ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից»

«Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից»
02.06.2009 | 00:00

ԵՐԲ «ԻՆՉ-ՈՐ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ԿԱՆԳ ԱՌՆԵԼ»
Աստծո անցած 7 օրում Հայաստանում ավարտվեց գարունը: Հայաստանն այս հարցում ինքնատիպ չէր` գարունն ավարտվեց նաև այլ երկրներում:
Ի լրումն հասան ու սկսվեցին նաև այլ իրադարձություններ:
Շաբաթվա մեխը, իհարկե, ավագանու ընտրություններն էին: Բայց կային նաև կարևոր այլ գամեր, որոնց համատեղումը ստեղծում է և՛ զարմանալի, և՛ անսպասելի, և՛ օրինաչափ պատկեր: Միաժամանակ ու նույն տեղում:
lԻսպանական Վալենսիայից հերթական ճանապարհորդության դուրս եկավ հայկական նավատորմի միակ տաշտակը, ներեցեք, նավը: Խրոխտ «Արմենիան» երեք օվկիանոսներով է անցնելու` շրջանցելով Ջիբրալթարը, Հարավային Ամերիկան, Հոռն հրվանդանը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, ինդոնեզական կղզիները, Սինգապուրը, Հնդկական թերակղզին, Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Սուեզի ջրանցքը, Միջերկրական ծովը: Պատկերացրի՞ք: Նավարկության վերջնակետը Բեյրութն է: Կանգառներ կլինեն միայն հայկական մեծ գաղթօջախներ ունեցող նավահանգիստներում: Զբոսանավի գիտարշավն անվանված է «Մեսրոպ Մաշտոց»` նվիրվում է օտարության մեջ մայրենի լեզուն պահպանած հայ մայրերին, իբրև թալիսման նավի կենտրոնում հավերժության նշանն է, հայկական խաչը և այբուբենի 36 տառերը: Պատկերացրի՞ք: Հրաշք: Լողում է օվկիանոսներով ու ծովերով պստլիկ մի զբոսանավ, ու հայ մայրերն իրենց ավելի հայ են զգում, հայ քրիստոնյաները` ավելի քրիստոնյա, դե, իսկ հավերժությունը դառնում է բուն հայկական ֆենոմեն: Վալենսիայից զբոսանավը ճանապարհել է Հրանուշ Հակոբյանը` իբրև նավագնացության ապագա նախարար: Չէ, իհարկե, նորմալ է, եթե իր անվերջ ճանապարհորդությունների շրջագծում տիկին Հակոբյանը Վալենսիայում դեռ չէր եղել, իսկ ընդհանրապես... Արշավախմբի հավերժական պետ Զորի Բալայանը մի տարի էլ կշարունակի հայ ընթերցողի ճաշակն ու ժամանակը բռնաբարել իր ուղեգրություններով, եթե գտնվեն, իհարկե, նման ֆանատիկոսներ: Նավարկությունը միանշանակ հայտնագործություններով լի է լինելու: Որոշ հայտնագործություններ արշավախումբը սկսել է արդեն Երևանից. նրանց ճանապարհելիս երկրի նախագահն ասել է. «Մեր ժողովրդի ճակատագիրը դասավորվել է այնպես, որ հայեր կան աշխարհի բոլոր անկյուններում, և մեզ համար չափազանց կարևոր են մեր ազգային ինքնության քարտեզը, մեր մշակութային ժառանգության քարտեզը ու հայ համայնքների պատմության քարտեզը»: Այսինքն` ծովերում ու օվկիանոսներում քամուց ու արևից խանձվելով` մի քանի հայ... քարտեզ են գծելու, որպեսզի, ինչպես հավելել է նախագահը, աշխարհը նորովի բացահայտվի ու հարստանա:
