ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հանրահավաքների գարնանային ալիքը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է»

«Հանրահավաքների գարնանային ալիքը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է»
20.02.2009 | 00:00

«Ախոռային» թեման հայ քաղաքական իրականություն ներմուծած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երեկ կրկին իր տարերքի մեջ էր։ «Իրավունք de facto» ակումբի ասուխոսի նյութը նույն «տիրույթից» էր` «Ախոռամտության շրջապտույտը փետրվարի 19-ից փետրվարի 19-ը», և ընտրել էր այն հենց ինքը, սակայն` ո՛չ օրիգինալ երևալու համար, ինչպես հավաստիացրեց սկզբում։
«Այս «զրնգուն» թեման բխում է մեր դժբախտ իրականությունից,- պարզաբանեց քաղաքագետը։- Անկախության հաստատումից հետո մենք բախվեցինք մի շարք օրինաչափությունների, որոնք ստիպում են հայաստանյան քաղաքական իրողությունները բնութագրել որպես «ախոռային քաղաքականություն»։ Ցավոք, քաղաքական դաշտը վերածվել է ախոռի, և սրա ապացույցներից մեկն այն է, որ մեզանում արդեն ավանդույթ է դարձել այն տխուր օրինաչափությունը, երբ յուրաքանչյուր ընտրություն դառնում է «հաղթողների» ու «պարտվողների» անհաշտ դիմակայություն»։
Զարգացնելով թեման` նախկին պատգամավորը համեմատություն անցկացրեց, ինչպես ընդունված է ասել, քաղաքակիրթ երկրների նույնաբնույթ իրողությունների հետ, նշելով, թե դրանց արդյունքում քաղաքական դաշտը չի երկփեղկվում «բացարձակ հաղթող» ու «բացարձակ պարտվող» թշնամի բանակների միջև։ Դիցուք, Միացյալ Նահանգներում դեմոկրատ Բարաք Օբաման հաղթեց ծանրակշիռ առավելությամբ, բայց նա իր վարչակազմի երեք առանցքային պաշտոնները զբաղեցնելու համար հրավիրեց հանրապետականներին, որոնց թեկնածուն, ճիշտ է, պարտվել էր նախագահի ընտրություններում, բայց դա բացարձակ պարտություն չէր։ «Մինչդեռ մեզանում յուրաքանչյուր ընտրության հիմքում այն տրամաբանությունն է, որ կողմերից մեկը ջախջախիչ հաղթանակ պիտի տանի, մյուսը` ջախջախիչ պարտություն կրի, և պարտված կողմն էլ, որպես հերթական տխուր օրինաչափություն, հայտնվի ճաղերի հետևում։ Այդպես եղավ 91-ի ընտրություններից հետո, երբ դաշնակցությունը հայտնվեց բանտում, 96-ի և հաջորդ ընտրություններից հետո էլ նույնն էր, 2007-2008-ի ընտրություններն արդեն զարհուրելի իրողություններ արձանագրեցին։ Սա էլ է օրինաչափ։ Եթե սոցիալական օրգանիզմում որևէ հիվանդություն կա, և դա կանխելու համար ոչինչ չի արվում, այն զարգանում է` փուլառփուլ ավելի ցավագին դրսևորումներ գրանցելով։ Այսօր մենք հենց այդ խորացող հիվանդության վկաներն ենք»,- եզրահանգեց Հմայակ Հովհաննիսյանը։
Վերադառնալով «ախոռային» օրինաչափություններին` քաղաքագետն առարկություն չհանդուրժող տոնով վերջակետեց, թե մեզանում յուրաքանչյուր ընտրության գերնպատակն իշխանական «կերակրատաշտն» է, որի միջոցով «ախոռապանը կառավարում է ախոռը»։ «Ախոռի կյանքն ընթանում է կերակրատաշտի շուրջ։ Ախոռը վիրտուալ փակ իրականություն է` տարանջատված արտաքին աշխարհից։ ՈՒզո՞ւմ եք ապացուցեմ,- պաթետիկ տոնով լրագրողներին դիմեց «ախոռագիտության մագիստրոս» (լա՜վ իմաստով) պարոն Հովհաննիսյանը։- Խնդրեմ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է։ Սորբոնի համալսարանի ուսանողությունը Մարքս է կարդում, մեր մարքսիստն ո՞ւր է, ձայնը դուրս չի գալիս (Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի ականջն այս պահին, երևի, կանչեց- Լ. Մ.)