ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսաստանի թուրքական կողմնորոշումը

Ռուսաստանի թուրքական կողմնորոշումը
10.03.2009 | 00:00

ՈԽԵՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, փորձելով ձևավորել արտաքին քաղաքականության կոնցեպցիաները, ձգտում է իմաստավորել և ձևակերպել Թուրքիայի հետ հարաբերությունները` ելնելով համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության նոր միտումներից։ Այդ «ճանապարհի» ամենասկզբին արդեն պարզվեց, որ հիշյալ խնդիրն անհամեմատ ավելի բարդ է, քան ենթադրվում էր։ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարներն ավելի շուտ կառավարիչներ են, քան քաղաքական գործիչներ։ Նրանք չեն տիրապետում արտաքին ու ներքին քաղաքական բավարար փորձի, վարժվել են արտաքին քաղաքական խնդիրները լուծել գեոտնտեսական մեթոդներով, ներառելով ամենից առաջ էներգակիրների և զենքի մատակարարումը և ոչ թե դիվանագիտական հնարքները կամ էլ քաղաքական ու ռազմական այս կամ այն միավորումների ձևավորումը, միջազգային երկարաժամկետ և արդյունավետ պայմանագրերի ստորագրումը։
Ռուսաստանում ձևավորվել է մոտեցում, երբ արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, մեկուսացված է արտաքին քաղաքականության մշակումից` ներառյալ ռազմավարական նշանակության արտաքին հարցերը։ Արտաքին քաղաքականության մշակումը կենտրոնացված է նախագահի աշխատակազմում, որտեղ չկան բավականաչափ պատրաստված ու պատասխանատու պրոֆեսիոնալներ, ովքեր ընդունակ լինեին այդ խնդիրը լուծելու։ Չնայած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ջանքերին և որոշ քաղաքական շրջանակների փորձերին` ԱԳՆ-ի նշանակությունն արտաքին քաղաքականության մշակման մեջ մեծացնելու առումով, այդ խնդիրը չի հաջողվում լուծել։ Դրա հետևանքով ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մշակումը հիշեցնում է ակումբային խաղեր, երբ խոշոր ընկերությունները և առանձին վարչաքաղաքական խմբավորումներն այս կամ այն կոմերցիոն ու քաղաքական շահերի լոբբինգ են իրականացնում, այդ թվում` այլ պետությունների օգտին։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ներկայիս «թուրքական նախագծի» ձևավորման գործում, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից բացի, ընդգրկված են փոքրաթիվ վերլուծաբաններ։ Ընդ որում, նրանց աշխատանքը հասկանալի ռեժիմում չէ, բացակայում է ինտերակտիվ գործընթացը, նկատվում են միայն մասնակի խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ։ Կան որոշ նախանշաններ, որ Ռուսաստանում առհասարակ բացակայում է արտաքին քաղաքական ծրագրավորումը, երբ պետք է հաշվի առնել ինչպես մոտ ապագայի կտրվածքով գոյություն ունեցող, այնպես էլ երկարաժամկետ քաղաքական ռեսուրսները, հիմնավորել տարբեր ռազմավարական նախաձեռնությունները։ Թուրքական թեման շարունակում է գտնվել մշակման փուլում, և Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար ամենևին էլ ոչ բոլոր հարցադրումներն են հասկանալի, գոյություն ունեն հակասություններ որոշիչ գերատեսչությունների միջև` ներառյալ հետախուզական ծառայությունները։ Թուրքիայի հետ արագացված մերձեցմանը շատ զուսպ են վերաբերվում ռազմական շրջանակներն ու հետախուզական կառույցները։