«Դուք գնում եք նոր լիցք, Հայրենիքի շունչը հաղորդելու մեր համայնքներին, նորովի իմաստավորելու մեր ինքնության բանաձևը և բոլոր աշխարհամասերում սփռված մշակույթի կոթողները»: Եվս մի առեղծված` էս դժվար ժամանակներում, ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում «մշակույթի կոթողներն» ու «մեր ինքնության բանաձևը» իմաստավորելը ո՞նց պիտի գլուխ բերեն... ՈՒ պատկերացնո՞ւմ եք սփյուռքի վիճակը` առանց այդ էլ առավոտ-երեկո հայրենիք հա հայրենիք, հիմա էլ հայրենիքի նավատորմ... Արդարացվա՞ծ է այսպես փոշիացնել սփյուռքի ներուժը. մի՞թե նրանք կարիք ունեն նոր լիցքի, իսկ հինն արդեն հե՞չ։ Եվ` այդ «նոր շունչը» ազգային ինքնության նոր քարտեզի՞ հետ կապ ունի, նոր բանաձևի՞... Առագաստանավ է, պիտի նավարկի, մարդիկ իրենց հավեսին իրենց համար կարևոր ու անհրաժեշտ գործ են անում, նախարարով, նախագահով այդ ամենը քաղաքականացնելն ո՞ւմ է պետք:
lԱմեն ինչ սեփական շահերին ծառայեցնելը հայերիս բնավորությունն է: Ոչ բոլորիս, բայց շատերիս: Մայիսի 30-ին Հայաստանի ոստիկանության շենքի դիմաց բացվեց առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրին: Իհարկե, մի քիչ դժվար է ու անպատշաճ այդ վիթխարի գլուխը կիսանդրի անվանելը, բայց այդ է: Կիսանդրին բացվեց ինչպես անկ է` վարչապետով, ոստիկանապետով, արվեստագետներով, ելույթներով` տեղը տեղին: Ելույթները` պաթետիկ, կիսաքաղաքական, կիսապատմական, կիսաարդիական: Կիսանդրու հեղինակը, բնականաբար, Լևոն Թոքմաջյանն է, որ լալահառաչ պատմեց` ինչպես 4 տարի շարունակ տաշած քարը գետնին էր մնում, սպասելով, թե իրեն ուր կտեղադրեն: Իսկ ամենակարևորը` անցյալ դարասկզբին տիֆից մահացած նախարարի «օգնությամբ» քանդակագործը ևս մի հարց լուծեց` ցեղասպանության զոհ 12 մտավորականներին պատկերող մոնումենտալ մի քանդակ էլ է իբրև տաշած քար գետնին մնում, Թոքմաջյանը վարչապետի հետ պայմանավորվել է, որ քանդակը կտեղակայվի Ծիծեռնակաբերդում: Եվ դա կլինի այն քայլը, որով վարչապետ Տիգրան Սարգսյանը կմնա պատմության մեջ: Իհարկե, Հայաստանի:
lՎարչապետ Տիգրան Սարգսյանը նաև այլ քայլեր է ձեռնարկում` ոչ պակաս անհրաժեշտ: Մայիսի 29-ի կառավարության նիստում «հակաճգնաժամային դիմադրողականությունը մեծացնելու նպատակով» որոշում է ընդունվել 2008-ի արդյունքներով մինչև 70 միլիոն դրամ շրջանառությամբ ձեռնարկատեր տնտեսավարող սուբյեկտների ստուգումներ չանցկացնել` բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի... Վարչապետի բնորոշմամբ «աննախադեպ» այդ որոշումը նպատակ ունի առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր ու միջին ձեռնարկությունների համար 2009-2010 թթ.: 22 տեսչական ստուգումների դադարեցումը չի վերաբերելու մարդկանց առողջության, պետական անվտանգության ապահովման դեպքերին, որոնց պարագայում ստուգումն իրականացվելու է վարչապետի գրավոր համաձայնությամբ: Կանի՞ Տիգրան Սարգսյանը հաջորդ քայլը, այն է` հարկերի թեթևացումը: Նախագահի հանձնարարականով կամ սեփական նախաձեռնությամբ: Հանուն հակաճգնաժամային դիմադրողականության:
lՎարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մի հաջողություն է գրանցել իր ակտիվում` Ռուսաստանը պետական վարկը, որի մասին խոսվում էր ու խոսվում, վերջապես հատկացրել է: 500 միլիոն դոլար: Վարկը կծախսվի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու` աղետի գոտում 24 միլիարդ դրամի վերականգնողական աշխատանքների, 15 միլիարդ դրամ ՓՄՁ ՁԱԿ-ին կտրամադրվի վրա, վարկեր կտրվեն համակարգաստեղծ գործարաններին, ընդհանուր առմամբ` վարկը կծառայի հակաճգնաժամային խնդիրների լուծմանը: Իսկ չինական վարկը մնաց չինական մեծ պարսպից ներս...
