմամբ և ունեցել են համարյա կործանարար արդյունք հենց այդ ազգերի համար: Բայց ես չեմ կարող հիշել գեթ մեկ դեպք, երբ այդ գաղափարախոսական մսաղացը կիրառվի նույն ազգի մեջ, նույն ազգի մասնատման, նույն ազգի բաժանման և նույն ազգի մեջ թշնամության սերմանման ու մեղավորներ նշանակելու համար:

Փաստացի սև-սպիտակի, նախկինի ու նորի գաղափարական շահագործումն ավարտվել է, և դա այլևս կորցրել է կիրառելիության նպատակահարմարությունն ու անպիտան է: Պետք է ավելի ռադիկալ մեթոդ, որից կարելի է լեգիտիմություն քաշել: Կարծես թշնամին գտնված է, ի դեմս 30 տարվա դժբախտությունների և ի դեմս Արցախի, դրա մարմնավորումը ևս գտնված է՝ ի դեմս արցախցիների: Համոզված եղեք՝ այս հանցավոր թեզի բոլոր բաղկացուցիչ և լրացուցիչ մասերը առկա են ֆաշիստական և նացիստական գաղափարախոսության կանոններին համապատասխան:

Կրկնում եմ՝ այս իշխանությունը Արցախի կորստի խարանից ազատվելու համար որդեգրել է ամենահանցավոր և ամենավտանգավոր ճանապարհը: Դա ոչ թե ուրացումն է, հանձնումը, պարտվողականությունը, այլ Արցախի շարունակական և չընդատվող դավաճանությունը, որն այլևս ուղղորդվում է մի ձեռքով նրանց կոչելով «ղարաբաղի սիրելի մեր քույրեր և եղբայրներ», իսկ մյուս անտեսանելի ձեռքով հանրային տարբեր շերտերի և ծակոտիների մեջ բազմաթիվ քարոզչական, մեդիա, սոցիալական և այլ խողովակներով ատելության, օտարման, մեղավորության, նույն հայը չհամարելուն ուղղված պետական հովանավորչությամբ ամբողջությամբ ֆաշիզմին և նացիզմին բնորոշ թշնամու կերպարի ձևավորման գործընթացը: Խնդիրը հետևյալն է՝ մաքրվել խարանից՝ այդ խնդիրն ու խարանը հիմնահատակ արմատախիլ անելով:

Աբսուրդի աբսուրդն այն է, որ սա տեղի է ունենում մի ազգի հետ և մի ազգի ներսում, որը վերապրել է այդ ամենը օտարի, այլազգիի, կայսրությունների ու քոչվոր ցեղերի, ավերիչների ու ցեղասպանների կողմից, իսկ հիմա հասել նրան, որ ինքն իր նկատմամբ է կիրառում այդ ամենը:

P.S. Դավաճանությունը խարան է, որը ո՛չ ուժով, ո՛չ ուղեղ լվանալով, ո՛չ կոծկելով, ո՛չ ժամանակով, ոչնչով չես մաքրի: Խարան է: Շարունակական դավաճանությունը ներքին ֆաշիզմ ու նացիզմ ձևավորելու ուղիղ ճանապարհ է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2674

Մեկնաբանություններ