Ռուս-թուրքական հարաբերությունների ողջ ընթացքում Ռուսաստանը ոչ միայն հակադրվել է Թուրքիային ռազմական ու քաղաքական առումով։ Հակառակ այն պնդումներին, թե Ռուսաստանը, ձգտելով խորտակել Օսմանյան կայսրությունը, այդ ճանապարհին հանդիպել է եվրոպական պետությունների հակազդեցությանը, կան փաստեր, երբ Ռուսաստանը շատ անգամ փրկել է Բարձր Դռանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ավստրո-Հունգարիայի հավակնություններից։ Օրինակ, Ռուսաստանը շահագրգռված էր հայ ազգային ազատագրական շարժումը ճնշելով, և դա պայմանավորված էր այն իրողությամբ, որ այդ գործընթացի մեջ չընդգրկվեն Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ինչպես 19-րդ դարի 90-ական թվականներին։ Միաժամանակ Թուրքիան Ռուսաստանի ազդեցության ներքո կամ իբրև գործընկեր Մոսկվայի համար միշտ էլ եղել է ամենամեծ մրցանակն իր արտաքին քաղաքականության մեջ։ Ինչպես նաև ամենամեծ սկզբունքային զիջումներն ամենից առաջ Կովկասում։
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիան համոզիչ կերպով ցույց տվեց, որ մտադիր է զբաղեցնել Ռուսաստանի տեղը Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ընկած հսկայական տարածքում։ Դրան իրականում ընդդիմացավ ԱՄՆ-ը և ոչ թե Ռուսաստանը, որը երկար ժամանակ ընդունակ չէր դիմագրավելու թուրքական էքսպանսիային։ Եվ մինչ Մոսկվան մեծ դժվարությամբ փորձում էր զսպել Թուրքիայի ճնշումը Սևծովյան ավազանում ու Կովկասում, ԱՄՆ-ն իր ճիզվիտական քաղաքականությամբ կարողացավ էապես սահմանափակել Թուրքիայի հավակնություններն ու էքսպանսիան ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլև Կովկասում ու Բալկաններում։ Ինչպես էլ հետագայում դասավորվեն ամերիկա-թուրքական հարաբերությունները, այս հանգամանքն Անկարայում երբեք չեն մոռանա ու չեն ների։ Սակայն նեղացածությունը չի բնորոշում թուրք-ամերիկյան հարաբերությունները, այլ Թուրքիայի «ինքնուրույնության» բնական ձգտումը, տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելու սեփական հնարավորություններ ունենալու ցանկությունը, որը կապահովեր պետության անվտանգությունն ու բարենպաստ տնտեսական զարգացումը։ Մինչդեռ ԱՄՆ-ը, նրա հավատարիմ դաշնակիցներ Մեծ Բրիտանիան ու Իսրայելը դրանում բացարձակապես շահագրգիռ չեն և, առանձին հարցերում որոշ շահեր ունենալով հանդերձ, ամեն դեպքում ձգտում են Թուրքիան վերահսկողության տակ պահել։
Այսպիսով, պատմության մեջ հերթական անգամ Մոսկվայում գայթակղվել են Թուրքիային իրենց կողմը քաշելու հեռանկարով, դրանով իսկ ձգտելով ավելի լավ դիրքեր ապահովել սահմանակից տարածաշրջաններում։ Սակայն եթե 1920-ականներին ծանր միջազգային վիճակում գտնվելով և Ռուսաստանից վճռորոշ օգնություն ստանալով, Թուրքիան, այնուհանդերձ, չհրաժարվեց առավելապես արևմտյան կողմնորոշումից, ապա այսօրվա Թուրքիան, լինելով 70-միլիոնանոց պետություն, կայացած տնտեսությամբ ու ռազմական ուժերով, հազիվ թե զոհի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները հանուն Ռուսաստանի հետ լոյալության։ Թուրքիան Ռուսաստանն ընկալում է միայն իբրև փաստարկ Արևմուտքի հետ իր բանավեճում, բայց չի կարող հրաժարվել արևմտյան գործընկերությունից, քանի որ ընդունակ չէ ապահովելու հաջող զարգացում, խուսափելու հերթական տնտեսական ու քաղաքական ճգնաժամից։ Նույնիսկ ամենաբարենպաստ ժամանակներում Թուրքիան չի կարողացել խուսափել տնտեսական անկումից` առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցության։ Բավական էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի վարկերը 1998-99-ին մի փոքր ուշանային, Թուրքիան