Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհում տիրող ուժային հիերարխիայի պայմաններում միջակությունների պահանջարկը շատ մեծ է

Աշխարհում տիրող ուժային հիերարխիայի պայմաններում միջակությունների պահանջարկը շատ մեծ է
30.06.2024 | 07:50

Միջակությունների հարցը շատ ավելի ընդգրկուն ու լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Այն, ոչ ավել-ոչ պակաս, աշխարհում տիրող ուժային քաղաքականության անմիջական ու անցանկալի հետևանքներից մեկն է։

Բանն այն է, որ թույլ ու հզորներին ենթակա երկրներում կարող և ունակ մարդու հայտնվելը իշխանության ղեկին կարող է լինել բացառիկ և այն էլ պատահական դեպքերում, քանի որ նման մարդը գլխացավանք է օտար հզոր իշխանավորների համար։

Միայն այն հանգամանքը որ փոքր երկրի լուրջ ղեկավարը կարող է հանդես գալ կարևոր նախաձեռնություններով և ծառայել միայն իր ժողովրդի շահերին, բավական է, որ նա համարվի անցանկալի մեկը։

Այս բանը ուժային մեթոդներով գործող օտարի շահերի հետ չի բռնում, իսկ այ, նրա շահերի հետ բռնում է միջակությունը, որը, մի կողմից անիմաստ վեր-վեր չթռնի ու մյուս կողմից էլ չափից դուրս անճարակ չլինի։

Բայց պետք է հաշվի առնել, որ այդ մարդիկ միջակություն են նորմալ առումով, բայց միջակ չեն սրիկայության, տականքության, հարմարվողականության, կաշառակերության և նման բնույթի այլ հարցերում։

Ավելին, նրանք նման հարցերում տաղանդավոր և խիստ մրցունակ են։

Այս իմաստով աշխարհում տիրող ուժային հիերարխիայի պայմաններում միջակությունների պահանջարկը շատ մեծ է։

Հզորներին նման մարդիկ պետք են թույլերին էֆեկտիվորեն կառավարելու համար։

Իշխանությունը հզոր օտարի օժանդակությամբ ձեռք գցած միջակության համար էլ աշխարհի ամենալավ բանն իր իշխանությունն է, քանի որ այն նաև հարստության աղբյուր է ու թվացյալ փառքի աղբյուր։

Դա նշանակում է, որ թույլ երկրի ներսում ևս պետք է գործի իշխանական հիերարխիան միջակություններով լցնելու քաղաքականությունը, քանի որ նման գավառական տիպի միջավայրերում լուրջ մարդը պարզապես անելիք չունի, քանի որ նպատակը երկիրը շենացնելը չէ, այլ բոլոր միջոցներով իշխանությունը պահելը։

Ինչ վերաբերում է միջակության թվացյալ փառքին, ապա, քանի որ գավառական իշխողի հրապարակայնորեն ասված լուրջ մտքերը նրա ռեֆերենտներինն են, ապա ինքը իմաստուն մտքերով ենթականերին լուսավորելու լավագույն հնարավորություններն ունենում է քաղցր կյանքին ուղեկցող քեֆերի, հարսանիքների, կնունք-ծնունդների և նման այլ դեպքերում։

Եվ հենց այստեղ է, որ պարզվում է գավառական փառքի տեր իշխանավորի մտքի կատաստրոֆիկ աղքատությունը, որը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի իմաստակությունների սահմաններից։

Բայց դա չի խանգարում, որ նրա ասած ամենասովորական տափակությունների որոշ նմուշներ մանկլավիկների կողմից տարածվեն որպես մտքի գոհարներ՝ ահա քեզ թվացյալ փառքի տիպական դեպք։

Մեր ժամանակների նորագույն միտումներից ու տենդենցներից մեկն էլ այն է, որ միջակության վարակը աշխարհի իշխանական հիերարխիայով բարձրանում է վերև, որի ամենավառ արտահայտությունը կարելի է տեսնել Եվրոպայում և այլուր, ուր հարմարվողական միջակությունները զբաղեցնում են խիստ պատասխանատու պոստեր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