Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»

«Պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»
23.05.2024 | 17:01

Այսօր (մայիսի 22-irates.am) կարևոր օր էր, բայց այդպես էլ չստացվեց շուտ մտնել իմ ֆեյսբուքյան էջը, որի համար ներողություն եմ խնդրում ընկերներիցս։ Թեև համոզված եմ, որ ֆեյսբուքն հագեցած պիտի լինի Շառլ Ազնավուրով՝ մարդ, որը համաշխարհային ճանաչում ուներ, և որի կորուստն աշխարհն էր սգում։

Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, նույն ինքը՝ Շառլ Ազնավուր, աշխարհահռչակ շանսոնիե, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան, դիվանագետ ու հասարակական գործիչ:

Նա ծնվել ու մեծացել է ազգային ոգով տոգորված արվեստի սիրահար հայ ընտանիքում 1924 թվականի մայիսի 22-ին։

Մայրը՝ Քնարը, Եղեռնից փրկված իզմիթցի մի վաճառականի դուստր էր՝ դերասանուհի, իսկ արմատներով էրզրումցի հայրը՝ Միքայելը, կամ ինչպես նրան անվանում էին շրջապատում, Միշան, ծնվել էր Ախալցխայում, բայց հետո տեղափոխվել էր Թիֆլիս։

Նա երգիչ էր՝ բարիտոն։

Քնարն ու Միշան հանդիպել էին Կոստանդնուպոլսում, երբ վերջինս մեկնել էր համերգների:

1922 թ․ Ազնավուրյանների ընտանիքը գաղթում է Հունաստան։

Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան, իսկ ավելի ուշ ընտանիքը բնակություն է հաստատում Ֆրանսիայում։

Փարիզում հայրն իր բացած «Կովկաս» փոքրիկ ռեստորանում երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար։

Հենց այդտեղ էլ 1924 թ․ մայիսի 22-ին ծնվում է ապագա երգիչը՝ Վաղինակը։ Երեխաները մեծանում են երաժշտության ու թատրոնի մթնոլորտում, շփվում ժամանակի արվեստագետների հետ։

1929 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է Ազնավուրյանների ռեստորանը, և ընտանիքը տեղափոխվում է Կարդինալ Լըմուանի փողոց, ուր Միքայելը Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց դարձյալ բացում է ռեստորան։

1933 թ․ ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ Շառլը երազում էր դերասան դառնալ։ Այդտեղ է առաջին անգամ նա բեմ բարձրանում՝ բեմական ազգանուն ընտրելով Շառլ Ազնավուրը։ Շառլը մանկական դերեր է կատարում Փարիզի տարբեր թատրոններում։

Երբ սկսվում է Երկրորդ համաշխարհայինը, Ազնավուրյանններն իրենց ընտանիքում են թաքցնում հայերի և հրեաների, որոնց մեջ էր ֆրանսիական դիմադրական շարժման մասնակից, բանաստեղծ Միսաք Մանուշյանը՝ իր կնոջ՝ Մելինեի հետ։

1941 թ․ Ազնավուրն հանդիպում է Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք հոլ» դպրոցի տնօրենն էր։

Այս հանդիպումից հետո նա վերջնականապես որոշում է զբաղվել երգարվեստով։

Նրանք միասին ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը և հանդես գալիս տարբեր համերգասրահներում։

1944-ին Ազնավուրը գրում է իր առաջին՝ «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ ՈՒլմերի կատարմամբ արժանանում է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Սակայն Շառլի համար բեկումնային է լինում Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։

Էդիթը «Ռոշ և Ազնավուր» դուետին հրավիրում է Նյու Յորք։

Եվ թեև Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում են ձեռք բերում մասնավորապես Կանադայում, այնուամենայնիվ, Շառլը վերադառնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում այնքան էլ հաջողությամբ չի պսակվում։

Բայց Ազնավուրը համառորեն պայքարում է իր երազանքին հասնելու համար։

Նա համագործակցում է Ժիլբեր Բեկոյի հետ և 1956 թ․ համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչն էլ մեծ ճանաչում ու հաջողություն է բերում նրան։

Երբ առաջին անգամ երգչին հաջողվում է ելույթ ունենալ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում, մամուլը գրում է․

«Ֆրանսիան ազնավուրացված է»։

Դը Գոլը նույնպես հիացմունքով է խոսում Ազնավուրի մասին․

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»։

1956 թ. Ազնավուրը գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, որը պատմում է իր հաջողությունների մասին։

Երկրպագուների սրտերը գրավող երգերն այնուհետև հաջորդում են մեկը մյուսին։

Եվ ահա 1963 թ․ Նյու Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում։

Փայլուն համերգները հաջորդում էին մեկը մյուսին․ Շառլը հանդես եկավ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

1974 թ․ Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում։

Նրա «Նա» երգը չորս շաբաթ գլխավորում էր հիթ շքերթը։

Նա հազարից ավելի երգերի հեղինակ է՝ մի մասը Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ։