lՓաստահավաք խումբը, որ ստեղծվել էր նախագահի հրամանագրով, փոխում է կազմը, գուցե դադարեցնում է գործունեությունը... Նախ` Վահե Ստեփանյանը, հետո` Ռոբերտ Ավագյանը: Հեռանում են` առաքելությունը չավարտած: Հոկտեմբերի 23-ին հրամանագրված խումբը հրապարակավ չէր գործում, և երբ Ռոբերտ Ավագյանն ասում է, որ իր հեռանալու պատճառը Անդրանիկ Քոչարյանի պահվածքն է, նրան հավատալու նույնքան հիմքեր կան, որքան հիմքեր չկան: ՈՒղղակի երբ փաստահավաք խումբը պետք է ներկայացներ իր գործունեության արդյունքները, խմբի անդամները ներկայացնում են իրենց հրաժարականները, սա ավելի քան խոսուն արդյունք է, որին հավատալ-չհավատալու համար նույնիսկ պատճառաբանություններ պետք չեն:
ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» փաստահավաքի փաստացի կասեցման մասին հայտարարեցին, որ 2009-ի ապրիլին խումբը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը` ոստիկանության զոհված սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, և ակնհայտ դարձավ, որ նա զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչպես պնդում էին իշխանությունները: Թեպետ պատրաստ են և մյուս զեկույցները, բայց խումբը կազմալուծված է, որի պատճառը մարտյան իրադարձությունների և սպանությունների հանգամանքների իրական պատկերի բացահայտումն է: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» մայիսի 30-ին պահանջել են ապահովել խմբի գործունեությունը` նախազգուշացնելով, որ հակառակ պարագայում իրենք ստիպված կլինեն շարունակել աշխատանքները:
lՄայիսի 28-ին ՀՀ նախագահը խոսեց համաներման մասին. «Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս 3 տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից»: Ահա այսպես: Հույժ խելամիտ է 2006-ից սկսելը, որովհետև կարծես թե վերանում է միանգամից մի տասնյակ հարցերի պատասխանելու անհրաժեշտությունը: Նաև տրամաբանական է` 2006-ից համաներում չի եղել, ինչո՞ւ միայն մարդկանց մի խումբ, ժամանակային առումով համապատասխան հոդվածներով համապատասխան թվով մարդիկ կարող են...
«ՈՒստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, և եթե արդյունքում պարզվի, որ, իրոք, հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով` օրենք ընդունելու մասին»: Ո՞Ւմ ենք խաբում: Մուկ ու կատու ո՞ւմ հետ ենք խաղում: Քանի՞ հասարակական կազմակերպություն էր դիմել, ո՞ր քաղաքական ուժերն էին դիմել մարտյան ձերբակալությունների խնդրանքով: Հենց նրանք էլ թող դիմեն համաներման համար: Մարտյան դեպքերի նախաքննության ընթացքն ու դատավարություններն ակնհայտ դարձրին, որ երկրում արդարադատության համակարգ ձևավորված չէ, վարձավճարման ու պատվիրվածության սկզբունքն է գործում քաղաքական, իրավական, լրատվական դաշտերում: Ազգային ժողովի հատուկ, առանձնահատուկ ու խայտառակ նիստերում հնչող ելույթներն ու հիմնավորումներն ի՞նչ կապ ունեին իրադարձությունների ու իրականության հետ: ԱԺ նախագահից մինչև դատախազ ու արդարադատության նախարար ի՞նչ էին փորձում ժողովրդին ասել: Իշխող կուսակցության քաղաքական նպատակահարմարությունը դեռ ինչքա՞ն ժամանակ է փոխարինելու ճշմարտությանը: Կա՞ մարդ, որ կիսում է պատրանքների այդ հավաքածուն պահելու ցանկությունը: Բացի, իհարկե, մարդու իրավունքների պաշտպանից, որն ի պաշտոնե պարտավորված լինելով` արդեն դիմել է նախագահին համաներման խնդրանքով: Բարի պատրանք... Այդ համաներումն առաջին հերթին պետք է իշխանությանը` դուրս գալու այն թակարդից, որ ինքն իր դեմ լարեց, երկրորդ հերթին պետք է իշխանությանը` դուրս գալու իր ստեղծած իրավիճակից, երրորդ հերթին պետք է իշխանությանը` դուրս գալու անհեթեթ դատավարությունների շրջապտույտից: Եվ դեռ շատ մեծ հարց է` համաներող լինելո՞ւ է հասարակությունն այդ ամենի համար: Իսկ նրանք, ովքեր ձերբակալված են, ի թիվս այլ հարցերի, մի հարցի իրավունք հաստատ ունեն` ինչի՞ համար են իրենց ներում, այն էլ` սահմանադրական իրավունքի կիրառմամբ, ո՞ր հանցանքների` վերագրվա՞ծ, գործա՞ծ, ապացուցվա՞ծ, թե՞... ՈՒ չհամաներելու իրավունք ունենալով` համաներվելու ցանկություն ունե՞ն նրանք:
lՕգտվելով իր սահմանադրական իրավունքից` ՀՀ նախագահը մայիսի 27-ին մի անհավանական ուղերձ է հղել հայրենակիցներին Հանրապետության տոնի առթիվ: Պատմական ակնարկով նախագահն անդրադարձել է հայ ժողովրդի դարավոր պայքարին` պետականության վերականգնումը որակելով իբրև պատասխանատվության ստանձնում սեփական ճակատագրի հանդեպ։ Բանասեր նախագահի մեջ ակնհայտորեն արթնացել է բանաստեղծը` արձանագրելու. «Երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակից հերոսական ճիգով կրկին վեր էր հառնելու մի նոր՝ վերապրած ժողովուրդ և նորակերտ երկիր»։ Բանաստեղծից անմիջապես հետո արթնացել է ուսուցիչը` ուսուցանելու. «Յուրաքանչյուր ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը պետականությունն է։ Սա տեսականորեն գիտեին բոլորը, բայց այդ տեսությունը պետք է միս ու արյուն ստանար հայ ժողովրդի լավագույն զավակների աշխատանքով ու քրտինքով, համոզմունքով ու գիտելիքով, անմնացորդ նվիրումով ու նաև կյանքով»։ Հետո բանաստեղծն ու ուսուցիչը հեռացել են, որ գա պատմաբանը. «Անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողվեց և ինչ չհաջողվեց երկուս ու կես տարի գոյատևած Հայաստանի Հանրապետությանը, մի բան հստակ է. նա դարձավ խարիսխը ներկա Հայաստանի, որի քաղաքացին լինելու պատիվն ունենք մենք։ Ներկա Հայաստանը ժառանգորդն է հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների, որ արարել ու մեզ են կտակել մեր նախնիները»: Բացառիկ երկարաշունչ, ժանրի կանոնները քարուքանդող այս ուղերձը բնավ էլ հավուր պատշաճի գրվող, գրված ու գրվելիք հարյուրավոր այլ ուղերձների հարահոսից չէ: Սա մի էկլեկտիկ ու անմշակ խառնուրդ է, որտեղ նախագահը վերածված է եվրոպացի հեքիաթասացի` պատկերացնո՞ւմ եք նրան` «...