Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Շանթը, ֆինանսների նախարարի հրաժարականն ու քաղաքապետական ընտրությունները

Շանթը, ֆինանսների նախարարի հրաժարականն ու քաղաքապետական ընտրությունները
20.03.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵ, ՀԱՆԿԱՐԾ ՆԱ ՃԱՆԱՉՎԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ»
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ (արդարադատության նախարար)

-Պարոն Դանիելյան, Շանթին, հակառակ նրա հարազատների պահանջների, տեղափոխել եք հոգեբուժարարան:
-Ոչ թե հոգեբուժարան, այլ կլինիկա ենք տեղափոխել Շանթ Հարությունյանին, ստացիոնար հետազոտություններ անցկացնելու համար, որովհետև կա դատարանի` դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որոշումը պարտադիր կատարման ենթակա է:
-Բայց նա հոգեկան հիվանդ չէ, ինչո՞ւ ավելի մեղմ, նուրբ ձևով չի արվում այդ ամենը, չէ՞ որ Դուք գործ ունեք ստեղծագործ նատուրայի հետ. Շանթն ահավոր զգայուն մարդ է. Դուք ճանաչո՞ւմ եք նրան:
-Այո, ճանաչում եմ:
-Բա Ձեր հոգին չի՞ ցավում:
-Իմ հոգին ցավում է, որ, Աստված մի արասցե, հանկարծ նա ճանաչվի անմեղսունակ, ու պարզվի, որ նրա նկատմամբ, այնուամենայնիվ, քրեական հետապնդում է իրականացվել:
-Բանը հասավ դրա՜ն:
«ՉԻ՜ ԵՂԵԼ ՆՄԱՆ ԲԱՆ»
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ (ֆինանսների նախարար)
-Պարոն Դավթյան, երբ «Լրագիր.am»-ը գրել էր, որ կառավարությունը հրաժարական է տվել, Դուք, կարծես, մոտ եք եղել այդ շեմին:
-Նույն լուրը որքա՞ն կարելի է ժխտել, որ` «նետ»:
-«Նե՜տ»` «դա՛». և, ուրեմն, բանը եղել է էսպես։ Միջազգային արժութային հիմնադրամը դիմել է ՀՀ նախագահին ու թե` բա չեք ասի, պարոն նախագահ, Դուք մեզ հավաստիացնում եք, որ դրամը սկսել եք «լողացնել», սակայն... մի խոսքով` ՄԱՀ-ը հոտ է առել դրամից առ այն, որ լողացման կուրս չի իրականացվում Հայաստանում, ինչպես և խոստացել էր Հայաստանը, և դրամի կուրսը զսպվում է: Պարոն նախագահն էլ ասել է` ֆինանսների նախարարն ինձ այդպես է զեկուցել, եթե ստուգեմ ու տեսնեմ, որ բանն այդպես է, ես իրեն կազատեմ աշխատանքից: Էստեղ, ուրեմն, գործին խառնվել է նույնքան հարգարժան պարոն վարչապետը, բա եթե ֆինանսների նախարարիս հանեցիք, ես էլ եմ հրաժարական տալիս: «Սենց» բաներ, պարոն Դավթյան:
-Չի՜ եղել նման բան:
-Ըսկի՞ չի եղել:
-Ըսկի՛: Ձեր ողջ պատմվածքը չի համապատասխանում իրականությանը. կրկնում եմ` չի՛ եղել նման բան:
-Էլի պատմվածք ունեմ Ձեզ պատմելու, և, ուրեմն, այսպես. ասում են, որ այդ օրվանից մինչ էսօր սույն դրամը լող է տալիս հայոց ճերմակ ջրերում` ինքնազսպման ցավը շուրթերին: Մի խոսքով` դրամի իրական արժեքը դոլարի նկատմամբ արդեն 500 է: Բա՜յց:
-Ասեկոսեներ են:
«ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՉ ՄԻ ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԵՄ»
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ (սփյուռքի նախարար)
-Տիկին Հակոբյան, ի տարբերություն մնացած նախարարությունների, Դուք, կարծես, բոլորովին այլ հասցեում եք` Էրեբունի բիզնես-կենտրոնում. արենդայո՞վ եք վերցրել այդ տարածքը:
-Այո, սակայն այդ տարածքը նախարարությունը չի վերցրել, այլ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչությունը, իրենք վերցրել ու տվել են մեզ:
-Քանի՞ տարով է վարձակալված:
-Երկու:
-Պատահաբար չգիտե՞ք` ինչ գումարներ են վճարում դրա դիմաց:
-Պատահաբար գիտեմ, չնայած մենք կապ չունենք դրա հետ: Մոտավորապես` մեկ քառակուսի մետրը 10-11 հազար դրամի կարգի:
-Ինչքա՞ն է ընդհանուր տարածքը:
-545 քառակուսի մետր:
-Արե՜ց 6 միլիոնի «կարգի». վա՜տ չի, վա՛տ չի։ Իսկ ճի՞շտ է, որ այդ տարածքն արենդայով վերցված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
-Ո՛չ, չգիտեմ, միայն գիտեմ, որ գույքի կառավարման վարչությունը կնքել է պայմանագիր, և այդ տարածքը հանձնել է մեզ: Սեփականատերերի մասով ոչ մի գաղափար չունեմ:
-Ափսո՜ս:
«ԻՆՉ-ՈՐ ԱՆԵՆՔ` ՇԱ՜Տ ԼԱՎ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ»
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ (առողջապահության նախարար)
-Պարոն Քուշկյան, ո՞նց պատահեց, որ Դուք առաջադրվեցիք քաղաքապետի թեկնածու:
-Մեր կուսակցությունն է առաջադրել, մեր կուսակցության առաջնորդի առաջադրանքն է. կուսակցական որոշում է, և վե՛րջ:
-ՈՒ Դուք պարտադիր այն պետք է իրականացնե՛ք:
-Պարտադի՛ր:
-ԲՀԿ-ն հո դաշնակցություն չի՞, որ ասեն` լողացիր, լողանա, ասեն` ոզնու վրա նստիր, նստի:
-Մենք մեր կուսակցությունն ունենք, մեր մոտեցումներն ունենք և ըստ այդմ էլ առաջնորդվում ենք, և վե՛րջ:
-Ա՛յ պարոն Քուշկյան, Դուք, ախր, էդպես` քաղաքական խոշոր նատուրա չեք, քաղաքական խոշոր պայքարի մեջ չեք եղել, որպես սրտաբան` հենց ապրեք, բայց քաղաքական «արատոր», տրիբուն, հռետոր չեք, ո՞նց եք անելու էդ մեծ կռվում. էն էլ ի՜նչ կռվում:
-Ինչ որ անենք` շա՜տ լավ ենք անելու: Բարձր մակարդակով, և վե՛րջ: Կգա ժամանակը, կտեսնեք:
-Ձեր հիմնական մրցակիցը Գագիկ Բեգլարյա՞նն է, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Ձեզ:
-Ովքեր կլինեն նախընտրական արշավում, նրանք էլ կլինեն իմ նորմալ մրցակիցները, ոչ թե անձնավորված, այլ` էդպես. թող մի հատ վերջնական ձևավորվի էդ ցուցակը, տեսնենք, ըստ դրա էլ կգնանք նորմալ-արդար ընտրությունների:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Ես միշտ բարձր եմ գնահատում «Բարգավաճ Հայաստանի» շանսերը:
-Իսկ ընդդիմությա՞ն շանսերը:
-Հլը որ չեմ կարող գնահատել ընդդիմության շանսերը:
-Հենց ապրեք և` վե՛րջ:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