Այդ երգերի մեջ է իմ ամենասիրած «Ավե՜, Մարիա՜» երգը։

Ազնավուրի երգերը կատարում էին Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չառլզը և այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ, որոնք փառք ու ճանաչում են բերել երգչին, և որոնց շնորհիվ նա ճանաչվել է դարի արվեստագետ, արժանացել բարձր պարգևների։

Ազնավուրը նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում։

Դժվար է մանրամասն խոսել Ազնավուրի ձեռքբերումների և հաղթանակների մասին․ դրանք անչափ շատ են։

Այս ամենով հանդերձ՝ նա չէր մոռանում իր ծագումը, ավելին՝ Ազնավուրի համար մեծ հպարտություն էր հայ լինելը։

88-ի աղետի ժամանակ մեծ հայը սատար կանգնեց Հայաստանին։

Այդ ժամանակ էր, որ ծնվեց «Քեզ համար, Հայաստան» երգը։

Ազնավուրը քանիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում։

Իսկ 2017 թ․ Նիկոլա որդու հետ ստեղծեց «Ազնավուր» հիմնադրամը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նա Հայաստանի մշտական դեսպանն էր։

Դիվանագիտական ներկայացուցիչ էր նշանակվել նաև ՄԱԿ-ում և արտակարգ լիազոր դեսպան՝ Շվեյցարիայի Համադաշնությունում։

Ազնավուրը մահացավ 2018 թվականին։

Սգում էր ողջ աշխարհը։

Նրա հիշատակին հոկտեմբերի 5-ին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում։

Նախագահ Մակրոնը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը» և ավելացրեց․

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»։

Բազմաթիվ են Ազնվուրի ստեղծած երգերը։

Ինձ համար, սակայն, անփոխարինելի է «Ավե՜, Մարիա՜» երգը։

Այդ երգի հիման վրա էլ նրա մահվան երկրորդ օրը ծնվեց իմ համանուն ստեղծագործությունը՝ նվիրված մեծագույն հային։

ԱՎԵ՜, ՄԱՐԻԱ

(Շառլ Ազնավուրին)

Ավե՜, Մարիա՛․․․

Ցնծությունը քո մեծ է, Մարիա՛․

Հոգիների մեջ՝ քեզ փառաբանող,

Մեկն էլ աշխարհից հայտնվեց հիմա՝

Իր սրբաղողանջ, քաղցրալուր ձայնով։

Եկավ օրհնանքը այն հավելելու,

Որ ծավալվում է շուրջդ ամենուր՝

Հանուն Հոր և քո Միածին Որդու՝

Նվիրյալ հոգով ու մաքրամաքուր։

Լսի՛ր, Մարիա՛, հավերժին նայող

Հայացքդ հիմա դարձրու՛ աշխարհին,

ՈՒր չկա ոչինչ հոգին հմայող,

Զի նվազում է կենսահորդ բարին։

Քեզ լուր է բերել հալածյալ ազգիս

Զավակը՝ խոցված հազարապատում,

Հանի՛ր շղարշը հավերժող սգի․

Քոնը միակն էր, նրանը՝ բազում։

Որ անգթորեն խաչի հանվեցին

ՈՒ սփռվեցին անտեր, ցիրուցան,

Ազգերը՝ խուժդուժ, վայրի, խառնածին,

Նրա արյունով «զտարյուն» դարձան։

Նա ծիլն է՝ հառնած անմեղ արյունից,

Որ նորոգվելու սուրբ շնորհ ունի,

ՈՒ հավատում է, թե կօգնես նորից՝

Դառնալու անցյալ փառքին արժանի։

Հայացքդ նրա՛ն դարձրու գեթ մի պահ,

Մաքրի՛ր դու զոհի խարանը անջինջ․

Նա վստահել է Որդուդ աներկբա,

Անգամ գամվելիս հենց նրա խաչին։

Քոնը բազմած է կողքիդ վեհորեն՝

Աշխարհի մեղքը թողած աշխարհում,

ՈՒր ամեն վայրկյան նենգ հուդաներն են

Բյուր քիստոսներ արյան մեջ թաղում։

Ավե՜, Մարիա՛․․․

Բայց ինչպե՞ս ցնծաս, երբ նեռը ցածում

Լույսերն է մարում՝ քո Որդու վառած,

Երբ որ քեզ նման մայրեր են կոծում՝

Գրկելով որդու մարմինը սառած։

Գեթ հիմա՛ նայիր խոյանքին ազգիս,

Մի հարցում արա, թե ի՞նչ է տենչում․

Քեզ մոտ եկածը ոգին է հասկիս

ՈՒ հիմա քեզնից նույնն է պահանջում։

Գիրկդ առ նրան գգվանքով քո նուրբ,

Ինչպես սիրասուն մայրը իր որդուն,

Ասա, որ տե՛րն ես երազին մեր սուրբ,

Թե չէ․․․ գիտե՞ս ինչ․․․քեզ չեմ հավատում․․․

Բա՜վ է, Մարիա՛․․․

02. 10. 2018թ․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4227

Մեկնաբանություններ