Բայց նա նաև 21-րդ դարի երկիր է, որն այսօր դիմագրավում է արդիական մարտահրավերների և իր քաղաքական ուղեգիծը մշակում է՝ հայացքն ապագային հառած։ Այդ ապագայում մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր, որպես տնտեսական վերելք ապրող երկիր, որպես գիտակրթական միջազգային մակարդակ ունեցող երկիր, որպես երկիր, որ ապրում է խաղաղ ու կայուն տարածաշրջանում։ Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ և քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու և արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը» արտաբերելիս։ Եվ ինչպես ցանկացած եվրոպացի` նա էլ սիրում է խոսել, խոսել, խոսել. «Մայիսի 28-ը ապացույց է այն իրողության, որ մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջև և ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ Ցավոք, մենք միշտ չէ, որ դրսևորում ենք այս որակները»: Ո՞Ւմ են այս խոսքերն ուղղված, ո՞վ է այս ուղերձի իրական հասցեատերը:
«Հայաստանի Հանրապետության կարճատև պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրև չարիք: Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա: Բայց, ցավոք, դա չհաջողվեց: Քենի, ոխակալության և անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները:
Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ` ո՛չ, ցավոք, ո՛չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում ևս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը:
Ինչ-որ պահի պետք է կանգ առնել:
Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից:
Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»: Եթե երբևէ ինչ-որ պատճառով Սերժ Սարգսյանը որոշի հրաժարական գրել, այս ուղերձի տեքստը հիանալի կաղապար կարող է ծառայել` արդարանալու ու ապաշխարելու, բացահայտելու նման քայլի պատճառներն ու հիմնավորելու անխուսափելիությունը: Բայց քանի որ նա դա չի անի, մնում է մտածել, որ ուղերձի հասցեատերը վիրտուալ Հայաստանի այն բնակիչներն են, որ դեռ նույնիսկ չեն ծնվել, որովհետև ծնվածներս լավ գիտենք խոսքի ու գործի համատեղելիության ու անհամատեղելիության պատմությունները: Այնպես որ` նախագահի ուղերձագիրն այս անգամ ուղղակի մի թեթև խումհարի մեջ է եղել: Ներելի է, եթե պարբերական չդառնա, թե չէ ստեղծում է նախագահի մի իմիջ, որին, լացկան երեխայի պես ձեռքից բռնած, գլուխը շոյելով ուզում ես տուն տանել, ճանապարհին էլ կոնֆետ առնել, որ լացը կտրի, մինչդեռ իրականում նրան շոյելը կակտուս համբուրել է:
l1999 թ. մայիսի 31-ի ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը` 10 տարի առաջ «Կառուցել և պաշտպանել» կարգախոսով: Մի քանի ամիս երկիրը ստացավ այն շանսը, որ հետո գնդակահարվեց խորհրդարանում: 2009-ի մայիսի 31-ին` 10 տարի հետո առաջին անգամ, Երևանն անուղղակիորեն փորձեց ընտրել քաղաքապետ: Ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ էին` հույժ համապատասխան միջազգային այն չափանիշներին, որոնք Հայաստանում գործում են համապետական ընտրությունների ժամանակ` լցոնումները, կարուսելները, ծեծկռտուքները, ապտակները, կրակոցները, ահաբեկված վստահված անձինք ու հանձնաժողովների անդամները, քվեարկողների չվող երամների այս ու այն տեղամասում վայրէջքները և հայ ընտրական ժամանակագրության այլ նվաճումները դրսևորվեցին ըստ վարձավճարվածության: Հակառակ խոստումների: Հակառակ նախագահի ուղերձի: Հակառակ 21-րդ դարի Հայաստանի վերաբերյալ երազանքի: Եվ ո՞վ կարող է չհամաձայնել, թե «Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից»:
Հարցը մեկն է` ե՞րբ է այդ «ինչ-որ պահը»:
lՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ինչո՞ւ մարդկությունը դադարում է պաշտպանել իր երեխաներին, երբ նրանք չափահաս են դառնում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