անմիջապես հայտնվեց իր ողջ ժամանակակից պատմության ընթացքում խորագույն տնտեսական ճգնաժամի մեջ։ Եվ միայն համապատասխան օգնության պայմաններում կարողացավ ինչ-որ չափով դուրս գալ ողբալի վիճակից, որի հետևանքները զգալի են մինչ օրս։ Ներկայումս, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դադարել է զուտ ենթադրություն լինելուց, Թուրքիան համառորեն աշխատում էր ԱՄՀ-ից ստանալ հերթական բազմամիլիարդ վարկը և միայն 2008-ի վերջին ազատ շունչ քաշեց, երբ գումարները, այնուհանդերձ, տրվեցին։ Այսօրվա դաժան պայմաններում ԱՄՆ-ի ու Եվրամիության համար ոչինչ չարժե թուրքական տնտեսության փլուզումը, և Անկարայում փորձում են առավելագույնս զսպել իրենց հավակնությունները` հուսալով, որ հաջողությամբ կլուծվեն առավել բարդ տնտեսական խնդիրները։ Ճգնաժամի պայմաններում Ռուսաստանն էլ միանգամայն համոզիչ կերպով ցուցադրեց իր տնտեսության խոցելիությունը, որը փլուզվել սկսեց նավթի գների առաջին իսկ անկման ժամանակ։ Եվ, իհարկե, Մոսկվան չի կարող որևէ օգնություն ցույց տալ Թուրքիային կամ էլ որևէ այլ երկրի։ Ավելին, Թուրքիան ու Ռուսաստանը փոխկապակցված են ընդհանուր արատներով և տնտեսության խոցելի ոլորտներով. դրանք գազի գներն են, մաքոքային և թուրքական արտադրության մթերքների առևտրի ծավալների անկումը, լճացումը տուրիզմի ոլորտում։
1990-ականները լավագույն տարիները չէին ռուս-թուրքական հարաբերություններում, և դա այնքան էլ հեշտ չի մոռացվի։ Ռուս-չեչենական առաջին պատերազմի սկզբին, 1994-ի աշնանը, Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներ Ե. Պրիմակովն ու Ս. Ստեպաշինն այցելեցին Անկարա, որտեղ իբր պայմանավորվածությունների հանգեցին, թե Ռուսաստանը չի միջամտելու քրդական խնդիրներին, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կովկասի իրավիճակին։ Ռուսաստանը հետևողականորեն կատարեց իր պարտավորությունները, սակայն Թուրքիան ամենևին չէր պատրաստվում հարգել կայացած պայմանավորվածությունը։ Չեչենական իրադարձությունների ողջ ընթացքում, որոնք Ռուսաստանին արժեցան 10 մլրդ դոլար և 100 հազար մարդկային կյանք, Թուրքիան, ըստ էության, մասնակցում էր Ռուսաստանի դեմ պատերազմին` քողարկելով և ամեն կերպ աջակցելով չեչենական դիմադրությանը։ Չեչնիայից բացի, Թուրքիան իրագործում էր քաղաքական և գործակալական զանգվածային հավաքագրում ամբողջ այն տարածքում, որը Ռուսաստանը դիտարկում է իբրև իր շահերի գոտի։ Անկարան կարևորագույն դիրքեր ստեղծեց Ղրիմում, Բեսարաբիայում, Պովոլժիեում և Կենտրոնական Ասիայում։ Հենց Թուրքիայի այդ ձեռքբերումները դարձան կարևորագույն փաստարկ, որպեսզի Մոսկվան մերձենա Անկարայի հետ այն հույսով, թե դրանով կկարողանա զսպել նրա հավակնություններն ու էքսպանսիան։ Այսպիսով, միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը, փորձելով Թուրքիայի հետ ձևավորել գործընկերային հարաբերություններ և նույնիսկ ռազմավարական գործընկերություն, իրականում գտնվում է խոր պաշտպանության մեջ և փորձում է «փրկագնվել» իր պատմական մրցակցից։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանը կարողացավ քիչ թե շատ կանխատեսելի և բովանդակային հարաբերություններ ձևավորել միջազգային հարաբերությունների արևմտյան, արևելյան, ինչպես նաև հարավային ուղղություններով։ Մոսկվան կարողացավ կառուցել բավական կայուն հարաբերություններ տնտեսական ու քաղաքական ոլորտներում, դարձավ Մեծ ութնյակի