Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գաղտնազերծում-1

Գաղտնազերծում-1
03.08.2024 | 18:16

Սերժ Սարգսյան - Նիկոլյա Սարկոզի բանակցություններ, 2010 թ․ մարտի 10, Ելիսեյան պալատ։

- Ֆրանսիան ձեզ մենակ չի թողնի, ձեր հակառակորդը պետք է կարողանա կա՛մ սեղմել ձեր ձեռքը, կա՛մ կրել դա չանելու հետևանքները,– Սարկոզի։

- Այս ընթացքում հետևում եմ Կոսովոյի խնդրի շուրջ Հաագայի դատարանում տեղի ունեցող քննարկումներին։ Շատ պայծառ մտքեր են հնչում՝ հիմնավորելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ու մենք մտածում ենք, թե ինչու մի դեպքում այդպես պետք է լինի, մյուս դեպքում՝ ուրիշ կերպ: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա. էթնիկ զտումն Ադրբեջանին ծանոթ ձեռագիր է: Ես ինչպե՞ս կարող եմ բաց աչքով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, պարո՛ն նախագահ: Ես ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գին պատրաստ եմ վճարել, բայց դա անհնար

բան է,- Սարգսյան։

- Բայց այդ դեպքում նույն տրամաբանությամբ ադրբեջանցիներն էլ կասեն, թե Նախիջևանն է վտանգի մեջ,- Սարկոզի։

-Իհարկե, չեն կարող նման բան ասել, քանի որ Նախիջևանը սահման ունի իրենց դաշնակից Թուրքիայի հետ,- Սարգսյան։

- Այդ դեպքում ո՞րը պետք է լինի հաջորդ նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը,- Սարկոզի։

- Ինքնորոշման հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման,- Սարգսյան։

- Բայց հենց դա՛ է դժվարությունը: Ինչպե՞ս սահմանել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարգսյան։

- Այնպես, ինչպես սահմանված է մադրիդյան սկզբունքներում ու մեր բանակցած փաստաթղթերում։ Այն համամասնությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կազմել են ԼՂԻՄ-ի բնակչությունը ըստ խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ համապատասխանաբար մոտ 75 և 25 տոկոս համամասնությամբ,- Սարգսյան։

- Բայց Ադրբեջանն էլ պնդում է, որ բնակչության թվաքանակն այս ընթացքում փոխվել է, ու այլ կերպ է պատկերացնում հանրաքվեի մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

- Ի՞նչ է նշանակում բնակչության համամասնության փոփոխություն: Հակամարտությունը ծագել է 1988 թ., և մեր բանակցվող սկզբունքներում գրված է, որ բնակչության համամասնություն ասելով՝ նկատի են առնվում 1989 թ. մարդահամարի տվյալները: Հենց այդ պատճառով էլ, ելնելով ադրբեջանական կողմի նման պարզ վերաբերմունքից, պարո՛ն նախագահ, մենք ասում ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող որևէ ապագա ունենալ, - Սարգսյան։

- Ամեն դեպքում դժվար է լինելու տարանջատել հանրաքվեի անցկացման հստակ սահմանները, թե որտեղ ու ինչ համամասնությամբ այն անցկացնել,- Սարկոզի։

- Ամեն ինչ շատ հստակ է. ԼՂԻՄ-ի տարածքում՝ 1989 թ. մարդահամարի տվյալների համամասնությամբ,- Սարգսյան։