։ Մի ձախակողմյան կուսակցություն կա՞։ Բայց չէ՞ որ կուսակցական դաշտը պետք է արձագանքի սոցիումի պահանջներին, արտացոլի սոցիումի տրամադրությունները։ Մեզանում այդ քաղաքական դաշտ կոչվածն ընդամենը փակ ախոռ է` բացարձակապես կտրված հասարակությունից և ղեկավարվում է իր ներքին օրենքներով։ Ճգնաժամի այս պայմաններում չեք գտնի աշխարհի որևէ երկիր, որտեղ չակտիվանան ձախակողմյան ուժերը։ Ֆրանսիայում սոցիալիստական կուսակցությունը բում է վերապրում, ոչ թե շաբաթների կամ օրերի ընթացքում, այլ ժամ առ ժամ աճում է նրա հեղինակությունը։ Գերմանիայում` նույնը։ Հզորանում են «ձախերն» ու արհմիությունները։ Մեր իրականության մեջ, այսպիսի խայտառակ սոցիալական բևեռացման պայմաններում, չկա ուժեղ ձախակողմյան կուսակցություն։ Կոմկուսը վերածվել է խմբակների, մեկը դրանցից աղանդ է, մյուսները` հաճախորդներ (ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, միացյալ կոմկուսի ղեկավար Յուրի Մանուկյանի, կոմկուսի շարքերից հեռացված Սանատրուկ Սահակյանի, Նորիկ Պետրոսյանի, Խորեն Թռչունիչի, մյուսների ականջն էլ էստեղ կանչի- Լ. Մ.)։ Դաշնակցությունն աղաղակեց պլուտոկրատիայի մասին, բայց այսօր պլուտոկրատների հետ համագործակցությանը վերաբերվում է չափազանց մեծ տոլերանտությամբ` մոռանալով իր ոչ վաղեմի բարձրաձայնումներն ու մոտեցումները, որպես ընկերվարական կուսակցություն»։
Հմայակ Հովհաննիսյանը չմոռացավ նաև ՕԵԿ-ին «հաշվել»` ԲՀԿ-ի վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը հիմք ընդունելով, որով վերջինս հորդորում էր հայրենի քաղաքական ուժերին, իսկ ավելի ստույգ, կոալիցիոն «եղբայրներին»` «մերժել սոցիալական պոպուլիզմը»։ Քաղաքագետը հեռակա կարգով «գլխի գցեց» հանրապետության նախագահին, որ այդ հրահանգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նախ և առաջ կարգի հրավիրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ով ոչ վաղ անցյալում «սոցիալական պոպուլիզմի» անգերազանցելի վարպետ էր, իսկ այսօր ԱԽՔ-ի հարյուր հոգանոց աշխատակազմ է ձևավորել։ Եվ սա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր խելքը գլխին երկրներում կրճատվում են վարչական ապարատի պահպանմանն ուղղված ծախսերը։
Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանի քաղաքագետների միության նախագահը` իր իսկ ձևակերպած «ախոռամտության շրջապտույտը» ճեղքելու համար։ Առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ` ընդսմին խելքին մոտ չհամարելով նախագահի արտահերթ ընտրությունների «տեսլականը»։
Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչ է ակնկալում Հմայակ Հովհաննիսյանը մարտի 1-ի հանրահավաքից։
«Ես պարտավոր եմ ակնկալիքներ ունենալ, որովհետև մարդիկ տառապում են բանտում,- երկիմաստ հայտարարեց նա։- Եթե նույնիսկ իմ վերլուծական միտքն ինձ հուշի, որ հասարակությունն այսօր թևակոխել է մի փուլ, ինչը նմանվում է այն իրավիճակին, երբ Վազգեն Մանուկյանն 97-ին ապարդյուն ջանքեր էր գործադրում` Երևանի փողոցներում «բելգրադյան գարուն» կազմակերպելու համար, միևնույն է, կրկնում եմ, ես պարտավոր եմ ակնկալիքներ ունենալ մարտի 1-ի և դրան հաջորդելիք հանրահավաքներից։ Որովհետև այսօր ունենք այս ներքին ցավը, 2008-ի մարտի 1-ի հոգեբանական հետևանքները հաղթահարված չեն, մարդասպանները պատժված չեն, ուստի որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դա չի կրկնվի։ Հանրահավաքների գարնանային ալիքը պետք է կրի տևական բնույթ, և ես համոզված եմ, որ դա այսօրվա ֆորմատով գործող ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է»։
Ինքն անձամբ լինելո՞ւ է «վերջին շանս»-հանրահավաքների մասնակիցը։ Ավելի կոնկրետ` հարթակից ելույթ ունենալո՞ւ է։
«Շատ դժվար հարց տվեցիք,- ասուլիսից հետո «Իրավունքը de facto»-ին ասաց Հմայակ Հովհաննիսյանը։- Դեռ չեմ որոշել»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