անդամ, ստեղծեց ՀԱՊԿ-ն ու Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԵՎՐԱԶԷՍ-ը։ Սակայն, միաժամանակ, արևմտյան հանրության հետ Ռուսաստանը չհաջողեց ռազմավարական բնույթի հարաբերությունների ձևավորումը։ Վերջին իրադարձությունները Կովկասում ցույց տվեցին, որ Ֆրանսիան ու Գերմանիան չեն կարող հանդես գալ ռազմավարական գործընկերների դերում, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շարունակում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շրջափակման քաղաքականությունը։ Նույնիսկ Չինաստանի հետ հարաբերություններն են խնդրահարույց, Հնդկաստանը, որի հետ փոխհարաբերությունների այնքան հույսեր կային կապված, հայտնվել է ԱՄՆ-ի հետ առաջնային հարաբերությունների դաշտում։ Ռուսաստանն ուժեղ ճնշման է ենթարկվում արևելաեվրոպական երկրների կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը, սակայն Մոսկվայի դեմ ուղղված գլխավոր հարվածն իսլամական արմատականությունն է։ Ռուսաստանը զգում է իր մեկուսացումը, և դա հետևանք է արևմտյան հանրության քաղաքականության, որը, չնայած եվրոպական և ատլանտյան պետությունների միջև սկզբունքային տարաձայնություններին, ավելի շուտ համախմբված է ընդդեմ Ռուսաստանի, քան ներքին բանավեճ ունի նրա հետ հարաբերությունների վերաբերյալ։ Որքան էլ տարօրինակ է, հենց արևմտյան պետությունների միջև Ռուսաստանի շուրջ եղած տարաձայնություններն են ավելի մեծ վնաս հասցնում Մոսկվայի շահերին, քան ողջ Արևմուտքի համախմբված գործողությունները։ Որովհետև Արևմուտքում մրցակցային ռազմավարության առկայությունն է Ռուսաստանի դրությունը դարձնում ավելի խոցելի` մեկուսացնելով նրան։ Ռուսաստանի հույսերն արևմտյան տերությունների միջև տարաձայնությունների վերաբերյալ անիրատեսական դուրս եկան։
Այս պայմաններում Մոսկվային այլ բան չի մնում, քան ուժեղացնել ակտիվությունն Առաջավոր և Հարավային Ասիայի պետությունների հետ հարաբերություններում։ Այն երկրների, որոնք օբյեկտիվորեն տարածաշրջանային տերություններ են։ Բայց, միաժամանակ, այդ երկրները միանշանակ կողմնորոշումներ չունեն արտաքին քաղաքականության և ռազմավարական մտադրությունների առումով։ Իրանը եթե անգամ փորձում է ազդել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանների վրա, նրա քաղաքականության մեջ չի զգացվում ագրեսիվ էքսպանսիա։ Իրանն ավելի շատ «խուլ» պաշտպանության մեջ է և փորձում է պաշտպանել սեփական շահերը` նվազագույն անհրաժեշտ դիրքեր ապահովելու ճանապարհով, ինչն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար։ Իրանն օնտոլոգիական առումով չի հանդիսանում Ռուսաստանի հակառակորդը, թեկուզ և հաճախ դժգոհություն է հայտնում Մոսկվայի դիրքորոշումից, մասնավորապես նրա մերձավորարևելյան քաղաքականության մասով, ռազմատեխնիկական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետ կապված։ Պակիստանը ներքաղաքական ճգնաժամի և փլուզման մեջ է և անընդունակ ակտիվ տարածաշրջանային քաղաքականության իրականացման։ Հնդկաստանը բավական վարկաբեկված է ամերիկացիների հետ հարաբերություններով, ու նրա փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ չունեն այն փոխվստահությունը, ինչը նախկինում թվում էր Մոսկվային։ Ռուս-չինական հարաբերություններում թեկուզ և վերելք է արձանագրվում, բայց դրանք, այնուհանդերձ, կայուն չեն, լինելու են և՛ անկումներ, և՛ հաջողություններ։ Բացի այդ, Մոսկվայում ավելի հեռատես քաղաքագետները (ակադեմիական դպրոցի) համարում են, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանը կհամոզվի, որ Չինաստանն այդ փոխհարաբերություններում իրեն համարում է ավագ գործընկեր։
