Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»

«Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»
10.04.2009 | 00:00

ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ Է
«Կտավը պետք է ծնվի ինքն իրեն, ամեն ինչ պիտի ենթարկվի ներքին մղումին։ Ես աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»։ Այս սկզբունքով է ապրում և ստեղծագործում գեղանկարիչ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (Թաթոսը)։ Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը նրա ցուցահանդեսներից ստացած տպավորությունը նույնացնում էր անձրևից հետո օզոնի ներգործության հետ` համատարած թարմություն և մաքրություն։
Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստի միջազգային ասոցիացիայի և պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, արտասահմանյան շատ երկրներում։ Մասնակցել է նկարիչների կոլեկտիվ ցուցահանդեսներին (ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեյցարիա և այլուր)։ Նրա շատ աշխատանքներ պահպանվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Այս տարի, 70-ամյակի առթիվ, հայ մշակութային կյանքում ունեցած ներդրման համար վաստակավոր նկարիչն արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևին` ոսկե մեդալի։ Պարգևատրվեց նաև Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալով։ Առաջիկայում ճարտարագիտական համալսարանը կտպագրի նրա աշխատանքների ամբողջական կատալոգը։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի անհատական ցուցահանդես։
Մեկը մյուսին չկրկնող կտավները մեկ բառով կարելի է բնորոշել` պայծառություն։ Իսկ պայծառությունը ծնվում է լույս ու բարությունից։ Նկարիչը չի թաքցնում իրականությունը լույսի հետևում, այլ մութը կորզում է լույսի առատությունից։ Այդպիսին է նա ուզում տեսնել աշխարհը...
«Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. ամեն նկարիչ նկարում է ինքն իրեն»,- ասում է Հրանտ Թադևոսյանը, ով չունի գորշ, անհասկանալի կտավներ։ Սիրում է մաքրությունը, մաքուր մարդկանց, մաքուր բնությունը, գունային մաքուր աշխարհը։ Զարմանում ես` այս անհանգիստ, դժվարին օրերում ինչպե՞ս է արվեստագետին հաջողվում պահպանել հանգստությունը։ «Հանգիստ չեմ։ Ես ողջ օրը կռիվ եմ տալիս հակասությունների մեջ և լուսավոր գործեր եմ ստեղծում։ Դա ինձ խաղաղություն է բերում, նայողներին` նույնպես։ Ինձ թվում է` դա է ճշմարիտ մոտեցումը»։
Ստեղծագործական երկար լռության տարիներ է ունեցել Հրանտ Թադևոսյան նկարիչը (շուրջ քսան տարի)։ ՈՒսանողական տարիներին մրցանակներ, հաջողություններ ձեռք բերած գեղանկարիչը հանդիպում է հակասությունների։ Մերժման։ Նրա արվեստը չէր համապատասխանում սոցռեալիզմի պահանջներին։ Այսօր էլ «հակասություններն» իրենց գործն անում են, բայց մեծ թիվ են կազմում նաև Թաթոսի արվեստը գնահատողները։
Բնապատկերները, դիմանկարները, նատյուրմորտները, վերացական հորինվածքները պիտի սպասեին, որ հետո թադևոսյանական հանդարտ ու լուսավոր պոռթկումով տրվեին սպիտակ թղթին։ Եղել է ժամանակ, որ մեկ տարում 300-ից ավելի նկար է ստեղծել։ Մեր մեծ արվեստագետներից մեկը մի առիթով ասել է` լավ նկարիչ է Թաթոսը, բայց էդ ինչքա՜ն շատ է նկարում։ «Եթե լավ է նկարում, էլ շատը ո՞րն է»,- ժպտում է նկարիչը։ Իր կտավներից նա դժվարությամբ չի բաժանվում։
«Մեծ ուրախություն չէ, երբ ծալած դրված է ինչ-որ տեղ, ու երբեմն-երբեմն կարող ես նայել։ Երբ դրվում է ինչ-որ մեկի տանը կամ մեկ այլ վայրում, ուր մարդիկ հնարավորություն ունեն դիտելու, դա նկարի կյանքի շարունակությունն է»։
Իր ստեղծագործություններում շարունակում է ապրել նաև արվեստագետը։ Ամեն նոր կտավի հետ նկարիչը նորից է ծնվում։ Յոթանասուն տարիները միայն առիթ են ևս մեկ անգամ հիշելու և արժեքավորելու սիրված նկարչին։ Իսկական արվեստը բնության, կյանքի, մարդկանց հետ երկխոսության արդյունք է։ Նրա ժամանակը հավերժությունն է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4922

Մեկնաբանություններ