- Մենք վերահաստատում ենք Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը։ Ես Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին խոստացել էի, որ այս մասին մանրամասնորեն կխոսեմ Ձեզ հետ։ Մենք ձեր փոխարեն չենք կարող որոշել ու քայլեր կատարել: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը պետք է լինի մշտապես պաշտպանված ու այդ հարցում կստանա Ֆրանսիայի աջակցությունը: Բայց եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան, ապա դա կհանգեցնի պատերազմի, ու լավ չի լինի մեր հայ բարեկամների համար: Ես շատ հայ բարեկամներ ունեմ: Դուք մեծ տառապանքներ ու զրկանքներ եք կրել, ու չկա որևէ պատճառ՝ փոխելու մեր համերաշխությունը ձեզ հետ: Ես չեմ ցանկանում պնդել այն, ինչ արդեն ասացի, բայց ուզում եմ ասել, որ ձեզ՝ հայերիդ, շատ եմ սիրում: Ինչ-որ պահի պետք է դրսևորել պատմական մոտեցում։ Եթե կանգնում ենք ճանապարհի կեսին, ունենում ենք թերություններ, ոչ առավելություններ: Դուք խաղաղության մարդ եք: Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը միջազգայնորեն այնքան ճանաչված է, որ նրանք, ովքեր կլուծեն այդ հակամարտությունը,

կդառնան նոր նելսոնմանդելաներ: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց փոխարենն ունի համարձակ ու խելացի բնակչություն: Հետաքըրքիր երկիր է Հայաստանը. փոքր պետություն է, բայց ճանաչելի՝ ամբողջ աշխարհում: Դա մի կողմից առավելություն է։ Բայց գիտեմ, որ նաև այդ պատճառով է, որ հայերդ պատմության ընթացքում այդքան մեծ գին եք վճարել: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ լինելով այդքան փոքրաթիվ՝ այդքան մեծ ճանաչում ունեն աշխարհում ու այդքան մեծ հետաքրքըրություն են առաջացնում: Հայաստանի նախագահին այդ ամենը հսկայական ուժ է տալիս: Հայաստանի նախագահը շատ ավելի ուժեղ է, քան շատ այլ, տարածքով ավելի մեծ պետությունների ղեկավարներ: Կան շատ ավելի մեծ երկրներ, որոնց առաջնորդները չունեն նման ճանաչում ու աջակցություն: Ես այս ամենը չեմ ասում՝ Ձեզ հաճոյանալու համար: Այլ, որ օգտվեք ստեղծված հնարավորությունից ու ձեռք մեկնեք՝ լուծելու խնդիրները: Թեև ֆուտբոլային սովորական մի հանդիպում էր, բայց ամբողջ աշխարհը ձեզ հետ միասին նայում էր այն, այդ թվում և ես ու այստեղ նստած իմ խորհրդականները: Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ու զարգացման։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է խաղաղություն: Երբ Դուք ասում եք, որ թուրքերը բանակցություններում անտանելի են, ես Ձեզ հետ համաձայն եմ՝ չեք կարող մշտապես հենվել Էրդողանի վրա։ Ի՞նչ է, ձեր հույսը ռուսնե՞րն են․․․ Ցանկացած երկիր ունի իր խնդիրները, նույնիսկ ամենախոշորները: Ռուսաստանը չի ուզում շրջափակված վիճակում լինել կամ հայտնվել ԱՄՆ ու Չինաստանի հեգեմոնիայի տակ: Որքան չեմ ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, այդքան ցանկանում եմ, որ Ռուսաստանը մոտ լինի դրան: Այդ դեպքում ձեզ համար էլ նպաստավոր իրավիճակ կլինի։ Եղե՛ք խաղաղության մարդ: Նոբելյան առաջին հայ մրցանակակիրը դարձեք, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության, - Սարկոզի։

- Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ ՈՒ պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել, - Սարգսյան։

- Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: Եթե Դուք ունենաք Խաղաղության նոբելյան մրցանակ, ապա ցմահ

անձեռնմխելի կլինեք, - Սարկոզի։

- Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– Սարգսյան։

(շարունակելի)

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Հատված իմ հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից։

Իմ գնահատմամբ իմ և լրատվամիջոցների էջերում տեղ գտած ամենահետաքրքիր մեկնաբանության հեղինակին կուղարկեմ այս գրքի մեկ օրինակ։

Դիտվել է՝ 9502

Մեկնաբանություններ