Ռուսական քաղաքական գործիչների (ոչ միայն ներկայիս քաղաքական ղեկավարների) մտադրություններում ու նախաձեռնություններում Թուրքիան միաժամանակ դիտարկվում է իբրև «ոսկե բանալի», «փրկարար օղակ», «ապահովագրող բևեռ» ու «պատասխան» ռուսական քաղաքականության բազմաթիվ հարցերի եվրասիական հսկա տարածության մեջ։ Գլխավոր խնդիր է դիտարկվում Թուրքիայի ճնշման զսպումը դեպի Եվրասիայի խորքը։ Երկրորդ խնդիրը Թուրքիայի հետ ջանքերի համախմբումն է նույն եվրասիական ուղղությամբ ԱՄՆ-ի էքսպանսիան հետ մղելու համար։ Հարկ է նշել, որ այս երկու խնդիրներն անհամատեղելի են, սակայն այս ռազմավարությունն առանձին վերլուծության կարիք ունի։ Ներկայումս Մոսկվային ձեռնտու է նույնիսկ բանավեճի առկայությունն այս թեմայով, ինչն ինքնին կարող է սրբագրումներ մտցնել եվրասիական քաղաքականության մեջ, այդ թվում` ԱՄՆ-ի հետ երկխոսության առումով։ Միաժամանակ ռուսական քաղաքական գործիչների այս հայացքներն ու մտադրությունները բավական մանրամասն դիտարկվել են ամերիկյան ու բրիտանական վերլուծաբանների կողմից, այդ վերլուծությանը մասնակից են նաև ֆրանսիական ու գերմանական վերլուծական հանրությունների ներկայացուցիչները։ Այդ գործընթացում դժվար է արձանագրել մեծ տարաձայնություններ ու տարբեր կարծիքներ։ Սակայն Արևմուտքում վաղուց են հասկացել, որ Ռուսաստանը չի կարողանա միջնաժամկետ կտրվածքով զսպել դեպի Եվրասիա թուրքական էքսպանսիան։ Մոսկվայում միշտ էլ թերագնահատել են ժամանակի գործոնը, թեկուզ և կան կարծիքներ, թե Ռուսաստանը միշտ է ստիպված եղել իր քաղաքականությունը կառուցել` մոտավոր հեռանկարից ելնելով։ Որովհետև չի ունեցել այլ քաղաքական ռեսուրսներ ու հնարավորություններ, ու այժմ պարզվում է, որ Մոսկվան հայտնվել է իր համար «դասական» իրավիճակում, երբ ստիպված է լինելու մի շարք հարցերում պատրանքային փոխզիջման գնալ Թուրքիայի հետ։
Թուրքիայի շահերից բխող խաղերը և Ռուսաստանի զիջումները լուսաբանելու առումով կարելի է բերել կոնկրետ օրինակներ։ Մասնավորապես Ռուսաստանի հրաժարվելը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը մասնակցելուց։ Այս երկաթուղին, որ այնքան կարևոր է Հայաստանի համար, վնասակար համարվեց ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ռուսաստանը հայտարարում է, որ այդ երկաթուղու կառուցումն իր համար իմաստ ունի միայն աբխազական երկաթուղու ապաշրջափակման դեպքում։ Իսկապես էլ այդպես է, հակառակ դեպքում այդ նախագիծը դառնում է Վրաստանի դիրքերի ուժեղացման միջոց, որովհետև իրանական բեռները կսկսեն Եվրոպա տեղափոխվել Վրաստանի տարածքով։ Սակայն գլխավոր խոչընդոտը, այնուհանդերձ, Ռուսաստանի ու Թուրքիայի շահագրգռվածությունն է իրենց տրանսպորտային համակարգերի ինտեգրացիայի առումով։ Կոնցեպտուալ առումով այդ շրջանակում է տեղավորվում «Հյուսիս-Հարավ» նախագիծը, ուր ընդգրկված է նաև Ադրբեջանը։ Սա միայն Ռուսաստանի վերաբերմունքի ոչ մեծ դրվագ է «դաշնակից» Հայաստանի նկատմամբ` ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Ավելի համոզիչ օրինակ կարող է ծառայել ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման» «ռուսական նախագիծը»։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Մեկնաբանություններ